
Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչեւ ամսվա վերջ կձգվեն` ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնա…
Category: Hraparak
«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ թեկնածուներն իրենցով անեն, որ մոտակա ընտրություններին նման տխուր փաստի առջեւ չկանգնեն։ Այս նպատակով, ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։ Տարածքային իշխանիկների առջեւ գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին` ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն: Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու, ու մարզպետներն են ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն` ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։ Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը, ըստ էության, դրանց արդյունքներից է կախված։
«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին: Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետեւ այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։ Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 6 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել: Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն: Թերեւս նաեւ հույսով, որ այլ՝ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր ԱԺ գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին՝ այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից։
Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Gulfstream IV ինքնաթիռը թռչում է Ֆինլանդիայի տարածքով՝ ՌԴ սահմանների մոտ։ Այս մասին հայտնում են թռիչքային տվյալները, որոնք վերլուծել է ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռը օդ է բարձրացել Լինչյոպինգում գտնվող շվեդական օդուժի ավիաբազայից Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին, մտել է Ֆինլանդիայի օդային տարածք և սկսել է պտտվել Ռուսաստանի սահմանի երկայնքով՝ Կարելիայի Հանրապետության և Մուրմանսկի մարզի մոտակայքում:
Շվեդական Gulfstream-ը պարբերաբար հետախուզական թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի սահմանների մոտ: Ինքնաթիռը հետախուզություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության ոչ միայն արևմտյան սահմանների մոտ, այլև երբեմն թռչում է Սև ծովի վրայով՝ Ղրիմի ափերից ոչ հեռու:
«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ նորագույն պատմության վատագույն նախարարներից է: Միայն պաշտոնական հաղորդագրությունները` խաղաղ պայմաններում զինվորների մահերի վերաբերյալ, վկայում են այն մասին, որ սա սուբյեկտիվ գնահատական չէ: Այսքան մահերը` ոչ ռազմական պայմաններում, մեկ բանի մասին են վկայում, որ բանակը մատնված է անտերության, եւ բանակում մարդ դանակահարելու համար դատապարտված պատմության ուսուցիչն այս տարիներին այդպես էլ չի կարողացել ընկալել իրեն վստահված պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունը:
Երեկ տեղեկացանք, որ պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ Կամո Վարդանյանը։ Օրեր առաջ էլ պաշտոնից հեռացվել էր ռազմական ոստիկանության պետը, որին փոխարինել են նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանով («Չիխուախուա» մականունով):
ՊՆ-ի մեր աղբյուրի խոսքով` Պապիկյանը քավության նոխազներ է փնտրում, որ ինքնասպանությունների եւ բանակում տիրող բարձիթողի վիճակի մեղքը բարդի նրանց վրա եւ շարունակի պաշտոնավարել: Նա վերջին օրերին տարբեր կադրերի է աշխատանքից ազատում, որպեսզի ցույց տա, որ մեղավորները պատժվում են: Եթե զինվորներին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու համար Պապիկյանը մեղադրում է, օրինակ, ռազմական ոստիկանության պետին, հետաքրքիր է` ո՞ւմ է մեղադրում այն բանի համար, որ նախորդ ձմռանը զինվորը դիրքերից իջնելիս մնաց ձնահյուսի տակ եւ մահացավ, իսկ վերջում պարզվեց, որ բանակում զինվորին դիրքերից իջեցնելու համար անգամ մի սովորական «Վիլիս» չունի բանակը, սակայն նախարարն ու փոխնախարարները թանկարժեք, յուղը վրան մեքենաներով են շրջում:
Մեր տեղեկություններով` այժմ Պապիկյանը որոշել է դիրքեր ուղարկել բարձրաստիճան զինվորականներին, որպեսզի նրանք վերահսկեն իրավիճակը, որ զինվորներն իրար չսպանեն, դիրքերում քնելու համար իրար վրա «քֆուր չդնեն» եւ այլն: Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ որոշ բարձրաստիճան զինվորականների գործուղել են դիրքեր` մեկ-երկու ամսով: Տեսնենք, թե այս մեկանգամյա ակցիաներն ինչով կավարտվեն:
ՀԳ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում:
«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նա։
Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել
Գազայի հատվածից պաղեստինցիները դիմել են Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսաստան տեղափոխվելու հարցում օգնելու համար։ Այս մասի…
Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները

Իրանում ցուցադրել են ամերիկյան խոցված սպառազինությունները։ Մասնավորապես՝ F-15E Strike Eagle ռմնակոծիչ ինքնաթիռը եւ MQ-9 Reaper եւ MQ-1C Gray Eagle դրոնները Yabhon H դրոնը, որը ԱՄԷ արտադրության է, ինչպես նաեւ՝ իրանական ՀՕՊ կողմից խոցված AGM-158 JASSM թեւավոր հրթիռը։ Իրանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ցուցադրվել է նաեւ Hermes 900 դրոնը, որը եղել է բոլորովին անվնաս։ Այն ունի 923 սերիական համարը եւ գրավվել է մարտի չորսին։ Ցուցանմուշների մեջ կան նաեւ Starlink տերմինալներ, որոնք տեղակայված են եղել LUCAS կամիկաձե դրոնների վրա։
Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ

Ամերիկացի նախկին սենատոր Քրիստեն Սինեմայի դեմ 25 հազար դոլարի փոխհատուցման հայց է ներկայացվել։ Հայցվորը Խիզեր Ամելն է։ Հայցում նշված է, որ կին սենատորը սիրային կապ է ունեցել իր ամուսնու՝ Մեթյուի հետ, որի հետ ինքը ամուսնացած է եղել 14 տարի։ Եւ ինքը, ըստ էության, փոխհատուցում է պահանջում՝ ամուսնական դավաճանության համար՝ ամուսնու սիրուհուց։ Դատական հայցը քննվելու է Հյուսիսային Կարոլինայի նահանգի շրջանային դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կարոլինայում գործում է դեռ 1849 թվականին ընդունված օրենքը, որի համաձայն ամուսնալուծությունից հետո ամուսիններից մեկը կարող է ընտանիքի քայքայման համար փոխհատուցում պահանջել։ Հուլիսի վերջին տեղի է ունեցել սենատոր Սինեմայի հարցաքննությունը։ Վերջինս խոստովանել է Մեթյուի հետ իր սիրավեպի մասին, մանրամասնորեն ներկայացրել սիրավեպի սկսվելն ու ինտիմ մանրամասները։ Ուշագրավ է այն, որ սենատորը հայտարարել է, որ իրենց սեքսուալ հանդիպումները տեղի են ունեցել նահանգի տարածքից դուրս՝ Արիզոնայում եւ Կոլորադոյում ունեցած իր տներում։ Ինքը երբեք սեքսուալ կապ չի ունեցել Մեթյուի հետ Հյուսիսային Կարոլինայի տարածքում։ Հետեւաբար՝ պահանջել է, որ հայցը մերժվի։ Դատական նիստը շարունակվելու է օգոստոսի 19-ին։
Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն Ստամբուլում հանդիպել է առողջապահության ոլորտի լրագրողների հետ։ Նա խոսել է Թուրքիայում տարածված հիվանդությունների ու մահերի պատճառների մասին ու ընդգծել, որ ծխելը Թուրքիայում հիվանդությունների և մահերի հիմնական պատճառներից մեկն է:
«Մեր երկրում տղամարդկանց 46%-ը ծխում է: Մենք աշխարհում երկրորդն ենք ծխողների թվով՝ Ինդոնեզիայից հետո։ Մահերի ավելի քան 50%-ը կազմող հիվանդությունների հիմնական պատճառը ծխելն է, անգործությունը և ավելորդ քաշը»,- նշել է նախարարը, նրա խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը։
«Կարիբյան ծովի ծովահենները» շարունակություն կունենա

Պրոդյուսեր Ջերի Բրուկխայմերը հայտարարել է, որ դերասան Ջոնի Դեփի հետ բանակցություններ են ընթանում «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակությունը նկարահանելու համար։ «Մենք բանակցություններ ենք վարում Ջոնիի (Դեփի) հետ եւ աշխատում ենք սցենարի վրա։ Հույս ունենք, որ կկարողանանք ունեցած պլանները կյանքի կոչել»,- Բրուկխայմերի խոսքերն է մեջբերում Deadline-ը։ Հայտնի է դարձել նաեւ, որ շարունակության մեջ Ջոնի Դեփի կողմից մարմնավորված հերոսի կերպարը կլինի երկրորդական։