Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ դեռևս չեն քննարկում իր միջուկային ծրագրին առնչվող հարցերը

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ ընթացիկ հաղորդագրությունների փոխանակման ժամանակ չեն շոշափում հանրապետության միջուկային ծրագրին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա։ Ինչ վերաբերում է միջուկային հարցին, իրանական նյութերին և հարստացմանն առնչվող թեմաներին, թե ինչ որոշումներ կկայացվեն և ինչ տարբերակներ կդիտարկվեն, դա այն հարցն է, որը մենք անպայման կքննարկենք, երբ ժամանակը գա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաղային։

ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ․ գլխավոր թիրախն ստվերային նավատորմն է․ Politico

Բրյուսելը մտադիր է նոր պատժամիջոցների փաթեթի հիմնական թիրախը դարձնել Ռուսաստանի «ստվերային նավատորմը», քանի որ այն օգնում է Մոսկվային շրջանցել նավթի արտահանման սահմանափակումները։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի մի քանի պաշտոնյաների և դիվանագիտական աղբյուրների։

«Նավատորմի նկատմամբ վերահսկողության խստացումը կօգնի փակել Կրեմլի եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկը և կուժեղացնի Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը՝ ստիպելով նրան հրաժարվել Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագրում իր մաքսիմալիստական պահանջներից»։ Պարբերականը մեջբերում է ԵՄ ներկայացուցիչների այս դիրքորոշումը։

Պատժամիջոցների նոր փաթեթը ԵՄ-ի համար կդառնա արդեն 21-րդը, հիշեցնում է Politico-ն՝ հավելելով, որ այն կարող է ուժի մեջ մտնել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին:

Բացի «ստվերային նավատորմից», նախատեսվում է, որ փաթեթը տարբեր միջոցներ կներառի ռուսական բանկերի, ֆինանսական հաստատությունների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի առևտրով զբաղվող ընկերությունների դեմ: Այս մասին պարբերականին հայտնել են քննարկումների ընթացքին ծանոթ ԵՄ յոթ պաշտոնյաներ և դիվանագետներ:

Եվրոպական միությունը մտադիր է կրկին քննարկման դնել Հունգարիայի կողմից արգելափակված պատժամիջոցների փաթեթը: Սահմանափակումների թիրախում է հայտնվել նաև Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը՝ ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվայի գործողություններին սատարելու պատճառով:

Մինչև 15 տարի. ԱԺ-ն խստացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժները

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում կատարվող այն փոփոխություններին, որոնք նախատեսում են խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար սահմանված պատիժները։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ է մնացել՝ 8-ը։

Օրենսդրական փոփոխությունների հեղինակն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Մասնավորապես, իրացման նպատակով թմրամիջոցների արտադրության, պատրաստման, վերամշակման, ձեռքբերման, պահպանման, փոխադրման, առաքման, տարածման, գովազդի և իրացման դեպքում, եթե հանցանքը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, մեղավորներին կսպառնա 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում՝ նախկին 3-6 տարվա փոխարեն։

Բացի այդ, նույն հանցանքն անչափահասի մասնակցությամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ՝ 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։

Կխստացվի նաև անձնական նպատակներով թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու համար պատասխանատվությունը։ Մասնավորապես, միջին աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի փոխարեն կկիրառվի քսանապատիկի չափով տուգանք, կամ 2 տարի ժամկետով ազատազրկում (նախկին 1 տարվա փոխարեն)։

Մինչև 15 տարի. ԱԺ-ն խստացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժները

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում կատարվող այն փոփոխություններին, որոնք նախատեսում են խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար սահմանված պատիժները։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ է մնացել՝ 8-ը։

Օրենսդրական փոփոխությունների հեղինակն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Մասնավորապես, իրացման նպատակով թմրամիջոցների արտադրության, պատրաստման, վերամշակման, ձեռքբերման, պահպանման, փոխադրման, առաքման, տարածման, գովազդի և իրացման դեպքում, եթե հանցանքը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, մեղավորներին կսպառնա 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում՝ նախկին 3-6 տարվա փոխարեն։

Բացի այդ, նույն հանցանքն անչափահասի մասնակցությամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ՝ 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։

Կխստացվի նաև անձնական նպատակներով թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու համար պատասխանատվությունը։ Մասնավորապես, միջին աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի փոխարեն կկիրառվի քսանապատիկի չափով տուգանք, կամ 2 տարի ժամկետով ազատազրկում (նախկին 1 տարվա փոխարեն)։

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է երկու ամսով

Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձի՝ Վ.Ե.-ն ևս կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել էր։ Երկուսն էլ 2 ամսով կալանավորվել են։

Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին՝  քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

MV Hondius նավի երեք թուրք ուղևորները մեկսուսացվել են Ստամբուլում․ A Haber

MV Hondius զբոսանավի երեք քաղաքացիները, որտեղ տեղի էր ունեցել հանտավիրուսի բռնկում, մայիսի 10-ի երեկոյան տեղափոխվել են Ստամբուլ և գտնվում են տնային կարանտինում։ Այս մասին հայտնել է A Haber հեռուստաալիքը։

Թուրքիայի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նավում գտնվող հանրապետության քաղաքացիների մոտ վարակման ախտանիշներ չեն դիտվում։ Նաև նշվել էր, որ երկրում հանտավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։

Նիդերլանդների ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 40 ուղևոր լքել է MV Hondius լայները և ափ իջել Սուրբ Հեղինեի կղզում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավում հանտավիրուսի բռնկման պատճառով նիդերլանդացի զբոսաշրջիկ է մահացել: Ուղևորների թվում եղել են Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Չիլիի, Թուրքիայի և ևս հինգ երկրի քաղաքացիներ:

Հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք հիմնականում ախտահարում են մանր կաթնասուններին, սակայն կարող են փոխանցվել նաև մարդուն։ Ծանր դեպքերում ախտահարվում են վարակվածների թոքերը, զարգանում են սրտային անբավարարություն և հեմոռագիկ տենդ։

Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում. բայց վարչապետի 4 թեկնածու կա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը որպես կուսակցության առաջնորդ։ Այս մասին նա ասել է Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ծառուկյանը վարչապետ չի ուզում։ Ես ձեզ խոսք եմ տվել։ Կարող էի ասել, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ․ ստեղծել եմ, կայացել եմ, այս հող ու ջրի մարդն եմ։ Բայց որպեսզի ավել-պակաս խոսակցություններ չլինեն, ես նման նպատակ չունեմ»,- նշել է նա։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունն ունի չորս հավանական թեկնածու, որոնք ունեն փորձ, կապեր և արդեն իսկ արդյունքներ են ցույց տվել։

«Վարչապետի չորս թեկնածու կա, որոնք և՛ փորձ ունեն, և՛ պատրաստակամ են, և՛ կապեր ունեն, և՛ արդյունք են ցույց տվել։ Եթե հաջողվի հասնել այդ փուլին, բոլորին կներկայացնեմ, իսկ ժողովուրդը կտա իր գնահատականը»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը պետք է վստահվի փորձառու և պատասխանատու մարդու։

«Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի։ Պետք է աշխատած, փորձառու մարդ, որպեսզի ժողովրդի վրա փորձեր չկատարվեն»,- հայտարարել է նա։

Պակիստանը մնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական միջնորդը․ Իրանի ԱԳՆ

Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ իր երկխոսությունն անցկացնում է միայն Պակիստանի միջոցով, թեև այլ երկրներ ևս քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Տարբեր երկրներ կապեր են պահպանում այս հարցի շուրջ, և տարածաշրջանի շատ պետություններ իրական մտահոգություններ ունեն լարվածության սրման վերաբերյալ։ Այդուհանդերձ, միջնորդը նախկինի պես մնում է Պակիստանը։ Պակիստանը՝ որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական միջնորդ, շարունակում է գործունեություն իրականացնել այս ուղղությամբ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետը։

Ինչպես նշել է Բաղային, Կատարը շարունակում է մնալ տարածաշրջանի այն ամենաակտիվ երկրներից մեկը, որոնք լավ հարաբերություններ են պահպանում թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի հետ։ Արաղչին հավելել է, որ Կատարը պարբերաբար իր կարծիքն ու գաղափարներն է հայտնում կարգավորման հարցի վերաբերյալ։

Նժդեհի հրապարակում բախվել են Hyundai-ն և BYD-ը ու հայտնվել գազոնում․ վարորդներից մեկը վարելու իրավունք չի ունեցել

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Sahmshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են մեկնել հիվանդանոց։  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Կայքի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։