Օրբանի օրոք Հունգարիայում ապաստան գտած լեհ նախկին նախարարը փախել է ԱՄՆ

Լեհաստանի արդարադատության նախկին նախարար Զբիգնև Զյոբրոն, ով քաղաքական ապաստան էր ստացել Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է «Notes from Poland» պարբերականը:

Զյոբրոն հաստատել է, որ գտնվում է ԱՄՆ-ում և «մտադիր է մնալ Միացյալ Նահանգներում ու վայելել ամերիկյան ազատությունը»:

Լեհաստանի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը հայտարարել է, որ եթե նախկին նախարարի՝ ԱՄՆ-ում գտնվելու փաստը հաստատվի, Վարշավան կսկսի քաղաքական գործչի արտահանձնման գործընթացը: Զյոբրոն ի պատասխան նշել է, որ հաճույքով կկանգնի «անկախ ամերիկյան դատարանի» առջև:

«Notes from Poland»-ը գրում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խոստացել է պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը սկսել Զբիգնև Զյոբրոյին Լեհաստանին արտահանձնելու գործընթացը։

Զբիգնև Զյոբրոն, ինչպես նաև արդարադատության փոխնախարարի պաշտոնում նրա տեղակալ Մարչին Ռոմանովսկին, Լեհաստանում մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ։ Զյոբրոն տարբեր տարիների զբաղեցրել է արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները, իսկ 2023 թվականին «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության իշխանությունը կորցնելուց հետո դարձել է Արդարադատության հիմնադրամում չարաշահումների վերաբերյալ հետաքննության գլխավոր թիրախը։

Նա կասկածվում է այդ կառույցի կառավարման հետ կապված 26 քրեական հանցագործությունների մեջ։ Մասնավորապես, դատախազության վարկածով՝ հիմնադրամի միջոցներից Զյոբրոյի որոշմամբ ձեռք է բերվել իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը։ Քննությունը կարծում է, որ ծրագիրն օգտագործվել է PiS-ի կառավարման ժամանակահատվածում քաղաքական ընդդիմադիրների և լրագրողների նկատմամբ ապօրինի հետապնդումներ իրականացնելու համար։

«Իրավունք և արդարություն» կուսակցությունը 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտվել է ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիային»։

Լեհ քաղաքական գործիչն այս տարվա հունվարին ապաստան էր ստացել Հունգարիայում։ Զյոբրոն Վարշավայի իշխանություններին մեղադրել էր բռնաճնշումների մեջ։ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը «ապաստան է տրամադրում բոլորին, ովքեր իրենց երկրում ենթարկվում են քաղաքական հետապնդումների»։ 2025 թվականի նոյեմբերին իրականացված դատախազության հարցման հիման վրա հայտնի է դարձել, որ Զյոբրոն զրկվել է իր անձեռնմխելիությունից։

2024 թվականին արդարադատության նախկին փոխնախարար Մարչին Ռոմանովսկին քաղաքական ապաստան էր ստացել Հունգարիայում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին այդ որոշումն անվանել էր «թշնամական ակտ»։

Շիո սրբազանը դարձել է Վրաստանի նոր՝ 142-րդ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք

Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում այսօր Վրաստանի նոր՝ 142-րդ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել Շիո սրբազանը:

Բարձրաստիճան հոգևորականներն ընտրություն են կատարել երեք թեկնածուների միջև: Քվեարկության արդյունքներով պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկույի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) ստացել է 22 ձայն, Մրովելիի և Ուրբնիսի միտրոպոլիտ Իովը (Ակիաշվիլի)՝ ինը ձայն, իսկ Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի)՝ յոթ ձայն:

Ընդլայնված ժողովում ձայնի իրավունքից օգտվել են միայն Սուրբ Սինոդի անդամները: Քվեարկությանը մասնակցել է Սինոդի 38 անդամ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի խորեպիսկոպոսը (աշխարհիկ անունով՝ Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի) ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում։ 1988 թվականին, Թբիլիսիի թիվ 53 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (որին զուգահեռ սովորել է նաև երաժշտական ուսումնարանում), Էլիզբար Մուջիրին ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1991 թվականին նա որպես փորձնակ ընդունվել է Շիոմղվիմեի վանք։ 1993 թվականի փետրվարի 5-ին Էլիզբարը ձեռնադրվել է վանական՝ ստանալով Շիո անունը։ Նա նշանակվել է վանքի սեղանապետ։ 1995 թվականին վանական Շիոն ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1996 թվականին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը սարկավագ Շիոյին ձեռնադրել է քահանա։ 1997 թվականին աբեղա Շիոն նշանակվել է Թբիլիսիի Կլդիսուբանի թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր։

1998 թվականին նա ավարտել է Բաթումի Հովհաննես Աստվածաբան անվան հոգևոր սեմինարիան և ուսումը շարունակել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հեռակա բաժնում։ 1998 թվականի ապրիլի 3-ին աբեղա Շիոյին շնորհվել է իգումենի աստիճան՝ ոսկե խաչ կրելու իրավունքով, և նա նշանակվել է Սուրբ Եղիա մարգարեի տաճարի վանահայր։ 1999 թվականի մարտի 6-ից իգումեն Շիոն ծառայել է Թբիլիսիի Անչիսխատի տաճարում։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ից նա հանդիսանում է Նարիկալա ամրոցի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայրը։ 2001 թվականի հոկտեմբերից նա Մոսկվայի վրացական համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայրն է, ինչին զուգահեռ սովորել է Սուրբ Տիխոնի աստվածաբանական ինստիտուտում։

2003 թվականի օգոստոսի 18-ին Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը (Ուրբնիսիում) իգումեն Շիոյին ընտրել է նորաստեղծ Սենակիի և Չխորոծկուի թեմի առաջնորդ։ Սեպտեմբերի 7-ին Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճարում տեղի է ունեցել իգումեն Շիոյի եպիսկոպոսական ձեռնադրությունը, որը կատարել էՀամայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը՝ Սուրբ Սինոդի անդամների մասնակցությամբ։ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին Շիո եպիսկոպոսը պարգևատրվել է Սուրբ Գևորգի շքանշանով։ 2009 թվականին նա ստացել է արքեպիսկոպոսի աստիճան։ 2010 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի արքեպիսկոպոս։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Շիո սրբազանը նշանակվել է Պատրիարքական գահի տեղապահ, իսկ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում նրան շնորհվել է սկուֆիայի (եկեղեցական գլխարկի) վրա ադամանդե խաչ կրելու իրավունք։

Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանական կուսակցության կողմնակիցներին անվանել են դավաճաններ

Մայիսի 11-ին Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Այն պահին, երբ իշխող կուսակցության կողմնակիցները վանկարկել են «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը, կողքով անցնող ընդդիմադիր հայացքներ ունեցող մի կին նրանց անվանել է «դավաճաններ» և «հողատուներ»:

Դրանից հետո քարոզարշավի մասնակիցները սկսել են էլ ավելի բարձր գոռալ իրենց կարգախոսները: Դեպքը տեղի է ունեցել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի բակում:

Համաշխարհային շուկաներում մսի գները հասել են նոր առավելագույնի

Մսի համաշխարհային գները նոր ռեկորդային առավելագույնի են հասել։ Այս մասին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից այսօր հրապարակված պարենային ապրանքների գների ամենամսյա զեկույցում, հայտնում է «ԱՊԿ Նովոստի» գործակալությունը։

ՊԳԿ մսի գների ինդեքսը ապրիլին 1,2%-ով բարձր է եղել, քան մարտին, և 6,4%-ով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս աճն արտացոլում է, որ բոլոր տեսակի մսերի գները բարձրացել են, սակայն նույն մակարդակի վրա են մնացել միայն ոչխարի մսի գները։

Տավարի մսի գները նոր գագաթնակետի են հասել, ինչին նպաստել են Բրազիլիայում արտահանման ավելի բարձր գնառաջարկները։ Դա տեղի է ունեցել սպանդի համար պատրաստի անասունների սահմանափակ մատակարարումների ֆոնին, ինչն էլ վկայում է նախիրի վերականգնման շարունակվող գործընթացի մասին։

Միջազգային բարձր պահանջարկը (հատկապես Չինաստանի կողմից) լրացուցիչ խթան է հանդիսացել դրա համար, քանի որ նոր եռամյա պաշտպանական ծրագրի շրջանակներում ներմուծման քվոտաներն սկսել են ավելի արագ սպառվել։

Թանկացել է նաև խոզի միսը: Սա պայմանավորված է Եվրոպական միությունում արձանագրված բարձր գնառաջարկներով, ինչը սեզոնային պահանջարկի աճի հետևանք է: Այս միտումը, սակայն, մասնակիորեն զսպվել է Բրազիլիայում գների անկմամբ, որտեղ շուկան հագեցած է մատակարարումների մեծ ծավալներով։

Թռչնամսի շուկայում նույնպես աճ է գրանցվել՝ ի հաշիվ բրազիլական արտադրանքի թանկացման։ Աֆրիկյան մի շարք երկրների բարձր պահանջարկն ավելին է եղել, քան Մերձավոր Արևելքում վաճառքի ծավալների նվազումը: Վերջինս լոգիստիկ խնդիրների և տրանսպորտային սահմանափակումների հետևանք է։ Դրանք ստիպել են բեռնափոխադրումները վերաուղղորդել Կարմիր ծովով։

Ինչ վերաբերում է ոչխարի մսին, ապա այստեղ գները գրեթե չեն փոփոխվել։ Ավստրալիայում արտահանման պաշարների սղության պատճառով արձանագրված թանկացումը հավասարակշռվել է Նոր Զելանդիայում գների անկմամբ, ինչը պայմանավորված է հիմնական գնորդի՝ Չինաստանի կողմից պահանջարկի թուլացմամբ։

Շվեյցարիան պատասխանել է գերիների հարազատների նամակին, Հայաստանի ԱԳՆ-ն՝ ոչ

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները ապրիլի 3- ին նամակով դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին՝ խնդրելով Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում  գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը:

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար»,-մասնավորապես նշվում էր գերիների հարազատների նամակում։

NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի»  ղեկավար Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք արձագանքներ եղել են:

«Մենք ստացել ենք պաշտոնական պատասխան Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից, որտեղ  մասնավորապես նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երրորդ պետության կողմից հովանավոր տերության մանդատի իրականացումը պետք է ստանա երկու շահագրգիռ պետությունների համաձայնությունը։ Նամակում նաև ասվում է, որ երկկողմ բանակցությունների միջոցով Շվեյցարիան բազմիցս կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսինքն, մարդասիրական այս խնդիրը նաև նրանց երկկողմ հարաբերությունների օրակարգում է»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։

Հայաստանի արտգործնախարարությունից այս պահի դրությամբ որևէ արձագանք չի եղել գերիների հարազատների նամակին, չնայած որ նամակը թե՛ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը, թե՛ ՀՀ ԱԳՆ-ին ուղարկվել է միաժամանակ: 

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են. ռուբլին թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 11-ին, կազմել է 368.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.23 դրամ (աճել  է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.99 դրամ (աճել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–367 դրամով, վաճառվում է 370-471.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-430 դրամով, վաճառվում է 435–441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.77-4.86 դրամով, վաճառվում է 4.97–5.17 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366–367 դրամով, վաճառվում՝ 370 դրամով:

Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 434 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը

Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս է։ Այս մասին 5-8-ին կայացած Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումում ունեցած իր ելույթում հայտարարել է  Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳՆ–ից NEWS.am–ին հյատնում են, որ այս ֆորումի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) նպատակների իրականացման առաջընթացը և նախանշում հետագա առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ֆորումի ընթացքում Արմեն Ղազարյանը հանդես է եկել ելույթով՝ վերահաստատելով Հայաստանի ամուր հանձնառությունը Միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի սկզբունքներին, որոնք դարձել են երկրի միգրացիոն քաղաքականության իրականացման կարևոր հենասյուներից մեկը։

Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ միգրացիոն կառավարումը շարունակում է մնալ Հայաստանի համար օրակարգային առանցքային ուղղություն․ երկիրը երկար տարիներ բախվել է արտահոսքի հետ կապված խնդիրների, մինչդեռ վերջին շրջանում արձանագրվում են ներհոսք և տարանցիկ միգրացիայի աճող միտումներ։ Այս պայմաններում Հայաստանի մոտեցումը ձևավորվել է երեք փոխկապակցված առաջնահերթությունների շուրջ՝ ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդում, քաղաքացիակենտրոն ծառայությունների զարգացում և թվային փոխակերպումներ։

Արմեն Ղազարյանը կարևորել է Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուտի ստեղծումը՝ այն գնահատելով որպես համակարգային բարեփոխումների կարևոր ձեռքբերում։ Նոր կառույցը միավորել է միգրացիայի, ապաստանի, քաղաքացիության և մի շարք այլ ծառայությունները՝ նպաստելով համակարգման, հաշվետվողականության և փաստահեն քաղաքականության մշակման արդյունավետության բարձրացմանը։

Նա նաև անդրադարձել է իրականացվող ծավալուն օրենսդրական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ թարմացվել են քաղաքացիությանը, օտարերկրացիներին, փախստականներին և ապաստանին, ինչպես նաև թրաֆիքինգի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական կարգավորումները։ Ըստ նախարարի տեղակալի՝ բարեփոխումները հիմնված են հատկապես թվային լուծումների ներդրման վրա՝ ապահովելով միջազգային և եվրոպական չափանիշներին առավել համահունչ համակարգերի ձևավորում։ Այս գործընթացը պայմանավորված է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսությամբ։

Ելույթում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանի առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին։ Նշվել է, որ ավելի քան 115 հազար տեղահանված անձանց ընդունումը և նրանց ժամանակավոր պաշտպանության ապահովումը լուրջ փորձություն էր պետական կառույցների դիմակայունության համար։ Հայաստանը, սակայն, կարողացել է արագ արձագանքել՝ ապահովելով 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարումը։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ այս փորձը ևս մեկ անգամ ապացուցել է ճգնաժամային իրավիճակներում արագ և պատասխանատու գործելու ունակ ինստիտուտների կարևորությունը։

Նախարարի տեղակալը շեշտել է նաև քաղաքացիակենտրոն ծառայությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ նշելով, որ միգրացիայի արդյունավետ կառավարումը նախևառաջ մարդկանց ծառայելու մասին է, ինչը Հայաստանը հաջողությամբ իրականացնում է։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ սոցիալական ներառականությունն ու վերաինտեգրումը շարունակում են մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից։ Նպատակն է ձևավորել միգրացիայի կառավարման այնպիսի համակարգ, որը կլինի ոչ միայն անվտանգ և կանոնակարգված, այլև հասանելի և մարդակենտրոն՝ արձագանքելով մարդկանց իրական կարիքներին։

Արմեն Ղազարյանը կարևորել է նաև թվային փոխակերպումների դերը՝ նշելով, որ թվայնացումը դարձել է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ ծառայությունների մատուցման առանցքային ուղղություններից մեկը։ Նա խոսել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարելավման, քաղաքացիության դիմումների էլեկտրոնային նոր ընթացակարգերի և աշխատանքի ու կեցության թվային թույլտվությունների համակարգային բարեփոխումների մասին։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ այս միջոցառումները նվազեցնում են վարչարարական բեռը, բարձրացնում թափանցիկությունը և ծառայությունները դարձնում ավելի արագ, հասանելի և արդյունավետ՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ միգրանտների համար։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում է միգրացիոն ռազմավարության մշակումը, որի հիմքում նաև GCM սկզբունքներն ու միգրացիոն կառավարման ինստիտուտների ամրապնդումն է։

«Թույլ տվեք վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը միգրացիոն երկխոսության գլոբալ գործընթացներում, կիսվել ազգային փորձով և համատեղ աշխատել անվտանգ, կանոնավոր և բոլորի համար օգտակար միգրացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ»-ելույթը եզրափակել է ՆԳ նախարարի տեղակալը։