Լեհաստանի արդարադատության նախկին նախարար Զբիգնև Զյոբրոն, ով քաղաքական ապաստան էր ստացել Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է «Notes from Poland» պարբերականը:
Զյոբրոն հաստատել է, որ գտնվում է ԱՄՆ-ում և «մտադիր է մնալ Միացյալ Նահանգներում ու վայելել ամերիկյան ազատությունը»:
Լեհաստանի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը հայտարարել է, որ եթե նախկին նախարարի՝ ԱՄՆ-ում գտնվելու փաստը հաստատվի, Վարշավան կսկսի քաղաքական գործչի արտահանձնման գործընթացը: Զյոբրոն ի պատասխան նշել է, որ հաճույքով կկանգնի «անկախ ամերիկյան դատարանի» առջև:
«Notes from Poland»-ը գրում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խոստացել է պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը սկսել Զբիգնև Զյոբրոյին Լեհաստանին արտահանձնելու գործընթացը։
Զբիգնև Զյոբրոն, ինչպես նաև արդարադատության փոխնախարարի պաշտոնում նրա տեղակալ Մարչին Ռոմանովսկին, Լեհաստանում մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ։ Զյոբրոն տարբեր տարիների զբաղեցրել է արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները, իսկ 2023 թվականին «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության իշխանությունը կորցնելուց հետո դարձել է Արդարադատության հիմնադրամում չարաշահումների վերաբերյալ հետաքննության գլխավոր թիրախը։
Նա կասկածվում է այդ կառույցի կառավարման հետ կապված 26 քրեական հանցագործությունների մեջ։ Մասնավորապես, դատախազության վարկածով՝ հիմնադրամի միջոցներից Զյոբրոյի որոշմամբ ձեռք է բերվել իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը։ Քննությունը կարծում է, որ ծրագիրն օգտագործվել է PiS-ի կառավարման ժամանակահատվածում քաղաքական ընդդիմադիրների և լրագրողների նկատմամբ ապօրինի հետապնդումներ իրականացնելու համար։
«Իրավունք և արդարություն» կուսակցությունը 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտվել է ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիային»։
Լեհ քաղաքական գործիչն այս տարվա հունվարին ապաստան էր ստացել Հունգարիայում։ Զյոբրոն Վարշավայի իշխանություններին մեղադրել էր բռնաճնշումների մեջ։ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը «ապաստան է տրամադրում բոլորին, ովքեր իրենց երկրում ենթարկվում են քաղաքական հետապնդումների»։ 2025 թվականի նոյեմբերին իրականացված դատախազության հարցման հիման վրա հայտնի է դարձել, որ Զյոբրոն զրկվել է իր անձեռնմխելիությունից։
2024 թվականին արդարադատության նախկին փոխնախարար Մարչին Ռոմանովսկին քաղաքական ապաստան էր ստացել Հունգարիայում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին այդ որոշումն անվանել էր «թշնամական ակտ»։