«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ընտրական գործընթացի մանրամասները՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրության օրը լինել առավել ուշադիր և իրազեկված։
Նրա խոսքով՝ ընտրատեղամաս գնացող քաղաքացին պարտադիր պետք է իր հետ ունենա անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ։
«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ներկայացել են ընտրատեղամաս, սակայն իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել, ինչի պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։
Ուստի կարևոր է՝ ընտրության գնալիս չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը»,- ասաց Մելոյանը։ Նա պարզաբանեց, որ ընտրատեղամասում նախ քաղաքացին մոտենում է նույնականացման սարքին, որը կարող է ցույց տալ կանաչ, դեղին կամ կարմիր ազդանշան։
«Կանաչ լույսի դեպքում որևէ խնդիր չկա, իսկ դեղինի կամ կարմիրի պարագայում կարող են առաջանալ տվյալների նույնականացման կամ գրանցման հետ կապված խնդիրներ։ Հնարավոր է քաղաքացին տվյալ ընտրատեղամասում գրանցված չլինի կամ խնդիր լինի փաստաթղթի հետ»,- նշեց նա։
Մելոյանի խոսքով՝ այդպիսի խնդիրներից խուսափելու համար գործարկվելու է հատուկ կայքէջ, որտեղ քաղաքացիները նախապես կարող են ստուգել իրենց ընտրատեղամասը։
«Սա կարևոր իրազեկում է, որպեսզի քաղաքացին ընտրության օրը տեխնիկական պատճառներով չզրկվի իր հիմնական ընտրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից»,- ասաց նա։
Սահմանադրագետը նաև զգուշացրեց քվեաթերթիկների հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ նշելով, որ նախկին ընտրություններում եղել են դեպքեր, երբ որոշ քաղաքական ուժերի քվեաթերթիկներ սեղաններին բացակայել են։
«Եթե մոտենում եք սեղանին և տեսնում եք, որ որևէ քվեաթերթիկ բացակայում է, անպայման ահազանգեք և պահանջեք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները տրամադրվեն։ Պետք է նաև ուշադրություն դարձնել՝ քվեաթերթիկը վնասված չէ՞, քանի որ վնասված լինելու դեպքում այն կարող է անվավեր ճանաչվել»,- ընդգծեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ քվեարկության ժամանակ քաղաքացին պարտավոր է քվեախցում գտնվել միայնակ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ֆիզիկական խնդիրներ և անհրաժեշտ է աջակցություն։
Մելոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև օրենսդրական փոփոխության վրա՝ նշելով, որ եթե ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ հայտնվի, բոլորն անվավեր կհամարվեն։
«Նախկինում վավեր էր համարվում այն քվեաթերթիկը, որի վրա դրված էր համապատասխան դրոշմանիշային կնիքը, սակայն այժմ, եթե ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ կամ այլ իր լինի, բոլոր քվեաթերթիկները համարվելու են անվավեր»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրական օրենսդրության փոփոխություններին՝ Մելոյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դրանք դիտարկում է որպես քաղաքական որոշում՝ ուղղված իրենց դեմ։
Նրա պնդմամբ՝ ապրիլի 7-ին ընդունված փոփոխություններով արգելվել է անձնանունների կիրառումը քաղաքական ուժերի անվանումներում, ինչը, ըստ նրա, ուղղակիորեն վերաբերում էր իրենց դաշինքին։