90-ականների վերադարձը․ Retro Stars Fest-ը՝ Հայաստանում

Երեկ Հայաստանում նոստալգիկ տրամադրություն էր։ Առաջին անգամ մեր երկում կազմակերպվեց Retro Stars Fest-ը, որը մեկ բեմի վրա «ժամադրեց» 90-ականներին հայտնի համաշխարհային ու հայ ամենասիրված աստղերից մի քանիսին։

Հանդիսատեսը, սակայն, արտիստներից պակաս չէր պատրաստվել։

Մանրամասները՝ news.am կայքում։

Անկախությունը պետություն և պետականություն ունենալու փառահեղ գիտակցումն է. հարցում

Անկախությունը յուրաքանչյուրի համար կարող է տարբեր նշանակություն ունենալ՝ պետականությունից ու ինքնիշխանությունից մինչև անվտանգության և ապագայի մասին պատկերացումներ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների համար ի՞նչ է անկախությունը, ի՞նչ նշանակություն ունի այն իրենց համար և ինչպե՞ս են այսօր գնահատում անկախության գաղափարը։

Քաղաքացիներից մեկի համար անկախությունը երջանկություն և ուրախություն է։

Հարցվածներից մեկը նշեց, որ իր համար անկախությունն այն է, որ իր երկրում հնարավորություն ունենա հաճախելու ազգային դպրոց, կրթություն ստանալու իր ժողովրդի լեզվով։ Նրա խոսքով՝ անկախություն է նաև այն, որ երկիրը շարունակի զարգանա նույնիսկ այլ երկրների ճնշումների ներքո:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ լիարժեք անկախ լինելու համար դեռ պետք է ճանապարհ անցնենք, հաղթահարենք «սովետական կեղտոտ պետության կլիշեն»։ Նրա խոսքով՝ դա պետք է անել հանուն Եռաբլուրում գտնվող տղաների։

Հարցվածներից մեկն էլ պատասխանեց, որ անկախությունից ոչինչ չի հասկանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Google-ը տուգանվել է 403 մլն եվրոյով

Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) 403 միլիոն եվրոյով տուգանել է Google ընկերությանը՝ օգտատերերի տեղակայման վերաբերյալ տվյալների մշակման կանոնները խախտելու համար:
Այս մասին հայտնում է RTE հեռուստաալիքը։

Տվյալների պաշտպանության կանոնակարգի համաձայն՝ գտնվելու մասին տեղեկատվությունը պետք է մշակվի օրինական, արդար և թափանցիկ եղանակով։

Հանձնաժողովից հայտնել են, որ հետաքննության ընթացքում Google-ի կողմից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես, օգտատերերը կարող էին տեղյակ չլինել, որ իրենց տեղակայման տվյալներն օգտագործվում են, այդ թվում՝ գովազդ ցուցադրելու կամ իրենց նախասիրությունները որոշելու համար։ Սա կարող էր սահմանափակել անձնական տվյալները վերահսկելու նրանց հնարավորությունը։

DPC-ն հետաքննությունը սկսել էր 2020 թվականի փետրվարին՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական մի շարք կազմակերպություններից բողոքներ ստանալուց հետո, որոնք վերաբերում էին որոշակի ծառայություններում ու ապրանքներում Google-ի կողմից տեղադրության տվյալների մշակմանը։

Արդյունքում տվյալների պաշտպանության հանձնաժողովը նշանակել է ընդհանուր 403 միլիոն եվրոյի չափով տուգանք և Google-ին պարտավորեցրել վեց ամսվա ընթացքում տվյալների մշակման իր համակարգը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։

Արքայազն Չարլզի ամոթանքը թեյախմության ժամանակ ապշեցրել է Ռեյգանին

Արքայազն Չարլզը մի անգամ Սպիտակ տանը ամաչեցրել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին՝ պարզապես այն պատճառով, որ նա հրաժարվել էր թեյ խմել՝ բաժակի մեջ թեյի տոպրակով։

1981 թվականին, երբ Չարլզը 32 տարեկան էր, իսկ Ռեյգանը՝ 70, այն ժամանակվա Ուելսի արքայազնը այցելեց Վաշինգտոն և հանդիպեց Ամերիկայի նախագահի հետ Օվալաձև սենյակում։

Հյուրին ավանդական ըմպելիք առաջարկելու փորձը, սակայն, անսպասելիորեն վերածվեց ամոթալի աղետի. Սպիտակ տան աշխատակիցները թեյ մատուցեցին ամերիկյան ոճով՝ բաժակի մեջ թեյի տոպրակով։ Պարզվում է՝ Չարլզը չգիտեր, թե ինչ անել դրա հետ։

«Թագավորական լսարան. 70 տարի, 13 նախագահ՝ մեկ թագուհու հատուկ հարաբերությունները Ամերիկայի հետ» գրքի հեղինակ Դեյվիդ Չարտերը պատմել է, որ Ռեյգանը «սարսափել» էր՝ նկատելով, որ իր հյուրը թեյ չէր խմում։

«Ռոնալդ Ռեյգանը սարսափել էր, երբ արքայազն Չարլզին հյուրընկալել էր Օվալաձև սենյակում, իսկ նրան թեյով բաժակ բերեցին՝ ներսում թեյի տոպրակով։ Նա տեսավ, որ արքայազնը չի խմում այն ​​և կարծեց, թե սարսափելի սխալ է թույլ տվել», – պատմել է Չարտերը։

Հեղինակի խոսքերով՝ դա պարզապես «փոքրիկ սխալ» էր, որը, ի վերջո, օգնեց բրիտանացիներին և ամերիկացիներին ավելի լավ հասկանալ միմյանց։

Ռեյգանն ինքը հետագայում այս անհարմար դրվագը գրանցեց իր օրագրում մայիսի 1-ի հանդիպումից հետո։
«Չարլզ։ Շատ հաճելի մարդ։ Անձնակազմը նրան թեյ բերեց, բայց նրանք այն մատուցեցին այնպես, ինչպես մենք ենք անում՝ բաժակի մեջ թեյի տոպրակով։ Վերջապես ես հասկացա, որ նա պարզապես բռնել էր բաժակը, ապա այն վայր էր դնում։ Ես չգիտեի՝ ինչ անել։ Մայքը նրան ուղեկցեց Սպիտակ տուն և ներողություն խնդրեց։ Արքայազնն ասաց. «Ես չգիտեի՝ ինչ անել դրա հետ», – գրել է Ռեյգանը։

Ռեյգանը ծառայել է որպես Միացյալ Նահանգների նախագահ 1981-ից 1989 թվականներին։ Նա մահացել է 2004 թվականին՝ 93 տարեկանում։

Իրանը պատրաստ է իր վրա հարձակման դեպքում կիրառել նոր զինատեսակ. ԻՀՊԿ

Թեհրանը Իրանի վրա հարձակման դեպքում պատրաստ է կիրառել նոր զինատեսակ, որը կզարմացնի աշխարհը։

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Նոր հարձակման դեպքում մեր պաշտպանության և պատասխան հարձակողական գործողությունների աշխարհագրությունը, անշուշտ, զգալիորեն կփոխվի։ Փոփոխությունները կվերաբերեն նաև սպառազինությանը։ Մենք կկիրառենք նոր զինատեսակ, որը կզարմացնի աշխարհը»,- Մոհեբիի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Թրամփի գրառմանը, որտեղ նա նշում է, թե Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզվառելիքի արտադրության նկատմամբ. «Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի։

«Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կենսական նշանակության ենթակառուցվածքները և պարենի արտահանումը պետք է դադարեն Ռուսաստանի թիրախ լինելուց, և դա կհանգեցնի մեր կողմից լարվածության թուլացմանն ուղղված համապատասխան քայլերի»,- հավելել է Զելենսկին։

ՌԴ-ն կորցրել է վերահսկողությունը դիզվառելիքի արտադրության նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ։

«Ցավոք, Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ մեծ թվով նավթավերամշակման գործարաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

«Մենք պետք է դադարեցնենք այս անհեթեթ պատերազմը, որն ուղղակի չի ավարտվում։ Ամբողջ աշխարհը տառապում է…»,- գրել է Թրամփը։

Լիոնել Մեսսին 930-րդ գոլն է խփել

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» ոչ-ոքի` 2:2 է խաղացել «Սան Դիեգոյի» հետ:

Դաշտի տերերի գոլերից մեկը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 930-րդ գոլն է խփել կարիերայում:

«Ինտեր Մայամիի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան

Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները:

Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության զեկավար Սամվել Կարապետյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

35 տարի առաջ մեր ժողովուրդը «Այո» ասաց անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր կամքին։ Բայց մեր անկախության պատմությունը միայն 35 տարվա չէ։ Այն հազարամյակների ճանապարհ է՝ պետականության համար մաքառմամբ, հաղթանակներով ու անկումներով, կորցրած ու վերականգնված հայրենիքով, սերունդների զոհողությամբ և սեփական ինքնությունը պահպանելու համառությամբ։

Հատկանշական է, որ Անկախության հռչակագիրը սկսվում է՝ «հայ ժողովրդի ճակատագրի առջև պատասխանատվության գիտակցումով»։

Ուստի, անկախությունը ոչ միայն ձեռքբերում է, այլև պատասխանատվություն և սրբազան պարտք՝ պաշտպանելու մեր պետության ինքնիշխանությունը, ազգային շահն ու սերունդների հայկական ապագան։

Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Մենք ունեցել ենք աններելի կորուստներ, ունենք անվտանգության մարտահրավերներ, հասարակությունը պառակտված է, իսկ պետական շահը հաճախ ստորադասվում է բացառապես նեղ անձնական և օրվա քաղաքական շահերի։

Անկախությունը առաջին հերթին պետության ազատությունն ու կարողությունն է՝ իր որոշումները կայացնելու՝ ելնելով բացառապես սեփական ազգային շահերից։

21-րդ դարում անկախության դեմ միշտ չէ, որ հարձակվում են օտարները և պարտադիր՝ զենքով։ Ամենավտանգավորը այն ձևն է, երբ այն թուլացնում են աստիճանաբար, աննկատ ու ներսից՝ զիջումներ պարտադրելով, սահմանները սեղմելով, ազգային արժեքներն ու խորհրդանիշները փոխակերպելով, իսկ հակառակորդի պահանջների կատարումը՝ սպառնալիքները կանխման միակ միջոց ներկայացնելով։

Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները։

Համայն հայությունը 2026 թվականի սեպտեմբերի 21-ին և բոլոր հաջորդ տարիներին շարունակաբար ու աներկբա պետք է վերահաստատի իր կամքն ու պատասխանատվությունը այն նպատակին, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար։

Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ոչ միայն անկախության մասին հիշողություն ու խորհրդանիշներ, այլ իրապես ինքնիշխան, անվտանգ, իր պետական, ազգային շահերով առաջնորդվող Ուժեղ Հայաստան։

Շնորհավոր Անկախության օրը։
Աստված պահապան մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։