Նարեկ Կապուշյանը կշարունակի գլխավորել Հայաստանի Մ16 հավաքականը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն անցկացրած առաջին նիստում հաստատել է Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզչի նշանակման մասին հարցը:

Գործկոմի միաձայն որոշմամբ տղաների պատանեկան հավաքականը կշարունակի գլխավորել Նարեկ Կապուշյանը:

ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Կապուշյանը Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին:

Այս տարվա հուլիսին նրա գլխավորությամբ հավաքականը դարձավ Երևանում անցկացված Մ16 ՖԻԲԱ Եվրոբասկետի C դիվիզիոնի հաղթող:

Նա նաև գլխավորում է ԱՄՆ-ի ՀԲԸՄ ավագ դպրոցի տղաների թիմը:

Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։

Նշանակման մասին որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։

Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։ Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։ Նոր պաշտոնում Օ’Նիլը սերտորեն համագործակցելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ՝ մշակելու և իրականացնելու կանանց բասկետբոլի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, որն ընդգրկելու է բոլոր մակարդակները՝ մասսայական և մանկապատանեկան բասկետբոլից մինչև պատանեկան և մեծահասակների ազգային հավաքականներ։

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականը բարդ ժամանակաշրջանում գլխավորելու որոշման, ազգային թիմի նկատմամբ անմնացորդ նվիրումի և այն ֆուտբոլիստների մասին, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են կրել ազգային ընտրանու մարզաշապիկը։

Նա զուգահեռներ է անցկացրել հայկական ֆուտբոլի լեգենդների անձնազոհության և ներկայիս որոշ խաղացողների մոտեցումների միջև։

-Պարոն Մելիքյան, երբ Դուք գլխավորեցիք Հայաստանի ազգային հավաքականը, թիմը տևական ժամանակ հաջողություն չէր ունենում, իսկ առջևում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ բարդագույն խաղն էր։ Ինչո՞ւ որոշեցիք ստանձնել այդ պաշտոնը. արդյո՞ք չկար վախ, թե ինչ կլինի պարտության դեպքում:

-Ես չեմ վախենում պարտվելուց։ Տեսնում էի, որ մեր հավաքականի համար բարդ ժամանակաշրջան է, և ցանկացա այդ դժվար պահին լինել նրանց կողքին ու տանել առաջ։ Եթե գնում ես պատերազմ, չպետք է մտածես մահանալու մասին։ Մենք պատերազմ տեսած ազգ ենք՝ տեսել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն, բայց մեր ոգին չի կոտրվում։ Ֆուտբոլում էլ է այդպես՝ կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց ինձ համար դա պատերազմ է, և պետք է շարժվել առաջ։ Ամենակարևորը ոտքերի վրա կանգնելն ու չհուսահատվելն է։

Իսկ ես հուսահատվում եմ միայն այն ժամանակ, երբ տեսնում եմ ֆուտբոլիստների, որոնք այս բարդ փուլում հրաժարվում են խաղալ ազգային հավաքականում։ Նրանց բերած պատճառաբանություններն ինձ բացարձակ չեն բավարարում։ Վերջին շրջանում ինքներդ էլ տեսնում եք այդ հրաժարվողներին, որոնք իրենց ակումբներում հանգիստ խաղում են, առողջությունը ներում է, բայց հենց հերթը հասնում է ազգային հավաքականին՝ չեն ցանկանում գալ։ Բերում են արգումենտներ, որոնք ես պարզապես չեմ կարողանում հասկանալ:

-Ո՞ւմ նկատի ունեք:

-Անուններ չեմ ցանկանում տալ։ Ես ինքս խաղացել եմ ազգային հավաքականում ու տեսել եմ իսկական նվիրյալների։ Տեսել եմ Ռոմիկ Խաչատրյանին, որի ոտքն այնքան ուռած էր, որ չէր կարողանում խաղակոշիկները հագնել. մենք էինք օգնում։ Տեսել եմ Արթուր Պետրոսյանին, որը ոտքը սրսկելով հազիվ մտնում էր դաշտ ու բառացիորեն մեռնում էր խաղադաշտում։ Տեսել եմ Արմեն Շահգելդյանին՝ ուռած ծնկով, այնպես կապած, որ չէր ծալվում, բայց նա խաղում էր։ Սարգիս Հովսեփյանը մինչև իր վերջին շունչը նվիրվեց հավաքականին։ Ես այսպիսի տղերքի եմ տեսել:

-Գուցե վիրավորանքնե՞ր են հնչել, դրա՞ համար են հրաժարվում:

-Եթե վիրավորանքի մասին պիտի խոսենք, ապա շատերը գիտեն իմ պատմությունը։ Երբ ես 27-28 տարեկան էի, Ռուբեն Հայրապետյանն ինձ հեռացրեց ազգային հավաքականից և ասաց՝ «վերջ, նա այլևս չի լինի թիմում»։ Ես այն ժամանակ երիտասարդ էի, սխալ էի թույլ տվել. չեմ էլ արդարանում ու նրան չեմ մեղադրում։ Գիտենք, որ Ռուբեն Հայրապետյանը չոր մարդ էր՝ չներեց և չընդունեց։ Հիմա ես նրան շատ լավ հասկանում եմ, բայց այն ժամանակ դա ինձ համար մեծ ցավ էր։

Մանրամասները` armlur.am կայքում։

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ-ի կազմից

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից:

ԱՄՆ նախագահը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «ապօրինի կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», գրում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում պատրաստել են ՄՔԴ–ի դեմ պատժամիջոցների փաթեթ։

Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ: Հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են. քննարկվել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Թրամփը հայտարարել է, որ ինքը և Զելենսկին փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակին։

«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի։ Մեր հարաբերությունները շատ ամուր են՝ ինչպես մեր միջև, այնպես էլ Եվրոպայի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պատերազմն ավարտել մինչև ձմեռ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է Թրամփի աջակցությունը։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել այս պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի դրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի Ադրբեջան

Ադրբեջան թռչող իրանական ավիաընկերությունների չվերթները դադարեցվել են. հայտնում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունից։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով, որոշում է կայացվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ից դադարեցնել Ադրբեջան թռիչքներ իրականացնող իրանական ավիաընկերությունների չվերթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը

Հայ մենամարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ գոտեմարտը կանցկացնի Լաս Վեգասում՝ պայքարելով չեմպիոնական տիտղոսի համար:

Ինչպես հաղորդում է ըմբշամարտի RAF պրոմոուշենի մամուլի ծառայությունը, Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Դիլոն Դենիսը:

Հայ-ամերիկյան այս դիմակայությունը կգլխավորի RAF 14 մրցաշարը, որտեղ կողմերը կվիճարկեն կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում գտնվող «Fontainebleau Las Vegas» արենայում:

Հիշեցնենք, որ RAF լիգայում Ծառուկյանն իր վերջին գոտեմարտն անցկացրել է հուլիսի 18-ին՝ Միլուոքիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ միավորներով զիջել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնին:

Ինչ վերաբերում է UFC-ում նրա ելույթներին, ապա հայ մարտիկն օկտագոն է դուրս եկել օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին։ Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում Ծառուկյանն արդեն առաջին ռաունդում տպավորիչ նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:

ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան կղզու անվտանգության վերահսկման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ ստորագրել է Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։

Տեսանյութ:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի երրորդ Օլիմպիադան:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա և արժանացել ոսկե մեդալի։

ՖԻԴԵ-ի տվյալներով՝ մրցաշարին մասնակցել է 36 երկրի 41 թիմ՝ շուրջ 200 շախմատիստով։
Հայաստանը թիմ չի ներկայացրել առաջնությանը։

Թուրքիան ու ԱՄՆ-ն միջուկային նոր համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային նոր համաձայնագիր է կնքել։

Նա նշել է, որ «Թուրքիայի ատոմային էներգետիկայի կորպորացիայի» (TÜNAŞ) և ամերիկյան «Առևտրի և զարգացման գործակալության» (USTDA) միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր փոքր մոդուլային ռեակտորների և 4-րդ սերնդի ռեակտորների համար։

Համաձայնագիրը ստորագրել են «TÜNAŞ»-ի գլխավոր տնօրեն Նեջաթի Յամաչըն և «USTDA»-ի փոխտնօրեն Թոմաս Հարդին։ Բայրաքթարը նշել է, որ համաձայնագրի շրջանակում գնահատվել է Թուրքիայի համար նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը տեխնիկական ու տնտեսական առումով։

Համաձայն 2053-ի համար Թուրքիայի կողմից սահմանված զրոյական արտանետումների և էներգետիկ անկախության նպատակների՝ Թուրքիան վճռական է տրամադրված դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը:

«Մեր խոշոր ատոմակայաններից բացի մենք կշարունակենք կառուցել ուժեղ և ժամանակակից էներգետիկ ենթակառուցվածք՝ մանրակրկիտ ուսումնասիրելով մեր երկրի կարիքների համար ամենահարմար այլընտրանքները»,- նշել է նախարար Բայրաքթարը: