Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են TRIPP երթուղու նախագծի իրականացումը։

Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում

2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված
Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսի 1-ին Հյուսիսային կիսագնդում միջին օրական ջերմաստիճանը հասել է +22,742 °C-ի՝ դառնալով ամենաբարձր ցուցանիշը ERA5 վերավերլուծության տվյալների ամբողջ շարքում՝ սկսած 1940 թվականից։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանը կազմել էր +22,723 °C։

Այսպիսով, նախորդ առավելագույն ցուցանիշը գերազանցվել է 0,019 °C-ով։

Թեև թվային տարբերությունը փոքր է թվում, խոսքը ոչ թե առանձին քաղաքի կամ երկրի, այլ ամբողջ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանի մասին է, ուստի նույնիսկ հարյուրերորդական աստիճանի փոփոխությունը նման հսկայական տարածքի համար նշանակալի ցուցանիշ է»,-գրել է նա։

Միացյալ Թագավորությունը մնում է հանձնառու լինել կայուն խաղաղության հաստատմանն աջակցելուն

Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարեդարձի կապակցությամբ մենք գնահատում ենք խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելիս ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում։

Միացյալ Թագավորությունը մնում է հանձնառու լինել կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն»։

Փակ դեսպանատուն, հակասական պատասխաններ և անորոշություն․ ինչպես ձախողվեց մեր ընտանիքի պլանավորված արձակուրդը

Տարիներ շարունակ Հայաստանի մեկը մյուսին հաջորդող իշխանությունները համառ քայլեր են կատարում Եվրոպական միության հետ մերձենալու, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ ազատ ելումուտի իրավունք վաստակելու ուղղությամբ, ըստ եվրաչինովնիկների և հայաստանյան իշխանությունների գրեթե ամենօրյա հավաստիացումների այս գործընթացը իբրև թե հասել է իր եզրափուլին։ Իսկ ինչ ունենք այս խոստումներից և հայտարարություններից անդին, գործնականում՝ ահռելի հերթեր ԵՄ երկրների դեսպանատներում, փաստաթղթերի հավաքագրման և հանձնման բարդ և թանկարժեք ընթացակարգեր, եվրաչինովնիկների անհիմն քմահաճույքներից կախված, նյարդային և անորոշ վիճակում հայտնված, նվաստացած քաղաքացիներ։

Ահա այսպիսի իրավիճակում հայտնված, ֆինանսական վնասներ կրած և արդյունքում հանգստի իրավունքից զրկված հայաստանյան մի ընտանիքի (իրականում դրանք բազում են) ահազանգն ենք ներկայացնում ձեր ուշադրությանը՝ ակնկալելով պատկան մարմինների օպերատիվ և գործնական արձագանքը՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ.
«Ես գրում եմ այս հոդվածը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի ընտանիքի ամիսներ շարունակ պլանավորված արձակուրդը չիրականացավ ոչ թե մեր ծրագրերի փոփոխության, այլ Ռումինիայի դիվանագիտական կառույցների միջև առաջացած անորոշության և համակարգման բացակայության պատճառով։

Ապրիլին մեր ընտանիքը դիմեց Հայաստանում Ռումինիայի դեսպանատուն՝ Շենգենյան վիզա ստանալու նպատակով։ Մենք նախապես ձեռք էինք բերել ավիատոմսերը, պլանավորել էինք օգոստոսյան արձակուրդը, և մեր ընտանիքի բոլոր ծրագրերը կառուցված էին այդ ժամանակահատվածի շուրջ։ Մեր մեկնումը նախատեսված էր օգոստոսի 9-ին։

Դեսպանատունը մեզ նշանակեց վիզայի հարցազրույցի օր՝ հուլիսի 30-ին։ Չնայած հարցազրույցի և մեկնելու օրվա միջև շատ քիչ ժամանակ էր մնացել, մենք վստահեցինք պաշտոնական ընթացակարգին և սպասեցինք նշանակված օրվան։
Սակայն հարցազրույցից առաջ ստացանք նամակ, որ Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է վերանորոգման պատճառով, և մեր գործընթացը պետք է շարունակվի Վրաստանում՝ Ռումինիայի դեսպանատանը։

Մենք հետևեցինք այդ ցուցումին և կապ հաստատեցինք Թբիլիսիի դեսպանատան հետ։ Սակայն այնտեղից տեղեկացրին, որ Հայաստանի դեսպանատան կողմից նշանակված հանդիպումները չեն պահպանվում, և իրենք կքննարկեն միայն իրենց կողմից նշանակված դիմումները։ Միաժամանակ մեզ խորհուրդ տվեցին կրկին կապ հաստատել Երևանի դեսպանատան հետ՝ նշելով, որ հնարավոր է այն վերաբացվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։
Այսպիսով, ստեղծվեց իրավիճակ, երբ Երևանը մեզ ուղարկում էր Թբիլիսի, իսկ Թբիլիսին՝ կրկին Երևան։

Հայաստանի դեսպանատնից ստացած հաջորդ պատասխանը ևս հստակ լուծում չէր պարունակում։ Մեզ առաջարկվեց փոխել արդեն գնված ավիատոմսերը և ուղևորությունը տեղափոխել սեպտեմբեր՝ նշելով, որ հյուպատոսական բաժնի վերաբացումից կախված՝ հնարավոր է այդ ժամանակ վիզաների տրամադրումը վերականգնվի։

Սակայն «հնարավոր է» կամ «ակնկալվում է» ձևակերպումները չեն կարող լուծում լինել այն քաղաքացիների համար, որոնք արդեն ունեն ամրագրված ուղևորություն, սահմանափակ ժամանակ և ֆինանսական պարտավորություններ։

Սեպտեմբերը մեր ընտանիքի համար տարբերակ չէր։ Երեխաները վերադառնում էին դպրոց, իսկ արձակուրդը նախատեսված էր օգոստոսին։ Յուրաքանչյուր անցնող օր մեծացնում էր նաև հնարավոր ֆինանսական կորուստները։
Մենք դիմեցինք նաև Ռումինիայի Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին։ Առաջին դիմումին պատասխան չստանալուց հետո կրկին դիմեցինք։ Միայն երկրորդ դիմումից հետո ստացանք տեղեկություն, որ մեր հարցը կքննարկվի օրենքով սահմանված մինչև 30-օրյա ժամկետում։ Սակայն մեր դեպքում այդ ժամկետը այլևս չէր կարող լուծել խնդիրը․ թռիչքի օրը մոտենում էր, իսկ հնարավոր լուծումների շրջանակը օրեցօր նվազում էր։

Արդյունքում մենք կորցրեցինք արդեն գնված ավիատոմսերը և չկարողացանք իրականացնել ամիսներ շարունակ պլանավորված ընտանեկան արձակուրդը։

Այս պատմությունը միայն մեր ընտանիքի մասին չէ։ Այն բարձրացնում է ավելի լայն հարցեր՝ դիվանագիտական կառույցների պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի և տարբեր մարմինների միջև արդյունավետ համակարգման մասին։

Եթե քաղաքացին մեկ կառույցից ուղարկվում է մեկ այլ երկիր, այնտեղից կրկին վերադարձվում է առաջին կառույց, իսկ վերջնական առաջարկը դառնում է պարզապես փոխել ծրագրերը և սպասել՝ առանց հստակ ժամկետի կամ երաշխիքի, ապա առաջանում է պարզ հարց․ ո՞վ է պատասխանատու նման իրավիճակների համար։

Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների կորցրած ժամանակը, ֆինանսական վնասները և խաթարված ծրագրերը։
Եվ ամենակարևորը՝ ո՞վ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները, երբ նա հայտնվում է նման վարչական փակուղում։ Եթե Հայաստանը ձգտում է եվրոպական չափանիշներին մոտենալու ճանապարհով առաջ շարժվել, ապա քաղաքացիներն իրավունք ունեն ակնկալելու հստակություն, կանխատեսելիություն և հարգալից վերաբերմունք։

Այս պատմությունը ներկայացնում եմ ոչ միայն որպես իմ ընտանիքի խնդիր, այլ որպես հարց, որը կարող է վերաբերվել ցանկացած քաղաքացու։

Հ․Գ․ Հոդվածում ներկայացված բոլոր փաստերը հիմնված են պաշտոնական նամակագրության և փաստաթղթերի վրա, որոնք գտնվում են հեղինակի տրամադրության տակ և անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ինձ համար Սևանը միշտ առաջին ընտրությունն է

Ներքին
Խոսք
Տեսանյութ
13:22 11-07-2023

Պետք է Սևանը խելքի բերենք․ եկեք մտածենք, թե ջուրը ուր է գնում․ թեժ քննարկում ԱԺ-ում

Սևանա լիճը ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է, ոչ «Հայաստան» խմբակցությանն է, Սևանա լիճը հայ ժողովրդինն է։

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղությունը դարձրել են շոշափելի․ Ֆրանսիայի ԱԳՆ

Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը երկու երկրների ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրոն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովի տարելիցի կապակցությամբ։

«2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարելիցը։ Անցած մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը իրենց ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմամբ, որպեսզի «Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կապող օղակ Եվրոպայի ու Ասիայի միջև»։

Նա հավելել է, որ Ֆրանսիան՝ իր եվրոպացի գործընկերների հետ համատեղ, կշարունակի ակտիվորեն նպաստել այս գործընթացին՝ լիովին հարգելով Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թուրքիան սկսել է սահմանափակել առևտրային նավագնացությունը Սև ծովում

Թուրքիան սկսել է սահմանափակել առևտրային նավագնացությունը Սև ծովում՝ սեփական նավերի վրա հաճախակի դարձած հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ Առափնյա պահպանության վարչությունը մերժել է դեպի Նովորոսիյսկ ուղևորվող որոշ նավերի անցումը նեղուցներով կամ երկարաձգել է նրանց հայտերի քննարկման ժամկետները։

Լրատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չունի։

Խաղաղության համար անհրաժեշտ է, որ արցախցիները վերադառնան, գերիներն ազատ արձակվեն

Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ իրական խաղաղության հաստատումը հնարավոր է միայն մի շարք պայմանների ապահովման դեպքում․

«Կայուն ու տևական խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել նաև հետևյալ պայմանները, որոնք ամբողջությամբ անտեսված են Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում և Վաշինգտոնյան հռչակագրում՝

1. Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ու կյանքը հայրենիքում, որը որևէ առնչություն չունի ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների հետ,
2. Բոլոր հայ պատանդների ազատ արձակումը ադրբեջանական գերությունից և անհետ կորածների ճակատագրերի պարզումը,
3. Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը,
4. Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձը/ազատումը
5. Հայատյացության քաղաքականության ու համակարգի ոչնչացումը Ադրբեջանում:

Ընդ որում, այս ամենը ուղղակիորեն բխում է նաև Արդարադատության միջազգային դատարանի հրամաններից՝ որպես պարտադիր կատարման քայլեր և՛ Ադրբեջանի, և՛ ողջ միջազգային հանրության համար, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների համար:

Ես, կամա ու ակամա, ցանկանում եմ կայուն, արժանապատիվ, արդար ու ներառական խաղաղություն հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար, այդ պատճառով էլ չեմ հանդուրժում թուրք-ադրբեջանական քարոզչական ծխածածկույթը, որի գլխավոր դերակատարը, ցավոք, ՀՀ իշխանություններն են: Ավելին, հայ ժողովրդի հատկապես արցախյան հատվածն այդ խաղաղությունը ցանկանում է շատ ավելի, քան՝ նման ծխածածկույթ ապահովող որևէ պաշտոնյա ու գործիչ, որոնք մեզ թիրախավորում են ճշմարտությունը ասելու համար»:

Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկնել է Սերբիա, նրան ընդունել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Ուկրաինայի և Սերբիայի ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել տնտեսության ընդլայնման, անվտանգության, ԵՄ-ի հետ հարաբերությունների և հնարավոր եվրաինտեգրման հետ կապված հարցեր:

«Կիևը միշտ պատրաստ է կառուցողական գործակցության՝ հիմնված փոխադարձ օգուտի և հարգանքի վրա»,- հայտարարել է Զելենսկին։

Ավելի ուշ՝ համատեղ մամուլի ասուլիսում, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ամեն ամիս Կիևին կտրամադրի Patriot համակարգի հրթիռներ, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել: Սակայն, Զելենսկու խոսքով, դա միևնույն է՝ բավական չէ Ուկրաինայի երկինքն ամբողջությամբ պաշտպանելու համար:

«Նաև մեզ ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի զարկ տանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը և կրկնապատկենք արտադրությունը»,- մանրամասնել է Զելենսկին՝ ընդգծելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն ուժեղացնելու կարևորությունը: