Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում Սուրբ պատարագի կմասնակցի

Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում է. նա այսուհետ յուրաքանչյուր կիրակի Սուրբ Պատարագի կմասնակցի այս վանքում:

Հիշեցնենք, որ վերջերս դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը. Մայր տաճարի փոխարեն նա այսուհետ Սուրբ պատարագի կմասնակցի իր բնակության մարզում գտնվող Գեղարդավանքում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները մոտենում Սրբազանին, ողջունում ու նրա օրհնությունը ստանում:

Տեսանյութ:

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին իր հրապարակային ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա հավելել է, որ Իրանին պարտադրված պատերազմում երկրի ղեկավարությունը գնացել է բանակցությունների՝ ազգային շահերը պաշտպանելու համար: Իրանը փոխըմբռնման է հասել եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն դրանք, Փեզեշքիանի խոսքով, չեն գործում ԱՄՆ-ից անկախ, և բանակցություններից հետո աջակցել են Իրանի դեմ նոր ուժային գործողություններին:

Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու ռազմական ուժը չեն հակասում միմյանց, իսկ Թեհրանը չի ընդունի իր ռազմական ներուժի կրճատման պահանջները:

«Իրանը երբեք չի կոտրվի և չի հրաժարվի իր ռազմական և պաշտպանական ուժից»,- հայտարարել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ իր երկիրը, ի տարբերություն Իսրայելի, սեփական սահմաններն ընդլայնելու հավակնություններ չունի:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել Իրանի դեմ միավորել Պարսից ծոցի երկրները: Նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի, ինչպես նաև կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։

3 տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 2-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ:

Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական։

2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էին 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։

Երևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:50-ի սահմաններում Գլինկայի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Ավտոմեքենան ու մոտոցիկլը հայտնվել են ճանապարհի մեջտեղում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Թրամփը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիեւը Թրամփին շնորհակալություն է հայտնել Մեծ Քսանի ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Երեւանի տարածած հաղորդագրության մեջ չկա այդպիսի հիշատակում։ Դա ի՞նչ է նշանակում՝ Թրամը Ալիեւին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ։

Նշեմ, որ G20–ի գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերի 14–15–ին կայանալու է ԱՄՆ Մայամի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգում։

Համենայն դեպս, եթե Ալիեւը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի այսպես ասած բուն դրության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանն այս ամենում ընդամենը միջոցն է՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ համաձայնությունների համար։ Այն, ինչի մասին նշել եմ բազմիցս։

Իհարկե այնպես չէ, որ Փաշինյանին էլ հրավեր ուղարկելու դեպքում, իրավիճակը ստանում էր այլ տրամաբանություն։ Պարզապես, այս պարագայում, եթե մեկն ունի հրավեր, իսկ մյուսը՝ ոչ, ըստ էության ստացվում է, որ ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն։ Թեեւ, գուցե համարում են, որ հավասարակշռության համար բավական է եւ այն, որ Թրամփը զանգահարել է նաեւ Փաշինյանին։

Օգոստոսի 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 9-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օգոստոսի 9-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով:

Օգոստոսի 9-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Գյումրիում մեկնարկել է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը, որն այս տարի կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելով քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում և շարունակաբար վերաձևավորում են միմյանց։

Միջազգային փառատոնի այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում Գյումրիի համատեքստում։ Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։ Ցուցահանդեսների, ինստալյացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով փառատոնը հրավիրում է վերաիմաստավորելու քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները։

5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը Գյումրիում է հյուրընկալել արվեստագետներ՝ Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներից են՝ Սարգիս Հովհաննիսյանը (Gyumri Art Week), Նազարեթ Կարոյանը (ICA), Վիկտորիա Իլյուշկինան (CYLAND), Գոռ Մարգարյանը (Muthesius), Յան Նիկլաս Թապեն (Kunstakademie Münster), Կարեն Բարսեղյանը (Ասլամազյան քույրերի պատկերասրահ)։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Սարգիս Հովհաննիսյանը բացման իր խոսքում հիշեց, որ 5 տարի առաջ փառատոնը սկսվեց որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին․ «Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է և փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրի քաղաքը դարձնելու են համաշխարհային արվեստի երկխոսության շատ կարևոր կանգառ»։

Այս տարի միջազգային փառատոնն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել, 2025թ-ի դեկտեմբերին արվեստի դաշտի մեկ տասնյակից ավելի կառույցներ միավորվեցին Gyumri Art Week-ի շուրջ՝ նպատակ ունենալով փառատոնը և նրա գործունեությունը դարձնել ինստիտուցիոնալ։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն՝ Նազարեթ Կարոյանն իր խոսքում հիշեց, թե ինչպես 1998թ-ին Գյումրու ավերիչ երկրաշարժի 10-ամյա տարելիցի օրերին առաջացավ Գյումրու բիենալեն, որը, ըստ նրա, եկավ արվեստի ուժը բերելու Գյումրի քաղաքի կյանքի վերազարթոնքին․ «Եթե չլիներ Գյումրիի բիենալեն այսօր իմ կողքին կանգնած Գյումրիի արվեստի պատասխանատուները չէին լինի։ Գյումրիի բիենալեն էր, որ ստեղծեց նոր սերունդ, որպեսզի ժամանակակից արվեստը անցնի ժամանակների միջով և հասնի մեր օրեր։ Եվ դրա համար շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցումը, որը ոչ միայն հրահրում, այլև կառավարում է ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսները։ Gyumri Art Week-ը արդեն իսկ իր մեջ կրելով այդ էներգիան ու գաղափարը փորձ է անում առաջ մղել նոր ինստիտուցիոնալ գաղափարներ։ Եվ դրա համար ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Սարգիս Հովհաննիսյանին իր ջանքի համար, որ տարիներ շարունակ ներդրել է չեղած տեղից այս ամենը ստեղծելու»։

Փառատոնի պաշտոնական բացումից հետո, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հաղթանակի այգում տեղի ունեցավ Մկրտիչ Մաթևոսյանի խոսող քանդակ-ինստալացիայի բացումը, որը Սարգիս Հովհաննիսյանի բնորոշմամբ Գյումրի քաղաքում հիմք է դնում ուրիշ տեսակ մտածողության, այն է՝ ժամանակակից արվեստի ներկայությանը մեզ հետ և մեր շուրջ։
«ՀԸԲԸ»-ն հայոց այբուբենի 40-րդ տառի երևակայական շարունակությունն է։ Այն խորհրդանշում է Գյումրու ինքնատիպ խոսքը, հումորը, մտածողությունը և մշակութային ինքնությունը՝ այն ամենը, ինչը երբեմն հնարավոր չէ արտահայտել գոյություն ունեցող 39 տառերով։

Խաղային և հեգնական ձևով նախագիծն առաջարկում է վերաիմաստավորել այբուբենը ոչ թե որպես ավարտուն համակարգ, այլ որպես կենդանի մշակութային տարածք, որը շարունակաբար ձևավորվում է մարդկանց, քաղաքների և ժամանակի ազդեցությամբ։ «40-րդ տառը» դառնում է Գյումրու խորհրդանշական նշանը՝ քաղաքի ստեղծարար ոգու, լեզվական յուրահատկության և անվերջ ինքնավերաստեղծման արտահայտությունը։

Փառատոնն առանձին ցուցադրություններով կշարունակվի Երևանում և պաշտոնապես կփակվի օգոստոսի 20-ին՝ Գյումրիում։

Նախագահ Թրամփի շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ

2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ այն վերջ դրեց 35-ամյա դաժան հակամարտությանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն, և այս հիանալի երկրներն ունեն պայծառ ապագա: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս պատմական վարչակազմի մի մասը»,- գրել է Ուիթքոֆը X-ի իր էջում։

Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր նյութերով. Լևոն Ազիզյան

Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թունավոր քիմիական նյութերով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Անգլիայի բոլոր գետերն ու լճերը աղտոտված են թունավոր քիմիական նյութերով, և դրանց ջրի քիմիական կազմը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Այս մասին, հղում անելով Շրջակա միջավայրի գործակալության տվյալներին, հայտնում է The Guardian-ը։

Եթե ջրում քիմիական նյութերի կոնցենտրացիան գերազանցում է սահմանված նորմերը, տվյալ ջրային մարմինը չի կարող դասվել «լավ քիմիական վիճակ» ունեցող ջրային օբյեկտների շարքին։ Վերջին գնահատման համաձայն՝ Անգլիայի ոչ մի ջրային մարմին չի համապատասխանել այդ չափանիշին։

Ուսումնասիրության ընթացքում գնահատվել է կայուն աղտոտիչների, այդ թվում՝ միկրոպլաստիկի, ինչպես նաև մի շարք այլ վտանգավոր նյութերի պարունակությունը։ Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ անբավարար ցուցանիշների հիմնական պատճառներն են եղել սնդիկը, պերֆտորօկտան սուլֆոնաթթուն (PFOS) և պոլիբրոմացված դիֆենիլային եթերները (PBDE)։

Այս նյութերը շրջակա միջավայրում չափազանց դանդաղ են քայքայվում և կարող են երկար ժամանակ պահպանվել՝ կուտակվելով ջրում ու կենդանի օրգանիզմներում։

Գործակալության կանխատեսմամբ՝ Անգլիայի մակերևութային ջրային մարմինները կարող են «լավ էկոլոգիական վիճակի» չափանիշներին հասնել ոչ շուտ, քան 2063 թվականին, երբ կայուն աղտոտիչների կոնցենտրացիաները, ինչպես ակնկալվում է, կնվազեն մինչև թույլատրելի մակարդակ։

Ներկայում «լավ էկոլոգիական վիճակի» չափանիշներին համապատասխանում է Անգլիայի մակերևութային ջրերի ընդամենը 14%-ը։ Այս ցուցանիշը ցածր է 2019 թվականի նախորդ գնահատման համեմատ, սակայն գործակալությունը նշում է, որ տվյալների ուղղակի համեմատությունը դժվար է, քանի որ գնահատման և վերլուծության մեթոդաբանությունը փոխվել է»,-նշել է նա։

ԱՄՆ-ը Կոլումբիային 1 մլրդ դոլար է հատկացրել Թրամփի դաշնակցի իշխանության գալուց հետո

ԱՄՆ-ն Կոլումբիային հատկացրել է մոտ 1 մլրդ դոլարի օգնություն՝ երկրի նոր նախագահի՝ աջ քաղաքական գործիչ Աբելարդո դե լա Էսպրիելյայի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնել է BBC News-ը։

Վաշինգտոնը փաթեթն անվանել է երկու երկրների հարաբերություններում նոր «դարաշրջանի» մաս և այն կապել կազմակերպված հանցավորության ու անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարի հետ։

Դե լա Էսպրիելյան, որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երդվել է ուրբաթ օրը։ Արարողությունը տեղի է ունեցել ոչ թե մայրաքաղաք Բոգոտայում, այլ Կալիում՝ երկրի արևմուտքում գտնվող քաղաքում, որտեղ զինված խմբավորումները հատկապես ակտիվ են։ Վայրի ընտրությունը պետք է ընդգծեր նոր նախագահի մտադրությունը՝ վարելու կոշտ քաղաքականություն անօրինական զինված կազմավորումների դեմ։

Զինծառայողների առջև ունեցած իր առաջին ելույթում դե լա Էսպրիելյան հայտարարել է «ընդհանուր պատերազմ» այն բանի դեմ, ինչն ինքն անվանում է թմրաահաբեկչություն, և խոստացել է ջախջախել զինված խմբավորումներին, վերականգնել կարգուկանոնը և պաշտպանել ժողովրդավարությունը «բանականությամբ կամ ուժով»։

«Մեր տարածքում չի մնա ոչ մի վայր, որտեղ հանցագործները կկարողանան իրենց անվտանգ զգալ», — հայտարարել է Կոլումբիայի նախագահը։

Նա նաև խոստացել է հրաժարվել զինված խմբավորումների հետ բանակցություններից, որոնք վարում էր իր ձախակողմյան նախորդ Գուստավո Պետրոն, և կենտրոնանալ հանցավորության ուժային ճնշման ու խոշոր բանտերի կառուցման վրա։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ հատկացվող միջոցները կմտնեն անվտանգության միջոցառումների փաթեթի մեջ և կօգնեն նոր վարչակազմին հասնել երկու երկրների ընդհանուր նպատակներին։ Վաշինգտոնում նաև հայտարարել են դե լա Էսպրիելյայի՝ «թմրաահաբեկչական և հանցավոր կազմակերպությունների» դեմ պայքարի ջանքերին աջակցելու պատրաստԿոլումբիայի նոր նախագահը մտադիր է էապես ամրապնդել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ակամության մասին։

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին որոշումների թվում նա հայտարարել է երկրի միանալու մասին Թրամփի հիմնած «Ամերիկաների վահան» անվտանգության գործընկերությանը։