Մոտ 2200 աշխատող վերադարձել է Իրանում գտնվող Բուշերի ատոմակայանի շինհրապարակ. «Ռոսատոմ»-ի ղեկավար

Մոտ 2200 աշխատող վերադարձել է Իրանում գտնվող Բուշերի ատոմակայանի շինհրապարակ, և այն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն աշխատանքին. այս մասի հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը:

Ալեքսեյ Լիխաչևը լրագրողներին ասել է, որ հիմնական աշխատանքը կենտրոնացած է կառուցվող երկրորդ էներգաբլոկի ամրացման վրա։ Նա նշել է, որ «Ռոսատոմ»-ի ընկերությունները շարունակում են կայանի նոր էներգաբլոկների համար սարքավորումների արտադրությունը՝ ըստ նախատեսվածի։

Իրանում հարվածներ սկսվելուց հետո «Ռոսատոմ»-ը Հայաստանի միջոցով Բուշերի ատոմակայանից Ռուսաստան է տարհանել ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակիցների։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջել ՌԴ-ից՝ Առաջին ալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրված քարտեզի պատճառով

Մայիսի 6-ին ռուսական պետական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ընթացքում ցուցադրվել է քարտեզ, որի վրա Լեռնային Ղարաբաղը պատկերված է եղել Ադրբեջանի տարծքից առանձին։ Դա որակվել է որպես լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա։

Այս պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնված են, և այդ իրողությունը ճանաչված է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անփոփոխ հարգանքի մասին Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին՝ ՌԴ պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների հեռարձակումը բացահայտ հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներին։

Պետական մեդիառեսուրսների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Ակնկալվում է, որ ռուսական կողմը հստակ պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավը մեկնարկեց ասուլիսով, ապա քայլերթ իրականացրեց

Այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների մամուլի ասուլիսը՝ որով տրվեց դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։

Ճեպազրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց երկրում փոփոխությունների սուր անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ այդ փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Ասուլիսի ավարտից հետո մեկնարկեց իրազեկման քայլերթը։

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 19:00, Երևանի Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը կամփոփի քարոզարշավի առաջին օրը՝ մեծ հանրահավաքով։

Ներկայացնում ենք նաև ֆոտոշարք՝ այսօրվա երթից:

Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։ Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից փորձել էր պարզել, թե ինչ տեղեկություններ ունի գերատեսչությունը Ախթալայի հանքի շուրջ վերջին շրջանում շրջանառվող լուրերի վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավոր արհեստական գործադուլների և սաբոտաժի դրսևորումների մասին։

Ի պատասխան՝ նախարարությունը հայտնել է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ընկերության աշխատակիցների և ղեկավար կազմի հետ։

Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։

Հիշեցնենք, որ 52 հանքափորները այս տարվա հունվարի 15-ից գործադուլ էին անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Հանքափորների աշխատավարձը գործարքային է, 150 հազարից 700-800 հազար դրամի կարող է հասնել։ Համեմատաբար բարձր վարձատրվող աշխատակիցները, սակայն, փաստում են՝ իրենց առողջության, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելու, ավելի երկար աշխատելու հաշվին է այդպես։

Փաստացի, իշխանությունները, փորձելով խուսափել սուր ձևակերպումներից, ընդունում են, որ հանքում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների և պետական միջամտության անհրաժեշտության։

Հատկանշական է նաև, որ նախարարությունը որևէ հստակ պատասխան չի տվել «արհեստական գործադուլների» և հնարավոր սաբոտաժի վերաբերյալ հարցին՝ նշելով միայն, որ հարցման որոշ կետեր իրենց իրավասությունների շրջանակում չեն գտնվում։

Հիշեցնենք, որ «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թ․ հոկտեմբերի 26-ին։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ երկու իրական սեփականատեր կա, որոնցից մեկին պատկանում է ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը։ Մեկը Վահե Հակոբյանն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, գործարար, նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին։ Վահե Հակոբյանին են պատկանում ընկերության 100 բաժնետոմսերը՝ 100% մասնակցությամբ։

Ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը Վահե Հակոբյանը ձեռք է բերել 2019 թ․ հուլիսի 10-ին, երբ Հայաստանում արդեն ներդրված էր ԱՃԹՆ գործընթացը։ Վահե Հակոբյանը նաև ընկերության խորհրդի անդամ է, իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց։

Իսկ երկրորդ իրական սեփականատերը ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանն է։ Հայտարարագրում նշված է ընդամենը մեկ միջանկյալ ընկերություն՝ Հայաստանում գտնվող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, որը գործում է առաջին սեփականատեր Վահե Հակոբյանի համար։ Ընկերությունը «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունի ուղղակի մասնակցություն։

Հիմա ինչ-որ շրջանակներ փորձում են խժդժություններ սարքելով տիրանալ Ախթալայի հանքավայրին, որի մասով նախարարությունը մեր հարցերն անպատասխան է թողել»։

Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել` բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միեւնույն է` վիճակը դրանից չի փոխվել:

ԵՊՀ-ն «խորհրդանշանական նոր կերպար» կունենա. լոգոն առանձին բան է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արարատ սարի դեմ պատերազմ է հայտարարել, ասում է, որ այդ սարը գտնվում է Թուրքիայում, ուստի մենք` հայերս իրավունք չունենք ուրիշ պետության մեջ գտնվող լեռան մասին անգամ երազել, կամ դրանով հիանալ, առավել եւս նրա նկարը որեւէ տեղ օգտագործել: Եւ Փաշինյանը որոշել է անել մի բան, ինչը չի հաջողվել անգամ օսմաններին` ջնջել, հեռացնել Արարատ սարի պատկերը բոլոր պետական հաստատությունների, սիմվոլների վրայից, փոխել այն լոգոտիպերը, որտեղ Մասիսի սիլուետը կա: Արդեն հեռացրել են մուտքի կնիքներից, իր ընդունելության սրահի պատին Արագածի պատկերն է նկարել: Ժամանակին գրել ենք, որ Պոլիտեխնիկական համալսարանն է լոգոյի մրցույթ հայտարարել, որ Արարատը հեռացնի իր խորհրդանիշից, հիմա էլ Երևանի պետական համալսարանի պաշտոնական լոգոտիպն են ցանկանում փոխել` դրա համար մրցույթ են հայտարարել: Մայր բուհի պաշտոնական կայքն է տեղեկացնում, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյի վրա Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է պատկերված, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Հիշեցնենք, որ նոր անձնագրերի նմուշներում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա:

ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը, որը մասնագիտացել է է լրատվամիջոցների լուրերը հերքելու գործում, երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր մեր լուրը, թե ապատեղեկատվություն է հրապարակվել: «Հրապարակը» կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու համար, թե ինչն է սխալ մեր հրապարակման մեջ, որի հիմքում իրենց իսկ կայքում զետեղված տեղեկատվությունն էր դրված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մրցույթը խորհրդանշական կերպարի մասին է: Այն լինելու է նոր բան, լոգոն էլ առանձին հասկացողություն է»: Իսկ այդ «խորհրդանշական կերպարը» որտե՞ղ է կիրառվելու, ինչի՞ համար է, Միսակյանն ասաց. «Առաջ նման բան չի եղել, այն միջազգային պրակտիկայում բավականին տարածված երևույթ է: Այն կարող է օրինակ լինել խաղալիքի տեսքով, ի դեպ` մրցույթը ուսանողների շրջանում ենք հայտարարել»- ասաց նա, այդպես էլ սպառիչ պատասխան չտալով, թե ինչ իմաստ ունի նույն բուհի համար երկու խորհրդանիշ ունենալը:

Հ.Գ Մենք հետեւելու ենք այս մրցույթին, նաեւ հետեւելու ենք ԵՊՀ լոգոտիպի պահպանմանը: Եթե մի օր Արարատ սարի պատկերը անհետանա լոգոտիպից, կամ նոր լոգո հայտնվի ԵՊՀ կայքում, անպայման տեղեկացնելու ենք մեր ընթերցողին եւ պատասխան ենք պահանջելու ԵՊՀ ռեկտորից ու նրա խոսնակից:

Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է իրավապահների առավել ինտենսիվ զբաղվել «ուժեղներով», եւ երեկ արդեն Շիրակի մարզում խուզարկություններ արեցին, մարդկանց ձերբակալեցին նույն անհեթեթ բացատրությամբ, թե աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել։

Ի դեպ, աշխատավարձը ձեւակերպվում է, դրանից հարկեր են վճարում, թե ինչ է «աշխատավարձի անվան տակ» արտահայտությունը նշանակում, երեւի միայն նիկոլական իրավապահները գիտեն:

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։

Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։

Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:

ՀՀԿ-ի տարիներին էլ քվեարկությունը չէին կեղծում, բայց դա չէր խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարի, թե Հայաստանում մինչեւ 2018 թվականը երբեք մաքուր ընտրություն չի կայացել»:

43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։

Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։

Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։

Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։

Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։

Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։

Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։

Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ եւ այլն։

Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի եւ հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, եւ ընդդիմադիրները խնդիրներ կունենան։

Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի եւ մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին եւ ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին: