Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ վարչապետի օգնական Կարինե Դավոյանի պաշտոնատար անձի 2023–2025 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը՝ ներկայացնելով նրա կենսագրական տվյալները, ունեցվածքը և ֆինանսական շարժը վերջին երեք տարիների ընթացքում։

Կարինե Դավոյանը ՀՀ վարչապետի օգնական է նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։ Նա մասնագիտությամբ լեզվաբան է․ 1978 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, իսկ 1990 թվականին՝ Մոսկվայի Մորիս Թորեզի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետը։

Տարիներ շարունակ զբաղվել է զբոսաշրջության ոլորտով, թարգմանչական աշխատանքներով և միջազգային մեդիայի հետ համագործակցությամբ։ Մինչ պետական համակարգում նշանակվելը աշխատել է «ԱլիքՄեդիա Հայաստան»-ում՝ որպես միջազգային լուրերի թարգմանիչ։

2025 թվականի հայտարարագիր

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին Կարինե Դավոյանի ֆինանսական վիճակը ներկայացված է հետևյալ կերպ․
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,560,834 դրամ
• Կանխիկ դրամ՝ չի հայտարարագրվել
• Կենսաթոշակ՝ 568,800 դրամ
• Աշխատավարձ՝ 12,151,909 դրամ («Վարչապետի աշխատակազմ»)Ընդհանուր եկամուտները գերազանցում են 12 միլիոն դրամը։
2024 թվականի տվյալներ

2024 թվականի տվյալներով՝
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 1,206,937 դրամ
• Կանխիկ դրամ՝ չկա
• Կենսաթոշակ՝ 568,800 դրամ
• Աշխատավարձ՝ 10,831,634 դրամ

Ընդհանուր եկամուտ՝ 11,400,434 դրամ։

2023 թվականի տվյալներ

2023 թվականի հայտարարագրում նշվում է, որ՝
• Բանկային հաշիվների մնացորդը կազմել է մոտ 1,472,601 դրամ
• Ընդհանուր եկամուտները՝ շուրջ 9,5 միլիոն դրամ

Եկամուտների հիմնական աղբյուրը եղել է պետական աշխատավարձը։

Անշարժ և շարժական գույք

Բոլոր հայտարարագրերում նշվում է, որ Կարինե Դավոյանը ունի Երևանում բնակարան, որը ձեռք է բերել ժառանգությամբ՝ 2015 թվականին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել, ինչպես նաև կանխիկ դրամ չի արձանագրվել։Ուսումնասիրելով երեք տարվա հայտարարագրերը՝ նկատվում է, որ Կարինե Դավոյանի եկամուտների հիմնական աղբյուրը պետական աշխատավարձն է, իսկ բանկային հաշիվներում առկա միջոցները տարիների ընթացքում աստիճանաբար աճել են»։

Կոշտան և ֆոն դեր Լայենը նախագահականում են, կայանալու է ՀՀ-ԵՄ գագաթնաժողով

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Այնուհետև Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նրանց հետ։ Հաջորդիվ կայանալու է գագաթնաժողովը։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:

ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը. ՈւՂԻՂ

Ներքին
10:15 19-01-2026

Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը

Առաջին քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց կա։ Դրանցից 9-ը պատգամավորները կքննարկեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին:

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ դարձնել ավելի տպավորիչ և հիշվող, որպեսզի մինչև հունիսի 7-ը հայ ընտրողը չմոռանա, թե ում է աջակցում Եվրամիությունը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը իր ձեռքին կունենա փաստաթուղթ, որով կկարողանա ընտրողի վրա ազդեցություն գործադրել՝ շահարկելով նոր պատերազմների հեռանկարը։

Մեր ձեռքի տակ է հայտնվել 44 կետից բաղկացած այդ հայտարարության տեքստը, որի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք նյութի վերջում։ Երկար, կենացի տեքստ հիշեցնող այդ հայտարարությունից առանձնացնենք մի քանի կարևոր կետ։

8-րդ կետը ՝ «ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Նման հայտարարության ընդունումը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետության տարածքում աննախադեպ երևույթ է, դժվար չի կանխատեսել, թե ինչ տնտեսական և դիվանագիտական հետևանքներ այն կունենա Հայաստանի համար: Հետաքրքիր է, որ Ռուսաստանը եվրոպացիների աչքերում ագրեսոր է, իսկ Արցախի տարածքում եկեղեցիներ քանդող և ՀՀ ինքնիշխան տարածքում զորքեր տեղակայած Ադրբեջանը հիշատակվում է միայն դրական ենթատեքստով:

11-րդ կետում ՝«Global Gateway» ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում ակնկալվում է, որ կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի»: Սա այն չարչրկված 2.5 միլիարդն է, որ անհիշելի ժամանակներից խոստանում են մեզ, բայց այդպես էլ չեն տալիս:
Եվրոպացիները չեն խորշում ևս մի անգամ հիշեցնել, որ Արցախը կորցրած և 120 հազար փախստական ապաստանած Հայաստանին խոստանում են մի օր 2.5 միլիարդ տալ:

12-րդ կետում «խաղաղասեր» եվրոպացիները աջակցում ու ողջունում են Փաշինյանի մեռալածին «Խաղաղության խաչմերուկը», և Թրամփի սառույցին գրած «Թրիփփը»` շատ լինի քիչ չլինի սկզբունքով, հետո ինչ որ ոչ մեկը կա, ոչ մյուսը:
Հաջորդ կետերը էներգետիկ ինտեգրման և ատոմակայանի փակվելուն են նվիրված, ԵՄ-ն ջերմեռանդորեն ողջունում է այդ գործընթացները:

23-րդ կետում Եվրոպացիները ողջունում են 2024 թվականին մեկնարկած Վիզաների ազատականացման երկխոսության «զգալի առաջընթացը», չնայած ով վերջին երկու տարում գոնե մեկ անգամ փորձել է շենգեն վիզայի համար դիմել որևէ դեսպանատուն գիտի, թե ինչ զգալի «առաջընթաց» է տեղի ունեցել, թե ինչպես ես 3-ից 9 ամիս հերթ կանգնում, որ օր բացվի հետո էլ կստանաս, թե չէ մենակ Աստված գիտի, մի խոսքով՝ «լուրջ առաջընթաց»:

27-րդ կետում «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը` Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ։ ԵՄ-ի Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը կարևոր ներդրում է եղել այս երկկողմ համագործակցության մեջ»: Ամենաժողովրդավար եվրոպացիները իսպառ չեն ցանկանում տեսնել Հայաստանում քաղբանտարկյալների, ֆեյսբուքյան արդարադատության և եկեղեցու դեմ ուղղված արշավների փաստը, բայց մտացածին հիբրիդային պատերազմի դեմ շատ «արդյունավետ» պայքար են մղում:

37-րդ կետում «ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացիային». այս կետը բազմաթիվ հարցեր է առաջացնում` արդյոք ԵԱՏՄ-ի հետ առևտրային շրջանառությունը մի քանի անգամ ավելի չէ քան ԵՄ-ի հետ, այդ ինչ դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, որ մենք տեղյակ չենք, կամ ինչպես են աջակցել կայուն աճին:

Եվ վերջին՝ 44-րդ կետում «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա քայլերի ուսումնասիրությանը՝ առաջ մղելու Հայաստան-ԵՄ գործընկերությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և բիզնեսների»:

Ասել, որ 44 կետից բաղկացած այս հայտարարությունը ոչ մի բան չի տալիս Հայաստանին, այլ միայն ողջունում և խրախուսում է, նշանակում է ոչինչ չասել, այս հայտարարությունը գրեթե երաշխավորված բացասական ազդեցություն է ունենալու մեր թե ռազմավարական, թե տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների վրա, դրա հետ մեկտեղ ոչ մի այլընտրանք չստեղծելով:

ՀԳ: Չի բացառվում, որ հայտարարության վերջնական տարբերակը փոքր ինչ խմբագրվի, բայց դժվար, թե լուրջ փոփոխությունների ենթարկվի, օրիգինալը կարող եք ընթերցել ստորև:

Համատեղ հայտարարություն՝ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո

5 մայիսի 2026 թ., Երևան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրինք Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը և հանգեցինք հետևյալ եզրակացություններին․

1. Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է պատմական կարևոր հանգրվան Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման գործում։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներն ու մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը շոշափելի օգուտներ է բերում մեր քաղաքացիներին և բիզնեսներին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հաստատուն հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին։ Հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման նպատակով՝ Հայաստանը և նրա ժողովուրդը ավելի մոտեցվում են Եվրոպական միությանը։ ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանի պատրաստակամությանը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ իրավական համակարգին (acquis) մոտարկման միջոցով։

2. ԵՄ-ն ընդունում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք ամրագրված են 2025 թվականի մարտին ընդունված «Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքով՝ արտահայտելով երկրի՝ դեպի ԵՄ շարժվելու մտադրությունը։

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ձևով՝ նրա քաղաքացիների կողմից։

4. Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խոր և կայուն ժողովրդավարություն, ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս փաստաթղթերը տրամադրում են հավակնոտ քաղաքական շրջանակ՝ առաջիկա տարիներին մեր համագործակցությունը ուղղորդելու համար։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը՝ երկկողմ պարտավորությունների իրականացման վերահսկման գործում։

5. Մենք ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը հաջողությամբ անցկացվել է Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

6. Հայաստանը և ԵՄ-ն միավորված են ընդհանուր քաղաքական արժեքներով և իրենց հանձնառությամբ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ Հարավային Կովկասում և դրանից դուրս։

7. Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ջանքերը և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք նաև բարձր ենք գնահատում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրան հաջորդած քայլերը՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։ Բացի այդ, ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք նաև գնահատում ենք ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման գործում։

8. Ուկրաինայի վերաբերյալ կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող պատերազմի կապակցությամբ, որը առաջացնում է հսկայական մարդկային տառապանքներ և ունի գլոբալ հետևանքներ։ Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելուն։ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։

9. Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանց ալիքաձև ազդեցությունները ամբողջ աշխարհում։ Մենք վերահաստատեցինք լարվածության թուլացման և զսպվածության կոչը, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը, ինչպես նաև այն, որ բոլոր կողմերը պետք է լիովին հարգեն միջազգային իրավունքը։ Միայն երկխոսությունն ու դիվանագիտությունը կարող են հանգեցնել լարվածության նվազեցման և Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության վերականգնմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի լիարժեք հարգմամբ։

10. ԵՄ-ի 270 միլիոն եվրոյի «Դիմակայունության և աճի ծրագիրը» շարունակում է առաջ մղել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը, ամրապնդել ոլորտային համագործակցությունը և խթանել ներդրումները էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածում։ 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները կարող են դիտարկվել՝ երկրի բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ին ավելի սերտ մոտարկմանը լրացուցիչ աջակցելու համար։

11. «Global Gateway» ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում ակնկալվում է, որ կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի։ Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խթանել ներառական աճը և ուժեղացված կապակցվածությունը՝ փոխշահավետ համագործակցության հիման վրա։

12. Մենք ողջունում ենք Հայաստան–ԵՄ կապակցվածության գործընկերությունը և ընդգծում դրա երեք հիմնական ուղղությունների՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտների ռազմավարական կարևորությունը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են փոխըմբռնումը, հասարակական դիմակայունությունը և կապերը եվրոպական ցանցերի հետ՝ գաղափարների, տաղանդի և ներդրումների ոլորտներում՝ Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգի հետագա զարգացման համար։ Այս համատեքստում և ԵՄ «Խաչատարածաշրջանային կապակցվածության օրակարգի» շրջանակում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նախաձեռնությունները՝ ուղղված ներառական տարածաշրջանային կապակցվածության խթանմանը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս ընդհանուր տեսլականը նպաստում է խաղաղության, կայունության և կապակցվածության խթանմանը Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ միաժամանակ ամրապնդելով մարդկանց միջև կապերը։ Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման առաջընթացը ճանաչվում է որպես առանցքային նախագիծ, որը նպաստում է կայուն, անվտանգ և ներառական տարածաշրջանային կապակցվածությանը։

13. ԵՄ/ԵՏԱ ընկերություններին Հայաստանում ներդրումներ կատարելու համար հետաքրքրության հայտերի ներկայացման կոչը լրացնում է կապակցվածության գործընկերությունը՝ մոբիլիզացնելով մասնավոր հատվածի ներդրումները և ստեղծելով փոխշահավետ հնարավորություններ, ներառյալ շուկայի մուտքի ընդլայնումը ԵՄ/ԵՏԱ ընկերությունների համար և աջակցելով Հայաստանում կայուն և դիմակայուն տնտեսական աճին։

14. Հայաստան–ԵՄ բարձր մակարդակի երկխոսությունը կապակցվածության վերաբերյալ կապահովի հարթակ՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում համակարգված համագործակցության համար՝ ամրապնդելով ռազմավարական ներգրավվածությունը։

15. Մենք ողջունում ենք Հայաստան–ԵՄ բարձր մակարդակի տրանսպորտային երկխոսության մեկնարկը, որը վերահաստատում է տրանսպորտի ոլորտում համագործակցության ուժեղացման ռազմավարական կարևորությունը՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգ, արդյունավետ և կայուն տրանսպորտային կապերը զարգացնելու համար։ Մենք նաև ընդունում ենք, թե ինչպես կարող է ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը նպաստել Հայաստանի կապերի ամրապնդմանը եվրոպական շուկաների հետ և խթանել ավելի ինտեգրված ու բազմազան տարածաշրջանային տրանսպորտային կապերը։

16. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացման, կայունության և դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Մենք ընդունում ենք տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ռազմավարական արժեքը։

17․ Համահունչ COP28-ում ավարտված Առաջին գլոբալ հաշվառմանը՝ մենք վերահաստատում ենք Փարիզյան համաձայնագրի պահպանումն ապահովելու մեր վճռականությունը։ ԵՄ-ն խրախուսում է շարունակական բարեփոխումները՝ համահունչ ԵՄ էներգետիկ և կլիմայական քաղաքականություններին՝ առաջ մղելով պայքարը կենսաբազմազանության կորստի, աղտոտման և կլիմայի փոփոխության եռակի մոլորակային ճգնաժամի դեմ։ ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի էներգետիկ անցմանը և եվրոպական էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը միանալու Էներգետիկ անցման գլոբալ ֆորումին և Գլոբալ էլեկտրիֆիկացման արշավին, ինչը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ առաջ մղելու էներգետիկ անցումը։ ԵՄ-ն ընդունում է անհրաժեշտությունը, ի թիվս այլոց, ամրապնդելու Հայաստանի էլեկտրական ցանցը, ընդլայնելու պահեստավորման կարողությունները և առաջ մղելու տարածաշրջանային ինտեգրումը։

18. Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջուկային անվտանգության ոլորտում շարունակական համագործակցությանը։ Հայաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի մշակմանը՝ համաձայն Հայաստանի 2040 թվականի էներգետիկ ռազմավարության և CEPA-ում նշված ընդհանուր նպատակների։

19. Մենք միասին կաշխատենք՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել թվային ոլորտում համագործակցության զգալի, դեռ չօգտագործված ներուժից ստացվող օգուտները։ Մենք կքննարկենք իրենց համապատասխան վստահելի ծառայությունների շրջանակների տեխնիկական համատեղելիությունը՝ նպատակ ունենալով առաջ շարժվել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ՝ հետագա զարգացնելու թվային համագործակցությունը և սահմանահատանց գործարքները։

20. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը միանալու Chips Joint Undertaking-ին (Chips JU), որը կնպաստի հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ավելի մեծ համագործակցությանը, հմուտ աշխատուժի փոխանակմանը, տեխնոլոգիական նորարարության զարգացմանը և կնպաստի ԵՄ առաջատար դերին կիսահաղորդչային տեխնոլոգիաներում։

21. Մենք կուսումնասիրենք Արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ համահունչ ԵՄ Արհեստական բանականության ակտին (AI Act)։ Այս համագործակցությունը կօգնի Հայաստանի ինտեգրմանը ԵՄ թվային միասնական շուկա՝ ապահովելով ԱԲ տեխնոլոգիաների էթիկական և թափանցիկ զարգացումը։

22. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը միանալու Եվրոպական բարձր արտադրողականությամբ հաշվարկման համատեղ ձեռնարկությանը (EuroHPC JU), որը կնպաստի գիտական համագործակցության ընդլայնմանը, տեխնոլոգիական նորարարության զարգացմանը և ԵՄ առաջատար դերին առաջատար հաշվարկային տեխնոլոգիաներում։

23. Մենք ողջունում ենք 2024 թվականին մեկնարկած Վիզաների ազատականացման երկխոսության զգալի առաջընթացը, որը ակնկալվում է, որ կբարելավի շարժունակությունը, կխթանի մարդկանց միջև ավելի սերտ շփումները և կամրապնդի տնտեսական կապերը Եվրոպական միության և Հայաստանի միջև։ Մենք ընդգծում ենք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի և դրա չափանիշների արդյունավետ իրականացման կարևորությունը և ողջունում ենք ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը։

24. Մենք աջակցում ենք Հայաստանի և Europol-ի, Eurojust-ի, Frontex-ի և ԵՄ այլ գործակալությունների միջև համագործակցության ուժեղացմանը, ինչպես նաև Եվրոպական բազմադիսցիպլինար հարթակի շրջանակում՝ հանցավոր սպառնալիքների դեմ (EMPACT), և հանձնառու ենք հետագայում ընդլայնելու մեր համագործակցությունը իրավապահ գործունեության, սահմանների կառավարման, միգրացիայի կառավարման, ներառյալ անկանոն միգրացիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտներում։

25. Մենք ողջունում ենք Հայաստանի և Frontex-ի միջև աշխատանքային համաձայնագրի բանակցությունների զգալի առաջընթացը՝ երկու բանակցողների կողմից նոր տեքստի նախաստորագրմամբ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական հանրային դատախազության գրասենյակի միջև համագործակցության աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտը։

26. Մենք կօգտագործենք առկա դինամիկան՝ համագործակցությունը հետագայում ավելի խորացնելու համար՝ ընդհանուր մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելու և Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։ Հետևաբար, ԵՄ-ն և Հայաստանը հանձն են առնում հետագայում զարգացնել, խորացնել և ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության և պաշտպանության թեմաների ողջ շրջանակում՝ օգտագործելով առկա շրջանակները և ուսումնասիրելով համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև հաշվի առնելով, որ անվտանգությունն increasingly ընդգրկում է փոխկապակցված ավելի լայն ոլորտների շարք։

27. Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ։ ԵՄ-ի Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը կարևոր ներդրում է եղել այս երկկողմ համագործակցության մեջ։

28. Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելության ստեղծումը հետագայում կուժեղացնի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և ճգնաժամերի կառավարման կարողությունը՝ համապատասխան հայկական հաստատություններին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու միջոցով։

29. Մենք ողջունում ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին տրամադրված ոչ մահաբեր օգնության երկու փուլերը՝ ընդհանուր 30 միլիոն եվրո արժողությամբ, որոնք ուղղված են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և նրա զինված ուժերի փոխգործունակության արագացմանը՝ հնարավոր ապագա մասնակցության դեպքում միջազգային առաքելություններին և գործողություններին, ներառյալ ԵՄ-ի կողմից իրականացվողները։

30. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի (ESDC) հետ համագործակցության ամրապնդման նկատմամբ՝ նպատակ ունենալով, որ Հայաստանի համապատասխան ռազմական և քաղաքացիական կրթական հաստատությունները դառնան ESDC-ի ասոցիացված ցանցային գործընկերներ։

31. Մեր անվտանգության և պաշտպանության համագործակցության շրջանակում մենք կխթանենք փոխանակումները կիբերանվտանգության և դիմակայունության ոլորտներում, բազմակողմ շահառուների քննարկումները, պատրաստվածությունն ու արձագանքը կիբեր միջադեպերին և հարձակումներին, կիբերանվտանգության դեմ պայքարը և կիբերպաշտպանության ուժեղացումը։

32. Մենք ողջունում ենք տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, և հանձն ենք առնում ձգտել դրա ժամանակին ավարտին։

33. Մենք ողջունում ենք շրջանակային մասնակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի մասնակցության համար Եվրոպական միության ճգնաժամերի կառավարման գործողություններին։ Այս համատեքստում մենք գնահատում ենք Հայաստանի աճող հետաքրքրությունը՝ նպաստելու CSDP առաքելություններին և գործողություններին։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի աճող համահունչությունը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։

34. Մենք ողջունում ենք բնական և մարդածին աղետների ոլորտում համագործակցության զարգացման և ամրապնդման զգալի առաջընթացը՝ քաղաքացիական պաշտպանության համագործակցության վարչական համաձայնագրի ստորագրմամբ, որը կհեշտացնի տեղեկատվության, փորձի և փորձագետների ավելի արդյունավետ փոխանակումը։

35. Մենք հանձնառու ենք հետագայում ուժեղացնել մեր սերտ համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու ուղղությամբ։ Մենք կուժեղացնենք համատեղ ջանքերը՝ վերահսկելու, սահմանափակելու և կիրառելու վերահսկողություն երկակի նշանակության ապրանքների և զգայուն ռազմադաշտային իրերի առևտրի և վերաարտահանման նկատմամբ։

36. Մենք ողջունում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև ֆինանսական և տնտեսական ինտեգրման առաջընթացը, ներառյալ հնարավոր քայլերը՝ ապահով, թափանցիկ և արդյունավետ վճարումները և ֆինանսական համագործակցությունը հեշտացնելու համար՝ համահունչ եվրոպական չափանիշներին։

37. ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացիային, ընդ որում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առանցքային դեր է խաղում այս գործընկերության ամրապնդման գործում։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ համատեղ աշխատելու՝ ավելացնելու և հեշտացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիան, ներառյալ նոր արտադրատեսակների արտահանումը դեպի ԵՄ շուկա։

38. ԵՄ-ն ընդունում է ի գիտություն Հայաստանի ձգտումը՝ առաջ մղելու համապատասխանության գնահատման ընթացակարգերի համահունչեցումը։

39. Մենք ողջունում ենք մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Հայաստանի Մտավոր սեփականության գրասենյակի և Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակի միջև՝ արտացոլելով համատեղ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու նորարարությունը, ինչպես նաև ձևավորելու մտավոր սեփականության համար կայուն իրավական շրջանակ Հայաստանում։

40. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը՝ միանալու ԵՄ մաքսային և հարկաբյուջետային ծրագրերին՝ ուժեղացնելու համագործակցությունը մաքսային և հարկաբյուջետային հարցերում՝ համահունչեցնելով ԵՄ պրակտիկաներին և օրենսդրությանը։

41. Մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը՝ առաջ մղելու բարեփոխումները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, հետազոտությունն ու նորարարությունը, երիտասարդությունը, սպորտը, մշակույթը և առողջապահությունը՝ ոլորտներ, որոնք կարևոր են դիմակայուն և ներառական հասարակություն կառուցելու համար, օրինակ՝ Erasmus+ ծրագրի միջազգային բաղադրիչի, ինչպես նաև Horizon Europe և Creative Europe ծրագրերի միջոցով։ ԵՄ-ն կաջակցի Հայաստանի մտադրությանը՝ մասնակցելու «Creative Europe» ծրագրի Media ուղղությանը՝ նպաստելով աուդիովիզուալ ոլորտի զարգացմանը և ԵՄ-ի հետ մշակութային փոխանակման խորացմանը։ Մենք ողջունում ենք հայ երիտասարդների աճող մասնակցությունը ԵՄ ծրագրերին և գործունեություններին, ներառյալ EU4Youth-ը, և սպասում ենք նրանց շարունակական ներգրավվածությանը։

42. Մենք ողջունում ենք Հայաստանի համահունչեցումը Բրյուսելի հայտարարությանը՝ հետազոտության և նորարարության ոլորտում միջազգային համագործակցության սկզբունքների և արժեքների վերաբերյալ։

43. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը EU4Health ծրագրի նկատմամբ (2021–2027)։

44. Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա քայլերի ուսումնասիրությանը՝ առաջ մղելու Հայաստան-ԵՄ գործընկերությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և բիզնեսների»:

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր:

Այս մասին Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հայտարարությունների ժամանակ ասել է Փաշինյանը:

«Հնարավոր չէ թշնամանքի անջատիչն անջատել ու խաղաղության կոճակը սեղմել, որովհետև 40 տարի Հայաստանն ու Ադրբեջանը թշնամի են եղել, սա ասում եմ նրա համար, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է»,- նշել է նա:

Փաշինյանը հավելեց, որ վստահ է՝ խաղաղության ինստիտուցիոնալության ճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, բայց սա չի նշանկում, որ ամեն ինչ ավարտված է. «Այդ համաձայանգրի ստորագրումից հետո բազմաթիվ ուղղություններով մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր»:

45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են. Ավինյան

Կառավարության աջակցությամբ մեր գնած 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևան քաղաքում են, մնացածը շուտով կլինեն:

Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշվեց, որ մինչև մայիսի վերջ դրանք արդեն գծեր դուրս կբերվեն։

«Այս տրոլեյբուսների մուտք գործելուց հետո մենք այլևս որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք», – ասաց քաղաքապետը։

Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ երկու նոր վագոնի նորոգման մրցույթ են հայտարարել և ընթացիկ տարում կկարողանան դրանք նորոգել։ Նա նաև հայտնեց, որ ևս 7 վագոն նորոգման կարիք ունի:

Ավինյանը հանձնարարեց առանց ֆինանսական հիմքի բոլորի վերանորոգման համար հայտարարել մրցույթ։

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն. Փաշինյան

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք:

Այս մասին Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում: Նեղ կազմով առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, և ունենք ձևավորված ըմբռնում: Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ կա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման և իրագործման վրա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ԵՄ-ի՝ մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից:

Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են: Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում, և այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է:

Ես մի քանի անգամ էլ ԵՄ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության տարածումը, սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը, երբեմն նաև մամուլում, խնդիր է նաև ԵՄ շատ երկրների համար, և մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ: Մենք հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքների առումով, որոնք արդեն ներդրվել են ԵՄ-ում: Այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում ՀՀ-ում դրանք կիրառելու համար»,- նշել է նա:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղաuպանnւթյшն հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը. Մակրոն

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։

Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է Մակրոնը:

Անդրեի նախկին կինը դստեր հետ տեղափոխվել է Մոսկվա

Երգչուհի Անի Օհանյանը, ով ժամանակին հայկական էստրադայի ամենաքննարկվող դեմքերից էր, նոր հրապարակում է արել՝ տեղեկացնելով իր կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխության մասին։

Անին, ում շատերը հիշում են նաև երգիչ Անդրեի հետ իր նախկին ամուսնությամբ, բացահայտել է, որ այլևս չի բնակվում Հայաստանում։ Երգչուհին հայտնել է, որ դստեր հետ Մոսկվա է վերադարձել դեռ ամիսներ առաջ։

Թեև վերջին շրջանում Անին ակտիվ չէր երաժշտական ասպարեզում, նրա հետևորդները շարունակում են մեծ հետաքրքրությամբ հետևել նրա կյանքին։

«Մենք Մոսկվա ենք վերադարձել դեռ ամիսներ առաջ»,- նշել է երգչուհին՝ կիսվելով դստեր հետ ջերմ կադրերով։ Անի Օհանյանի տեղափոխությունը Մոսկվա նոր էջ է նրա կյանքում, և երկրպագուները հույս ունեն, որ գուցե հենց այնտեղ նա կրկին կվերադառնա ստեղծագործական ակտիվ գործունեությանը։