Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։

Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի «խստացնել»։

Մեր տեղեկություններով՝ քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների՝ նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։

Թեև պաշտոնական մակարդակով նախագիծը դեռ չի ներկայացվել, իրավական շրջանակներում արդեն քննարկվում է, որ առաջիկա օրերին այն կարող է դրվել շրջանառության մեջ։

ԱԺ-ն դրա համար, կառավարության նախաձեռնությամբ, պետք է արտահերթ նիստ հրավիրի։

Եթե նախաձեռնությունն ընդունվի, ապա կաշառք տալու և ստանալու գործերով մեղադրվող անձանց նկատմամբ կարող են կիրառվել ավելի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ ավելի երկարատև կալանք»։

Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել` սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո՝ Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ՝ ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։

Բանն այն է, որ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք:

Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, Մարիա Կարապետյանը եւ այլք։ ՔՊ մի խումբ կարծում էր, որ նման մարդկանց պետք է առաջ բերել: Սակայն, ըստ լուրերի, ծանրութեթեւ անելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում, ու դժգոհության նոր ալիք կբարձրանա այս վճռորոշ պահին, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ։

Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մարտի 18-ին գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտեւի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Մեր տեղեկություններով, նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։

Սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՀՑԹԻ-ից Գզոյանի հեռանալու որոշման մասին լուրին, նշեց․ «Ինձ հետ չի կիսվել այդ որոշմամբ, ասել է, որ մայիսը կգա, կգամ` կտեսնենք, բայց եթե դուք այդ տեղեկությունն ունեք, ուրեմն մի բան կա, չգիտեմ։ Հիմա երբեմն գալիս է ինչ-որ գործերով, նաեւ ընկերուհիներ ունի այստեղ, երեւի նրանց հետ է ավելի շատ շփվում։ Ես նրա հետ շփվում եմ հիմնականում Ամերիկյան համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք»։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում նրան ուղեկցել էր, խոսել արցախյան հիմնահարցի մասին եւ գիրք նվիրել նրան, ինչից հետո Փաշինյանը հրահանգել էր՝ նրան ազատել աշխատանքից։ Գրել էինք նաեւ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տիրապետում իրավիճակին, չի շփվում կոլեկտիվի հետ, բայց արդեն կրճատել է որոշ ծրագրեր, սահմանափակել նախապես ծրագրված գործուղումները: Իսկ ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսի` Ծիծեռնակաբերդ այցի մասին լուրը թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակվելուց հետո հրահանգել է այն հեռացնել կայքից, ինչի արդյունքում երկու աշխատակից ազատվել են աշխատանքից:

Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ դատախազության գործունեության և Քննչական կոմիտեի տարեկան հաղորդումը։

Քննարկման է դրվելու ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը․ ընդհանուր հանցավորությունը նվազել է, սակայն մի շարք ծանր և հանրային մտահոգություն առաջացնող հանցատեսակներ զգալի աճ են արձանագրել։

Ըստ հաղորդման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 722 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով պակաս է։ Նվազում է արձանագրվել նաև խուլիգանության դեպքերում․ եթե նախորդ տարի գրանցվել էր 877 դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմել է 777։

Սակայն ընդհանուր նվազման ֆոնին հատկապես մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճը։ Դեպքերի թիվը հասել է 4595-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 685-ով կամ 19,7 տոկոսով։ Առավել ընդգծված է իրավիճակը Երևանում, որտեղ արձանագրվել է 2467 դեպք՝ 38,1 տոկոս աճով։

Աճել են նաև թմրամիջոցների իրացման նպատակով կատարվող հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի թիվը հասել է 2426-ի, որոնցից 1536-ը գրանցվել է մայրաքաղաքում։ Միայն Երևանում այս ցուցանիշն աճել է 30,5 տոկոսով։

Դատախազության հաղորդմամբ՝ աճել են նաև առգրավված թմրամիջոցների ծավալները։ Բնական ծագման նյութերի առգրավումները ավելացել են շուրջ 43 տոկոսով, իսկ սինթետիկ թմրամիջոցների ծավալներն աճել են ավելի քան հնգապատիկ։ Այս տվյալները վկայում են ոչ միայն շրջանառության ընդլայնման, այլև շուկայի կառուցվածքային փոփոխությունների մասին։

Մտահոգիչ աճ է արձանագրվել նաև անձի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Սպանության փորձերի թիվը հասել է 78-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,9 տոկոսով։ Ավելի կտրուկ աճ կա սպանության նախապատրաստության դեպքերում․ եթե նախորդ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 2 դեպք, ապա այժմ այդ թիվը դարձել է 12։

Միևնույն ժամանակ հաղորդման մեջ նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է դեռ նախապատրաստման փուլում կանխել 10 նման հանցագործություն, ինչը վկայում է կանխարգելիչ աշխատանքի որոշակի արդյունավետության մասին։

Աճել են նաև հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունները։ Եթե նախորդ տարի գրանցվել էր 116 դեպք, ապա այս տարի այդ թիվը հասել է 140-ի։

Այսպիսով, դատախազության ներկայացրած պատկերը միանշանակ գնահատականի տեղիք չի տալիս։ Մի կողմից՝ ընդհանուր հանցավորության մակարդակը որոշակիորեն նվազել է, մյուս կողմից՝ աճել են հատկապես այնպիսի հանցատեսակները, որոնք անմիջականորեն առնչվում են հանրային անվտանգությանն ու քաղաքացիների կյանքի պաշտպանությանը։ Թմրամիջոցների շրջանառության ընդլայնումն ու ծանր հանցագործությունների աճը փաստում են, որ հանցավորության կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք առաջիկայում կարող են դառնալ խորհրդարանական քննարկումների առանցքային թեմաներից մեկը»։

Ամերիկյան զորքերը դուրս են բերվում Գերմանիայից

ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի վեցից տասներկու ամսվա ընթացքում։ Նշված է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։

«Որոշումն ընդունվել է Եվրոպայում Պաշտպանության նախարարության ուժերի դիրքորոշման մանրակրկիտ վերանայումից հետո՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի կարիքները և տեղում առկա պայմանները»,- ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ուսումնասիրում է Գերմանիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու հնարավորությունը»։

«Որոշում կկայացվի շուտով», – գրել էր Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի հայտնի հետախույզ, «Կանդազ» մականունով Արթուր Ավանեսյանը արդեն մեկ շաբաթից ավել գտնվում է Վարդաշենի ՔԿՀ-ում և հայտարարել է հացադուլ, սակայն երեկ Սամվել Կարապետյանի հորդորով դուրս եկավ հացադուլից։ Ըստ պաշտոնական մեղադրանքի, ընտրակաշառքի գործով է անցնում Կանդազը, ով իր հացադուլով «բողոքում է՝ քաղաքական հետապնդումների և անարդարության դեմ»։

… Իսկ ով է Կանդազը, ինչու է նրա դեմքը դեֆորմացված։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց նրա կենսագրությունն ու զրուցեց մարտական ընկերների հետ։

Արթուր Ավանեսյանի պատմությունը սկսվել է Մարտակերտի Մաղավուզ գյուղում, որտեղ նա երազում էր դառնալ ֆուտբոլիստ։ Զինվորական ծառայության մասին չի մտածել։ 1986 թվականին, սպորտային կրթություն ստանալու նպատակով, Մաղավուզից տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել սպորտային ուսումնարաններից մեկը։ Սակայն 1988 թվականի Արցախյան շարժումը փոխեց նրա կյանքի ուղին, նա թողեց Մոսկվայի սպորտային կրթությունը և վերադարձավ Արցախ՝ մասնակցելու ինքնապաշտպանական մարտերին։

1992 թվականի իրադարձությունները դարձան նրա կենսագրության ամենածանր էջերից մեկը։ 1992-ին, երբ մտել է արդեն գրավված գյուղ, տեսել է իր տատին բալկոնում, վիզը կտրած։ Տատին հողին է հանձնել հենց տան բակում։ «Էդ տեսարանը մնաց ինձ հետ ամբողջ կյանքում։ Արդեն արյունը տվեց աչքերիս… Էդտեղից սկսվեց հետախուզական կյանքս»,- մի առիթով պատմել է Կանդազը։

… Քարագլխի բարձունքում ծնվել է նաև նրա անունը՝ «Կանդազ»՝ ինքնագլուխ, չնահանջող։ Այդպես էլ մնացել է մինչ օրս։

Պատերազմական տարիներին Ավանեսյանը նաև մասնակցել է վտանգավոր հետախուզական գործողությունների։ Նրա դեմքի ծանր վնասվածքը, ըստ մարտական ընկերների պատմածների, ստացել է օպերացիայի ժամանակ՝ թշնամու տարածքում թաքնվելու ժամանակ։ Թեեւ հետախույզն ինքը պատմել է, որ փոքր ժամանակ շունն է կծել դեմքը։ Բայց իրականում անզեն աչքով երևում է, որ սպին փոքր ժամանակվա չէ։ Նա հետախուզական մի օպերացիայի ժամանակ է ծանր վիրավորում ստացել։ Ինչպես պատմեցին Ժողովուրդ օրաթերթին, երբ Կանդազը խմբով թշնամու ճակատ է ներափանցել, անհրաժեշտ պաշտպանության համար թաքնվել են մացառուտների մեջ։ Թփերի տակ վայրի խոզը հոշոտել է նրա դեմքը, սակայն նա ձայն չի հանել, որ իր և իր հետախույզների կյանքը չվտանգի։ Արնաշաղախ վերադարձել է իր զորամաս՝ մարտական առաջադրանքը կատարած։

… Այսօր Կանդազը գտնվում է կալանավայրում՝ բոլորովին այլ իրականության մեջ։ Ըստ գաղտնալսումների, նա համոզում է իր հայրենակիցներին ընտրել Ուժեղ Հայաստանին՝ խոստանալով, որ ամեն ինչ էլ լինելու է նրանց համար։

… Այսպիսով, Կանդազի պատմությունը, որը սկսվել է պատերազմական հանգամանքներում, այսօր շարունակվում է բանտում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ 2026 թ. ընտրությունների ժամանակացույցը․ սահմանվել են հիմնական փուլերն ու վերջնաժամկետները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հստակեցնելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը և կարևոր վերջնաժամկետները։

Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ընտրական գործընթացը մտնում է ակտիվ փուլ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։

Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար՝ յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ, կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս այդ տվյալները կամփոփի և կհրապարակի իր կայքում՝ սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը։

Ժամանակացույցով նախատեսվում է նաև էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը․ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների համար նախատեսված անհատական ծածկագրեր պարունակող ծրարները կտրամադրվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում՝ մինչև մայիսի 7-ը։

Մինչև մայիսի 8-ը կկատարվի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ըստ ընտրական տեղամասերի։ Նույն օրը վերջնաժամկետ է նաև կուսակցությունների և դաշինքների համար՝ նախընտրական հիմնադրամներ բացելու առումով, որոնք պետք է գործեն Երևանում և բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։

Նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ը։ Այս ընթացքում ընտրողներն ու քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրականացնել ակտիվ քարոզչություն։

Մայիսի 8-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 18:00-ը, ԿԸՀ-ին կներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը։ Միևնույն ժամանակ, մինչև մայիսի 13-ը կուսակցությունները, դաշինքները և նրանց ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նախատեսված են մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ինչը կարևոր փուլ է ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։

Բացի այդ, ժամանակացույցը ներառում է նաև վերահսկողական և հաշվառման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մինչև մայիսի 23-ը համապատասխան մարմինները պետք է ԿԸՀ ներկայացնեն զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թվերը։

Նշվում է նաև, որ ընտրական գործընթացում ներգրավված անձինք՝ տեղամասային հանձնաժողովների անդամներն ու տեխնիկական մասնագետները, կարող են մինչև մայիսի 24-ը դիմել՝ իրենց հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։

Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցը նպատակ ունի ապահովել ընտրական գործընթացի կազմակերպված, թափանցիկ և վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ փուլեր և պատասխանատու մարմիններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին»։

Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում՝ նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900 հազար դրամ է։

Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին երկու խումբը ժամանել է ավելի վաղ՝ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա՝ հյուրանոց ժամանելը, նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի, արդուկվի։

Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը «Մարիոթ»-ի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչեւ ավարտեն աշխատանքը, ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։

«Մարիոթ»-ում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել։ Բարձրաստիճան հյուրերի մյուս մասը տեղավորվել է «Ալեքսանդր» եւ «Գոլդեն Փելես» հյուրանոցներում:

Ողջունում ենք ԵԽ բանաձևում Արցախի ժողովրդի իրավունքների ներառումը․ Արցախ Միություն

Արցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ): Այս մասին հայտարարությունը զետեղված է «Արցախ միության» ֆեյսբուքյան էջում։

«Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները՝

«Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:

«Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:

«Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:

«Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում: Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում»,- գրված է հայտարարության մեջ։

Էկոպարեկային ծառայության գործարկումը Հայաստանում նոր փուլ է. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը։ Այդ կապակցությամբ Իջևանում տեղի ունեցած միջոցառմանը ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Սյունիքից հետո Հայաստանի՝ արդեն երկրորդ մարզում է գործարկվում Էկոպարեկային ծառայությունը։ Գրում է «Արմենպրեսը»։

«Այս գործընթացը լինելու է շարունակական։ Սա, կարծում եմ, նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից»,-ասել է վարչապետը։

Նա կարևորել է գիտակցության ու ընկալման ձևավորումն առ այն, որ բնությունը երկրի անգնահատելի հարստությունն է։

«Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառն ու նրա պահպանությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև բնությունը նախ զբոսաշրջային մեծ հոսքեր է արդեն բերում Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ։ Մենք պետք է այս տրամաբանությամբ անտառին օգնենք, որ այն տնտեսական օգուտներ բերի Հայաստանին, Տավուշի մարզին, բոլոր բնակավայրերին»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում ներկայում կան անտառային շատ հատվածներ, որտեղ ներդրումներ են իրականացվում ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման, ըստ այդմ, նաև՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման նպատակով։