Ուտելու նոր «մաստեր կլաս» Ավինյանից․ «Կարմիր գծերի» տարեկան շահույթը 1,6 մլն դրամ է

Երևանի «Փարքինգ սիթի» ծրագրի 2026 թվականի ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշվային փաստաթուղթը մի պարզ, բայց աղմկահարույց պատկեր է բացում․ հարյուր միլիոնավոր դրամների շրջանառություն և գրեթե զրոյական շահույթ պետության համար։

Փաստաթղթում նշված է՝ ընդհանուր եկամուտներ՝ 422,633,300 դրամ, ընդհանուր ծախսեր՝ 421,011,700 դրամ, տարեկան մաքուր շահույթ՝ 1,621,600 դրամ։ Այսինքն՝ 422 մլն դրամ եկամուտից պետությանը մնում է ընդամենը 1.6 մլն դրամ կամ՝ գումարների միայն 0.3%-ը։

Սա այն դեպքում, երբ ծրագրի շուրջ տարիներ շարունակ խոսվել է որպես բյուջեի լուրջ եկամտի աղբյուրի մասին։ Այսպիսով՝ գրեթե ամբողջ եկամուտը «ուտվում է» հետևյալ ուղղություններով՝ աշխատավարձեր և սոցիալական վճարներ, տեխնիկական սպասարկում, կառավարման և վարչական ծախսեր, ծառայությունների ձեռքբերում և այլ ընթացիկ վճարներ։

Հանրությունը մշտապես համեմատություն է կատարում՝ փաստելով, որ նախկինում («Սաշիկի» կառավարման ժամանակաշրջանում) այս ոլորտից պետության բաժինը հասնում էր մինչև 50 տոկոսի։ Ներկայիս փաստաթուղթը, սակայն, ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր․ եթե ընդունենք, որ նախկինում մինչև 50% էր, ապա այժմ՝ մոտ 0.3%։

Եթե այս համեմատությունը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը գնում է ոչ թե պարզապես տարբերության, այլ կտրուկ անկման մասին։

Հիշեցնենք՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը Երևանի վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) համակարգը ներդրողն ու սպասարկողն էր, որի անունը 2018 թվականի «հեղափոխության» ժամանակ և դրանից առաջ սերտորեն կապվում էր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ։

«Կարմիր գծերի» թեման տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգում։ Նիկոլ Փաշինյանի խոստումները՝ կապված Ալեքսանդր Սարգսյանի 50/50 փայաբաժինների բացահայտման հետ, եղել են 2018 թվականի թավշյա հեղափոխության առանցքային թեզերից մեկը։

Թե՛ «հեղափոխությունից» առաջ, թե՛ հետո, Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, տասնամյակներ շարունակ «փայ է մտել» տարբեր բիզնեսներում՝ խլելով դրանց եկամուտների 50%-ը: Նա վստահեցնում էր, որ համակարգը պետք է ծառայի հանրային շահին և ապահովի բյուջեի լուրջ մուտքեր։

Փաշինյանը պնդում էր, որ արագաչափերից ստացվող գումարները գնում են Սաշիկ Սարգսյանի «գրպանը», և խոստանում էր վերացնել այդ համակարգը կամ դրա կոռուպցիոն սխեմաները:

2018թ. սեպտեմբերին Փաշինյանը հրապարակային մեկ շաբաթ ժամանակ տվեց Սաշիկ Սարգսյանին՝ բանկերում ունեցած իր միլիոնավոր դոլարները պետբյուջե վերադարձնելու համար: Նրա նկատմամբ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, այդ թվում՝ ապօրինի հարստացման և խարդախության մեղադրանքներով: 2019 թվականին հայտնի դարձավ, որ Սաշիկ Սարգսյանը շուրջ 18,5-30 միլիոն դոլար (տարբեր տվյալներով) «նվիրաբերել» կամ փոխանցել է պետական բյուջե՝ որպես վնասի վերականգնում:

Չնայած խոստումներին, տարիներ անց Փաշինյանը խոստովանել է, որ քննչական մարմիններին չի հաջողվել իրավականորեն հիմնավորել և բացահայտել կոնկրետ դեպքեր, երբ Սաշիկ Սարգսյանը «50/50» սխեմայով բիզնեսներ է խլել:

Իսկ ի՞նչ ունենք այսօր․ ներկայացված թվերը ցույց են տալիս, որ հարյուր միլիոնների շրջանառությունը չի վերածվում պետական եկամտի։ Հիմնական հարցերը, թերևս սրանք են՝ ինչո՞ւ է 422 միլիոն դրամից պետությանը մնում ընդամենը 1.6 միլիոն, և ովքե՞ր են իրականում շահում այս համակարգից։

Վերլուծելով այս ամենը, գալիս ենք այն եզրակացության, որ համաձայն փաստաթղթի՝ փող կա, բայց արդյունք՝ գրեթե չկա։

Ընդդիմադիրները և հանրության մի հատված հաճախ հիշեցնում են Փաշինյանի խոստումները՝ նշելով, որ «50/50»-ի մասին թեզը մնաց որպես քաղաքական լոզունգ, քանի որ դատարանում այդպես էլ չապացուցվեց բիզնեսների համատարած «ռեկետի» փաստը:

Ավելին, քննադատության առարկա դարձավ նաև այն փաստը, որ քրեական գործերի առկայության պայմաններում Սաշիկ Սարգսյանին թույլատրվեց մեկնել երկրից՝ բուժման կամ այլ նպատակներով։

Հասմիկ Մովսիսյան

Թրամփը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:

«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ⁠CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, – Մենք այդքան ժամանակ չունենք»:

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։

«Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ՝ այդպես մոտենալն ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո, զինված ուժերը ոգևորված սպասում են՝ գործողության անցնելու», – ասել է նա։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ 1-1 հաշվով՝ վաստակած առաջին միավորի շնորհիվ։

Սա անցյալ տարվա եզրափակչի կրկնությունն էր, որտեղ Ամոյանը կրկին հաղթեց 3-1 հաշվով։

Ամոյանը հինգ տարի անընդմեջ Եվրոպայի լավագույն ըմբիշն է 77 կգ քաշային կարգում։

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Ճապոնիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որը ցնցել է ամբողջ երկիրը և լուրջ մտահոգությունների տեղիք տվել։

Ականատեսների կողմից հրապարակված կադրերը փոխանցում են աղետի առաջին վայրկյանների ողջ ծանրությունը. տեսանյութերում լսվում են շենքերի փլուզման ձայներ և բնակչության տագնապահար ճիչերը։

Երկրաշարժից անմիջապես հետո Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին և հրամայել իրականացնել առափնյա շրջանների բնակչության արտակարգ տարհանում։

Չնայած Ճապոնիան համարվում է սեյսմիկ անվտանգության տեսանկյունից աշխարհի ամենապատրաստված երկրներից մեկը, սակայն նման հզորության բնական աղետները շարունակում են մնալ լուրջ մարտահրավեր։

Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Ալբանիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

«60 կգ քաշային մեր մարզիկը կիսաեզրափակչում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նիհաթ Մամադլիին ու վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար»,- հայտնում են ֆեդարացիայից։

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը, որը ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները:

Նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը, որը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

Գասպար Տերտերյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գերլարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է Տերտերյանին։

​Այսպիսով, Գասպար Տերտերյանը կարևոր ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են սկսել իրենց ելույթները:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է ընդգծված առավելություն և վստահորեն հաղթանակ տոնել:

Մրցաշարում հաղթական մեկնարկ է գրանցել նաև Նարեկ Մանասյանը: Վենեսուելացի Վիլմեռ Ռոայի հետ մրցավեճում հայ մարզիկն ի սկզբանե նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և, գրագետ տակտիկական մենամարտ անցկացնելով, վճռել է հանդիպման ելքն իր օգտին:

Փլուզում՝ տրակտորների խանութ-սրահում. տրակտորն ընկել է նկուղ․ 2 քաղաքացի է տուժել

Ապրիլի 20-ին, ժամը 13։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։