Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:

Լուսանկարներից երևում է, որ Ալեն Սիմոնյանն այնտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ։

Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել, նա նշել էր, որ ամենայն հավանականությամբ Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա Ստամբուլում։

Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց»

Տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը:

Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։

Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք:

Եթե ես ամուսնուցս չեմ վիրավորվում, դուք էլ մի նեղվեք. Ծովինար Մարտիրոսյան

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը «Go.sport FM 96.3»-ի եթերում անդրադարձել է իր ընտանիքի շուրջ վերջին շրջանում ծավալված քննարկումներին։

Զրույցի ընթացքում դերասանուհին խոսել է իր և ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի հարաբերությունների մասին՝ պատասխանելով նաև քննադատներին։

Հիշեցնենք, որ Նարեկ Հայկազյանի հայտարարությունը, թե կանայք փիսիկներ են, սոցիալական ցանցերում բուռն դժգոհություն էր առաջացրել։ Շատ օգտատերեր դա համարել էին ոչ պատշաճ ձևակերպում, սակայն Ծովինարը շտապել է պարզաբանել իրավիճակը և պաշտպանել ամուսնուն։

«Փիսիկը վիրավորական բառ չէ, որ ես վիրավորվեմ։ Եթե ես չեմ վիրավորվում, դուք էլ մի նեղվեք»,- նշել է դերասանուհին՝ հորդորելով մարդկանց ավելի թեթև նայել իրենց ընտանեկան ներքին հումորներին։

Ծովինար Մարտիրոսյանի խոսքով՝ այդ բառն իրենց հարաբերություններում ունի բացառապես ջերմ ենթատեքստ։ Նա խոստովանել է, որ ամուսինը հաճախ հենց այդպես՝ սիրով է դիմում իրեն, և իրենք այդտեղ որևէ բացասական կամ նսեմացնող բան չեն տեսնում։

Դերասանուհին ևս մեկ անգամ ընդգծել է, որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր «լեզուն», և հանրության կողմից ենթատեքստեր փնտրելն ավելորդ է, քանի դեռ զույգի միջև տիրում է լիակատար փոխըմբռնում ու ներդաշնակություն։

Ալեն Սիմոնյանի ստամբուլյան շփումները, Ուժեղ Հայաստանից 14 անձի մեղադրանք է առաջադրվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 16-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված 14 անդամներին մեղադրանք է առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու և ստանալու հոդվածներով, իսկ ավեի ուշ արդեն կոմիտեն պնդել է, որ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արտաշատի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվել: Կոմիտեն կից ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Ձայնագրության մեջ ինչ-որ մարդիկ խոսում են գումարների մասին: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, դեռևս կուսակցության գրանցումից առաջ հասարակական կազմակերպության շրջանակում են այդ գումարները տրվել որպես աշխատավարձ։ Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին: Քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ 15 մարդ բերման է ենթարկվել, սակայն ըստ նրա՝ նրանց թիվն ավելանում է: Ղահրամյանը գործը «կարված» որակեց, նաև հայտարարեց, որ փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է՝ նրանց թույլ չեն տալիս ներս մտնել ու ծառայություններ մատուցել իրենց վստահորդներին, որոշ փաստաբանների ահազանգերից հետո, այդուհանդերձ, հաջողվել է ներս մտնել: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ իրենց թույլ չէին տալիս մտնել Հակակոռուպցիոնի շենք և միայն ՄԻՊ դիմելուց հետո են կարողացել ներգրավվել: Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում իրավապահների գործողությունները «բռնաճնշումներ» որակեց իրենց քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին ընդառաջ:

Հայաստանն արդեն 8 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է՝ մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը։ Նա պնդեց, թե այն ինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում, խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում պետք է լինի այնպիսի համակարգ, որը, ըստ նրա, պետք է բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապեց երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու հետ՝ դարձյալ ընդգծելով, թե ՀՀ-ում հաստատված իրավակարգի նկատմամբ ալերգիա կա։ Նոր Սահմանադրություն ընդունելու ներքին պահանջ Հայաստանում չկա, դա գալիս է Բաքվից»,- Փաշինյանին հակադարձեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ այն «փաթեթավորումը, թե արդարադատության պակասով է պայմանավորված», Ադրբեջանի պահանջը քողարկելու փորձ է։ «Դրանով փորձում են քողարկել, ի՞նչ արդարադատություն, արդարադատություն ՀՀ-ում միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», – ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել, արտահանել՝ 960 դոլարի ապրանք: Այս տվյալներն Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեն է հրապարակել: Ադրբեջանի ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը հոլանդական վարդեր է վերաարտահանել Ադրբեջան. «Ընթացիկ տարվա մարտ ամսին Նիդերլանդների Թագավորությունից ներկրվել են վարդեր՝ 960 դոլար ընդհանուր արժողությամբ։ Քանի որ մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն ներկրող երկիր է համարվում գործընկեր պետությունը, դրանք պաշտոնական փաստաթղթերում նշվել են որպես Հայաստանից ներկրված»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել: Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստան արտահանված 5.8 միլիոն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի համաձայն՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս: Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրաշրջանառության սալդոն գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի օգտին է՝ – 5,7 միլիոն դոլար: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ մաքսային մարմինը Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցել: Թե 960 դոլարի ինչ ապրանք է Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել, պարզ չէ: Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնել են, որ 960 դոլարի արտահանման հետ իրենք կապ չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում։

Հատուկ ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը։

Կողմերը նաև նշել են Ուկրաինայի հարցի հնարավորինս արագ և լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը, դրական են գնահատել Ստամբուլի հարթակի օգտագործումը այդ գործընթացում։

Վալենտինա Մատվիենկոն փոխանցել է Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

ՌԴ ԱԳՆ

Նիկոլի իշխանության գալու գինն Արցախն էր ու երկիրը ծախելը․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը` Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի` 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, նախ հայտարարեց, որ սպառազինության թեմային շատ չի ուզում անդրադառնալ, քանի որ գաղտնիության պահ կա, սակայն հետո հիշեց, որ միջազգային մամուլում շրջանառվել է, թե Հայաստանն ինչ է ձեռք բերել։ Իր թիմի ձեռքբերումների թվարկելիս՝ Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ 2018-ի հեղափոխության գինը Հայաստանում 6.6 միլիրադ դոլար է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞րն է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գինը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գինն Արցախն է, որոշներն էլ ասացին որ հողերը հանձնելը։

«Նիկոլից մի խոսացեք, մարդու սիրտ ա խառնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ «Չեմ ուզում լսեմ, որովհետև իրան չեմ ընդունում, ինքը մեզ ղեկավար չի էղել, չի լինի։ Մեր էրեխեքի գլուխը կուտի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը խաբել և Արցախը տվել է թուրքերին։ «Նա խաբել ա։ Ղարաբաղը տվեց թուրքերին, էդ ա էղել իրա նպատակը։ Ես ընտրությանը հաստատ իրան ձայն չեմ տա, որովհետև ինքն էնքան սուտ ա խոսացել, որ հիմա ճիշտ էլ ասի, իրան ոչ ոք չի հավատա»,- ասաց նա։

«Սկզբից, որ ասում էին՝ գալու է հողերը տա, չէինք հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ով է քեզ պաշտպանում. Մարի Պետրոսյանի արձագանքել է հղիության մասին լուրերին

Դերասանուհի Մարի Պետրոսյանը, ով վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում իր սկանդալային ամուսնալուծությունից հետո, կրկին առիթ է տվել բուռն քննարկումների։

3 երեխաների մայրիկը սոցցանցերում ներկայացրել է հանրահայտ թրենդի իր տարբերակը, որն ունի խոր ենթատեքստ։

«Ո՞վ է քեզ պաշտպանում, երբ կողքիդ տղամարդ չկա»

Մարին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ հնչում է հենց այս հարցը։ Հաշվի առնելով դերասանուհու անցած ծանր ճանապարհը և նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու մասին բացահայտումները՝ հոլովակը միանգամից վիրուսային է դարձել։

Այս հրապարակմամբ Մարին կարծես ընդգծում է իր ներքին ուժն ու ինքնուրույնությունը՝ նոր կյանքի փուլում։ Տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, հետևորդների ուշադրությունը սևեռվել է մեկ այլ դետալի վրա։

Կիպ հագուստի պատճառով շատերը նկատել են դերասանուհի փորիկն ու շտապել եզրակացնել, թե նա սպասում է 4-րդ երեխային։ Մարի Պետրոսյանը չի հապաղել և անձնական զրույցում հստակ պարզաբանել է իրավիճակը:

Դերասանուհին հայտարարել է, որ հղի չէ, և շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նա նշել է, որ նույնիսկ բազմաթիվ անձնական հաղորդագրություններ է ստացել այդ հարցով, ինչն էլ ստիպել է նրան պարզաբանում մտցնել թյուրիմացության մեջ։

Այսպիսով, Մարի Պետրոսյանը շարունակում է մնալ ակտիվ սոցիալական հարթակներում՝ փորձելով կիսվել իր ապրումներով, սակայն միևնույն ժամանակ ստիպված է լինում դիմակայել հանրային անդադար հետաքրքրասիրությանը։

ԵՄ-ն կքննարկի Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը և պատժամիջոցների 20-րդ փաթեթը:

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով մոտակա նիստը կկայանա ապրիլի 21-ին Լյուքսեմբուրգում։

Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևորությունը մեծանում է. Բոչորիշվիլի

Վրաստանն ու Ադրբեջանը շատ լավ են հասկանում միմյանց կարևորությունը, ինչը էլ ավելի է ամրապնդում նրանց արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամությունն ու համագործակցությունը։

Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ սերտ համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։

«Վրաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Ասիայի հետ կապերի առումով, իսկ Ադրբեջանի համար՝ Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են Եվրոպայի հետ կապերի առումով։ Այս կապերը պետք է ավելի ընդլայնվեն», – հավելեց Բոչորիշվիլին։

Արտգործնախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր առևտրային գործընկեր է, և որ երկրների միջև առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։

Իսրայելի անվտանգության կաբինետը չի կարողացել հրադադարի հասնել Լիբանանում

Իսրայելի անվտանգության կաբինետի չորսժամյա նիստը, որը գլխավորում էր Բենիամին Նեթանյահուն, ավարտվել է Լիբանանում առանց հրադադարի, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրին: «Այս փուլում մենք որևէ առաջընթաց չենք գրանցել հրադադարի ուղղությամբ», – ասել է աղբյուրը:

Նիստը գումարվել է ապրիլի 15-ի երեկոյան: Անվտանգության կաբինետի կազմում են կառավարության անվտանգության բլոկի հիմնական նախարարները: Ավելի վաղ Վաշինգտոնում տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական բանակցությունների նախնական փուլ, որից հետո ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լայթերը գովաբանել է բանակցությունների մթնոլորտը և հայտարարել երկու կողմերի միասնության մասին «Հեզբոլլահ»-ին զինաթափելու անհրաժեշտության հարցում:

Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ համաձայնության չեն եկել հրադադարի վերաբերյալ: