Ութոտնուկները անխտիր չեն հարվածում ձկներին․ Behavioural Processes հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց հայտնի «ապտակներն» առաջին հերթին պայմանավորված են տարածքի պաշտպանությամբ և հակառակորդի վարքով։
Գիտնականները հետևել են Բրազիլիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ և օվկիանոսային կղզիներում երիտասարդ բրազիլական ռիֆային ութոտնուկների (Octopus insularis) և 10 տեսակի ձկների միջև 101 փոխազդեցությանը։ Պարզվել է, որ ութոտնուկները տարբեր կերպ են արձագանքում տարածքային և ոչ տարածքային ձկներին։

Տարածքային տեսակները, դրանց թվում՝ Pomacentridae ընտանիքի սերժանտ ձկները, փորձում էին վտարել ութոտնուկներին իրենց տարածքից։ Նման բախումները կարճ էին՝ միջինում մոտ 14 վայրկյան։ Ձկները հասցնում էին կտրուկ հարվածներ և կատարում նետումներ, իսկ ութոտնուկները պատասխանում էին արագ հետքաշումներով և շոշափուկների հարվածներով։
Լիովին այլ կերպ էին զարգանում ոչ տարածքային ձկների հետ հանդիպումները, օրինակ՝ կապույտ վիրաբույժ ձկան (Acanthurus coeruleus) դեպքում։ Դրանք կարող էին հետևել ութոտնուկին կամ պտտվել նրա շուրջը, մինչ նա շարունակում էր որս անել։ Նման փոխազդեցությունները տևում էին միջինում մոտ 46 վայրկյան և շատ ավելի հազվադեպ էին վերածվում բախման։
Հատկապես ուշագրավ է եղել ութոտնուկների մարմնի գունավորման փոփոխությունը։ Տարածքային ձկան մոտենալու դեպքում նրանք երբեմն ցուցադրել են այսպես կոչված «կիսաբծավոր» նախշը․ հակառակորդին ուղղված մարմնի կողմում հայտնվել են հստակ կլոր սպիտակ բծեր։ Դրանից հետո, հետազոտողների դիտարկումներով, ձկները հաճախ նահանջում էին։

Գիտնականները ենթադրում են, որ նման նախշը կարող է լինել նախազգուշացնող ազդանշան, սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք ութոտնուկները իսկապես միտումնավոր օգտագործում են այն ձկների հետ հաղորդակցվելու համար։
Հետազոտողներն ութոտնուկների վարքագծում նաև անհատական տարբերություններ են նկատել. որոշ առանձնյակներ ավելի զգուշավոր էին, մյուսներն ավելի արագ էին անցնում ակտիվ պաշտպանության։ Բացի դրանից, ութոտնուկները հետաքրքրություն էին ցուցաբերում դիտարկման տեսախցիկների նկատմամբ։ Նրանցից մեկը նույնիսկ հետազոտողներից վերցրել էր սուզման բեռը և տարել էր իր ապաստարան։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ութոտնուկների ագրեսիվ վարքագիծը զգալիորեն ավելի բարդ է, քան սոսկ մեկ այլ առանձնյակի մոտենալուն տրվող սովորական արձագանքը։
Նրանք գնահատում են հանդիպման համատեքստը և փոխում իրենց վարքը՝ կախված նրանից, թե ձուկը փորձում է իրենց դո՞ւրս մղել տարածքից, թե՞ պարզապես հետևում է նրանց որսի ընթացքում։