ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Իրանի հետ՝ հարստացված ուրանը վերականգնելու և այն Միացյալ Նահանգներ արդյունահանելու համար։

«Մենք այն հավաքելու ենք։ Մենք Իրանի հետ աշխատելու ենք՝ հաճելի, հանգիստ տեմպերով։ Գնալու ենք ու սկսենք փորել մեծ մեքենաներով։ Մենք ուրանը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ ՀՀ Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները. Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները:

Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։

«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։

Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։

Ermenihaber

S-400-ների շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել։

«Անթալիայի դիվանագիտական համաժողովում» նա նշել է, որ Վաշինգտոնի տեսանկյունից Թուրքիայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին խնդիր չէ։

Բարաքը կարևորություն է տվել Թուրքիայի տարածաշրջանային դերին՝ երկիրը որակելով «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) «գործող հիմնական խաղացող»։ Նա անդրադարձել է նաև Թուրքա-Իսրայել հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև առկա լարվածությունը հիմնականում հռետորական բնույթ ունի։

Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր «S-400» համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր «F-35»-ի ծրագրից և կիրառել «CAATSA» պատժամիջոցներ։

Ermenihaber

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։

Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝
• «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
• «Ավելիաց» կազմակերպություն
2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները․
• Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.),
• Հողամաս Փարաքարում (2019թ.),
• 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ,
• Տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023),
• Թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով,
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ,
• Կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի տվյալներ և փոփոխություններ
2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ․
• Թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ,
• Տարվա սկզբում՝ HYUNDAI (2012),
• Տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ,
• Տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան,
• Բանկային հաշիվներ՝ բացակայում են,
• Կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ,
• Եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։
Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022–2021 թվականների տվյալներ
2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։
2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է․
• 4,000 եվրո բանկային մնացորդ,
• 4,900,000 դրամ կանխիկ միջոց,
• եկամուտներ՝ բացակայում են։

Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է։
Հակասություններ հայտարարագրերում
Տարբեր տարիների հայտարարագրերի համադրությամբ նկատվում են մի շարք անհամապատասխանություններ․
• Տրանսպորտային միջոցների շարժի և օտարման վերաբերյալ տվյալները ամբողջական չեն համընկնում,
• Բանկային հաշիվների մնացորդները կտրուկ տատանվում են՝ երբեմն զրոյից մինչև միլիոնավոր դրամներ,
• Թանկարժեք զարդի գնահատման արժեքը փոփոխվում է՝ 15 մլն-ից մինչև 20 մլն դրամ,
• Կանխիկ միջոցների չափը նույնպես զգալի տատանումներ ունի առանց բացատրական հիմնավորման։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ տարբեր տարիների տարեկան հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս մի շարք էական անհամապատասխանություններ և չբացատրված փոփոխություններ գույքային և ֆինանսական տվյալներում։ Մասնավորապես, արձանագրվում են տրանսպորտային միջոցների առկայության և բացակայության չհամընկնող տվյալներ, բանկային հաշիվների մնացորդների կտրուկ տատանումներ, ինչպես նաև կանխիկ միջոցների և թանկարժեք գույքի արժեքների փոփոխություններ։ Եվ ամենակարևորը՝ թանկարժեք զարդն ինչ է, ինչ ծագում ունի, նվեր է ինչի դիմաց, թե գնում՝ ինչ միջոցներով։

Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն փոխվում է՝ առանց հստակ բացատրական հիմնավորումների, ինչը առաջացնում է տվյալների համադրելիության և թափանցիկության վերաբերյալ հարցեր։

Ընդհանուր առմամբ, ներկայացված հայտարարագրերի վերլուծությունը վկայում է ֆինանսական ցուցանիշների անկանոն շարժերի մասին, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ և վերահսկող մեխանիզմների առավել հստակ կիրառում Հայաստանի կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովի կողմից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել, որոնք պետք է մասնակցեն նախընտրական անցուդարձին՝ ոչ միայն ներսից ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու, այլեւ քրեական գործընթացներում քաղաքական մրցակիցների դեմ գործելու, ցուցմունքներ տալու նպատակով:

Իշխանական մեր աղբյուրներից պարզեցինք, որ իշխանությունը ներդրված գործակալներ ունի թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմերում։ Պատահական չէ, որ նախօրեին Արտաշատի կառույցից ձերբակալված մեկ տասնյակից ավելի անձանց մոտ կեսը ցուցմունքներ է տվել իբր կաշառք վերցնելու վերաբերյալ։

Ընդդիմադիրներին տանում են բանակ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու:

Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, եւ վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից։

Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերությունները։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը տասնամյակների ընթացքում հատուկ հարաբերություններ է զարգացրել ԱՊՀ երկրների հետ։ Երկրները բազմաթիվ փոխադարձ շահեր ունեն տարբեր ոլորտներում։

«Մենք միշտ ունեցել ենք, ունենք և վստահ եմ, որ կշարունակենք ունենալ հատուկ վերաբերմունք այս հարցում, թեկուզ միայն պատմական պատճառներով, ինչպես նաև այն հսկայական աշխատանքի պատճառով, որը մենք պետք է կատարենք այդ երկրների հետ տնտեսական համագործակցության ոլորտում», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը։

Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ Երևանի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Արդեն իսկ կառուցված Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը՝ Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցումը առավել կբարձրացնեն տարածքի քաղաքաշինական նշանակությունը:

Քաղաքի 1971 թվականի գլխավոր հատակագծի և կենտրոնի 1982 թվականի մանրամասն հատակագծման նախագծի համաձայն՝ Հրազդան գետի կիրճը դիտարկվել է որպես համաքաղաքային հանգստի գոտի, իսկ համալիրի դիտարկվող տարածքը՝ Երևանյան գոտու զբոսաշրջության գլխավոր կենտրոն՝ վերակառուցվող պատմական տարածքների ընդգրկմամբ:

«Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, որը պետք է ընդգրկվեր դեպի կենտրոն տանող հետիոտն գոտու, զբոսայգիների և հրապարակների կառուցվածքի մեջ և «հարավարևմուտք-կենտրոն» առանցքի քաղաքաշինական դոմինանտ էր, ինչը նախանշված էր դեռ թամանյանական գլխավոր հատակագծում: Ներկայում տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:

Կախված իրացման ծավալներից` ծրագիրը կարող է իրականացվել փուլային կամ ամբողջությամբ: Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝ Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն), միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում, միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում, համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ, բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ, առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:
Մշակվել է Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել գերակա հանրային շահ: Նշված քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռքբերող և ծրագրի օպերատոր։ Սա նշանակում է, որ նրանք կազմակերպելու և իրականացնելու են ներդրողների ներգրավումը և լոտերի օտարումը վերջիններիս՝ քաղաքաշինական ծրագրի համապատասխան հատվածի իրականացման նպատակով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հորդորում եմ հարցը չքաղաքականացնել. Կարապետ Գուլոյանը դատախազության պահանջի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դատախազությունը Կարապետ Գուլոյանից պահանջում է 1.3 մլրդ դրամ և գույքեր․ նա հորդորում է հարցը չքաղաքականացնել։

ՀՀ դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս և մի շարք անշարժ գույքեր։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել է Կարապետ Գուլոյանին՝ հասկանալու, թե արդյոք նա այս գործընթացներում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվության ֆոնին։ Ի պատասխան՝ Գուլոյանը կարճ նշել է. «Խնդրում եմ մի քաղաքականացրեք այս ամենը։ Սա մեր ընտանեկան հարցն է, կլուծենք, իրավաբաններն աշխատում են»։

«Ժողովուրդ» օրաթերթը Գուլոյանից հետաքրքրվել է նաև, թե ինչպես է արձագանքում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե «փողի համար պսակվել են, հիմա էլ պիտի փողերը հետ տան»։ Ի պատասխան՝ նախկին մարզպետն ասաց. «Մենք փողի համար չենք ամուսնանում, մենք կանանց հարգող ու սիրող ենք, մենք մեր արժեքներով ենք ապրում»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում