Ուկրաինական դրոնը Բելգորոդի մարզում հարվածել է ավտոբուսի. կա 3 զոհ, 8 վիրավոր

Ուկրաինական դրոնը Բելգորոդի մարզի Վոզնեսենովկա գյուղում նպատակաուղղված հարձակվել է ավտոբուսի վրա, հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ։

Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում թշնամին նպատակաուղղված հարվածել է մարդատար ավտոբուսին։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է 3 կին»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա նաև հայտնել է, որ տուժել են 8 խաղաղ բնակիչներ, որոնք գլխի, ձեռքերի, ոտքերի և որովայնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Շեբեկինոյի հիվանդանոց:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ

Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը։

«Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը… Նրանք խեղդվում են։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չեն ուզում, որ ես պահպանեմ շրջափակումը։ Ես չեմ ուզում վերացնել այն, քանի որ չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան», – ասել է Թրամփը։

Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա

Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար, որի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնյան՝ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

ՖԻՖԱ-ն հեղափոխական նորամուծություն է ծրագրում մտցնել ակումբային ֆուտբոլում. պարտադիր պահանջը փոխվում է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սկսել է քննարկումներ պրոֆեսիոնալ թիմերի համար նոր պարտադիր պահանջ սահմանելու շուրջ, ըստ որի՝ ակումբները յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պետք է խաղադաշտ դուրս բերեն սեփական ակադեմիայի առնվազն մեկ սանի։ ՖԻՖԱ-ի խորհուրդը համաձայնել է շահագրգիռ կողմերի հետ համաշխարհային խորհրդակցություններից հետո մեկ տարվա ընթացքում մշակել և ներկայացնել պաշտոնական նախագիծ։

Այս նորամուծության գլխավոր նպատակն է ընդլայնել ակումբների կողմից կրթած երիտասարդ ֆուտբոլիստների խաղային հնարավորությունները, քանի որ թիմերն այսօր հաճախ հույսը դնում են բացառապես տրանսֆերային շուկայում ձեռք բերված խաղացողների վրա։ ՖԻՖԱ-ն հայտարարել է հատուկ նորմատիվային պարտավորություն մտցնելու մտադրության մասին. դրա համաձայն՝ մեծահասակների ակումբային թիմերը պարտավոր կլինեն խաղադաշտում մշտապես ունենալ երիտասարդական տարիքային խմբի՝ մինչև 20 կամ 21 տարեկան առնվազն մեկ սան:

Նախատեսվող այս կանոնն անհամեմատ ավելի խիստ կլինի, քան ազգային և միջազգային ակումբային մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում գործող ներկայիս նորմերը: Ներկայումս պահանջվում է հայտացուցակում ունենալ ակումբում կրթված կամ համապատասխան պատրաստվածություն անցած խաղացողների որոշակի քվոտա, սակայն այդ կանոնները չեն պարտադրում սաներին անմիջապես ընդգրկել մեկնարկային կազմում կամ պարտադիր խաղաժամանակ տրամադրել նրանց:

Armsport

Դժգոհ բժիշկներն ու «վերազինվող» համակարգը․ Անահիտ Ավանեսյանի ասուլիսը

Այսօր «Արմենպրես»-ում տեղի ունեցավ Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա խոսեց առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումների, բուժհաստատությունների վերազինման և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի մասին։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ առողջության ապահովագրության ներդրումից հետո բժիշկների շրջանում դժգոհություններ առաջացան՝ կապված աշխատավարձերի վճարման և համակարգի ծանրաբեռնվածության հետ, որի արդյունքում բժիշկներից շատերն իրենց սկսեցին զգալ որպես էժան աշխատուժ՝ Ավանեսյանը պատասխանեց՝ սկզբնական փուլում եղել են որոշակի տեխնիկական և հաշվետվական խնդիրներ, որոնք այժմ կարգավորվում են։

Ավանեսյանը ներկայացրեց նաև ամբուլատորիաների և հիվանդանոցային օղակի վերազինման ծրագրերը, ինչպես նաև այս ոլորտում կատարված և սպասվող ներդրումները։

Վերջինս անդրադարձավ նաև առաջնային օղակի բուժծառայությունների հասանելիության թեմային՝ նշելով, որ կարևոր նպատակներից մեկը քաղաքացիների համար բժշկական օգնությունը առավել հասանելի դարձնելն է։

Պատասխանելով գերիների առողջապահական խնդիրների մասին հարցին՝ Ավանեսյանը նշեց, որ դրանք կարևորագույն հարցեր են՝ պնդելով, որ դրանք մշտապես գտնվում են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում։

Ասուլիսին ներկա էին նաև Բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ, ովքեր, սակայն, Ավանեսյանին հարցեր չուղղեցին։ Անգամ այն բանից հետո, երբ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե ուսանողներն էլ իրեն հարցեր տան, ուսանողներից ոչ ոք այդպես էլ հարց չտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան
Oragir.News

Միջուկային սպառնալիքի մակարդակն աճում է Արևմուտքի գործողությունների պատճառով. Զախարովա

Աշխարհում միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին ակնհայտորեն աճել է Արևմուտքի երկրների գործողություններով ստեղծված ռիսկերի պատճառով:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այն, որ միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին բարձրացել է, ինձ թվում է՝ հասկանալի, հանրամատչելի, օբյեկտիվ և համընդհանուր ճանաչում ստացած փաստ է:

Այս երևույթի պատճառը մենք տեսնում ենք հենց ռազմավարական ռիսկերի մեջ, որոնք սրվել կամ վերստին առաջացել են Արևմուտքի երկրների գործողությունների հետևանքով»,- ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ քաղաքական միավորներ, հիմնականում՝ ՔՊ-ի սատելիտներ, հայտարարում են, թե առաջիկա ԱԺ ընտրություններում պիտի… ընդդիմափոխություն արվի: Հասկանալի է, թե ինչ նկատի ունեն. ուզում են, որ այսօրվա ընդդիմության փոխարեն իրենք լինեն ընդդիմություն:

Բայց նրանց ասածի մեջ մի քանի տարօրինակություն կա: Ամբողջ աշխարհում այս կամ այն քաղաքական ուժը մտնում է ընտրապայքարի մեջ, որպեսզի հասնի իշխանափոխության և դառնա իշխանություն: Իսկ ՔՊ-ի սատելիտները, փաստորեն, առավելագույնը ձգտում են… դառնալ ընդդիմություն: Բայց սա էլ իր հերթին է հետաքրքիր: Եթե փաշինյանական իշխանությանը ինչ-որ հրաշքով կամ ընտրակեղծիքներով հաջողվի վերարտադրվել, ապա հիշյալ ուժերը էլի ընդդիմադիր չեն դառնա, քանի որ «էն գլխից» նիկոլական են: Մյուս կողմից՝ եթե այդ սատելիտային միավորներն ուզում են ընդդիմություն լինել, ապա նշանակում է՝ իրենք ընդունում են, որ այսօրվա ընդդիմությունն է իշխանություն ձևավորելու, իսկ իրենք էլ ավելի մեծ հրաշքով (այս դեպքում նույնիսկ հրաշքն է անհավանական) անցնելու են խորհրդարան ու ՔՊ-ի հետ դառնալու են ընդդիմադիր փոքրամասնություն:

Բայց, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա այսօրվա հիմնական ընդդիմադիր ուժերն են ամենից շատ ցանկանում «ընդդիմափոխություն անել», որն արտահայտվելու է քվեների համախառն մեծամասնություն ստանալու և իշխանություն ձևավորելու տեսքով: Այդ պարագայում ենթադրելի է, որ այսօրվա իշխանություն ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն: Իսկ վերոնշյալ «սատելիտները» չեն անցնելու հաջորդ ԱԺ ու, լավագույն դեպքում, կլինեն արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում:
Ստացվում է, որ նրանք, «ընդդիմափոխություն» ասելով, նկատի ունեն հենց այն, որ այսօրվա ընդդիմությունը կդառնա իշխանություն, իսկ իշխանությունը՝ հակառակը: Փաստորեն, այդ «սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է: Ու այդ տեսանկյունից, գիտեք, նրանք գուցե և իրավացի են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30․ 04․ 26

«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը նախարարությանը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։ Հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։

Մյուս կողմից՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ (երբ տվյալ նյութը ոչ հիմնական առարկայում ուսուցանվում է ավելի վաղ, քան համապատասխան հիմնական առարկայում), ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։ Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։ Բացի այդ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։ Նշվում է, որ հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար՝ ներառյալ բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և ռազմական բնույթի ռիսկերին արձագանքումը։

Ժամանակակից հասարակության զարգացման պայմաններում հանրակրթության համակարգը կոչված է ոչ միայն ապահովելու սովորողների ակադեմիական գիտելիքները, այլև ձևավորելու առողջ, պատասխանատու և սոցիալապես գիտակից քաղաքացի։ Այս համատեքստում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը ներդրվեց հանրակրթության պետական չափորոշչով՝ սկզբնական փուլում որպես պարտադիր խմբակ, սակայն 2026–2027 ուսումնական տարվանից նախատեսվում է ներդնել այն որպես պարտադիր առարկա։ «Առողջ ապրելակերպ» առարկայի հիմնական նպատակը սովորողների մոտ առողջությանը վերաբերող գիտելիքների, արժեքների և վարքագծային հմտությունների ձևավորումն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30․ 04․ 26

Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4,5%՝ փետրվարի 4,3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։

Անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշին՝ «Լույս» հիմնադրամը նշում է, թե սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով. «Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6,5 % մակարդակում»։

Վերոնշյալ ցուցանիշն ինքնին անհանգստացնող է, սակայն բանն այն է, որ առավել անապահով խավերի համար գնաճն ավելի առարկայական ու շոշափելի է զգացվում: «Վիճակագրական» գնաճն իր մեջ ներառում է տարբեր ապրանքախմբերի գների շարժը, և շատ հաճախ ոչ առաջնային սպառման մի շարք ապրանքներ կարող են ավելի նվազ թանկանալ կամ ընդհանրապես չթանկանալ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանան ավելի մեծ չափով: Հենց այդպես էլ գրեթե միշտ լինում է Հայաստանում, վերջին շրջանում՝ առավել ևս: Անզեն աչքով էլ նկատելի է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները վերջին տարիներին սրընթաց աճում են՝ խորացնելով հատկապես անապահով խավի առանց այն էլ ոչ բարվոք վիճակը: Իսկ եթե հավելենք, որ ապրիլի ընթացքում նոր թանկացումներ են արձանագրվել՝ վառելիքի, բանջարեղենի, մսի և այլն, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Մի խոսքով, իշխանություններն ու նրանց «կից» անձինք հարստանում են, իսկ ժողովուրդը գնալով ավելի է աղքատանում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30․ 04․ 26

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի հակամարտությունն ավարտված չէ, Իրանը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող ռիսկի ենթարկել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր պատրաստվածության վիճակում և զբաղեցնել պաշտպանական դիրք տարբեր ճակատներում»,- ասել է դիվանագետը Իրանի ԱԳՆ-ին կից վերլուծական կենտրոնի՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի հարթակում։

Նա նշել է, որ Իրանի նպատակն է պարտության մատնել ագրեսորին՝ թույլ չտալով ԱՄՆ-ին հասնել իր որևէ նպատակին Իրանի ներսում։

Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է կենտրոնանալ այս պատերազմի դադարեցման և դրա հիմնական պատճառների վերացման վրա։