Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը, իսկ նրա գործընկեր Զեյնաբ Ֆարաջը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al-Akhbar լրատվական կայքը:

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Բինթ Ջբեյլ շրջանում։

Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը հետապնդել են Խալիլին և Ֆարաջին, որոնք առաջին ավիահարվածից ապաստան էին գտել մոտակա տներից մեկում, սակայն այդ տունը ևս հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում։

Չնայած 10-օրյա հրադադարին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Լիբանանի վրա։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի սկզբից՝ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2454 մարդ։

Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգներում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Երկու կողմերը ներկայացված էին դեսպանների մակարդակով։

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Վաշինգտոնում ապրիլի 23-ին։

Երևանում ապրիլի 25-ին կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը

Երևանում ապրիլի 25-ին կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանը խոսել է մրցաշարի սպասելիքներից։

«Հայաստանում երեք անգամ հաջողությամբ անցկացրել ենք Եվրոպայի առաջնություն՝ 2011, 2018 և 2023 թվականներին։ Աշխարհի գավաթի խաղարկություն անցկացնելու մտադրություն վաղուց ունեինք, բայց միջազգային ֆեդերացիան այս տարի մեզ տվեց նման լայնամասշտաբ միջացառում կազմակերպելու հնարավորություն։ Հսկայական աշխատանք է տարվել ու արվում, փուլ առ փուլ շարժվում ենք առաջ։ Իրենց մասնակցությունը հաստատել են 30 երկրներ, սակայն ցանկը կարող է ավելանալ ևս երկուսով։ Մեդալների համար պայքարելու է շուրջ 500 մարզիկ։ Բացի այդ, Երևան են ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Դա շատ կարևոր գործոն է։ Համոզված եմ, որ ծրագրվելու է հետագայում այլ խոշոր մրցաշարերի անցկացում Հայաստանում։

Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից։ Վիճարկվելու է մեդալների 46 հավաքածու։ Մեր մարզիկները լավ են պատրաստվել և կարող են նվաճել շուրջ 15 մեդալ։

Կարծում եմ՝ նմանատիպ մրցաշարերը շատ կարևոր են նաև ոչ մարզական առումով։ Հայաստան են ժամանելու բազմաթիվ մարդիկ, ովքեր երբեք չեն եղել մեր երկրում։ Սա լավ հնարավորություն է նրանց մեր մշակութային ժառանգությանն ու պատմությանը ծանոթացնելու համար և նպաստելու Հայաստանում զբոսաշրջության աճին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աշխարհի գավաթն անցկացվելու է «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում։ Մրցաշարի բացման արարողությունը կմեկնարկի ժամը 10։30-ին, իսկ եզրափակիչ մենամարտերը՝ 18։00-ից։

Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը կանանց հավաքականից պայքարի մեջ մտան Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը՝ երկուսն էլ 77 կգ քաշային կարգում:

Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը զրո ստացավ պոկում վարժությունում, հրում վարժությունում բարձրացրեց136 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի արդյունք չգրանցեց:

Ալինա Սուքիասյանը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (100+120) եւ 14-րդն է:

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 102 կգ, ապա 104 կգ-ը:

Ալինա Սուքիասյանն այս վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 96 կգ: Երկրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ պոկեց 100 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 103 կգ:

Հրում վարժությունում Աննա Ամրոյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 125 կգ: Երկրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 133 կգ-ը: Երրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 136 կգ-ը եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Ալինա Սուքիասյանն այս վարժությունում երկրորդ փորձից հրեց 120 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 125 կգ-ը ձախողեց:

ՀՊԼ․ ԲԿՄԱ-ն ուժեղ էր Վանից

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով լարված հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ: Հանդիպման հենց 1-ին րոպեին Գրենիկ Պետրոսյանը բացեց հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Հայկ Թաթոսյանը վերականգնեց հավասարությունը։

Խաղի հանգուցալուծումը վրա հասավ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին. Նարեկ Հովհաննիսյանի սրող փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Հրայր Մկոյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ հյուրերին պարգևելով 3 միավոր:

Այս արդյունքից հետո ԲԿՄԱ-ն 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Վանը» 25 միավորով մնում է 6-րդ տեղում:

Armsport

Մարտին Պողոսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մարտին Պողոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով:

Հայ սամբիստները ԵԱ-ում նվաճել են 7 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե

Սերբիայում շարունակվում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են փայլուն արդյունքներ գրանցել։

Մրցումային հերթական օրը չափազանց հաջող էր մեր երիտասարդական հավաքականի համար. ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը կանգնել են պատվո հարթակին՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Մարտական սամբոյի մրցումներում Հայաստանն ուներ եզրափակչի երեք մասնակից։ Վճռորոշ գոտեմարտերում Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջեցին Ռուսաստանի մարզիկներին և դարձան ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ակտիվը արծաթե մեդալով հարստացրեց Սյուզաննա Մանուկյանը, ով եզրափակիչում պարտվեց Բելառուսը ներկայացնող մարզուհուն։

Մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում էլ հանդես եկող Սեյրան Սարուխանյանը, տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն, արժանացավ բրոնզե պարգևի: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Միլենա Առաքելյանին չհաջողվեց մեդալ նվաճել. նա պայքարը լքեց մեկ հաղթանակից հետո։

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ վաղը՝ ապրիլի 23-ին, մեդալների համար պայքարի դուրս կգա ևս 7 հայ մարզիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականն արդեն նվաճել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Armsport

Ըմբշամարտի ԵԱ․ Գասպար Տերտերյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։

Հայ մարզիկը մրցաշարում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից՝ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Շվեդիան ներկայացնող Հենրի Դահլենի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Տերտերյանը կարողացավ շրջանցել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուլաևին։

Կիսաեզրափակիչում, սակայն, մեր ըմբիշը 1։6 հաշվով զիջեց Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Իբրահիմ Ղանեմին՝ պայքարը շարունակելով միայն երրորդ տեղի համար։

Մահապատժի դատապարտված 8 կին չի սպանվի. Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը. Թրամփ

Իրանում մահապատժի դատապարտված 8 կին ցուցարար չի սպանվի։ 4-ն ազատ կարձակվի, մյուս 4-ը կազատազրկվի 1 ամսով։

Շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով

Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի տարածքով Եվրոպան Պարսից ծոցի երկրների հետ կապող երկաթուղային նոր նախագիծը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական երկրների մոտ։

Նախագծի նպատակն է ստեղծել լայնածավալ առևտրային միջանցք՝ Եվրոպայից դեպի Սիրիա, ապա՝ Հորդանան և Պարսից ծոց։

Ըստ միջազգային գնահատականների՝ նախաձեռնությունը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը, ինչպես նաև նպաստել Սիրիայում պատերազմից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։

Նախատեսվում է արդիականացնել գործող երկաթուղային գծերը և կառուցել նոր հատվածներ, որի համար ընդհանուր ներդրումը կազմելու է 110 մլն դոլար:

Վերլուծաբանները նշում են, որ նախագիծը կարող է դառնալ ծովային փոխադրումների այլընտրանք՝ կրճատելով բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը։

Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, ինչի համատեքստում էլ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է երկաթուղային միջանցքի ինտեգրումը Պարսից ծոցի երկրների երկաթուղային ցանցերին, ինչը կավելացնի տարածաշրջանում առկա տնտեսական կապերը։

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը. Tasnim

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու հարցում անփոփոխ է մնում. ապրիլի 22-ին հաղորդել է Tasnim-ը։

«Մինչ օրս Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի կատարվել»,- նշել է գործակալությունը։

Հրապարակման մեջ նաև նշված է, որ Իրանը ներկայումս ուրբաթ օրը բանակցություններ վարելու ծրագրեր չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել առաջիկա 36-72 ժամվա ընթացքում։