Նավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնին


Բիզնես


Նավթի գներն օգոստոսի 18-ին աճել են արդեն երրորդ առևտրային նստաշրջանը շարունակ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հեռանկարների վատթարացման ֆոնին։

Reuters-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է 89 ցենտով կամ 1 տոկոսով՝ հասնելով 91.76 դոլարի։ Սա հուլիսի 30-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ ԱՄՆ-ի West Texas Intermediate տեսակի նավթի գինը նույնպես աճել է՝ հասնելով 85.55 դոլարի՝ գրանցելով 1.05 դոլարի աճ։ Նավթի շուկայի վրա հիմնական ազդեցությունն ունեն Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ անորոշությունը և Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների սահմանափակումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ բանակցությունների առաջընթացի բացակայության պայմաններում երկիրը պատրաստվում է անցնել «ամբողջությամբ հարձակողական» ռազմական դիրքավորման։ Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը։ Իրավիճակը բարդացնում է նաև Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության նվազումը։ Օգոստոսի 18-ին նեղուցից դուրս եկող նավերից մեկը հրթիռանման արկի հարվածի է ենթարկվել։  Նավերի անցումների թիվը շարունակում է մնալ միանիշ մակարդակում։

Մերձավոր Արևելքում լարվածության հետագա աճը կարող է պահպանել նավթի գների բարձրացման ճնշումը։ ԴԲՍ բանկի էներգետիկ  հետազոտությունների բաժնի ղեկավար Սուվրո Սարկարի գնահատմամբ՝ համաձայնության բացակայությունը կարող է ազդել նավթի գների վրա ոչ միայն առաջիկա ամիսներին, այլև 2027 թվականին։ Նրա կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում նավթի գինը կարող է պահպանվել մեկ բարելի դիմաց 80-100 դոլարի միջակայքում։ 

Top news




Նորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան


Հայաստան


Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել: Հույս ունենք՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:

«Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի հետ կապված՝ այս պահին էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Դուք գիտեք, որ նորածնին դրել են և թողել-գնացել: Այդ առումով դեռևս պետք է աշխատանքներ իրականացվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:



Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի) առկա արտադրատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Աշխարհ


Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով:

Ուղերձում ասված է.

«Վիետնամի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման առիթով։

Վիետնամը մշտապես կարևորում է Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և ուրախությամբ արձանագրում է, որ Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։

Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հզոր առաջընթաց ապահովելու, երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր պետական պաշտոնում»։



Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա


Աշխարհ


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ: Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաև իրանական կողմը: Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքն ակնկալում է: Նա պնդել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա:

Թրամփը նաև հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը: Թրամփը կրկնել է՝ այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ՝ թեև իրանական կողմը հակառակն է պնդում:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը երկարաձգել են 60-օրյա հրադադարի ռեժիմը:



Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում


ՀՀ էկոնոմիկայի նախարարության պետական աջակցության ծրագրերին այժմ կարող եք ծանոթանալ նաև թերթվող էլեկտրոնային գրքի ձևաչափով։

Ուղեցույցում մեկտեղված են ծրագրերի նպատակները, աջակցության պայմաններն ու հնարավորությունները։

Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ ուղեցույցում տեղադրված QR կոդի միջոցով։

Էլեկտրոնային ուղեցույցը՝ այստեղ:



Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով


Ոճ և դեմքեր


Mattel-ը երաժշտության լեգենդ Ուիթնի Հյուսթոնին նվիրված իր առաջին Barbie տիկնիկն է թողարկել։ Barbie Signature շարքի նոր տիկնիկը կրկնօրինակում է Հյուսթոնի կերպարը 1987 թվականի «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» երգի տեսահոլովակից։ Երգը գրեթե 40 տարի անց շարունակում է մնալ հանրահայտ, իսկ Billboard-ը այն ներառել է բոլոր ժամանակների 500 լավագույն փոփ երգերի ցանկում՝ առաջին հորիզոնականում։

Տիկնիկը ներկայացնում է երգչուհու ամենաճանաչելի կերպարներից մեկը՝ նույն սանրվածքով և հագուստով, ինչպես նաև խոսափողով ու դրա հենակով։ Այն կրում է 1980-ականներին բնորոշ սանրվածքը, «I Wanna Dance with Somebody» տեսահոլովակից հայտնի տեքսը։ Whitney Houston Barbie Signature տիկնիկը ներկայացվել է օգոստոսի 8-ին Ատլանտայում՝ The Whitley շքեղ հյուրանոցում, Whitney E. Houston Legacy Foundation-ի կազմակերպած «Legacy of Love» ամենամյա գալայի ժամանակ։



ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին


Աշխարհ


Օգոստոսի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ են կանչել Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյին, որին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը բողոք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սանա Տակաիչիի և արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի՝ Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցին։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմը ընդգծել է, որ Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն անսասան են։

Մոսկվան պնդում է, որ այդ տարածքները Ռուսաստանին են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, որոնք ամրագրված են դաշնակից պետությունների համապատասխան պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի և ապօրինի է համարել Ճապոնիայի ցանկացած փորձ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կասկածի տակ դնելու այդ իրողությունը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև նշել է, որ Ճապոնիայի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությանը միանալու և Կիևին աջակցելու պայմաններում Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համարժեք պատասխան միջոցներ։



«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է


Բիզնես


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։ 

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։ 

Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2026թ. օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 17-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։



Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ


Աշխարհ


Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները: Նրա խոսքով՝ Թրամփը ներկայումս կենտրոնացած է տնտեսական ճնշման քաղաքականության վրա:

Նրա խոսքով՝ եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել ԱՄՆ-ի հետ քննարկված գործարքը և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու կարողություններից, ապա կկնքվի այնպիսի համաձայնագիր, որն օգտակար կլինի Իրանի ժողովրդի համար:

Քուշները հավելել է՝ կողմերն այժմ ակտիվորեն բանակցում են, սակայն Թեհրանը, ԱՄՆ բանագնացի ձևակերպմամբ, չի ցանկանում կառուցողական մոտեցում դրսևորել: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդունել է, որ Թեհրանը և Վաշինգոնը գործնականում չեն վստահում իրար: