Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան


Հայաստան


Թվային տիրույթում քրեական ոստիկանությունն իր կարողությունները պետք է զարգացնի այն տրամաբանութամբ, որ մենք գիտենք, որ շատ հանցատեսակներ հետզհետե մեծ տեմպերով տեղափոխվում են համացանց, և համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք, և այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, բացահայտել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը:

«Առաջիկայում մենք կունենանք կիբեռլաբորատորիա. սա այն հանգույցը և ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առհասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնելու համար:

Սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից, քանի որ մենք հասկանում ենք՝ թվային, համացանցային տիրույթում հանցագործությունները միշտ չէ, որ կատարողը հենց ՀՀ-ն է, կամ պլանավորող, նախատեսողը ՀՀ-ն է լինում: Երրորդ երկրում հնարավոր է պլանավորել հանցագորոծություն, մեկ այլ երկրում՝ իրականացնել»,- ասաց նա:



Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»


Աշխարհ


Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։

«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», – ասվում է օգոստոսի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։ «Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ», – նշել է դիվանագիտական ​​առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա այս կառավարության վճռականության մեջ՝ հակազդելու ռուսական ագրեսիային՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների դեմ», – ընդգծվում է նախարարության խոսնակի հայտարարության մեջ։

Պաշտոնյան հավելել է, որ Մեծ Բրիտանիան «հանձնառու է Ուկրաինային տրամադրել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։

BBC-ն նշում է, որ խոսքը երկու տարբեր բրիտանական ընկերությունների կողմից արտադրված ԱԹՍ-ների մասին է, որոնք Ռուսաստանում օգտագործվել են ռազմական և արդյունաբերական թիրախների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և Wildberries առցանց խանութի պահեստներին բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար։



Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ


Աշխարհ


Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանի հետ շուտափույթ  բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թաիլանդի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սիհասակ Փուանգկեթկեուն։ «Մենք շատ շահագրգռված ենք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցում Թաիլանդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Թերևս, դա իմ այցի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է», – ասել է նա։

Փուանգկեթկեուն նշել է, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել է Ռուսաստան կատարած այցի ընթացքում, և հույս է հայտնել, որ այդ քննարկումները կարագացնեն համաձայնագրի կնքման գործընթացը։ «Մենք հույս ունենք, որ կայացած քննարկումներն անհրաժեշտ խթան կհաղորդեն գործընթացին, և  մենք կկարողանանք հնարավորինս շուտ սկսել Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սովորաբար նման գործընթացները քիչ ժամանակ չեն պահանջում, բայց մենք հույս ունենք, որ այս դեպքում կհաջողվի հնարավորինս արագացնել իրադարձությունների ընթացքը», – ընդգծել է նա:

 



Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ


Հայաստան


Միջազգային հանրապետական ինստիտուտի 2026 թվականի մայիսի հետազոտության արդյունքներով՝ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը բարձրացել է: Հարցմանը մասնակցած անձանց 68 տոկոսը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ են ՆԳՆ ոստիկանության աշխատանքից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը:

«ԵԱՀԿ գործընկերների կողմից այս տարի նույնպես կատարվել է հանրային հարցում, և, ի թիվս այլ հարցերի, հարցմանը պատասխանող քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ»,- ասաց նա:

Արմեն Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ներքին գործերի նախարարությունն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի 50 լավագույն գործատուների ցանկում:



Մոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍ


Հարեվաններ


Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում խոցել են ուկրաինական 791 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 05։00-ն մայրաքաղաքի և Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍ, որոնցից 180-ը ոչնչացվել է մայրաքաղաքի շրջանում։ ԱԹՍ-ների բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ըստ իր հաշվարկների՝ վերջին երկու տարվա ընթացքում սա Մոսկվայի ուղղությամբ ամենախոշոր հարձակումն է։ Ըստ Մերձմոսկովյան շրջանի իշխանությունների՝ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ։ Անօդաչուներից մեկը հարվածել է Wildberries-ի պահեստին։

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական հարվածներից օրական 10 մարդ զոհվել է, շուրջ 60-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, Միրոշնիկի խոսքով, օգոստոսի 10-16-ը զոհվել է 69 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Եվս 406 քաղաքացիական անձ վիրավորվել է։ Պաշտոնյան հավելել է, որ նշված ժամանակահատվածում ուկրաինական ուժերը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական թիրախների վրա արձակել են առնվազն 7264 զինամթերք։

Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածների մասին։ Զապորոժիեում երկու մարդ է զոհվել։ Խարկովի մարզում վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 9-ամյա տղա։



ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման


Աշխարհ


Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ Սենատում քննարկման կներկայացնի ռազմական լիազորությունների մասին բանաձև՝ Օմանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հենց մենք վերադառնանք օգոստոսյան արձակուրդներից, ես բանաձև կներկայացնեմ ռազմական լիազորությունների մասին, որով կարգելվեն Օմանի դեմ ռազմական գործողությունները, և հուսով եմ, որ առանձին հանրապետական ​​գործընկերներ կմիանան դեմոկրատներին և իշխանությունից կուրացած այս նախագահին թույլ չեն տա էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին», – ասվում է Քեյնի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի փոքրացող զինանոցն Օմանի վրա ծախսելու Թրամփի սպառնալիքը, «երկիր, որի հետ ԱՄՆ-ն ունի ամուր դիվանագիտական ​​հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», ուրախանալու առիթ է տալիս «այնպիսի իրական հակառակորդների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը»։

Քեյնի խոսքով՝ Թրամփն «ավելի ու ավելի է կորցնում կապն իրականության հետ իր միանձնյա արշավում՝ սպառնալով և պատերազմներ սանձազերծելով ամբողջ աշխարհում»։ «Նրա պատերազմներն անօրինական են, քանի որ դրանք հավանության չեն արժանացել Կոնգրեսի կողմից, սակայն նա շարունակում է դրանք սանձազերծել, չնայած մեր զինծառայողների շրջանում հսկայական կորուստներին…., ինչպես նաև մեր զինամթերքի պաշարների և ամբողջ աշխարհում մեր դաշինքների վրա ազդեցությանը», – հավելել է Քեյնը։

 



Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով


Հայաստան


Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն անցկացվի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։



Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կոմունալ տնտեսության վարչության, Կենտրոն վարչական շրջանի և «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված։ 

Մաքրապատման ընթացքում գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական ու կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ: Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկոհամակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է:  



Զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանում


Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնողների հաշվառման և վերահսկողության նոր համակարգ է ներդրվում։ Նոր կարգավորումների շրջանակում ոլորտի ծառայություն մատուցողները պետք է նույնականացվեն, գրանցվեն միասնական տվյալների շտեմարանում և պարբերաբար թարմացնեն իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։

Նոր տվյալների շտեմարանը հասանելի կլինի հոկտեմբերի 15-ից՝ Notify Tourism gov․am կայքի միջոցով։ Համակարգի գործարկումից հետո զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնողներին փուլային եղանակով կծանուցվի գրանցման և անհրաժեշտ տվյալների ներկայացման մասին։

Շտեմարանի նպատակն է մեկ համակարգում հավաքագրել զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Այսինքն՝ համակարգում պետք է հնարավոր լինի տեսնել, թե տվյալ ծառայություն մատուցողն ինչ գործունեություն է իրականացնում և ինչ ծավալով։

Օրինակ՝ կացության ծառայություններ մատուցողները համակարգում պարտադիր պետք է ներկայացնեն իրենց գործունեությանը վերաբերող տվյալներ՝ այդ թվում ննջասենյակների, մահճակալների և այլ ծառայությունների մասին։ Եթե նախկինում որոշ տեղեկություններ ներկայացվում էին ծառայություն մատուցողի կողմից, ապա նոր կարգավորումներով այդ տվյալների լրացումը պարտադիր է դառնում։

Միաժամանակ նախատեսվում է խուսափել նույն տեղեկությունը տարբեր համակարգերում կրկին մուտքագրելու անհրաժեշտությունից։ Եթե զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնողի վերաբերյալ տվյալներն արդեն առկա են մեկ այլ շտեմարանում, դրանք հնարավոր կլինի ամբողջությամբ տեղափոխել նոր համակարգ։

Նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, ըստ Զբոսաշրջության կոմիտեի, պայմանավորված է նաև ոլորտում չգրանցված կամ իրենց գործունեությունն ամբողջությամբ չներկայացնող ծառայություն մատուցողների առկայությամբ և նրանց գործունեության վերաբերյալ ստացվող բողոքներով։

Նպատակն է ոլորտում գործունեություն իրականացնողների համար ստեղծել ավելի հստակ կարգավորող և զսպող մեխանիզմներ, որոնք կնպաստեն զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը և ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։

Համակարգի ներդրմամբ ծառայություն մատուցողները պարտավոր են նաև պարբերաբար թարմացնել իրենց գործունեության վերաբերյալ տվյալները։ Սահմանված տեղեկությունները չներկայացնելու դեպքում համապատասխան ծառայություն մատուցողները կհայտնվեն վերահսկողության շրջանակում։ Այս ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն կիրականացնի հետևողական աշխատանք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Փոփոխությունները վերաբերում են նաև զբոսավարներին և ուղեկցորդներին։ Նոր կարգավորումների համաձայն՝ նրանք երեք տարին մեկ պետք է անցնեն վերապատրաստում։ Վերապատրաստման նպատակներից մեկն էլ զբոսաշրջիկներին փոխանցվող տեղեկատվության որակի նկատմամբ վերահսկողության բարձրացումն է։ Այսպիսով, ոլորտի մասնագետներից ակնկալվում է ոչ միայն զբոսաշրջային ծառայությունների մատուցում, այլև զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվության պատշաճ որակի ապահովում։

Նոր կարգավորումների արդյունքում նախատեսվում է ունենալ զբոսաշրջության ոլորտի գործունեություն իրականացնողների վերաբերյալ ավելի ամբողջական և համակարգված տեղեկատվություն, հստակեցնել նրանց գործունեության հաշվառումը և ուժեղացնել ոլորտի վերահսկողության մեխանիզմները։

Շողեր Ղլիջյան

 



Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են


Հայաստան


Հրազդանի Մեծ կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: 

Առաջնային նպատակը անվտանգ երթևեկության վերականգնումն էր՝ այնուհետև կառույցի շինարարական աշխատանքները ոչ երթևեկելի գոտի տեղափոխելը:

Գործընթացը շարունակվում է կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման, թուջե բազրիքների վերականգնման և մի շարք այլ ուղղություններով։
Ամբողջական նախագիծը կավարտվի մինչև տարեվերջ։