Քոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթով հարցաքննության է հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը։
Հակակոռուպցիոն կոմիտե մտնելիս լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործով են

Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեց


Հայաստան


Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- Radar Armenia-ին հայտնեցին Կոմիտեից:



Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր


Հարեվաններ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել առավել շոշափելի տնտեսական արդյունքների՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում և առավել արդյունավետ օգտագործելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորություններին։

Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գործակցության ընդլայնումը մի քանի հիմնական ուղղություններով՝ առևտրի և հայկական արտահանման ընդլայնում, համատեղ արտադրություններ և ներդրումներ, էներգետիկ ու լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։



Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել երկու կողմում էլ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 148 օդային թիրախ երկրի յոթ շրջանում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի երկնքում։

Գերատեսչությունը չի նշել, թե ընդհանուր առմամբ քանի հրթիռ կամ անօդաչու թռչող սարք է արձակվել Ռուսաստանի ուղղությամբ։

ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է Աֆիպսկի գյուղի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի վրա, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Գյուղում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ Կրասնոդարի երկրամասում թիրախավորել է Աֆիպսկու նավթավերամշակման գործարանը։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը՝ հանգեցնելով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման։

Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ օգոստոսի 25-ի գիշերը ռուսական զորքերը միաժամանակ հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի չորս քաղաքների՝ Կիևի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրի վրա:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսայի մարզի Վինոգրադովկա միջազգային ավտոմոբիլային անցակետին, որը գտնվում է ուկրաինա-մոլդովական սահմանին։ Սահմանային անցակետը դադարեցրել է գործունեությունը։ Օգոստոսի 21-ին Օդեսայում թիրախավորվել էր Մոլդովայի սահմանին գտնվող Տաբակի անցակետը։

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են, որ ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Զանգվածային հարվածների է ենթարկվել Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը, 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական երեխա։ Հարվածի տակ են հայտնվել բարձրահարկ շենքեր և ենթակառուցվածքի օբյեկտ։

Կիևում անօդաչու թռչող սարքի հարվածից 16-հարկանի բնակելի շենք է վնասվել: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մեկ վիրավորի մասին։


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ


Հայաստան


Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի,  «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

Մասնավորապես՝

1. Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:

2. Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:

3. Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Tesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը


Գիտություն


Tesla-ն բարձրացրել է Միացյալ Նահանգներում իր Cybertruck պիկապների որոշ մոդելների գները։

Ընկերությունը երկու շարժիչով և պրեմիում լիաքարշակ տարբերակով Cybertruck-ի գինը բարձրացրել է 5,000 դոլարով՝ հասցնելով համապատասխանաբար 74,990 և 84,990 դոլարի։



23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեում


Աշխարհ


Այս տարի Ուկրաինայի պաշտպանական բյուջեում 23 միլիարդ եվրոյի ճեղքվածք է առաջացել, ինչը Կիևին ստիպում է շտապ ֆինանսական միջոցներ փնտրել. գրում է Politico-ն։

Գումարն անհրաժեշտ է նույնիսկ ոչ միայն զենքի և հակաօդային պաշտպանության, այլև զինվորներին վճարելու, զոհվածների ընտանիքներին աջակցելու և Ուկրաինային 2027 թվականը սկսելու համար անհրաժեշտ պաշարներով ապահովելու համար։

«Մենք ձեզ չենք խնդրում կռվել մեր փոխարեն։ Տվեք Ուկրաինային ամեն ինչ այս պատերազմը կանգնեցնելու համար, կանգնեցնելու ավելի արագ, քան Պուտինը կկարողանա սկսել հաջորդը»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ֆինանսական պակասորդն առաջացել է այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարությունը առաջ է քաշել ի սկզբանե տարվա երկրորդ կեսի համար նախատեսված ծախսերը, մինչդեռ ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկը հապաղել է Հունգարիայի հարուցած խոչընդոտների պատճառով։

Այս պակասորդն ավելանում է այն 30 միլիարդ եվրոյին, որը Եվրոպան արդեն խոստացել է Ուկրաինային այս տարի՝ 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակներում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի օրը Կիևում էր՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և հյուսիսային ու բալթյան այլ առաջնորդներ նույնպես անձամբ մասնակցել են միջոցառմանը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միացել են հեռավար։

«Ուկրաինացի ժողովուրդն արժանի է ոչ միայն շարունակական աջակցության, այլև մեր երախտագիտությանը… Ես վճռականորեն տրամադրված եմ, որ մենք կամավորների կոալիցիան կաշխատենք միասին՝ ձեզ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար»,- հայտարարության մեջ նշել է Բըրնհեմը։



Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին

Խնդրում եմ անչափահաս երեխաներին անընդհատ մեջ չբերել: Եթե երեխաների հետ կապված ինչ-որ միջադեպ կամ դրվագ եղել է, ասեք՝ այդ դրվագն առանձին քննարկենք, բայց Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, էս Ազգային ժողովի շենքից մեծ է: Հազար ներողություն, որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխաները, ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ նույն տան մեջ: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն իրականացնելիս նրա երեք անչափահաս երեխաները տանն են եղել:

Ալեքսանյանը հորդորեց ամեն անգամ երեխաների հանգամանքը չշահարկել:

«Խնդրում եմ ամեն անգամ երեխաներին մեջ մի բերեք: երեխաները բոլորը երեխաներ են, Աստված թող առողջություն տա: Բոլոր երեխաները պետք է զերծ մնան ցանկացած բացասական բանից, բայց ՀՀ քաղաքացին ինչո՞վ է մեղավոր: Մարդիկ 2004 թվականին 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8,3 հա հողամաս Երևանի Աճառյան փողոցում»,- ասաց նա՝ կարդալով գործի դրվագը:

Նրա խոսքով՝ Ավանում երբեք 44 միլիոն դրամ չի արժեցել 8,3 հեկտարը:

«Խնդրում եմ, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորել: Ինչով է մեղավոր եղել ՀՀ քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ վրեժ են լուծել ՀՀ քաղաքացուց: Էդ իրենք են վրեժ լուծել, ինձ համար դեռ անհասկանալի է՝ ինչի: Բա Լևոն Քոչարյան, ինչի՞ չէիր գնում ասում՝ հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյան, էդ ոնց է լինում, որ Երևանում 44 միլիոնով 8,3  հա հողատարածք է ծախվում, հետո այդ ընկերության 50 տոկոսը նվիրաբերվում է իմ ավագ եղբորը»,- ասաց Ալեքսանյանը: 

Նրա խոսքով՝ այդ ամենը պետք է ստանա պատասխան: «Ես ասում եմ՝ իմ դժգոհությունն այն է, որ էս ամեն ինչը հիմա է տեղի ունենում և ոչ՝ երեկ, ոչ՝ երեկ չէ առաջին օրը»,- հավելեց ԱԺ նախագահի տեղակալը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ էին ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Գործի դրվագներից մեկի համաձայն՝ Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին


Հայաստան


ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:



«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանը


Հայաստան


«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմը չորրորդ շաբաթավերջն անընդմեջ գլխավորել է Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթի ցուցակը և բարձրացել ԱՄՆ-ի ու Կանադայի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի երրորդ հորիզոնական։ Զենդայայի և Թոմ Հոլանդի մասնակցությամբ ֆիլմը վերջին շաբաթավերջին Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 39 մլն դոլար։ ԱՄՆ-ում և Կանադայում ընդհանուր հավաքածուն հասել է 855 մլն դոլարի։

Այս ցուցանիշով ֆիլմը զիջում է միայն «Վրիժառուները․ Վերջնախաղ»-ին՝ 858 մլն դոլար, և «Աստղային պատերազմներ․ Ուժի զարթոնքը»-ին՝ 936 մլն դոլար։ Ամբողջ աշխարհում «Սարդ-մարդը․ Նոր օր»-ի եկամուտն արդեն հասել է 2,2 մլրդ դոլարի։ Ավելի մեծ արդյունք ունեն միայն «Ավատար»-ը՝ 2,9 մլրդ դոլար, և «Վրիժառուները»։ Հյուսիսամերիկյան կինովարձույթի երկրորդ հորիզոնականում «Աստրալ 6․ Նրանք արդեն այստեղ են» սարսափ ֆիլմն է՝ 25,3 մլն դոլար դեբյուտային շաբաթավերջում։