Դատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում


Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, մի շարք անձանց հետ հանցակցությամբ և առաջնորդվելով անձնական ու մասնավոր շահերով, պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող` առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու, ինչպես նաև այդ գույքի հանցավոր ծագումը քողարկելու և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով:

Մասնավորապես.

Ռ.Ք.-ն և Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ա.Ո.-ն նախապես համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ պետական պաշտոնյաների ներգրավմամբ կազմակերպված գործընթացների միջոցով պետությանը պատկանող մի շարք արժեքավոր անշարժ գույքեր ձեռք բերեն շուկայականից զգալիորեն ցածր գնով և առանց մրցակցային ընթացակարգերի։

Այսպես.

1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ն, մտերիմ հարաբերություններ է ունեցել Ա.Ո.-ի հետ, որը զբաղեցրել է Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը և ղեկավարել է շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն։
Ձևական գործարքների կատարումն ապահովելու համար, փոխկապակցված և փոխլրացնող հանցավոր գործողությունների շղթայում ներգրավվել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդին՝ Ս.Ք.-ն, Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ա.Ո.-ի կինը՝ Գ.Ո.-ն, ինչպես նաև Ա.Ո.-ի և Գ.Ո.-ի դուստրերը՝ Հ.Ո.-ն և Վ.Ո.-ն։

Հանցավոր սխեմայի իրականացման շրջանակներում՝ Երևանի նախկին քաղաքապետ Ռ.Ն.-ն, մի շարք օրենքների խախտմամբ, Կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հողամասերն առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին» որոշման նախագիծը, որով թույլատրվել է Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 4 հա և Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասերը հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի ու Ա.Ո.-ի հետ փոխկապակցված «ՍԱՄՎԵԼ-10» ՍՊ ընկերությանը։ Նշված որոշումը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունվել է Կառավարության կողմից և նույն օրը վավերացվել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի կողմից: Երևանի քաղաքապետարանի և «Սամվել-10» ՍՊ ընկերության տնօրեն Մ.Հ.-ի միջև կնքվել է հողի վարձակալության երկու պայմանագիր, որոնցում ձեռագիր ավելացվել է 29-րդ կետ՝ վարձակալին հողի ուղղակի գնման նախապատվության իրավունք տալու մասին։

2001 թվականի նոյեմբերի 12-ին Ա.Ո.-ի դստեր՝ Վ.Ո.-ի անվամբ հիմնադրվել է «Ֆաստ Քարտ» ՍՊ ընկերությունը: Թեև «Սամվել-10» ՍՊ ընկերության հետ նշված անշարժ գույքերի վարձակալության պայմանագիրը կնքված է եղել հիսուն տարի ժամկետով, գույքը վարձակալությամբ տրամադրելուց շուրջ մեկ ամիս անց՝ 2001 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի կողմից կայացվել է մեկ այլ որոշում՝ «Սամվել-10» ՍՊ ընկերությանը Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցներին հարող տարածքում գտնվող 4 հա, ինչպես նաև Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով՝ կադաստրային արժեքի գնի չափով, այն է՝ ընդհանուր 53 միլիոն 414 հազար դրամով օտարելու մասին։

Այս որոշման հիման վրա, հիմք ընդունելով լուծված վարձակալության պայմանագրից բխող գնման նախապատվության իրավունքը՝ «Սամվել-10» ՍՊ ընկերության հետ որոշմամբ սահմանված արժեքներով կնքվել է հողամասերի օտարման պայմանագիր. առևտրային կազմակերպության սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում։

2001 թվականի դեկտեմբերի 11-ին Ա.Ո.-ի դստեր անվամբ հիմնադրված «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերության և «Սամվել-10» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի ձևական պայմանագիր: Հողամասի վաճառքի գին նշվել է 13 միլիոն 800 հազար դրամ, որը Երևանի քաղաքապետարանից նույն գույքը ձեռք բերելու արժեքը գերազանցել է ընդամենը 15 հազար 200 դրամով։

Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողակտորի ձեռքբերման համար նույն օրը՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին, «Սամվել-10» ՍՊ ընկերության և Ա.Ո.-ին և Ա.Ո.-ի կնոջը պատկանող «Այգեձոր» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի ձևական պայմանագիր, որով վերջինս 39 միլիոն 630 հազար դրամով «Սամվել-10» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողատարածքը: Հողամասի վաճառքի գինը նույնն է, ինչ Երևանի քաղաքապետարանից նույն գույքի ձեռքբերման արժեքը:

Այսպիսով, վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը, սահմանված կարգի խախտմամբ, առանց հրապարակային սակարկությունների, նախ տրամադրվել են վարձակալության իրավունքով՝ ապահովելով դրանց գնման նախապատվության իրավունքը, այնուհետև ուղղակի վաճառքով օտարվել են Ռ.Ք.-ի և Ա.Ո.-ի հետ փոխկապակցված ընկերություններին:

2003 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի կողմից «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարվել է Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքում գտնվող ևս 3,94 հա մակերեսով հողամաս՝ 13 միլիոն 578 հազար 28 դրամով:

Կատարված գործարքների վերջնարդյունքում, ապօրինի կերպով ՀՀ սեփականության ֆոնդից դուրս բերված՝ Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 7,94 հա հողատարածքի նկատմամբ 27 միլիոն դրամի դիմաց սեփականության իրավունք ստացած «Ֆաստ քարթ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2004 թվականի նոյեմբերի 15-ին նվիրատվությամբ փոխանցվել է Ռ.Ք.-ի որդուն՝ Ս.Ք-ին:

2008 թվականի մարտի 28-ին Երևանի քաղաքապետարանի և «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի օտարման պայմանագիր, համաձայն որի՝ «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերությանն Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքում օտարվել է ևս 3822,5 քմ մակերեսով հողամաս՝ 17 միլիոն 292 հազար 990 դրամով. Արդյունքում, օտարված հողատարածքների ընդհանուր չափը կազմել է 8,3218.5 հա:

Հանցավոր ճանապարհով ստացված մյուս՝ Երևան քաղաքի Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2004 թվականի մարտի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ.-ի կողմից կայացվել է հողամասի փոխանակման մասին որոշում, համաձայն որի՝ «Այգեձոր» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա մակերեսով հողամասը փոխանակվել է տվյալ տարածքում գտնվող՝ պետության սեփականություն հանդիսացող նույն մակերեսով հողամասի հետ։ Այնուհետև, 2 հա մակերեսով հողամասը բաժանվել է 4 առանձին մասերի, որոնց տրվել են առանձին սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ։ 2018 թվականի մարտի 13-ին «Այգեձոր» ՍՊ ընկերության անվամբ գրանցված Երևան քաղաքի Անտառային 186/7 հասցեում գտնվող՝ 0,733 հա մակերեսով և Անտառային 186/8 հասցեում գտնվող, 0,200 հա մակերեսով հողամասերն ընդհանուր 313 միլիոն 431 հազար դրամով օտարվել են «Գարդն Ռեզիդենս» ՍՊ ընկերությանը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի Անտառային 186/6 հասցեում գտնվող՝ 0,763 հա մակերեսով և Անտառային 186/5 հասցեում գտնվող՝ 0,304 հա մակերեսով հողամասերը՝ ընդհանուր 1 միլիարդ 428 միլիոն 500 հազար դրամով օտարվել են օտարերկրյա քաղաքացուն։

Ռ.Ք.-ն, շարունակելով Ա.Ո.-ի հետ հանցավոր գործունեությունը, այլ անձանց հետ հանցակցությամբ, իրենց հետ փոխկապակցված ընկերության միջոցով իրավունք են ձեռք բերել Երևան քաղաքի Պարոնյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։

Այսպես.

2. 1999 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Ա.Բ.-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքը, որպես սեփականություն, տրվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության «Եռասպասարկում» ՊՓԲ ընկերությանը: Շրջանցելով պետական գույքը մրցույթի միջոցով մասնավորեցնելու ձևը՝ 2001 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի՝ «Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության գույքի կազմից հանվել է Երևան քաղաքի Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքը և, որպես պետական սեփականություն, հանձնվել է Կառավարության աշխատակազմին: Նույն որոշմամբ թույլատրվել է Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքը 54 հազար դրամով և 40 միլիոն դրամ պարտավորությունների մարման դիմաց վաճառել Ա.Ո.-ի հետ փոխկապակցված «ՍԱՄՎԵԼ-10» ՍՊ ընկերությանը։ Ռ.Ք.-ն վավերացրել է Կառավարության վերոնշյալ որոշումը։

2001 թվականի նոյեմբերի 9-ին կնքված գործարքով ձեռք բերելով Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքը՝ «Սամվել-10» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Հ.-ն շուրջ մեկ ամիս անց՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին ձևական գործարքով՝ ձեռքբերման արժեքից 54 հազար դրամ էժան գնով՝ 40 միլիոն դրամով, այն օտարել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի հետ փոխկապակցված, Ա.Ո.-ի և նրա կնոջ կողմից հիմնադրված «Այգեձոր» ՍՊ ընկերությանը:

Ընդ որում, ինչպես Պարոնյան 8 հասցեում, այնպես էլ «Սամվել-10» ՍՊ ընկերության անվամբ ձևակերպված Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող հատվածում և Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող անշարժ գույքերը բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված «Այգեձոր» ՍՊ ընկերությանը և «Ֆաստ քարթ» ՍՊ ընկերությանը փոխանցվել են նույն օրը՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին։

Հետագայում, «Այգեձոր» ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն 1 միլիոն 726 հազար 780 դրամի դիմաց գնել է Պարոնյան 8 հասցեում գտնվող 668 քմ մակերեսով հողատարածքը, որտեղ կառուցել է 10 հարկանի շինություն: 2006 թվականին Պարոնյան 8 շենքի՝ 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 1, 3, 4, 5, 6, 7 հասարակական օգտագործման 600 քմ տարածքները և 2 ավտոկայանատեղիները շուկայական արժեքից 232 միլիոն 433 հազար 500 դրամ պակաս գնով՝ 99 միլիոն 365 հազար դրամով, ձևական առուվաճառքի գործարքի հիման վրա ձևակերպվել են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անվամբ:

Շարունակելով հանցավոր մտադրության իրագործումը՝ Ռ.Ք.-ն և նրան փոխկապակցված Ա.Ո.-ն շուկայականից ցածր գնով և առանց խոչընդոտների իրենց և ընտանիքի անդամների, փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձեռք են բերել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերությունը։

Այսպես.

Պետական գույքի կառավարման վարչության կողմից 2002 թվականի նոյեմբերի 8-ին անցկացվել է մրցույթ «Կապուտակ Սևան» առողջարանային համալիրն օտարելու վերաբերյալ։ Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Ա.Ո.-ի դստեր՝ Հ.Ո.-ի կողմից 2001 թվականի նոյեմբերի 20-ին հիմնադրված «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությունը և մեկ այլ՝ «Արսօյլ» համատեղ ձեռնարկություն ՓԲ ընկերությունը։ «Արսօյլ» ընկերությունն առաջարկել է բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարել 80 միլիոն դրամ՝ հետագայում 250 միլիոն դրամ ներդրումներ իրականացնելու պայմանով: Իսկ «Արթ բիլդ» ՍՊ ընկերությունն առաջարկել է բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարել 83 միլիոն 669 հազար դրամ՝ հետագայում 200 միլիոն դրամ ներդրումներ իրականացնելու պայմանով։ Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել «Արթ բիլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի փաթեթի մասնավորեցման մրցույթի հաղթող:
2003 թվականի փետրվարի 27-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Դ.Վ.-ն գրությամբ հայտնել է «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը, որ 2002 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում կայացած՝ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության մրցույթով մասնավորեցման արդյունքների արձանագրության համաձայն հաղթող ճանաչված «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է մրցույթի արձանագրությունը ստանալուց 60 օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր, սակայն մրցույթից երեք ամիս անց այդպիսի պայմանագիր չի կնքվել: Կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի որոշմամբ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված գույքից NN 1 և 2 քոթեջները համապատասխան մեքենասարքավորմամբ և արտադրատնտեսական գույքով, ինչպես նաև հացատունն ուղղակի վաճառքով՝ 3,5 միլիոն դրամով մասնավորեցվել է նախօրոք հայտնի գնորդ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը:      

2003 թվականի դեկտեմբերի 2-ին «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը միացվել է «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերությունը և միացման արդյունքում՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանն են անցել «Կապուտակ Սևան» առողջարան» դուստր ձեռնարկության անունով ձևակերպված անշարժ գույքերը:

2004 թվականի մարտի 31-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ․Կ.-ն «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը հայտնել է, որ Պետական գույքի կառավարման վարչությունում ՍՊ ընկերության կողմից պարտավորությունների կատարումը հավաստող տեղեկություններ չեն ստացվել, պահանջել է ներկայացնել դրանք և ծանուցել, որ հակառակ դեպքում պայմանագիրը դատական կարգով կլուծվի: 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ․Կ.-ն, չստանալով «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթեր, գրությամբ տեղեկացրել է, որ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության ստանձնած պարտավորությունները համարվել են կատարված:

Նշենք, որ Սոցիալական ապահովության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կենտրոնին ներկայացված հաշվետվությամբ՝ «Արթ բիլդ» ՍՊ ընկերությունը 2003-2005 թվականների ընթացքում ունեցել է ընդհանուր 37 աշխատակից, մինչդեռ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման համար նշված ընկերությունն առաջարկել էր 2003 թվականին ստեղծել 48 աշխատատեղ, 2004 թվականին՝ 60 աշխատատեղ, իսկ 2005 թվականին՝ 76 աշխատատեղ: Արդյունքում՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները կատարված չլինելու պայմաններում՝ գույքի նկատմամբ գրանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված իրավաբանական ընկերության իրավունքը:

2005 թվականի սեպտեմբերի 15-ին Հ.Ո.-ն «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը նվիրել է մորը՝ Գ.Ո.-ին՝ «Այգեձոր» ՍՊ ընկերության համահիմնադրին:

Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, ինչպես նաև գործարքին Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անմիջական մասնակցությունը քողարկելու նպատակով՝ իրավասու պետական մարմնի կողմից գործարք է կնքվել Ռ.Ք.-ի և Ս.Ք.-ի հետ փոխկապակցված՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության հետ, որից հետո՝ 2010 թվականի հունվարի 15-ին, Գ.Ո.-ի և Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի միջև կնքվել է բաժնեմասերի օտարման ձևական պայմանագիր, որով «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության 50% բաժնեմասը գրանցվել է Ս.Ք.-ի անվամբ։

1998-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ն, նպատակ ունենալով իր որդու անվամբ ձեռք բերել օտարման ոչ ենթակա՝ «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա առկա 1705 քմ մակերեսով շինությունը, ապահովել է, որ իր ենթակայությամբ գործող պաշտոնատար անձինք պատրաստեն Կառավարության որոշման նախագիծ, որով նշված գույքն ուղղակի վաճառքով, անհամաչափ հատուցմամբ՝ 12 միլիոն 267 հազար դրամով, օտարվել է Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի հետ փոխկապակցված «Կինետիկ» ՍՊ ընկերությանը:

Այսպես.

4. Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ի ներկայացրած նախագծի հիման վրա, համաձայն որի՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 1705 քմ մակերեսով վարչական շենքն ունի վնասվածության 3-րդ աստիճան, Կառավարությունը 2004 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից վերցրել է 29033 քմ մակերեսով հողատարածքը, 1705 քմ մակերեսով վարչական շենքն իր ավտոտնակներով, 19 կառուցվածք և փոխանցվող հարմարանք, 30 մեքենա և սարքավորում, 22 արտադրական-տնտեսական գույք: Որոշմամբ թույլատրվել է Պետական գույքի կառավարման վարչությանը 192 միլիոն 450 հազար 390 դրամ կադաստրային արժեքով գույքն անհամարժեք հատուցմամբ՝ 12 միլիոն 267 հազար դրամով, ուղղակի վաճառքով, օտարել հավանական գնորդ «Կինետիկ» ՍՊ ընկերությանը:

Ռ.Ք.-ն 2004 թվականի դեկտեմբերի 18-ին վավերացրել է Կառավարության վերոնշյալ որոշումը:

2005 թվականի հունվարի 24-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ի և «Կինետիկ» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Ս.-ի միջև կնքվել է պետական գույքի օտարման պայմանագիր:

2005 թվականի փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետ Եր.Զ.-ի և «Կինետիկ» ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Կինետիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ փոխանցվել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքը: 2006 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս.Դ.-ն «Կինետիկ» ՍՊ ընկերությանը հայտնել է, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքից 26978 քմ մակերեսով հողատարածքն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և կարող է օտարվել, իսկ 2055 քմ մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ենթակա չէ օտարման: 2006 թվականի հունիսի 28-ին գրանցվել է «Կինետիկ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքից 26978 քմ-ի նկատմամբ՝ պայմանով, որ հողի կադաստրային արժեքը ենթակա է վճարման:

2006 թվականի հուլիսի 28-ին բանկի և «Հերմես» ՍՊ ընկերության միջև կնքվել է գլխավոր վարկային պայմանագիր և «Հերմես» ՍՊ ընկերությանը տրամադրվել է 420 միլիոն դրամ վարկ, իսկ որպես վարկային պարտավորությունների երաշխիք՝ բանկում գրավադրվել է «Կինետիկ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ 1 միլիարդ 100 միլիոն գնահատված Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող գույքը:

Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը և գործարքին Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անմիջական մասնակցությունը քողարկելու նպատակով՝ իրավասու պետական մարմնի կողմից գործարք է կնքվել Ռ.Ք.-ի և Ս.Ք.-ի հետ փոխկապակցված «Կինետիկ» ՍՊ ընկերության հետ, որի արդյունքում կատարվել է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում, ինչից հետո Ս.Ք.-ն հանդես է եկել որպես նշված կազմակերպության իրական շահառու, իսկ 2009 թվականի հուլիսի 16-ին «Կինետիկ» ՍՊ ընկերության 50% բաժնեմասը գրանցվել է Ս.Ք.-ի կողմից հիմնադրված «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերության անվամբ:

1998-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու նպատակով, համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում Ռ.Ք.-ից ծառայողական կախվածության մեջ գտնվող մի շարք պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 20 (ներկայում՝ Վ.Սարգսյան 10) հասցեում գտնվող՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացած «Սպայի տուն» շենքի զբաղեցրած տարածքը և Երևան քաղաքի Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով, օտարվել է «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությանը:

Այսպես.

5.    2005 թվականի ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Ռ.Ք.-ի ենթակայությամբ գործող ՀՀ պաշտպանության նախարար Ս.Ս.-ն «Ինգեոկոմ-Երևան» ՓԲ ընկերության հետ կնքել է անշարժ գույքի օտարման պայմանագիր, որով «Ջրվեժ» թաղամասում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերի համալիրի նախագծման և շինարարության իրականացման դիմաց, որպես այդ աշխատանքների մասնակի հատուցում, «Ինգեոկոմ-Երևան» ՓԲ ընկերությանն ի թիվս այլնի փոխանցվել է նաև Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Նալբանդյան 16 հասցեի 2812 քմ մակերեսով անավարտ շինությունը և Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող «Սպայի տան» հուշարձան-շենքը՝ 2777,6 քմ մակերեսով: 2005 թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավար Գ.Բ.-ն, առանց պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական լիազորված մարմնի եզրակացության, ապօրինի տրամադրել է քանդման թույլտվություն, որի հիման վրա՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ին Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված՝ Երևան քաղաքի Վ.Սարգսյան 20 հասցեում գտնվող «Սպայի տուն» շենքը քանդվել է: Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձինք «Ինգեոկոմ-Երևան» ՓԲ ընկերության կողմից պատմամշակութային հուշարձանի շենք-շինությունները ապօրինի քանդելուց հետո, Կառավարությանն են ներկայացրել ՓԲ ընկերության հետ համաձայնեցված առաջարկություն, որի քննարկման արդյունքում Կառավարությունը 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշումը և ՀՀ պաշտպանության նախարարին թույլատրել է «Ինգեոկոմ-Երևան» ՓԲ ընկերությունից՝ որպես պետական սեփականություն, հետ ընդունել քանդված պատմամշակութային հուշարձանի տարածքը:

2007 թվականի հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը հողամասի առուվաճառքի պայմանագրով, խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ նախատեսված պահանջները, Երևան քաղաքի Նալբանդյան 16 հասցեում և Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող հողամասերն օտարել է «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությանը:

Արդյունքում՝ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց իշխանական լիազորությունները ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության պահանջները, ապօրինի կերպով տվել են հուշարձան-շենքը քանդելու թույլտվություն, այնուհետև պատմամշակութային հուշարձանի՝ նախկինում զբաղեցրած Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող հողատարածքը և Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը դուրս են բերել ՀՀ սեփականության ֆոնդից և ներառել «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերության ֆոնդ, ինչի դիմաց նշված ընկերությունը, նշված հասցեում իրականացված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, փաստացի Ռ.Ք.-ին է փոխանցել նշված շենքում գտնվող 56 անշարժ գույք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար 832 դրամ:

Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելիությունը քողարկելու, գույքի ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով՝ «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությունից անշարժ գույքի ձեռքբերումը կատարվել է ձևական գործարքների միջոցով, որոնց կողմ են հանդիսացել Ռ.Ք.-ի անդամներն ու նրանց հետ փոխկապակցված իրավաբանական անձինք: Որպես անշարժ գույքի գին նշվել է 2 միլիարդ 90 միլիոն 940 հազար դրամը, այն դեպքում, երբ գործարքների կնքման պահին գույքի շուկայական արժեքը ավելի քան 542 միլիոն 994 հազար 654 դրամով գերազանցել է պայմանագրերում նշված գույքի արժեքը։

Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականների ընթացքում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, կաշառք տվողի օգտին պաշտոնեական դիրքն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք. որդու՝ Ս.Ք.-ի անվամբ է ձևակերպվել առևտրային կազմակերպության 30 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Այսպես.

6.   1998-2008 թվականների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ի հետ փոխկապակցված անձ, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով՝ 2006 թվականի մայիսի 9-ին հիմնադրվել է «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունը: «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և գործունեության համար ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերը շուկայական արժեքից էժան ձեռք բերելու համար Ս.Մ.-ի կողմից ՀՀ նախագահ Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անվամբ՝ որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք, գրանցվել է նշված ընկերության 30% բաժնեմասը: Դրա դիմաց` Ռ.Ք.-ն ապահովել է, որ իր ենթակայությամբ գործող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն, լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համաձայնություն տա Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 645 միլիոն 920 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 119 միլիոն 400 հազար դրամով օտարվի Ա.Ա.-ին։ Մի շարք գործարքների արդյունքում՝ վերոնշյալ անշարժ գույքը 180 միլիոն դրամով վաճառվել է «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերությանը: Այնուհետև, Ռ.Ք.-ն ապահովել է, որ իր ենթակայությամբ գործող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Մ.Մ.-ն 2007 թվականի նոյեմբերի 8-ին «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության հետ կնքված 9816 քմ մակերեսով, 747 միլիոն 950 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը 196 միլիոն 320 հազար դրամով ուղղակի վաճառքով օտարվի «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությանը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս Արաղչի


Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին «Էթելաաթ» օրաթերթում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Իրանի ու Չինաստանի համագործակցությանը։

Իրանի և Չինաստանի հարաբերությունների արմատները, ըստ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի, հասնում են հին քաղաքակրթությունների և Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջան։ Երկու երկրները դարերի ընթացքում պահպանել են իրենց կապերը՝ չնայած քաղաքական փոփոխություններին և արտաքին ճնշումներին։

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, անդրադառնալով Իրանի և Չինաստանի հարաբերությունների 55-ամյակին, ընդգծում է, որ երկու երկրների կապերը հասել են նոր՝ ռազմավարական փուլի։

«Այս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները և հասել նոր, դինամիկ ու ճակատագրական նշանակություն ունեցող փուլի՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»։

Արաղչիի խոսքով՝ վերջին տարիներին, հատկապես Արևմուտքի ճնշումների և պատժամիջոցների պայմաններում, Թեհրանի և Պեկինի հարաբերություններն ավելի խոր և համակողմանի բնույթ են ստացել։ Նա Չինաստանին անվանում է Իրանի գլխավոր տնտեսական գործընկեր։

Միաժամանակ, Իրանի և Չինաստանի համագործակցության առանցքային ուղղություններից մեկը միջազգային համակարգի փոփոխությունն է․ «Միակողմանիության դեմ դիմադրությունը դարձել է Իրանի և Չինաստանի ռազմավարական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը»։

Արաղչին կոշտ քննադատության է ենթարկում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես միջազգային իրավունքի խախտումներ. «Այս թշնամական գործողությունները, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի բացահայտ խախտումներ են, վտանգել են համաշխարհային կայունությունը»։

Նա ընդգծում է նաև այն վտանգը, որ միջազգային հարաբերությունները կարող են վերադառնալ ուժի գերակայության տրամաբանությանը. «Չինացի մեր բարեկամները տարբեր առիթներով իրավացիորեն նախազգուշացրել են «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի մասին»։

Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը կարևորում է Իրանի և Չինաստանի համատեղ գործողությունների անհրաժեշտությունը․ «Խաղաղասեր երկրների, այդ թվում՝ Իրանի և Չինաստանի համար անհրաժեշտ է, որպեսզի խաղաղության և համընդհանուր անվտանգության պաշտպանության նպատակով իրենց ընդհանուր կամքն արտահայտեն արդյունավետ և գործնական նախաձեռնությունների ու ծրագրերի միջոցով»։

Արաղչին առանձնահատուկ կարևորություն է տալիս նաև ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ դրանք դիտարկելով որպես միջազգային համակարգի վերափոխման գործիքներ. «Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը արդյունավետ գործիքներ են ուժի մենաշնորհը կոտրելու և միջազգային համակարգն ավելի արդար կառուցվածքի ուղղությամբ տանելու համար»։

Տարածաշրջանային մակարդակում նա դրական է գնահատում Չինաստանի դերը Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնման գործում և նշում, որ Թեհրանը պատրաստ է Պեկինի հետ ընդլայնել ռազմավարական համագործակցությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ շարունակական համատեղ ջանքերի և ռազմավարական փոխգործակցության ընդլայնման միջոցով ավելի կարևոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայունության, տնտեսական բարգավաճման և հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։ Ըստ նրա. «Իրանն ու Չինաստանը միմյանց համար դժվար ժամանակների բարեկամներ են եղել»։

Իսկ երկու երկրների համագործակցության ապագան Արաղչին կապում է ընդհանուր քաղաքական կամքի հետ՝ մեջբերելով չինական ասացվածք․ «Միասնական կամքը ստեղծում է ամուր և անթափանցելի ամրոց»։

Արաղչին շեշտում է, որ Իրանի և Չինաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական և տնտեսական համագործակցությամբ․ «Իրանի և Չինաստանի կապերը, քաղաքական և տնտեսական համաձայնություններից անդին, արմատավորված են երկու ժողովուրդների քաղաքակրթական խորքային ընդհանրությունների և պատմական ընդհանուր ժառանգության մեջ»։


Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Հայաստան


Օգոստոսի 25-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 
Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ը երեկոյան ժամերին, 29-30-ը՝ գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։
 
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
 
Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։



Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում

Նրա գործընկերը՝ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ դեռ խուզարկությունը շարունակվում է։

Այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։

Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան


Հայաստան


Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Դիտելով Հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութը՝ հասկանում ես, որ նոր պետություն էինք, որի իշխանությունը զավթել էին, գիտեին՝ հավերժ է լինելու, ու գռփել են ոնց ասես։ Չէին մտածում, որ գալու են այսպիսի օրեր։ Իրականում չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ։ Իշխանական լծակների ամենազորությունը կուրացրել էր, ու պետությունը դուքյան էին ընկալում»։



Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտում


Բիզնես


Մեծ Բրիտանիան դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որը հասանելիություն է ստացել ուկրաինական Avengers AI Labs ռազմական հարթակի տվյալների բազային, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Փոխարենը Լոնդոնը Կիեւին կտրամադրի տվյալների հետ աշխատելու տեխնոլոգիաներ եւ մասնագետներ։ Կողմերը մտադիր են դրանք օգտագործել արհեստական բանականության մոդելներ ուսուցանելու եւ նոր ռազմական համակարգեր մշակելու համար։

Avengers AI Labs-ի տվյալները ստացվում են հազարավոր տեսախցիկներից եւ ինֆրակարմիր սենսորներից։ Համակարգը գրանցում է տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ, հետեւակ եւ օդային թիրախներ, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր եւ հետախուզական դրոններ։ Հարթակի հիմքում ընկած է մարտադաշտում հավաքված հինգ միլիոն կադրերից կազմված՝ նշագրված տվյալների բազան։



ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ


Աշխարհ


ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարվածները։

Ուկրաինայի անկախության 35-րդ տարեդարձին եւ ռուս- ուկրաինական պատերազմի սկսվելու 4,5 տարիներին նվիրված հայտարարությանը միացած երկրներն ընդգծել են միջազգային ճանաչված սահմաններում Կիեւի ինքնիշխանության նկատմամբ իրենց հավատարմությունը։

«Կոմերսանտ»- ը հատուկ նշում է, որ հայտարարությանը չի միացել ԱՄՆ- ը։ Այն ստորագրել են եվրոպական երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հունգարիան եւ Սլովակիան, Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Վրաստանը եւ այլ երկրներ։ Երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաեւ պահանջել վերադարձնել բոլոր արտաքսված անձանց եւ ռազմագերիներին։



Մամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները


Հայաստան


Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Բանախոսներ՝
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյան։

Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյան,

Կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող և իրականացվող միջոցառումները։

Զանգվածային լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու:
Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63 հեռախոսահամարով։



Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ


Հայաստան


Օգոստոսի 24-ին՝ ժամը 19։06-ին, 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 2000 մ հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով չեն կարողանում վերադառնալ ափ։
 
ՆԳՆ-ից հայտնում են՝ փրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակը մոտեցրել են ափ։



Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց


Գիտություն


Սյունիքի մարզի Կապան քաղաքում WWF-Հայաստանը կազմակերպեց SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց, որը համախմբեց Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ներկայացուցիչներին։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների տեխնիկական կարողությունները SMART գործիքի արդյունավետ կիրառման ուղղությամբ։ 

Էկոպարեկային ծառայությունից հայտնում են՝ դասընթացը համատեղեց տեսական և գործնական ուսուցումը։ Մասնակիցները աշխատեցին SMART ծրագրային ապահովման և SMART Mobile գործիքի հետ, սովորեցին ստեղծել և կառավարել բնապահպանական տարածքների տվյալների բազաներ, կարգավորել տվյալների մոդելներ, պլանավորել պարեկություններ, աշխատել քարտեզների և GIS գործիքների հետ, իրականացնել դաշտային տվյալների հավաքագրում, ինչպես նաև վերլուծել տվյալներն ու պատրաստել հաշվետվություններ SMART համակարգում։ 
 
Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը դաշտային վարժություններն էին, որոնց ընթացքում մասնակիցները գործնականում կիրառեցին SMART Mobile-ը՝ տվյալների հավաքագրման, ներմուծման և մշակման ամբողջական աշխատանքային հոսքը փորձարկելով իրական պայմաններում։ 
 
Դասընթացը վարեցին WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների տեխնոլոգիական գլոբալ պատասխանատու Ալեքսանդր Ուայաթը, WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների կառավարում և տեխնոլոգիաներ ծրագրի պատասխանատու Էլենա Լեվորատոն և WWF-Հայաստանի SMART-ի գծով մասնագետ Մարգարիտա Մանվելյանը։ 

Դասընթացն ավարտվեց SMART գործիքի ներդրման ընթացքում առաջացող մարտահրավերների, կառավարման աշխատանքային գործընթացների, տեղանքին բնորոշ կարիքների և Սյունիքի մարզում SMART-ի փորձնական ներդրման հաջորդ քայլերի քննարկմամբ։
 
Ծրագրի շրջանակում Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությանը տրամադրվեց 11, իսկ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին՝ 4 պլանշետ։ Առաջիկա ամիսների ընթացքում ծրագիրը կշարունակի աջակցել նշված կառույցներին անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստումներով՝ մինչև SMART գործիքն ամբողջությամբ գործարկվի Սյունիքի մարզում։