ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհուրդ» միջազգային կազմակերպության (International Council for Traditions of Music and Dance / ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի միջազգային սիմպոզիումը։ 

ICTMD-ն էթնոերաժշտագիտության ոլորտի առաջատար միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում և որի գործունեությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 120 երկիր։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ին (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-ին հարկ, նիստերի դահլիճ)։ Սիմպոզիումն իր աշխատանքները կշարունակի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և կտևի մինչև սեպտեմբերի 12-ը։ 

Սիմպոզիումը գիտությունը կծառայեցնի մարդասիրությանն ու ազգային շահերին՝ երաժշտության միջոցով բարձրացնելով մարդու իրավունքների, մշակութային ինքնության պաշտպանության և պատմական արդարության հարցերը: Կքննարկվեն էթնիկ, մշակութային ու լեզվական փոքրամասնությունների երաժշտական ավանդույթների պահպանման հարցեր: 

Սիմպոզիումի աշխատանքներին կմասնակցի շուրջ 90 վաստակաշատ գիտնական և երիտասարդ հետազոտող աշխարհի 33 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Խորվաթիայից, Կանադայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նոր Զելանդիայից, Չեխիայից, Չինաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից՝ ներկայացնելով շուրջ 65 հեղինակավոր համալսարան ու գիտական հաստատություն։ 

Սիմպոզիումի կազմակերպիչներն են ICTMD-ը, ՀՀ ԳԱԱ-ն և Արվեստի ինստիտուտը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Կայթ մշակութային հանգույց» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Սիմպոզիումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ 

Սիմպոզիումի պաշտոնական կայքը՝ այստեղ։
Սիմպոզիումի առաջին օրվա աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով՝ հետևյալ հղումով։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին



Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել


Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի օգոստոսի 28-ին շրջադարձային և ուղենիշային նշանակություն ունեցող որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հատկանիշների առնչությամբ՝ համակարգային վերլուծության ենթարկելով նաև քրեական ենթամշակույթին առնչվող հանցակազմերը:

Մասնավորապես՝ միջազգային կոնվենցիոն դրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով կազմակերպված հանցավորության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը սահմանել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ «գողական աշխարհի» հիմնական հատկանիշները և նշել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ որպես այդ հասկացության հոմանիշ օրենսդրի կողմից կիրառված «գողական աշխարհը», օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։ Հետևաբար, վերոնշյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ «գողական աշխարհը»՝ որպես միասնական համակարգ, իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն։

Դրան բնորոշ է «խնդիրների լուծումը» բռնությամբ, ահաբեկումով և հարկադրանքով։ Ընդ որում, «գողական աշխարհի» գոյությունը, որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։

Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել «գողական աշխարհի»՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով։

Այլ խոսքով՝ վերոնշյալ անձինք քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը («գողական աշխարհին») չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեև քրեակատարողական հիմնարկներ հանձնուքներ ուղարկելը, ըստ էության, օրենսդրությամբ թույլատրելի է և չի կարող ինքնին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ ներգրավվածությունը հաստատված համարելու հիմք լինել, այնուամենայնիվ, կարող է վերոնշյալ հանգամանքները գնահատելու հարցում որոշակի նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում են հանձնուքները, դրա պարբերականությունը, ինչպես նաև նրանց և ուղարկողի միջև առկա կապի բնույթը (օրինակ՝ ուղարկողի մերձավորը կամ մերձավոր ազգականը չեն հանդիսանում) և այլն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական ենթամշակույթ կրող անձը կոնկրետ հարցի լուծմանը ձեռնամուխ է լինում ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես քրեական ենթամշակույթի բարքեր կրող՝ իր արարքները պայմանավորելով տվյալ երևույթի գաղափարախոսության և հետապնդելի նպատակների շրջանակներում, որպիսի գործողությունները դուրս են սեփականության դեմ ուղղված հարաբերությունների շրջանակներից։

Վճռաբեկ դատարանի որոշումն՝ այստեղ:


ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից


Գիտություն


Նոր ուսումնական տարում առանցքային ուղղություններից է լինելու նաև արհեստական բանականության կրթական գործիքների կիրառման ընդլայնումը հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում։

Սեպտեմբերից նախատեսվում է հասանելի դարձնել ChatGPT Edu գործիքի 50 հազար բաժանորդագրություն։ Հանրակրթության համակարգում դրանցից կկարողանան օգտվել ավագ դասարանների սովորողները, ինչպես նաև բուհական համակարգի ներկայացուցիչները։ Ըստ նախարարի՝ ԱԲ գործիքները կարող են դպրոցների ղեկավարներին օգնել վերլուծել էլեկտրոնային մատյանում առկա տվյալները և բացահայտել առավել խոցելի ուղղությունները։ Ուսուցիչները, իրենց հերթին, հնարավորություն կունենան նվազեցնելու մեխանիկական աշխատանքի ծավալը՝ գործիքներն օգտագործելով առաջադրանքների, թեստերի կազմման և թեմատիկ պլանավորման համար։

«Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա իրողություն է, որն այլևս մեր կյանքի մասն է։ Միայն գրագետ և մտածված լուծումների շնորհիվ կկարողանանք այդ գործիքակազմը ծառայեցնել ի նպաստ որակյալ կրթության»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ նախատեսվում են ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումներ։

Անդրադառնալով ԱԲ կրթության ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ STEP AI ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է 15 դպրոցում, իսկ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը սեպտեմբերից հասանելի կլինի 39 դպրոցում։

Ըստ նախարարի՝ ծրագրերը սովորողներին հնարավորություն են տալիս զարգացնել ժամանակակից աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունները և ընդլայնել մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները։



Պաշտպանության նախարարը հետևել է ԱԹՍ-ների ստորաբաժանումների վարժանքներին (տեսանյութ)


Տեսանյութեր


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ դիտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումների պարապմունքը։

Նախարարի կողմից իրականացվող այս դիտարկումներն ու անակնկալ ստուգայցերը զորամասեր կրում են շարունակական բնույթ։ Դրանց նպատակն է անձամբ ծանոթանալ զինծառայողների մարտավարական պատրաստությանը, սահմանված օրվա կարգացուցակի կատարմանը և ստորաբաժանումների կառավարման արդյունավետությանը:



Դպրոցական դասագրքերի համար ծնողները սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան


Գիտություն


Համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ծնողները դպրոցական դասագրքերի համար 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան: Հնարավորությունից կարող են օգտվել ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ։

Այս մասին տեղեկացրեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ տարրական դասարանների աշակերտների համար դասագրքերն ամբողջությամբ անվճար տրամադրվում են պետության կողմից։

«Սոցիալական կրեդիտի այս ծրագիրը բերել է նրան, որ, ըստ էության,  5-րդ և 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ և կարելի է ասել, որ դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Հավելեմ, որ դասագրքերի գնման ոլորտում կարգի և մրցակցային քաղաքականության փոփոխությունից հետո դրանց արժեքը միջինը նվազել է 26 տոկոսով։ Մնացած դասարաններում դասագրքերի վարձավճարները  նվազել է ավելի քան 66 տոկոսով»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը ծնողներին կոչ արեց չմոռանալ մասնակցել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, քանի որ դրա միջոցով նրանք կարող են հետ ստանալ դասագրքերի համար վճարված գումարը։



«Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ ունի


Սպորտ


Ամերիկյան «Ինտեր Մայամին» պաշտոնապես հայտարարել է թիմի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ակումբի ղեկը ստանձնել է 52-ամյա արգենտինացի մասնագետ Կրիստիան Ալբերտո Գոնսալեսը, ով ֆուտբոլային աշխարհում հայտնի է «Կիլի» մականունով։


Գոնսալեսն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱՄՆ-ում աշխատանքային թույլտվություն ստանալուց անմիջապես հետո։ Մինչ նրա և նոր մարզչական շտաբի ժամանումը, թիմը ժամանակավորապես կշարունակի ղեկավարել Գիլյերմո Օյոսը։

Ակումբի ղեկավարությունն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Օյոսին, ով նախորդ տարվա ապրիլին՝ Խավիեր Մասկերանոյի հեռանալուց հետո, պատրաստակամություն էր հայտնել ղեկավարել թիմն անցումային փուլում և մեծ նվիրվածություն է ցուցաբերել։


Որպես մարզիչ Կիլին երբեք չի աշխատել Արգենտինայից դուրս: Մինչ այս նա գլխավորել է «Ռոսարիո Սենտրալը», «Ունիոն Սանտա Ֆեն» և «Պլատենսեն» (վերջինում աշխատել է 2025-ի հունիսից հոկտեմբեր)։

Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել եվրոպական գրանդներում՝ միլանյան «Ինտերում» և իսպանական «Վալենսիայում», ինչպես նաև պաշտպանել է «Սարագոսայի», արգենտինական «Սան Լորենսոյի», «Ռոսարիոյի» և «Բոկա Խունիորսի» գույները: Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթի արծաթե մեդալ և դարձել 2004թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոն:



Ավստրալիայում թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ


Աշխարհ


Ավստրալիայում առաջին անգամ բարձր ախտածին թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել դելֆինի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով PIRSA առաջնային ճյուղերի և տարածաշրջանների տարածաշրջանային վարչությանը:

Անշնչացած դելֆինը հայտնաբերվել է Հարավային Ավստրալիայի նահանգում գտնվող Ֆլյորիե թերակղզու Գուլվա քաղաքի շրջանում։ Նմուշների անալիզը հաստատել է թռչնագրիպի վիրուսի առկայությունը։

«Մենք ենթադրում ենք, որ դելֆինը թռչուն է կերել կամ սերտ շփման մեջ է եղել վայրի թռչնի հետ», – հայտարարել է նահանգի գլխավոր անասնաբույժ Սքայ Ֆրուենը։ Նրա խոսքով՝ դելֆիններն ընկալունակ են վարակի նկատմամբ, սակայն աշխարհում քիչ են գրանցվել նրանց հիվանդանալու դեպքեր, քանի որ վարակված կենդանիներ հազվադեպ են հայտնաբերվում ափին։

Օգոստոսի 27-ին իշխանությունները նաև թռչնագրիպ են հաստատել կարմիր աղվեսի մոտ, որին գտել էին Ադելաիդա քաղաքում։ Մինչ այդ թռչնագրիպ էր հաստատվել ծովարջերի մոտ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Ավստրալիայում թռչնագրիպի ևս 46 դեպք է հաստատվել, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը նահանգում հասել է 249-ի: Ընդ որում, ընտանի թռչունների և մյուս ընտանի կենդանիների շրջանում վարակման դեպքեր չեն հայտնաբերվել:



Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը


Հայաստան


Երևանի երկու դպրոցում 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ պետության աջակցությամբ տարրական դասարանների աշակերտները մարզային բոլոր դպրոցներում ուսումնառության ընթացքում օրական մեկ անգամ ստանում են առողջ սնունդ։

«Մենք խոսում ենք 107 հազար երեխայի մասին։ Այս տարվա սեպտեմբերից Երևանի երկու դպրոցներում կսկսվի «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձնական իրականացումը, որը հետագայում կընդլայնվի,և այս 107 հազար երեխաներին կգան գումարվելու նաև Երևանի 48 հազար դպրոցականները, որոնց համար նույնպես մինչև 2028 թվականի ավարտը պետությունը կպլանավորի «Դպրոցական սնունդ» ծրագրի ամբողջական իրականացումը»,-նշեց Անդրեասյանը։



Իրանը կոչ է արել բոլոր երկրներին հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց


Հարեվաններ


Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական  պատժամիջոցները։ Այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներն, անկախ դրանց անվանումից կամ ձևից, բացարձակապես անօրինական և չհիմնավորված միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցներին հետևելուց և դրանք կատարելուց։

Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակները կամ հետևանքները և չաջակցել դրանց», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմին համազոր կլինի «մեկ պետության կամքն անօրինական կերպով մյուս անկախ երկրներին պարտադրելուն», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։



Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։