Անդրադարձ են կատարվել տարածաշրջանային զարգացումներին


Հարեվաններ


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ են կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։



ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը


Աշխարհ


Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, գործադիր քարտուղարի տեղակալի և քարտուղարության գործընկերների հետ քննարկել է Երևանում կայանալիք COP17-ի վերջնական նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակի գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
 
COP17-ին մնացել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի, և այս փուլում երկրի առաջնահերթությունն է Կոնվենցիայի քարտուղարության հետ առավել սերտ համակարգմամբ ապահովել համաժողովի բովանդակային և կազմակերպչական լիարժեք պատրաստվածությունը։



Մբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում՝ գրանցելով հերթական պատմական նվաճումը։

«Էլչեի» դեմ հանդիպման 33-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային վեց հանդիպումներում 27-ամյա ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն գրանցել է 7 դիպուկ հարված։

Ինչպես հաղորդում է հեղինակավոր վիճակագիր Mister Chip-ը, Մբապեն դարձել է «Ռեալի» պատմության ընդամենը երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է Լա լիգայի մեկնարկային վեց խաղերում 7 կամ ավելի գոլ խփել երկու մրցաշրջան անընդմեջ: Նախկինում նման բացառիկ ցուցանիշ գրանցել էին միայն Պրուդենը (1945 և 1946 թվականներին) և Ուգո Սանչեսը (1986 և 1987 թվականներին):


Հատկանշական է, որ «սերուցքայինների» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին իր մադրիդյան կարիերայի ընթացքում այդպես էլ չի հաջողվել գրանցել այս նվաճումը:

Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2024 թվականից։



Բելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերել


Աշխարհ


Բելառուսն ու ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում միջանկյալ համաձայնություն են ձեռք բերել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։

«Մենք համաձայնեցրել ենք միջանկյալ պայմանագիրը, համաձայնությունը»,- ասել է Քոուլը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Մինսկը պատրաստ է քննարկել ցանկացած հարց։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ կարևոր է երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ պահպանումը։



Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամ

Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամ։ «Ես կցանկանայի սկսել աշխատանքը՝ հիմք նախապատրաստելու համար, որպեսզի Կանադան դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրամիության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա ելույթի ժամանակ։

Ինչպես նշում է Guardian-ը, նրա առաջարկը բուռն ծափահարությունների է արժանացել։ «Այս գործընկերությունը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ մեր ընդհանուր հզորության համար»,- հավելել է ֆոն դեր Լայենը։

Եվրամիությունում առայժմ ասոցացված անդամի կարգավիճակ չկա։ Մայիսին Գերմանիան առաջարկել էր նման կարգավիճակ սահմանել Ուկրաինայի համար՝ որպես լիիրավ անդամակցության ճանապարհին քայլ, սակայն այդ գաղափարը աջակցություն չէր ստացել։ Առայժմ պարզ չէ, թե ինչ կարող է ներառել նման կարգավիճակը։

Կանադայի եւ ԵՄ-ի հարաբերությունները հայտնվել են ուշադրության կենտրոնում, երբ ԱՄՆ-ը առեւտրային պատերազմի հերթական փուլն սկսեց իր հարեւանի դեմ։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ իր երկիրը հնարավորություններ է փնտրում ԵՄ-ի հետ «եզակի դաշինք» կնքելու համար, սակայն չի դիտարկում լիիրավ անդամակցության հնարավորությունը։

Դոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ


Աշխարհ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 15-ին հավանություն է տվել օրինագծի քննարկմանը, որը թույլ է տալիս նախագահ Դոնալդ Թրամփին մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգառեսուրսներ են գնում, և երկարաձգել Իրանի դեմ ԱՄՆ-ի գործող պատժամիջոցները:

Ըստ The Hill-ի՝ օրինագծի քննարկման կանոնակարգը, որը պատրաստել է Ներկայացուցիչների պալատի ոլորտային կոմիտեն, հավանության է արժանացել 2 դեմոկրատի ձայների շնորհիվ, որոնք դեմ են գնացել իրենց կուսակցության դիրքորոշմանը: Արդյունքում՝ բանաձևին աջակցել է 214 կոնգրեսական, դեմ՝ 211-ը։

Հանրապետականներն օրինագիծը համարում են «չափազանց կարևոր ուղերձ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինային ամերիկյան աջակցության վերաբերյալ և նախազգուշացում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Թայվանի դեմ ագրեսիայի ցանկացած փորձի դեմ»։

Դեմոկրատներն օրինագիծը քննադատում են՝ նշելով, որ փաստաթուղթը «կտրուկ կընդլայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները մաքսատուրքերի հարցում՝ առանց Ռուսաստանի դեմ պարտադիր պատժամիջոցներ նախատեսելու»։ «Սա կհանգեցնի ամերիկացիների համար գների բարձրացման և երկարաժամկետ հեռանկարում կխաթարի Ուկրաինային աջակցությունը»։



Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին կմտնի «էապես այլ փուլ»


Աշխարհ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին կմտնի «էապես այլ փուլ»։ New York Post-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է համարում այն կանխատեսումը, որ պատերազմը կարող է ավարտվել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունների առաջին փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի, ռազմական կարողությունների և ուժի պրոյեկտման հնարավորությունների թուլացումը, արդեն ավարտված է։ Այժմ Վաշինգտոնի առաջնահերթությունը Իրանի կողմից այդ կարողությունների վերականգնումը կանխելն ու տարածաշրջանում կայունությունը պահպանելն է։

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն այս պահին «ագրեսիվ գործողություններ չի իրականացնում», մինչդեռ Իրանը շարունակում է պարբերաբար հարվածներ հասցնել առևտրային նավերին և ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Վենսը նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցին՝ նշելով, որ այնտեղ նավագնացությունը վերականգնվել է նախապատերազմյան մակարդակի կեսից ավելիի չափով, սակայն շարունակում է զգալիորեն ցածր մնալ նախկին ցուցանիշներից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո՝ կանխատեսելով նաև նավթի գների նվազում։



«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում


Մշակույթ


Սեպտեմբերի 19-20-ը Երևանի «Երազ» այգում տեղի կունենա «Մեղրատոն 2026» մեղրի և մեղվամթերքի ցուցահանդես-վաճառքը, որը կհամախմբի Հայաստանի բոլոր մարզերի մեղվաբույծներին, արտադրողներին և մեղրասերներին։

Արդեն չորրորդ տարին անցկացվող «Մեղրատոն»-ի նպատակն է խթանել տեղական մեղրի և մեղվամթերքի վաճառքը՝ ստեղծելով անմիջական շփման և համագործակցության հնարավորություն սպառողների, արտադրողների և ոլորտային կազմակերպությունների միջև։

«Մեղրատոն»-ը նպաստում է նաև ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանը, մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը և ոլորտի կայուն զարգացմանը:  Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու  արհեստական բանականության միջոցով «խելացի» փեթակների կառավարման մոտեցումներին։

Միջոցառմանը կանցկացվեն մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղուների հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման, մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ:

Կներկայացվեն նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում գործող «Մեղվաբուծության Դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի ծառայությունները։



Թույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ Ռուբինյան


Հայաստան


«Ես պարոն Ալեքսանյանին, իհարկե, դիտողություն արեցի, բայց ինքս զարմացա՝ ինչու նա պետք է գար այստեղ և «տգետ» բառն օգտագործեր։ Բարեբախտաբար, պարոն Վարդևանյանն ինձ պատմեց կոնտեքստը։ Պարո՛ն Սևակ Խաչատրյան, ի՞նչ է նշանակում՝ «երեխաները թող լավ սովորեն, որ «նիկոլական» չդառնան»»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բանավեճին։

«Ուզում եք ասել, որ 700 հազարից ավել քաղաքացի, որոնք ընտրել են «Քաղաքացիական պայմանագրին», լավ չե՞ն սովորել, հա՞։ Լավ սովորեն, որ Տարոն Մարգարյանի նման դառնան, հետո գան, թեկնածուական պաշտպանեն ու ձեր նմաններին ուղարկեն, որ լրագրողներին խոչընդոտեն, չնկարեն՝ խայտառակ չլինելու համար»,- շեշտել է ԱԺ նախագահը և ընդգծել, որ թույլ չի տալու, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի։

Նրա խոսքով՝ ով ում ցանկանում է, ընտրի, բայց բոլորը մեր հայրենակիցներն են․ «Բոլորը կիրթ են և մեր եղբայրներն ու քույրերն են»,- շեշտել է Ռուբինյանը։



Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման


Աշխարհ


Կոսովոյի հարցերով հատուկ դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին ու եւս երեք ամբաստանյալների մեղավոր է ճանաչել 1998-1999 թվականների պատերազմի ժամանակ կամայական ձերբակալությունների, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ սպանությունների համար։

58-ամյա Թաչին դատապարտվել է 25 տարվա, իսկ նրա համախոհները՝ 13-ից 25 տարվա ազատազրկման։

Միեւնույն ժամանակ, դատարանը բավարար չի համարել Թաչիի՝ մարդկության դեմ հանցագործություններում մեղավորության վերաբերյալ ապացույցները եւ նրան այդ մեղադրանքով  անմեղ է ճանաչել։

Թաչին իրեն մեղավոր չի ճանաչում։

Նա Կոսովոյի ազատագրության բանակի հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկն էր։ Երբ Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին, Թաչին մասամբ ճանաչված երկրի կառավարությունում զբաղեցրել է վարչապետի, փոխվարչապետի առաջին տեղակալի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։

2016-2020 թվականներին Թաչին եղել է Կոսովոյի Հանրապետության նախագահը։ Նա հրաժարական է տվել, երբ Կոսովոյի հարցերով հատուկ դատախազությունը նրան մեղադրանքներ է ներկայացրել։ Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր Հաագայի կալանավայրում։