TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը և Նախիջևանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։ 

«TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 

«TRIPP-ի և հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։

Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին և կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև նշել է, որ 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգները և Հայաստանը համատեղ հայտարարել են TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման մասին։ 


Հրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անունները


Ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

 

Համագումարը նաև հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին: 

 

1. Ծառուկյան Գագիկ

2. Թևանյան Անդրանիկ

3. Սարգսյան Լուիզա

4. Այվազյան Արա

5. Մանուկյան Արմեն 

6. Բաբայան Մետաքսյա

7. Գրիգորյան Մարտուն

8. Սուրենյանց Սուրեն

9. Վարդանյան Էլինար

10. Հովհաննիսյան Վահե

11. Ստեփանյան Գևորգ

12. Տոնոյան Իվետա

13. Մելքումյան Միքայել

14. Աբովյան Արման

15. Առուստամյան Նորա 

16. Ռոստոմյան Հրաչյա

17. Փիրոյան Արման 

18. Մանուկյան Լիաննա

19. Քոսակյան Արմեն 

20. Գրիգորյան Կարեն 

21. Դավթյան Նունե

22. Բոզոյան Երվանդ 

23. Կակոյան Կամո

24. Կարապետյան Սաթենիկ

25. Շաքարյան Ռոման

26. Դանիելյան Ստեփան

27. Մանուկյան Արեգնազ 

28. Հարությունյան Մխիթար

29. Սերգոյան Կարեն

30. Գրիգորյան Գայանե

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրապարակվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկը. այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: Օրեր առաջ հաստատվել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցանկը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրություններին դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։


Բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում


Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Երևանում այսքան կարևոր առիթով։

Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Իրոք մեծ հաճույքով եմ միանում ձեզ՝ հարգելի բարեկամներ՝ նշելու Հայաստան-Էստոնիա հարաբերություններում այս նշանակալի հանգրվանը՝ Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ այս որոշումը հեշտ չի եղել՝ ոչ կայացման, ոչ էլ դրա առաջմղման առումով՝ Էստոնիայի կառավարության համապատասխան բոլոր կառույցների ներգրավմամբ։

Հավատացեք ինձ, ես շատ լավ գիտեմ, թե որքան բարդ է դա։ Մենք էլ ունենք մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆինանսների նախարարության մեր գործընկերների և մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք, իհարկե, ողջունում են նման որոշումները։ Իսկ կատակը մի կողմ, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։ Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության հանձնառությունը և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ուժեղ աջակցություն հայկական ժողովրդավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։ 

Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։ Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը, և թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս՝ Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև Ձեզ, տիկին դեսպան, Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։

Խնդրում եմ վստահ եղեք, լիովին վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ձեզ սպասում է ընկերների թիմ։ Դուք միշտ կարող եք այդ շենքում գտնել ըմբռնում և աջակցություն, որը, ի դեպ, շատ մոտ է, և որի հասցեն դուք գիտեք։ Ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս։

Ինչպես նշեցիք, սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մարգուս, մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր։ Շնորհավորում եմ»,- նշել է նախարարը։

«Արարատ, իմ լավ բարեկամ, երբ վերջին անգամ այստեղ էի, խոստացա, որ հաջորդ այցիս ընթացքում կբացեմ Էստոնիայի դեսպանությունը։

Այսօր մենք հենց դա ենք անում` բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում: Կարող եմ ասել, որ այս տարի սա իսկապես պատմական իրադարձություն է. Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքի առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեր առաջնահերթությունն է, քանի որ ես տեսնում եմ, որ Դուք առաջնորդում եք Հայաստանը դեպի խաղաղություն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի բարգավաճում/զարգացում։

Մենք ցանկանում ենք լինել ձեր ընկերները, մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ։ Իսկ ամենաբարձր աջակցությունը, ամենաբարձր հանձնառությունը դիվանագիտական մակարդակով հենց այստեղ՝ դեսպանության միջոցով է։ Այն մշտական է։ Մենք ունենք մեր նոր դեսպանը, ով մեծ աշխատանք է կատարել և այսուհետ ևս, անգամ ավելի շատ է անելու։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, քանզի քաղաքականապես հեշտ է որոշում կայացնել դեսպանություն բացելու մասին, բայց իրական կյանքում դա ժամանակ է պահանջում՝ դիվանագիտական բանակցություններ, գործնական հարցերի լուծում և թիմի կառուցում։ Շատ եմ գնահատում այս ամենը»,- ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը։


Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ | Top-News.am

Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչագործության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում:  Ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կողակիցը՝ Եվան, այնպես էլ Տիրոջ կողից հաստատվեց Նրա հարսը՝ Եկեղեցին:

Այսօր թեպետ ուրախություն է քրիստոնյաներիս հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն, քանի որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Ավագ ուրբաթ առավոտյան կատարվում է Խաչելության կարգ, որի ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։

Արդեն մահացած Հիսուսին խաչից իջեցնում և, պատանքի մեջ փաթաթելով, դնում են վիմափոր գերեզմանի մեջ` գերեզմանի մուտքը փակելով վեմ քարով:

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Ի՞նչ են ուսուցանում մեզ` քրիստոնյաներիս Քրիստոսի չարչարանքը, խաչելությունն ու մահը: Դա մեր փրկության ուղին էր, որ հանձն առավ Քրիստոս` լուռ և միայնակ կրելով իրեն բաժին հասած չարչարանքները, ենթարկվելով ծաղրի, խաչելության: Սակայն խորհենք մի պահ` որքանով ենք մենք՝ քրիստոնյաներս արժևորում այդ զոհաբերումը։

Արդյոք մենք էլ չե՞նք ծաղրում, ցավ չենք պատճառում Տիրոջը՝ մեր գործած մեղքերով, մեր ապրելակերպով։

Ի՞նչ գին ունի Փրկչի զոհաբերումը մեզ համար, յուրաքանչյուրիս կյանքում ու կենսաձևում։

Պատասխանը մեկն է, այն, ինչ քարոզում և սովորեցնում է մեզ մեր հավատքը՝ Սեր։ Տերը միայն ցանկանում է, որ մենք սիրենք Նրան, տեսնենք Նրան յուրաքանչյուրի մեջ, չծաղրենք ու չանարգենք Նրան մեր անտարբերությամբ, չանտեսենք, ցավ չպատճառենք միմյանց, քանի որ բոլորիս համար Նա խաչվեց։

«Եվ ձեզ, որ մի ժամանակ օտարացած և թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով և չար գործերով, այժմ, ահավասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով և իր մահվամբ, որպեսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ և անարատ» (Կող. 1:21-22):

ԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ


Քաղաքականություն


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:



Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է


Քաղաքականություն


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Նախարար Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է։

Կառավարության նիստից հետո նա անցել է համապատասխան բուժզննում և կստանա համապատասխան բուժում՝ ըստ անհրաժեշտության»։



ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին


Քաղաքականություն


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ում ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- ասված է հրառման մեջ:

 



«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր


Հայաստան


Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։

Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ օրը կարևոր է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն այս ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից. «Մեզ համար առանձնակի կարևոր է, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխա ընդգրկված լինի կրթության մեջ, ունենա հավասար հնարավորություններ, սոցիալիզացիայի պայմաններ: Այս ուղղությամբ պետությունը բավական մեծ ջանքեր է գործադրում թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ոլորտներում: Մասնագիտացված կառույցները ևս շատ կարևոր են, և պետությունը ֆինանսավորում է դրանց գործունեության որոշակի հատվածը: Մասնագիտացված ծառայությունները օգնում են, որպեսզի երեխաները ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն, հաղթահարեն տարբեր ոլորտներում առկա դժվարությունները և ավելի պատրաստ լինեն հասարակությանն ինտեգրմանը»:

Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։

Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում:




Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա


Քաղաքականություն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա, որտեղ նախատեսվում է հանդիպում նախագահ Լի Չժե Մյոնի հետ, մասնակցություն տնտեսական ֆորումի և ընթրիք քեյ-փոփ աստղերի և ֆիլմարտադրողների հետ:

Սա Մակրոնի առաջին այցն է Կորեայի Հանրապետություն 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Սեուլ ժամանելուց առաջ Մակրոնը կնոջ հետ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և կայսրուհու հետ՝ եզրափակելով եռօրյա այցը Տոկիո: Մակրոնն ավելի վաղ բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել: