Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները


Հայաստան


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության:

Քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերը:

Առաջարկվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառման անցկացումը համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման հետ:

Ներկաներն արձանագրել են երկու հոբելյանական առիթներին նվիրված միջոցառումների մեկտեղման հնարավորությունը՝ կախված ծրագրերի բովանդակությունից և հաշվի առնելով կառույցների պետական և պատմամշակութային կարևոր դերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումը:

Ընդգծվել է արխիվային նյութերի, լուսանկարների, վավերագրությունների ցուցահանդեսների անցկացումը, ճարտարապետական լուծումները ներկայացնող ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը ինչպես նորաձևության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված հուշանվերային իրերի ստեղծմամբ՝ ընդգրկելով նաև ինքնազբաղ արվեստագետների:

Ըստ ներկայացված ծրագրերի՝ քննարկվել է մեդիաարտադրանքի տրամաբանությամբ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծումը՝ դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ: Հաշվի առնելով հուշարձանների՝ պատմական կարևոր իրադարձություններում ներկայությունը, հանձնաժողովը էական է համարել հոբելյանական ծրագրերում հուշարձանների և հանրության կապի ընդգծումը:

Քննարկմանը հատկապես շեշտվել է բոլոր միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու և շեշտադրելու կարևորությունը։




Մխիթարյանը հավակնում է Ինտերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը


Սպորտ


«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ ելույթները Իտալիայի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կազմում:

Միլանյան ակումբի պաշտոնական աղբյուրները հրապարակել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների անվանացանկը, որում պատվավոր տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:

Անցած ամսվա հանդիպումներում գրանցած արդյունքների հիման վրա՝ 37-ամյա հայ կիսապաշտպանի հետ մեկտեղ այս մրցանակի համար կպայքարեն նաև թիմի առաջատարներից արգենտինացի գոլահար Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թուրամն ու խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:

Ինչպես գրում է armsport.am-ը, Մխիթարյանի բարձրակարգ խաղը աննկատ չի մնացել ակումբի ղեկավարության կողմից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ներաձուրիները» գոհ են հայ ֆուտբոլիստի ֆիզիկական մարզավիճակից և պատրաստվում են ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել նրա հետ գործող աշխատանքային պայմանագիրը:



OpenAI-ի հետ համագործակցությամբ Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը


ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ սեպտեմբերից ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն:

Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանն առցանց միացել է OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Համագործակցության շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրել 50.000 կրթական բաժանորդագրություն. այս թիվը հետագայում կմեծանա։ Արդյունքում՝ OpenAI-ի ChatGPT Edu հարթակի և Codex-ի հնարավորությունները հասանելի կդառնան ՀՀ կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կրթական համակարգի համար ապահովում է արհեստական բանականության գործիքակազմի հասանելիության նոր մակարդակ և որակ։

Նախարարը նշել է, որ կրթական համակարգում վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության կիրառմանն ու արհեստական բանականության գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Արդեն հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն ավագ դպրոցների համար, ինչպես նաև Step AI ծրագիրը։ Ավագ դպրոցներում ձևավորվում են կարևոր հնարավորություններ՝ արհեստական բանականության ոլորտում մասնագիտական կողմնորոշման և հետագա կրթության համար։

«Արհեստական բանականությունն արդեն մեր իրականության մասն է, և կրթական համակարգն ամբողջ աշխարհում կանգնած է այս նոր իրականության հետ արդյունավետ առնչվելու խնդրի առաջ։ Այս նախաձեռնությունը հենց դրա մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայտարարվող համագործակցության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում համակարգված ձևով կրթության ոլորտում ներդնել արհեստական բանականության գործիքակազմ, որը մի կողմից կընդլայնի ԱԲ գրագիտությունը, մյուս կողմից կրթական գործընթացները կդարձնի ավելի արդյունավետ՝ սովորելը վերածելով որակյալ փորձառության։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ առանձնահատուկ ընդգծելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներգրավվածությունն ու մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի դերակատարությունը՝ համագործակցությունն իրականություն դարձնելու առումով։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Firebird ընկերությանը՝ նշելով, որ նախաձեռնությունը տեխնոլոգիական ոլորտում պետություն–մասնավոր արդյունավետ գործընկերության դրական օրինակ է։ Նրա խոսքով՝ ծրագրի առաջին փուլը ֆինանսավորվում է մասնավոր հատվածի կողմից, ինչը պետությանը հնարավորություն է տալիս փորձարկման ընթացքում գնահատել արդյունավետությունը և նախապատրաստել հետագա ամբողջական ներդրումը։

«Նոր հարթակները կրթական հաստատություններին հնարավորություն կտան օգտվելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներից, որոնք համապատասխանում են տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներին։ Նոր գործիքակազմը ուսուցիչներին և դասախոսներին կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել դասերի պլանավորումը, կրթական ծրագրերի կազմումը և սովորողների անհատական կարիքների հասցեագրումը։ Միևնույն ժամանակ, սովորողների համար կբացվեն նոր հնարավորություններ տեղեկատվության որոնման, վերլուծության, տվյալների կիրառման և հետազոտական աշխատանքի ուղղություններով՝ զարգացնելով քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնառության հմտությունները։ Նոր հարթակները կօգնեն ավելի արդյունավետ կողմնորոշվել մեծ ծավալի թվային տեղեկատվության մեջ՝ ուսումնական գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառումը դարձնելով համակարգված և նպատակային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը նախատեսվում է ներդնել այս տարվա սեպտեմբերից, իսկ մինչ այդ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում այն հասանելի կլինի բոլոր ուսուցիչներին և ավագ դպրոցի սովորողներին։

Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի համոզմամբ՝ կրթության մեջ կատարվող ներդրումներն ամենակարևորն են ԱԲ դարաշրջանում․ «Տեխնոլոգիաների ապագան այնպիսի բան չէ, որը գալու է ինչ-որ հեռավոր ապագայում․ այն ձևավորվում է հենց այսօր՝ դպրոցներում, համալսարաններում և գիտահետազոտական համայնքներում։ Հայաստանը բացառիկ տաղանդներ ունի, և ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությամբ ապահովելը կձևավորի նորարարների նոր սերունդ։ Այս նախաձեռնությունն առանձնահատուկ է դարձնում հենց դրա հիմքում ընկած համագործակցությունը։ Սա միայն տեխնոլոգիաների մասին չէ․ սա Հայաստանի ապագայի մասին է»:

Մամուլի ասուլիսին հեռավար ձևաչափով մասնակցող OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին ներկայացրել է հարթակը՝ նշելով․ «Կրթությունն այն կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով արհեստական բանականությունը կարող է ընդլայնել հնարավորությունները։ ԿԳՄՍ նախարարության և Firebird-ի հետ համագործակցության միջոցով մենք նպաստում ենք, որպեսզի ChatGPT Edu-ն հասանելի դառնա երկրի ուսանողներին, մանկավարժներին և հետազոտողներին՝ ապահովելով անվտանգ, ստեղծարար և արդյունավետ կերպով կիրառվող առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն։ Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ և զարգացող թվային ենթակառուցվածք, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել ԱԲ գրագիտությամբ օժտված նորարարների հաջորդ սերնդի ձևավորմանը»։

Միաժամանակ, նախաձեռնության հաջող իրականացման համար առանցքային նշանակություն ունեն էթիկայի նորմերի պահպանումը, տվյալների պատասխանատու օգտագործումը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն կդարձվի թվային գրագիտության բարձրացմանը, ԱԲ գործիքների ճիշտ կիրառման մշակույթի ձևավորմանը և կրթական միջավայրում թվային անվտանգությանը։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։




ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել


Սպորտ


Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են գրանցվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակից հետո։ Ֆուտբոլային տոնակատարությունները մի շարք վայրերում վերածվել են բախումների երկրպագուների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով ավելի քան 400 մարդ է ձերբակալվել։

Փարիզում հազարավոր ոստիկաններ են տեղակայվել հասարակական կարգը պահպանելու համար։ Շանզ-Էլիզե պողոտայում և քաղաքի այլ հատվածներում երկրպագուները հրավառություններ և լուսարձակներ են գործարկել, վնասել գույք և խաթարել երթևեկությունը։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում են այրվող էլեկտրական հեծանիվներ և վնասված խանութներ։

Ոստիկանությունն ամբոխը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վաղ առավոտյան դրությամբ ձերբակալվել է 416 մարդ, որոնցից 280-ը՝ Փարիզում։ Բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 7 ոստիկան, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, բիզնեսներ և հասարակական ենթակառուցվածքներ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը տեղի ունեցածը բնութագրել է որպես «բացարձակապես անընդունելի»։ Իր հերթին, ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենը քննադատել է ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ Ֆրանսիայում նույնիսկ ֆուտբոլային հաղթանակները կարող են վերածվել անկարգությունների։

Չնայած լարված իրավիճակին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները կիրակի օրը պետք է մասնակցեն հաղթական շքերթին Փարիզում, ինչպես նաև ընդունելության՝ կազմակերպված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։

Նախորդ տարի ևս ՊՍԺ-ի եվրոպական հաջողություններից հետո տեղի էին ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել էր երկու մարդ։



Տոլիբ Շախիդիի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ՝ Երևանում


«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվանի սան, կոմպոզիտոր Տոլիբ Շախիդիի 80-ամյակին։
Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անձամբ ինքը՝ կոմպոզիտոր Տոլիբ Շախիդին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով՝ Շախիդիի ստեղծագործությունը վաղուց արդեն հաղթահարել է աշխարհագրական և մշակութային սահմանները՝ դառնալով համաշխարհային երաժշտական ժառանգության արժեքավոր մասը։
«Տոլիբ Շախիդին այն կոմպոզիտորներից է, որոնց երաժշտության մեջ ազգային արմատները չեն սահմանափակում ստեղծագործական միտքը, այլ ընդհակառակը՝ դառնում են համամարդկային լեզվով խոսելու հնարավորություն։ Նրա ստեղծագործություններում մենք լսում ենք Արևելքի խոր փիլիսոփայությունը, եվրոպական սիմֆոնիզմի հզոր ավանդույթները և ժամանակակից արվեստագետի ազատ մտածողությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է՝ առանձնահատուկ նշանակություն ունի այն փաստը, որ Տոլիբ Շախիդիի ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է Հայաստանի և հայկական երաժշտական մշակույթի հետ։ Որպես Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանող՝ նա ձևավորվել է Արամ Խաչատրյանի դասարանում՝ շարունակելով այն ստեղծագործական ավանդույթը, որը մեծ վարպետը թողել է իր բազմաթիվ սաների և հետևորդների միջոցով։

«Հայաստանում Ձեր անունը հնչում է առանձնահատուկ հարգանքով։ Մենք Ձեզ տեսնում ենք ոչ միայն որպես տաջիկ ժողովրդի մեծ արվեստագետի, այլև որպես այն սերնդի ներկայացուցիչ, որը կարողացավ պահպանել և զարգացնել մշակութային կամուրջները մեր ժողովուրդների միջև։

Ձեր երաժշտությունը բազմիցս ապացուցել է, որ արվեստը կարող է միավորել մարդկանց, երկրներին և մշակույթներին ավելի ուժեղ, քան ցանկացած սահման։ Այդ երաժշտության մեջ մենք զգում ենք հիշողության ուժը, ավանդույթի շարունակականությունը և ապագայի հանդեպ հավատը։
Այսօր, երբ Ձեր երաժշտությունը կրկին հնչում է Երևանում, մենք ոչ միայն գնահատանքի տուրք ենք մատուցում Ձեր հարուստ ստեղծագործական ճանապարհին, այլև շնորհակալություն ենք հայտնում այն արժեքների համար, որոնք Դուք փոխանցել եք սերունդներին՝ նվիրվածություն արվեստին, ստեղծագործական ազնվություն և մշակույթների միջև երկխոսության գաղափար։

Համոզված եմ, որ Ձեր արվեստը դեռ երկար տարիներ կշարունակի ոգեշնչել երաժիշտների, կոմպոզիտորների և ունկնդիրների նոր սերունդների՝ աշխարհի տարբեր երկրներում»,- խոսքը եզրափակել է նախարարը՝ կոմպոզիտորին մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ։

Նախարարն արվեստագետին 80-ամյակի առթիվ պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։

Երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ մենակատարներ Ալեսանդրո Տավերնայի, Մաքսիմ Նովիկովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Համերգային ծրագրում ներառված էին՝ Տոնական նախերգանք, Ալտի կոնցերտ, Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 կամերային նվագախմբի համար, Ռապսոդիա-երկխոսություն դաշնամուրի և նվագախմբի համար Արամ Խաչատրյանի թեմաներով, «Sado» սիմֆոնիկ պոեմ նվագախմբի համար


Իբրահիմա Կոնատեն այլևս հանդես չի գա «Լիվերպուլի» կազմում


Սպորտ


Պաշտպան Իբրահիմա Կոնատեն այլևս հանդես չի գա «Լիվերպուլի» կազմում: Մերսիսայդյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ամռանը կլքի թիմը՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

«Կարմիրները» շնորհակալություն են հայտնել Կոնատեին ակումբում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում:

Դեռևս ապրիլին Կոնատեն լավատեսորեն էր տրամադրված «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունների հարցում։ Սակայն, ըստ ամենայնի, կողմերին այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ։ Այսպիսով, պաշտպանը հնարավորություն է ստանում որպես ազատ գործակալ տեղափոխվել այլ ակումբ։

Նշենք, որ Իբրահիմա Կոնատեն «Լիվերպուլում» անցկացրել է հինգ մրցաշրջան։ 27-ամյա ֆրանսիացու ակտիվում մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրած 183 պաշտոնական հանդիպում կա, որոնցում նա դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։



Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո


Սպորտ


Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։
 
Հինգ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Բենիկ Ագասարովը, վարպետության թեկնածու Նարեկ Ղիմոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Մանվել Առաքելյանը և Էդգար Հայրապետյանը:
 
Միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Գասպարյանը ունեն 3 միավոր:
 
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:
 
Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-16-ը Մոնտենեգրոյում:
 



Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին


Հայաստան


Սիրելի սովորողներ, ամառային արձակուրդները սկսվում են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
«Դրանք, իհարկե, հանգստանալու ժամանակ են, բայց առաջարկում եմ ամառային արձակուրդներին.
– չմոռանալ գիրք կարդալ, ընդ որում, կարող եք պայմանավորվել՝ ընկերներով կամ դասարանով որևէ գիրք կարդալ և հետո քննարկել,
 
– այցելել ձեր բնակավայրի կամ համայնքի կարևոր պատմամշակութային վայրերը. այս ուսումնական տարում մենք յուրաքանչյուր դպրոցի առաջարկել էինք հոգ տանել իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների մասին, դրա կարիքը կա նաև ամռանը, բացի այդ, ամառն օգտագործեք նաև համայնքը, բնակավայրը, մարզը, մեր երկիրը ավելի լավ ճանաչելու համար,
 
– կամավորություն անել. ամառվա ընթացքում էլ անելիքները շատ են ու եթե հանգստանալու հետ մի փոքր ժամանակ գտնեք՝ ձեր միջավայրում կամ շրջապատում հանրօգուտ գործ անելու, հաստատ թե լավ փորձառություն կունենաք, թե բավարարվածության մեծ զգացում,
 
– չնայած հիմա հետաքրքություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում, դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:



Մանկական գրքի փառատոնն արդեն 5 տարեկան է


Հայաստան


Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել Մանկական գրքի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մայրաքաղաքի մշակութային օրացույցում իր ուրույն տեղն զբաղեցնող փառատոնն այս տարի նշում է գործունեության 5-ամյակը։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ։

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Զանգակ» գրատան հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

Նրանք կարևորել են գրքի ու ընթերցանության դերը երեխաների կրթության ու դաստիարակության գործում, ինչպես նաև ընդգծել պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցության անգնահատելի նշանակությունը նմանատիպ մշակութային մեծածավալ նախագծերի կայացման հարցում։

Մանկական գրքի փառատոնն 5 տարի շարունակ փոքրիկների և համար դառնում է գրքի, հեքիաթի ու ստեղծարարության իսկական տոն։ Այն իր շուրջն է համախմբում փոքրիկ ընթերցողներին, հրատարակիչներին, գրողներին և արվեստասերներին՝ նպաստելով մանկապատանեկան գրականության զարգացմանն ու ընթերցանության խրախուսմանը ։

Այս տարվա հոբելյանական փառատոնին մասնակցում են ոլորտի առաջատար հրատարակչություններն ու կրթամշակութային կազմակերպությունները:

Փառատոնի եռօրյա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://tinyurl.com/mry4rzak




Իսրայալեկան ուժերը երբևէ ամենախորը ներխուժումն են ունեցել Լիբանան


Քաղաքականություն


Իսրայելական զորքերը գրավել են Լիբանանի հարավում գտնվող ռազմավարական նշանակության Բոֆորտ պատմական ամրոցը՝ իրականացնելով վերջին 26 տարվա ընթացքում իրենց ամենախորը ներխուժումը երկրի տարածք:

Ինչպես հայտնում է բրիտանական «The Guardian» պարբերականը, այս առաջխաղացումը փաստացիորեն ձախողում է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը և բարդացնում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող առանձին բանակցությունները։ 

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է ամրոցի գրավումը, իսկ իսրայելական ուժերն այժմ շարժվում են դեպի Նաբատիա քաղաք՝ փորձելով շրջափակել Լիբանանի հարավի տնտեսական ու մշակութային այս կարևոր կենտրոնը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անընդունելի է որակել Իսրայելի գործողությունները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել: 

Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետները նշում են, որ հարձակումն ավելի շատ «իմիջային հաղթանակ» է, քանի որ «Հեզբոլլահի» ներուժը դեռևս պահպանված է, և խմբավորումը շարունակում է հրթիռակոծել Իսրայելի հյուսիսային շրջանները։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 3300 մարդ, իսկ մեկ միլիոնից ավելին տեղահանվել է։