Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում


Քաղաքականություն


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը։
 
Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ։
 
Նման խոսույթը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։ Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։
 
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ հանրային և քաղաքական գործիչները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցությունն ու տարածման լայն շրջանակը, պետք է առավել բարձր պատասխանատվություն դրսևորեն իրենց հանրային խոսույթի նկատմամբ, սեփական խոսքով և վարքագծով նպաստեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և իրավունքի գերակայության վրա հիմնված հանրային միջավայրի ձևավորմանը` անկախ այն հանգամանքից, թե արդյոք կոնկրետ իրավիճակում խոսքի առանձին տեսակը կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության կառուցակարգերի գործադրման, թե ոչ։
 
Մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում ՄԻՊ հաստատությունն անընդհատ է շեշտում խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի դրսևորումների վտանգավորությունը իրավունքների խթանման և պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, մինչդեռ քաղաքական դերակատարների` հակառակ տրամաբանության վրա կառուցված վարքագիծը խաթարում է համապատասխան արժեքների վրա հիմնված մարդու իրավունքների համակարգի կայացումը:
 
Պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։



Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ


Սպորտ


Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը նվաճել են ոսկե մեդալներ, հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։

64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը և 98 կգ քաշային Լեոնիդ Մելիքյանը դարձել են մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոններ։ 

Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։



Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկ


Քաղաքականություն


Թեհրանի նոր առաջարկը հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը Պակիստանի միջոցով փոխանցվել է ԱՄՆ ներկայացուցիչներին, պարունակում է 14 կետ, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ այդ տեղեկությունների՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ իրանական կողմի վերանայված առաջարկը։



ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim


Քաղաքականություն


Իրանական «Tasnim» գործակալության տվյալներով՝ ամերիկացիները, ի տարբերություն իրենց նախորդ տեքստերի, նոր բանակցային առաջարկում պատրաստակամություն են հայտնել բանակցությունների փուլում ժամանակավորապես կասեցնել Իրանի դեմ կիրառվող նավթային պատժամիջոցները։

Չնայած Վաշինգտոնն առաջարկում է Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) միջոցով իրականացնել այս ժամանակավոր սառեցումը մինչև վերջնական համաձայնագրի կնքումը, Թեհրանը շարունակում է որպես նախապայման պահանջել բոլոր պատժամիջոցների լիակատար և անվերապահ չեղարկումը։ 



Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ուղղությամբ հերթական քայլն է արվել։ Մշակվել է իրավական և փաստաթղթային հիմքը, որի նախագծերն արդեն հրապարակվել են և մինչև մայիսի 31-ը հասանելի են լինելու իրավական ակտերի նախագծերի հարթակում։

Е-draft-ում դրանց հրապարակումը ենթադրում է նաև նույն հարթակում քննարկում և առաջարկներ։ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է, թե ինչ երեք նոր փաստաթղթերի մասին է խոսքը, և ինչ են դրանք ենթադրում։

Այն փաստաթղթերը, որոնց կապակցությամբ ապրիլի վերջին Հայաստան էր եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, արդեն հասանելի է իրավական ակտերի նախագծերի e-draft համակարգում։ Մայիսի 15-ին էլեկտրոնային այդ հարթակում հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատմանն առնչվող երեք ուղեցույց։ Դրանք սահմանում են փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման, քարտեզի ստեղծման և սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները համատեղ են աշխատել այդ փաստաթղթերի վրա։ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ մշակված ուղեցույցները խիստ կարևորում են սահմանազատման հետագա աշխատանքի տեսանկյունից․

«Փաստաթղթային բազան անհրաժեշտ կլինի աշխատանքները համակարգված շարունակելու համար։ Վերջին հանդիպման ժամանակ մենք հանձնաժողովներով համաձայնեցրեցինք թվով երեք փաստաթղթի նախագիծ։ Իրենք, իհարկե, տեխնիկական բնույթի են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն, որովհետև այդ փաստաթղթերի համաձայն հետագա աշխատանքները շատ ավելի ինստիտուցիոնալ և կանոնակարգված կլինեն։ Ըստ այդմ` այդ փաստաթղթերը շատ շուտով ներպետական ընթացակարգերով պետք է հաստատման գործընթաց անցնեն։ Հայաստանում և Ադրբեջանում այդ փաստաթղթերը հաստատելուց և օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկրներում մենք կշարունակենք գործընթացը»։

Փաստաթղթի e-draft համակարգում հրապարակումը և հանրային քննարկումը ներպետական ընթացակարգով պարտադիր են՝ բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված սահմանափակ դեպքերի, ասենք՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ակտերը։ Նախքան կառավարության կամ վարչապետի հաստատմանը ներկայացնելը նախագծերը պետք է տեղադրվեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հանրային քննարկման։ Նախագիծը հարթակում պետք է հասանելի լինի առնվազն 15 օր՝ բացառությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքերի։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատմանն առնչվող երեք ուղեցույցների հասանելիության վերջնաժամկետը e-draft-ում մայիսի 31-ն է։

Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, որ ուղեցույցների հրապարակումը նոր փուլ է ազդարարում․

«Եվ այդ փուլը շատ հնարավոր է շուտով սկսվի, որովհետև խոսք է գնում բաղադրիչների մասին։ Եթե չկա ընդհանուր համաձայնություն գլոբալ առումով, ապա բաղադրիչների մասին սովորաբար չեն խոսում։ Եթե արդեն համաձայնեցվել են բաղադրիչներ, կարելի է ենթադրել, որ կա գլոբալ համաձայնություն»։

E-draft հարթակում հրապարակված՝ սահմանազատման երեք ուղեցույցները տեխնիկական և իրավական փաստաթղթեր են, սակայն դրանց տողատակերում և բովանդակության մեջ կան որոշ բաց, հստակ և սկզբունքային ուղերձներ։ Փաստաթղթերից կարելի է հասկանալ, որ նախ՝ սահմանազատումը կատարվում է բացառապես փուլային և տեղային տարբերակով։ Ուղեցույցներում առանձնակիորեն շեշտադրված են գեոդեզիական աշխատանքները, կոորդինատների որոշումը և տեղագրական քարտեզների ստեղծումը։ Սա նշանակում է, որ սահմանը պետք է գծվի ոչ թե պատմական կամ իրավական ակտերի վերլուծությամբ, այլ տեղում աշխատող փորձագետների տեխնիկական չափումներով։

Ուղեցույցներում հղում չի արվում կոնկրետ տարեթվի քարտեզի։ Ներկայացված նախագծերում տեխնիկական մանրամասներ չկան, ինչը, փորձագետների գնահատմամբ, որոշակի անորոշություն է առաջացնում։

Փաստաթղթերի ձևակերպումը, քարտեզների ստեղծումը և դաշտային աշխատանքները կատարվում են բացառապես երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։ Գործընթաց ներգրավված չէ որևէ երրորդ կողմ, և չի ենթադրվում միջազգային արբիտրաժի մեխանիզմ։ Վեճերի լուծումն այսպես վերապահվում է հենց երկու կողմերին։

Ուղեցույցներից մեկում մասնավորապես գրված է․

«Փորձագիտական խմբերի աշխատանքային հանդիպումներն անցկացվում են հանձնաժողովների պայմանավորվածությամբ: Սահմանազատման միջոցառումների համալիրն իրականացվում է փորձագիտական խմբերի կողմից՝ անմիջապես տեղանքում»։

Կատարված աշխատանքների արդյունքներով՝ փորձագիտական խմբերը պատրաստում են փաստաթղթեր սահմանազատման հանձնաժողովներ ներկայացնելու համար: Նիստերին հանձնաժողովները սահմանված կարգով ուսումնասիրում և ընդունում են որոշումներ բոլոր առաջարկների և փորձագիտական խմբերի կատարած աշխատանքների վերջնարդյունքների վերաբերյալ։ Այն հարցերը, որոնց վերաբերյալ փորձագիտական խմբերը պայմանավորվածություն ձեռք չեն բերել, ներկայացվում են հանձնաժողովների քննարկմանը:

Ուղեցույցները նաև տարակարծություններ ու մտահոգություններ են առաջացնում, որոնք քաղաքական այս բուռն շրջանում նաև շահարկումների առիթ են դառնում։ Այսօրինակ ձևակերպումներից մեկն էլ այն է, որ հրապարակված փաստաթղթերը ենթադրում են գործընթացի անշրջելիություն։ Այսինքն՝ երբ կոնկրետ տեղանքում տեղադրվում է սահմանային սյուն և կազմվում է համապատասխան արձանագրություն, այդ հատվածը համարվում է վերջնականապես սահմանազատված։ Մտահոգություններն այն առումով են, որ հայկական կողմը հետագայում չի կարողանա վերանայել տարածքային բաժանումները, նույնիսկ եթե հետագայում Ադրբեջանը  խախտի պայմանավորվածությունները կամ հրաժարվի ՀՀտարածքներից զորքերը հետ քաշելուց։ Նույն մտահոգությունների շարքում է նաև այն, որ անվտանգության հումանիտար խնդիրներ կարող են առաջանալ տարբեր բնակավայրերի արոտավայրերի կամ ջրագծերի առումով։

Ուղեցույցներում որպես սահմանագծման չափանիշ դիտարկվում են միայն կոորդինատները, սահմանային նշանները՝ սյուները, և երկկողմ արձանագրությունները։ Կարելի է ասել՝ սահմանազատումը, ըստ այդմ, պետք է կատարվի «չոր մաթեմատիկական» ճանապարհով։ Ամեն դեպքում սահմանազատման հիմքն ավելի վաղ՝ 2025-ի օգոստոսին ընդունված սահմանազատման և սահմանագծման մասին կանոնադրությունն է՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նա հիշեցնում է սահմանազատման առաջին քայլերը և այդ տրամաբանության մեջ դիտարկում, թե ըստ կանոնադրության որտեղից պետք է շարունակվի, և ինչպես ընթանա աշխատանքը։  

«Ընդ որում, TRIPP-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո այդ տրամաբանությունը նաև լրացվեց նոր բաղադրիչով առ այն, որ այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է լինելու շատ արագ անել սահմանազատում-սահմանագծում դա կարվի արտահերթ։ Պետք է նշեմ, որ սպասվում էր, թե ինչ քարտեզներ պետք է համաձայնեցվեն և ինչ քարտեզների շուրջ պետք է իրականացվի ի վերջո, սահմանազատում-սահմանագծումը` ենթադրելով, որ տեսեք բաղադրիչների մասին հայտարարությունները կան։ Դրանից կարելի է եզրակացնել, որ որոշակի քարտեզային տրամաբանություն ամեն դեպքում համաձայնեցվել է։ Ո՞րը կարող է լինել այդ քարտեզային տրամաբանությունը։ Դա կարող է լինել այն, ինչը հաստատված է հենց կանոնադրության մեջ, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունում են այն քարտեզները, որոնք գործել են 1991 թ.-ին Խորհրդային Միության փլուզման պահին, իսկ այդ ժամանակ գործել են այն քարտեզները, որոնք գծված են եղել 70-ական թվականներին։ Այնտեղ մի շարք քարտեզներ են, և քանի որ բաղադրիչների շուրջ արդեն կա որոշակի հայտարարություն, ես ենթադրում եմ, որ այդ քարտեզների շուրջ էլ համաձայնությունը ձեռք է բերվել»։

ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանազատման հենց այս տարբերակով և Ալմա-Աթայի հռչակագրով հետ ստանալ Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսյան և 2022 թվականի սեպտեմբերյան  ռազմական ագրեսիաների ու ներխուժումների հետևանքով բռնազավթած՝ Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքները։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտնել այս եղանակով խնդիրը լուծելու համոզմունքը։

Ի դեպ, ուղեցույցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների հաստատումից հետո: Սույն ուղեցույցի դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում օգտագործվելու է հանձնաժողովների համաձայնեցրած՝ ռուսերեն տեքստը։

armradio.am


Յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում


Տեսանյութեր


ՆԳ նախարարությունը շարունակում է ենթակա ծառայություններում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հանրությանն առավել պատշաճ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մասնավորապես, գործառնական փուլում են միգրացիոն ոլորտի բարեփոխումները. կառուցվում են ծառայությունների մատուցման նոր գրասենյակներ, որոնք համապատասխանեցված են միջազգային ժամանակակից չափորոշիչներին։

Նոր ենթակառուցվածքներում համադրվելու են առաջադեմ տեխնոլոգիական լուծումներն ու քաղաքացիակենտրոն մոտեցումը՝ ապահովելով արդյունավետ և հարմարավետ սպասարկում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը, գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ, մայիսի 16-ին այցելել են Արտաշատի, Աբովյանի և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի սպասարկման գրասենյակներ և կենտրոնական գրասենյակի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին և տեխնիկական վերազինման գործընթացին։

Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։

Գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։

Նոր կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով։ Տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա փաստաթղթավորման ամբողջ գործընթացը դարձնել առավել արագ ու թափանցիկ՝ ապահովելով համապատասխանություն անվտանգության միջազգային չափանիշներին։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ առաջնային նշանակություն ունի միջավայրի հարմարավետությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի գրասենյակ այցելելիս պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել քննարկում. անդրադարձ է կատարվել գրասենյակների գործարկմանը միտված լուծումներին, արձանագրված թերությունների շտկմանը և աշխատանքների վերջնական հղկմանը։

Նոր գրասենյակների գործարկումը սկիզբ կդնի ծառայությունների մատուցման որակապես նոր փուլի՝ սահմանելով բարձր նշաձող, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը ծառայում է քաղաքացու հարմարավետությանն ու պետության նկատմամբ վստահության ամրապնդմանը։

 




Կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը


Քաղաքականություն


Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այս համատեքստում կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:



Ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա


Հայաստան


Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին`հյուսիսարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։

Երեւանում եւս  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 18- 20, երեկոյան` 15- 17, գիշերը` 8-10 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 19-ն արձանագրվել է 2019 թվականին` 32.0°C, ամենացուրտը` 1991 թվականին` 3.5°C։



Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 13-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն: Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։
Մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։

«Խուզարկության ընթացքում հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին անձնագրերը, իսկ նմանատիպ գործունեությունը բնորոշ է նաև մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։ Ներկայումս քննություն է իրականացվում` պարզելու, թե հափշտակությունից բացի կա՞ թրաֆիքինգին բնորոշ հանցավոր արարք»,-նշում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։

Ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը․ «Ի՞նչ է կեղծ գեմբլինգը։ Հանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություն է իրականացրել։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։ Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։

Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

 



Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առաջնորդների խնդրանքով։ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է, որ հետաձգում է երեքշաբթի նախատեսված նոր հարվածը Իրանի դեմ՝ Պարսից ծոցի երկրների խնդրանքով, քանի որ «այժմ լուրջ բանակցություններ են ընթանում»։ Նա նշել է, որ իրեն տեղեկացրել են ԱՄՆ-ի համար «լիովին ընդունելի»։ համաձայնության հասնելու հնարավորության մասին։

«Հարգելով այդ առաջնորդներին՝ ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին [պաշտպանության նախարար], Դեն Քեյնին [ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ] ու ԱՄՆ զինված ուժերին, որ վաղը հարձակում չլինի Իրանի վրա։ Սակայն նաեւ հանձնարարել եմ նրանց պատրաստ լինել անմիջապես սկսել լիարժեք լայնածավալ հարձակում Իրանի դեմ՝ առաջին իսկ հրահանգով, եթե ընդունելի համաձայնություն չլինի»,- գրել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ համաձայնությունը պետք է նախատեսի, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն չունենա։

Իրանը հրապարակավ չի մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը։