Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով: «Այսօր ձեր ծառայությունը ՀՀ-ում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայությունը իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր նորությունը Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

«Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կմ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջամի զինած ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների՝ պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած: Սա, իհարկե, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն, և մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով:

Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք, և սրանով, ըստ էության, ՀՀ-ի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- նշել է վարչապետը:



Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով


Քաղաքականություն


Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով, սակայն նրանց ազգականներից մեկը՝ նախկին անվտանգության աշխատակից Աթիֆ Նաջիբը, ներկա է եղել լսումներին որպես մեղադրյալ։

Նաջիբը, որը ձերբակալվել էր իշխանափոխությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, նախկինում ղեկավարել է Սիրիայի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը Դարաա նահանգում։

Նա մեղադրվում է լայնածավալ բռնաճնշումների և ձերբակալությունների արշավ ղեկավարելու մեջ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի էջում հայտարարել է, որ արդարադատությունը կմնա «գլխավոր նպատակ, որին պետությունը և նրա ինստիտուտները ձգտում են հասնել»։

Դատական երկրորդ լսումները տեղի կունենան մայիսի 10-ին։



«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին


Տեսանյութեր


«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, հայտնում է The National-ը: 

Heartbeat of Humanity բազմասերիանոց ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում: Հաղթողներին մրցանակները կհանձնվեն մայիսի 11-ին, Նյու Յորքում:

«Մարդկության սրտխփոցը» ֆիլմը պատմում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 



Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

 

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ են ունեցել տեսնելու Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադիա։

Ուսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակով


Գիտություն


Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:

Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն և այլ ոլորտներ:

Մրցույթին կարող են դիմել առցանց եղանակով՝ https://www.vladnestipendia.sk/en/. դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. մայիսի 25-ն է:

Կրթաթոշակի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:

Հավելյալ հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով կամ տեղեկանալ կից նյութից:

Դիմելու բոլոր պայմաններն ու պահանջվող փաստաթղթերը հասանելի են պաշտոնական կայքում: Ընտրված թեկնածուները պարտավոր են ընդունվելու պահին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ համապատասխան մարմնի կողմից տրված պաշտոնական երաշխավորագիր:



Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել


Քաղաքականություն


Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բանակցությունների եռափուլ բանաձև՝ ուղղված հակամարտության դեէսկալացիային։ Ըստ Al Mayadeen-ի՝ Թեհրանը պնդում է քայլերի խիստ հաջորդականություն։ 

Առաջին փուլը պատերազմի լիակատար դադարեցումն է և Իրանի ու Լիբանանի համար անվտանգության իրավական երաշխիքների ստացումը: Միայն դրանից հետո կարելի է անցնել հաջորդ փուլին։

Երկրորդ փուլը ներառում է Հորմուզի նեղուցի քննարկումը՝ Օմանի հետ համակարգված:

Երրորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն են։

Սակայն Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել. միջուկային հարցի շուրջ քննարկումները հնարավոր են միայն առաջին երկու պայմանների, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների և նեղուցի վերաբերյալ համաձայնագրերի կատարումից հետո։



«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով


Հայաստան


«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:



Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում


Բիզնես


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։



Պեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»


Բիզնես


Չինական խոշորագույն անկախ վերամշակողներից մեկի՝ «Hengli Petrochemical» ընկերության բաժնետոմսերի արժեքն այսօր նվազել է 10%-ով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների պատճառով։

Վաշինգտոնը ընկերությանը մեղադրում է Իրանից միլիարդավոր դոլարների հում նավթ և նավթամթերք գնելու մեջ՝ նրան անվանելով Թեհրանի խոշորագույն հաճախորդներից մեկը։

Թեև չինական ընկերությունը հերքում է որևէ առնչություն Իրանի հետ, իսկ Պեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»՝ կոչ անելով դադարեցնել առևտրի քաղաքականացումը, շուկան բացասաբար է արձագանքել այս լարվածությանը։



Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին


Հայաստան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝

  • Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից,
  • Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից,
  • Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից,
  • հանրաճանաչ պարային խմբերից,
  • ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից,
  • ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․

  • ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը.
  • ժամը 18:00-ին` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր.
  • ժամը 19:00-ին` Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։