Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային


Մշակույթ


Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային: Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։

Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը:





Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ. Մհեր Գրիգորյանը՝ դեսպանին


Քաղաքականություն


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:



Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական


Բիզնես


2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությամբ, ինչպես նաև հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերված հետաքրքրությամբ։



Հայաստան-Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը կդառնա արդյունավետ հարթակ


Քաղաքականություն


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ապրիլի 15-ին մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման նպատակն էր խթանել բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսությունը, ներկայացնել ներառական բիզնես զարգացման հնարավորությունները և ապահովել ռազմավարական ցանցային հարթակ շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և գործարար շրջանակների համար։

 

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան – Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը և հույս հայտնել, որ այն կդառնա արդյունավետ հարթակ՝ աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Helio.AI-ի մուտքը հայկական շուկա վկայում է տարածաշրջանի՝ որպես տեխնոլոգիական համագործակցության և նորարարության զարգացող կենտրոնի ձևավորման մասին։

 

«Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ», – իր ողջույնի խոսքում նշել է Լիլյա Սիրականյանը։

 

Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ներդրողներ։




Հայ պատգամավորները Խորվաթիայում ծանոթացել են ԵՄ անդամակցության փորձին


Քաղաքականություն


Գործընկերոջս` Տաթևիկ Գասպարյանի հետ Զագրեբում հանդիպեցինք Խորվաթիայի խորհրդարանի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միլոշին, նույն հանձնաժողովի անդամ, իշխող «Խորվաթական ժողովրդավարական միություն» կուսակցության փոխնախագահ Զդրավկա Բուշիչին, նույն հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում Խորվաթիայի պատվիրակության ղեկավար, Խորվաթիայի տարածքային զարգացման և ԵՄ հիմնադրամների նախկին նախարար Մարկո Պավիչին,  ինչպես նաև` Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Վեսնա Բեդեկովիչին։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը։

 

«Գործընկերները ներկայացրին Խորվաթիայի` ԵՄ անդամակցությանը նախորդած և հաջորդած բարեփոխումների մանրամասները, գործընթացի բովանդակային և ընթացակարգային շերտերը։

 

Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»,-նշել է նա։



Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև պատմական բանակցությունների մասին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է «մի փոքր շնչառության տարածություն ապահովել Իսրայելի և Լիբանանի միջև»։

Truth Social-ում իր գրառման մեջ նա գրել է. «Շատ երկար ժամանակ է անցել այն պահից, երբ երկու երկրների ղեկավարները խոսել են միմյանց հետ՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը»։



Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա


Հայաստան


Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին և 17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-ին և 17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։



Ռուսաստանի փոխվարչապետը ժամանել է Ադրբեջան


Քաղաքականություն


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան։

Նշվում է, որ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։



Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվելու է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե


Հայաստան


2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։ Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

 

«Մասնավորապես․

 

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,

• ուսումնական թռիչքները,

• անձնական թռիչքները,

• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,

• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

 

Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ 

 

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել ՄԻԱՅՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին»,-նշվում է կոմիտեի հայտարարության մեջ։