Հրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրա


Քաղաքականություն


Դիվանագիտության դերը համաշխարհային մասշտաբով ավելի նշանակալի կդառնա, եթե առողջ տնտեսական շահերը գերակշռեն քաղաքական շահերին։ Հարավային Կովկասը դրա վառ օրինակն է։



Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ տարածաշրջանը նախկինում բախվել է բազմաթիվ խնդիրների և կոնկրետ հակամարտությունների։

«Այնուամենայնիվ, մենք՝ Հարավային Կովկասի երկրները, ներկայումս կենտրոնանում ենք դիվանագիտական, պրագմատիկ լուծումների և կապերի ամրապնդման վրա։ Սա ծառայում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, այլև մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է, և աշխարհի բոլոր ազգերը պետք է հաշվի առնեն դա։ Մենք պետք է կամուրջներ կառուցենք, այլ ոչ թե այրենք դրանք»,- հավելել է Կոբախիձեն։



Ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։

 

Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում:

Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ


Քաղաքականություն


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից։ «Ադրբեջանը ցուցաբերել է առաջնորդություն այս գործընթացում, և հակամարտությունն այժմ անցյալի մասունք է։ Մեր երկիրը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով»,- ասել է նա։

Նախագահի օգնականը ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։ 

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանում 30 տարի կիրառվող արտաքին խնդիրների լուծման մոդելը ապացուցել է իր անարդյունավետությունը։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական նախաձեռնության և առաջնորդության միջոցով»,- ընդգծել է նա։

Նա հավելել է, որ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության փուլ։ Միևնույն ժամանակ, Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հարևան տարածաշրջանում առաջացել են նոր հակամարտության գոտիներ։



Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանք


Հարեվաններ


ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք, «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ։

Ըստ գերատեսչությունների՝ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն շոշափելի են՝ ձևավորվել են նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։

ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով  Ադրբեջանի Հանրապետության տարածքով  տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել  են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ,  68 տոննա հնդկացորենի ձավար:

Իսկ  Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի  ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով,  3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:  

 



Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում


Հայաստան


Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ ԿԳՄՍ նախարարությունն Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ:

Մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, մասնակցելով ծրագրին, անցկացրել են ցուցահանդեսներ, արվեստի բացօթյա արշավներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական տարաբնույթ նախաձեռնություններ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ինչպես նաև համերգային ծրագրեր:

Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:




Հայ գրոսմայստերների ցանկը համալրվել է ևս մեկ շախմատիստով


Սպորտ


ՖԻԴԵ-ն հայ երիտասարդ շախմատիստ Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:

Շնորհավորում ենք Արթուրին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:



ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր


Հայաստան


Մեկնարկում է 2026թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Աշակերտների մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ։

Մրցանակաբաշխությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով:

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 20-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար հարկավոր է մայիսի 20-ին՝ ժամը 15։45-ին, մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://app.codility.com/public-link/2026/, որով կիրականացվի մասնակցի գրանցումը (նախապես պետք չէ գրանցվել) (անուն, ազգանուն, դպրոց և այլն): Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվեն 50 հարցեր, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1,5 ժամ է:

Եզրափակիչ փուլ անցած աշակերտները կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Ռուզաննա Գորոյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010492333 հեռ.-ով։

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։ Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակը, դիպլոմ և դրամական պարգև։



Հրաշալի առիթ է` կարևորելու մեր կինոժառանգությունը


Հայաստան


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։

Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:

Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա վառ ապացույցներն են իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու որոշումները: Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն հեռանկարների խոստումով:

Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության դրամական խրախուսման ծրագրով միայն 2025 թ. հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների մասնակցության համար:

Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։

Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։



Ընդգծվել է երիտասարդների համար կրթական ծրագրերի կարևորությունը


Քաղաքականություն


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության նախարար Վեր․ Հենրիկ Շահնազարյանի և հովիվ Վեր․ Սերոբ Մկրտիչեանի հետ։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով համատեղ ջանքերով երիտասարդների համար կրթական ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը։



Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։