Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում զիջեց Մյունխենի «Բավարիային» (1-2)։

Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց մյունխենցիների կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, իսկ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Հարի Քեյնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

«Սերուցքայինները», չնայած երկրորդ խաղակեսում ունեցած մի շարք հնարավորություններին, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Կիլիան Մբապեն գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։



«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի


Սպորտ


Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):

«Այս մարզադաշտը կերպարանափոխվում է վերջին 15 րոպեների ընթացքում, և դու պետք է պատրաստ լինես պայքարի: Մենք կարող ենք նմանատիպ մթնոլորտ ստեղծել նաև «Ալյանս Արենայում»: Անհամբերությամբ սպասում ենք դրան: Մենք ունեինք այլ պահեր ևս, որոնք պետք է իրացնեինք: Հուսով եմ՝ տանը նույնպես գոլեր կխփենք: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու չենք կարող դուրս գալ հաջորդ փուլ, սակայն «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի:

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կարևոր է պահպանել տեմպը: «Ռեալը» մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի. այս թիմն ընդունակ է յուրահատուկ բաների, բայց մենք ևս: Մենք վաստակել ենք նման խաղերում ինքնավստահ լինելու իրավունքը։ Բայց սա ֆուտբոլ է, այստեղ երբեք ոչինչ հաստատ չգիտես»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենում:



Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում


ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», – Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական ​​և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։



Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում


ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», – Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական ​​և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։



Մենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտում


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (1-2):

«Ակնհայտ է, որ մենք շարունակում ենք պայքարը. մեզ ընդամենը մեկ գոլ է պակասում: Մենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտում: 0-2 հաշվի դեպքում իրավիճակը փրկելը շատ ավելի բարդ կլիներ: Մենք չափազանց խորը նահանջեցինք պաշտպանությունում, հատկապես դա վերաբերում է եզրայիններին: Սեփական դարպասին այդքան սեղմվելը մեր մտադրությունը չէր. դա մրցակցին վերահսկողության չափազանց մեծ հնարավորություն տվեց: Երբ գնդակը մեզ մոտ էր, չէր հերիքում նախաձեռնությունը ստանձնելու և ճնշման տակ խաղը մեր վրա վերցնելու կարողությունը: Ես այդ մասին ասացի իմ ֆուտբոլիստներին. մրցակցի պրեսինգը շատ ագրեսիվ էր:

Մենք շատ էինք խոսել գնդակի կորուստներից խուսափելու անհրաժեշտության մասին, բայց բաց թողեցինք երկրորդ գոլը, ինչը լուրջ հարված էր: Թիմը, սակայն, լավ արձագանքեց և բնավորություն ցույց տվեց: Կարծում եմ՝ Նոյերը հանդիպման լավագույն խաղացողն էր: Այս խաղում մենք բազմաթիվ հնարավորություններ չիրացրինք: Չգիտեմ՝ լավ է արդյոք մեզ համար նրա՝ լավագույնը ճանաչվելը, բայց դա հստակ խոսում է այն մասին, որ մենք ունակ ենք լուրջ խնդիրներ ստեղծել «Բավարիայի» համար:

Մեզ մոտ այն զգացողությունն է, որ կարող էինք ավելին խփել և որ դեռ կենդանի ենք: Նույնիսկ 1-2 հաշվի ժամանակ մենք չափազանց շատ էինք ռիսկի դիմում: Մյունխենում հեշտ չի լինելու, բայց, ինչպես արդեն նշեցի, եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Բավարիային» իր իսկ հարկի տակ, ապա դա «Ռեալն» է»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում:



Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով


Հայաստան


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։

Երևան քաղաքում`

Ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։



Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը


Հայաստան


Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Այս մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

1lurer.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն է։

Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:



Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին


Քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որի սահմանում է ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը և այլն։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը նշեց, որ նախագծի նպատակն է ստեղծել ներդրումային համակարգերի հարաբերությունների ժամանակակից  պահանջներին համապատասխան իրավական հիմքեր ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ ներկայում գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն՝ ընդունված 1994 թվականին և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորում։

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա։ Մինչդեռ, գիտենք, որ ներկայում գործող օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված իրավահարաբերությունները»,-ասաց Սիրականյանը։

Նա մանրամասնեց, որ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, որի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը՝ ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ։ Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների և այլ միջազգային պայմանագրերի մասով։

Փոխնախարարի բնորոշմամբ՝ նախագիծը նպատակ ունի նաև միավորել տարբեր օրենքներում և իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքները, երաշխիքները և դրանք սահմանել մեկ իրավական ակտում։

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։



ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ


Հայաստան


Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական ​​կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը ցանցին ենթադրում է նոր հնարավորություններ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար:

Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը:

UNEVOC-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ ցանցն է, որը միավորում է մասնագիտացած հաստատությունները տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (TVET) ոլորտում։ Այն ապահովում ցանցի անդամների միջև փորձի փոխանակման, համագործակցության և փոխօգնության միջավայրի ձևավորմանը։ UNEVOC կենտրոնները լինում են չորս տեսակի՝ նախարարություններ, ազգային մարմիններ, ուսուցման կազմակերպություններ և հետազոտական հաստատություններ։

Միջազգային համագործակցության և գործընկերային ուսուցման միջոցով UNEVOC կենտրոնները շարունակում են բարձրացնել տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման որակը՝ բարելավելով իրենց երկրներում առաջարկվող կրթական հնարավորությունները։

Այս կազմակերպությանն այժմ արդեն անդամակցում են 253 UNEVOC կենտրոններ 152 երկրներից։