Միչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության պրոգրեսիվ թեւի ներկայացուցիչ Աբդուլ Էլ-Սայեդը, որը կոչ է անում դադարեցնել Իսրայելին ռազմական օգնությունը, հաղթել է Միչիգան նահանգի նախնական ընտրություններում եւ դարձել կուսակցության թեկնածուն ԱՄՆ Սենատի նոյեմբերյան ընտրություններում, հայտնում է BBC- ին։

Էլ-Սայեդը փոքր առավելությամբ առաջ է անցել փորձառու քաղաքական գործիչ Հեյլի Սթիվենսից, որին աջակցում էր կուսակցական վերնախավը։ «Մենք պարտավոր ենք միավորվել, եւ մենք դա կանենք։ Մենք կմիավորվենք, որպեսզի վերադարձնենք այս երկիրը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Էլ-Սայեդը հանդես է գալիս ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը` ICE-ը վերացնելու, Իսրայելին ռազմական օգնության դադարեցնելու եւ բոլոր ամերիկացիներին պետական բժշկական ապահովագրություն` Medicare տալու օգտին։

Միաժամանակ` քաղաքական գործիչն աջակցում է Ուկրաինային հետագա օգնության տրամադրմանը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում։

Միչիգանում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների կողմնակիցների թիվը մոտավորապես համադրելի է, իսկ անկախ ընտրողները բավականին շատ են։ Հենց այդ պատճառով Միչիգանը համարվում է ընտրություններում առանցքային «տատանվող» նահանգներից մեկը։

Դեմոկրատական վերնախավը մտահոգված է, որ թեկնածուն, որի դիրքորոշումները կարող են հեռացնել չափավոր դեմոկրատների եւ անկախ ընտրողների մի մասին եւ Սենատի ընտրություններում հանրապետական Մայք Ռոջերսին հաղթելու հնարավորություն տալ։

Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ


Գիտություն


Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարի անբավարար գնահատական ստացածների թիվը շուրջ 2500 է եղել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս վիճակագրությանը՝ այն համարելով ահազանգ։

«Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում՝ գերազանց, գոնե՝ բավարար։ 

Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասաց վարչապետը։



Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
 
Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:



2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան


Հայաստան


Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ. 2026-2031 թվականը 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Սա շատ իրատեսական խնդիր է, առավել ևս այն պրոցեսները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք, նաև հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված: Ուզում եմ նաև հանրությանը շնորհակալություն հայտնել համբերատարության համար, չնայած ձգձգումները մեզ նույնքան նյարդայնացրել են, ինչքան հանրությանը, բայց, այնուամենայնիվ, մեխանիզմները գործարկված են: 2026-ից մինչև 2031 թվականը 2 մլրդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը և համայնքներին բոլոր մեխանիզմների գործարկմամբ»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը՝ տեղեկացնելով, որ առավոտյան «տարօրինակ» նամակ է ստացել քաղաքացուց, ըստ որի՝ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա համայնքը կրկին ուզում է վերադարձնել այն անձին, ումից վերադարձվել է համայնքին:



Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ


Բիզնես


Դեռևս 2024-ին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին կատարվել, որոնց թվում էր նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո: Օրենքից հետո համապատասխան որոշումներ ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու, որին հայտ էին ներկայացրել 3 օտարերկրյա կազամակերպություններ: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը նման գործառույթ է իրականացնում նաև Վրաստանում՝ լինելով խաղային գործունեության կարգավորման օպերատոր: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին ասաց ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով խաղային գործունեության օպերատոր սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր:

Մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես՝ 3 ուղղություններով.

– ապահովել իրական ժամանակում խաղային մոնիթորինգ.
– սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել սահմանափակումները թվային միջավայրում.
– սահմանել արդար և պատասխանատու խաղային կանոններ»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

Ըստ նրա՝ խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է, հաղթող ընկերությունը էլեկտրոնային համակարգը պարտավոր է ներդնել 6-ամսյա ժամկետում:

Վարչապետ Նիկկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով: «Կարճ ասած՝ ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ:

Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահամանփակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասաց Փաշինյանը:



Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը


Քաղաքականություն


Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում:

Աբրահամյանի խոսքով՝ նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության ու բարձր պատասխանատվության վրա:

2009-ին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավաբանական ֆակուլտետը՝ «քրեական իրավունք և քրեական դատավարություն» մասնագիտացմամբ, 2011-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ «քրեական իրավունք» մասնագիտացմամբ, 2013-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2014-ին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Վարդևանյանը 2014 թվականին ավարտել է Հայաստանի փաստաբանների դպրոցը, ունի փաստաբանի որակավորում, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Ունի պետական ու մասնագիտական գործունեության հարուստ փորձ: 

2013-2019 թվականներին զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ, եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, ինչպես նաևՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս: 

2014-2016-ին եղել է ՍԴ նախագահի խորհրդական: 2016-2017-ին եղել է վարչապետի օգնական, 2017-2018-ին՝ վարչապետի ավագ օգնական: 

Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 2022 թվականին վայր է դրել մանդատը:

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
 
Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։



Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր


Քաղաքականություն


Քննարկում ենք մի հարց, որը, վստահ եմ, մեր հանրության կողմից ոչ միանշանակ է ընկալվում: Ես պատկերացնում եմ, որ մեր հայրենակիցներից ոմանք գտնում են, որ այս ժամանակահատվածում ընդդիմադիր խմբակցություններն արդյոք պե՞տք է ունենան մասնակցություն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանը: 

«Մենք քննարկել ենք նշված հարցը, եկել ենք այն եզրահանգման, որ պե՛տք է ստանձնենք այդ պատասխանատվությունը»,- ասաց Վարդևանյանը՝ պարզաբանելով իր խոսքերը:

Նրա խոսքով՝ իր երազանքը չի եղել ԱԺ պատգամավոր կամ ԱԺ նախագահի տեղակալ դառնալը: Վարդևանյանը նկատեց՝ իրեն անկասկած կուղղեն հարցեր՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր: «Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսանկյունից, չե՛մ ունեցել, ավելին՝ մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չե՛ն ունեցել: ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ պարզաբանելով, որ այդ պատասխանատվությունը ստանձնում են, որովհետև գտնում են՝ ԱԺ-ի՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու:

«Մենք ունենք անհանգստություն, մեղմ ասած: Մենք չենք տեսնում, որ ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր, որոնք խարխլվել են»,- նշեց Վարդևանյանը:



Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հուլիսի 24-ին, Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը. 
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ.
  • 184 միլիոն 222 հազար 585 դրամ:

Նշեմ, որ Սարգիս Սահակյանի վճռից բացի, ունենք այլ անձանց վերաբերյալ կայացված վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել:

Մասնավորապես՝

1. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը.
  • Բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները.
  • 352 միլիոն 438 հազար դրամ:

2. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով.
  • 1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ.
  • 85 միլիոն 430 հազար դրամ:

3. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր՝ Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս.
  • 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
  • 10 միլիոն 200 հազար դրամ.
  • 4853 եվրո.
  • 2 միլիոն 643 հազար դրամ:

4. Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • 9 անշարժ և 6 շարժական գույք.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 340 միլիոն դրամ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, օրինական ուժի մեջ մտած վճիռներով և հաշտություններով, Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքի և դրամական միջոցների արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ (շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար)։

Մասնավորապես, այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած 2 դատական ակտերի և 11 հաշտության համաձայնությունների արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2000 բաժնետոմս, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել նաև 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1 միլիարդ դրամ։

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի գործով դատարանը բավարարել էր նաև շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամական պահանջ, որն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն բռնագանձումն ապահովելու նպատակով:

2026 թվականի հունիսի 17-ին կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն, որը մտել է օրինական ուժի մեջ։ Նշված հաշտության արդյունքում պետությանը ենթակա է վերադարձման ավելի քան 304 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»:


Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը


Հարեվաններ


Օգոստոսի 6-ի գիշերը Յարոսլավլի մարզը ենթարկվել է ուկրաինական դրոնների հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի տարածքում: Տեղի բնակիչները հայտնել են պայթյունների և քաղաքի վրա բարձրացող ծխի սյուների մասին, իսկ մարզի ղեկավարը տեղեկացրել է Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքերի ժամանակավոր փակման մասին։

Ձեռնարկությունը, որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանների հնգյակում՝ տարեկան մինչև 15 միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորությամբ, վերահսկվում է «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ընկերությունների կողմից։ 

Սա տարվա սկզբից ի վեր գործարանի վրա անօդաչուների արդեն յոթերորդ հարձակումն է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այս տարի ռուսական ՆՎԳ-ների ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացված հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել շուրջ 26 ձեռնարկություն, որոնց զգալի մասը շարունակում է պարապուրդի մատնվել կամ աշխատել միայն մասնակիորեն։



Ուկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել


Հարեվաններ


Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ սահմանել է 6 մլն գրիվնայի չափով գրավ (մոտ 145 հազ. դոլար)։ Նա նաեւ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննիչների կանչով պարտավոր է ներկայանալ, հայտնել բնակության վայրի փոփոխության մասին եւ չշփվել գործով վկաների հետ։

Խափանման միջոցի ընտրությունից հետո Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը վճարելու համար անհրաժեշտ գումարը չունի եւ միջոցներ է փնտրելու։ Նա նաեւ նշել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը, սակայն ոչ պետական պաշտոնում։

Դատարանի նիստը սկսվել էր նախօրեին։ Դրանից առաջ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Ստեֆանիշինային նոր մեղադրանք էին ներկայացրել։ Նրան կասկածում են ապօրինի հարստացման եւ հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու մեջ։

Հետաքննության վարկածի համաձայն՝ հայտարարագրում նա չի ներառել Կիեւում գտնվող երկու բնակարանը, դրանց վերանորոգման ծախսերը, բնակարանի վարձակալության վճարները, Mercedes-Benz ավտոմեքենայից օգտվելու փաստը, ինչպես նաեւ ավիատոմսերի եւ մոր բուժման համար կատարված վճարումները, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2020 թվականից, նա զբաղեցնում էր եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2024 թվականից եղել էր փոխվարչապետ՝ արդարադատության նախարարի պաշտոնում։