Ուկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել


Հարեվաններ


Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ սահմանել է 6 մլն գրիվնայի չափով գրավ (մոտ 145 հազ. դոլար)։ Նա նաեւ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննիչների կանչով պարտավոր է ներկայանալ, հայտնել բնակության վայրի փոփոխության մասին եւ չշփվել գործով վկաների հետ։

Խափանման միջոցի ընտրությունից հետո Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը վճարելու համար անհրաժեշտ գումարը չունի եւ միջոցներ է փնտրելու։ Նա նաեւ նշել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը, սակայն ոչ պետական պաշտոնում։

Դատարանի նիստը սկսվել էր նախօրեին։ Դրանից առաջ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Ստեֆանիշինային նոր մեղադրանք էին ներկայացրել։ Նրան կասկածում են ապօրինի հարստացման եւ հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու մեջ։

Հետաքննության վարկածի համաձայն՝ հայտարարագրում նա չի ներառել Կիեւում գտնվող երկու բնակարանը, դրանց վերանորոգման ծախսերը, բնակարանի վարձակալության վճարները, Mercedes-Benz ավտոմեքենայից օգտվելու փաստը, ինչպես նաեւ ավիատոմսերի եւ մոր բուժման համար կատարված վճարումները, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2020 թվականից, նա զբաղեցնում էր եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2024 թվականից եղել էր փոխվարչապետ՝ արդարադատության նախարարի պաշտոնում։



Բայրամովը ժամանել է Կիև | Top-News.am


Հարեվաններ


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Կիևի երկաթուղային կայարանում ադրբեջանցի պաշտոնյաներին դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Այցի շրջանակում նախատեսված է երկկողմ հանդիպում Սիբիգայի հետ, ինչպես նաև բանակցություններ ուկրաինական այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրել էր վեց երկկողմ փաստաթուղթ։



Առաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել


Աշխարհ


Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգում, որտեղ 1871 թվականից գործում է օդերևութաբանական կայան, առաջին անգամ 155 տարվա դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է մի ամբողջ օրացուցային ամիս՝ առանց որևէ տեղումների։ Այդ մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
Ավելի վաղ Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Ֆերմերների ազգային միությանը (NFU), հայտնել էր, որ աննախադեպ շոգի և դրա հետևանքով առաջացած երաշտի պատճառով երկիրը կարող է բախվել պարենային մթերքների պակասի վտանգին։
 
Հուլիսի վերջին Անգլիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ հաստատվել է անոմալ շոգ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երաշտ է հայտարարել Անգլիայի տարածքի գրեթե կեսում։
 
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավարևելյան հատվածում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածը առանց տեղումների։
 
Հունիսին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը գերազանցել էր +37°C՝ սահմանելով նոր ռեկորդ։ Իսկ Լիդսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Դուգլաս Փարքերի գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա 25 տարիների ընթացքում +40°C ամառային շոգը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի համար սովորական երևույթ



Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի


Հարեվաններ


Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները, համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է՝ հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով՝ երկու երկրի միջև բանակցությունները շարունակվում են արդեն մոտ երկու ամիս և անցնում են մասնագիտական մթնոլորտում:

Էսմայիլ Բաղաեին հավելել է, որ վերջին շաբաթներին կողմերը բանակցություններ են վարել նաև առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Եթե երրորդ կողմերը չխոչընդոտեն գործընթացը, համատեղ հայտարարության տեքստը պատրաստ կլինի մոտ ապագայում՝ նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Միևնույն ժամանակ, Բաղաեին ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը: Նրա խոսքով՝ այն պատճառները, որոնք հանգեցրել են նեղուցի փակմանը, ներառյալ՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները, մնում են չլուծված: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել էր, որ Հորմուզի նեղուցը շուտով ամբողջությամբ կվերաբացվի: Նրա խոսքով՝ Սպիտակ տան թիմն օգոստոսի 4-ին արդյունավետ բանակցություններ է ունեցել իրանական կողմի հետ, թեև Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ շփումները: 

Reuters-ն էլ գրել է, որ Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավերի տարանցման համար վճարների սահմանումը՝ փոխադրվող բեռների հայտարարագրված արժեքի 3-7 տոկոսի չափով: Նշվում է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Հորմուզի նեղուցով տարանցման համար սպասարկման վճար սահմանելուն։ 



Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը


Հայաստան


Օգոստոսի 5-ին՝ ժամը 17։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաքար բնակավայրում այրվում է կահույքի արտադրամաս։
 
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։48-ին, մարվել՝ 20։24-ին։ Արտադրամասում այրվել են գույք, հաստոցներ, էլեկտրական և ձեռքի գործիքներ, ներկանյութեր։



ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ


Տեսանյութեր


ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռք բերում և  իրացնում է թմրանյութ։
 
Տեղեկությունը հաստատվեց, և օգոստոսի 1-ին՝ ժամը 17․35–ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում երիտասարդը ձերբակալվեց։ Նույն փողոցում կայանված նրա ավտոմեքենան վերցվեց հսկողության տակ, իսկ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
 
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաև՝ գաղտնի փականով դանակ:
 
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրեր այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, և իրեն պատկանող «Տեսլա» մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակությամբ փաթեթներ:
 
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդանուր քաշը կազմեց 12 գրամ։
 
Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց «Տեսլա» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով ևս 55 փաթեթ, նաև՝ էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն և փայլաթիթեղի գլանափաթեթ։
 
Նախաքննությունը շարունակվում է։



Վինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումները


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն անակնկալ քայլի է դիմել վիրտուալ տիրույթում. ֆուտբոլիստը հեռացրել է իր սոցիալական ցանցերի բոլոր հրապարակումները, ջնջել «արքայական» ակումբի մարզահագուստով լուսանկարներն ու պրոֆիլի նկարագրությունից հանել թիմի հիշատակումը: Այս յուրօրինակ «թվային մաքրումը» տեղի է ունենում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին:


Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օրերս կայացել է ֆուտբոլիստի և «բլանկոսների» ղեկավարության կառուցողական հանդիպումը: Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Athletic պարբերականի լրագրող Դևիդ Օռնշտեյնը, Վինիսիուսն ավելի վաղ մերժել էր «Ռեալի» առաջարկը, որով նախատեսվում էր պայմանագրի երկարաձգում մինչև 2031 թվականը՝ տարեկան 22 մլն եվրո աշխատավարձով: Դրանից հետո մադրիդյան ակումբը բարելավել է առաջարկը, և այժմ կողմերի միջև բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում: Զուգահեռաբար, լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:

Հատկանշական է, որ սա բրազիլացու կողմից նմանատիպ արձագանքի առաջին դեպքը չէ: Անցյալ ամռանը, Աշխարհի ակումբային առաջնության հերթական հանդիպումից հետո հայտնվելով երկրպագուների քննադատության թիրախում, Վինիսիուսը կրկին հեռացրել էր ակումբային ատրիբուտիկայով լուսանկարներն իր էջից:

Առայժմ ո՛չ ֆուտբոլիստը, ո՛չ նրա ներկայացուցիչները և ո՛չ էլ մադրիդյան ակումբը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել:


Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից: Այս ընթացքում նա անցկացրել է 375 հանդիպում, դարձել 128 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը:





«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է


Հայաստան


«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։



Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.17033 հա, 2.34555 հա և 2.39092 հա մակերեսով 3 հողամասերը կվերադարձվեն Տավուշի մարզի Բերդ համայնքին:
 
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:



Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը


Հայաստան


Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության տվյալները՝ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։ Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը  կազմում է 3 միլիոն 103 հազար մարդ։

Բնակչության ընդհանուր թվից 1 միլիոն 983 հազարը քաղաքային բնակչությունն է, իսկ 1 միլիոն 120 հազարը՝ գյուղական։

ՀՀ մշտական բնակչության բաշխումն ըստ մարզերի, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցությունը ներկայացված է ստորև՝ ինֆոգրաֆիկաներում։

https://flo.uri.sh/visualisation/29896922/embed

https://flo.uri.sh/visualisation/29896627/embed