Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ


Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։
 
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։



Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը


Գիտություն


Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների։ Արդյունքում՝ կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը։
 
Ըստ հիմնավորման՝ կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
 
Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Հետավարտական մեկամյա ուսումնառության տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
 



Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի | Top-News.am


Հայաստան


Օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը՝ 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Քննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները


Գիտություն


Բոստոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանին՝ քննարկելու Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման և ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ համագործակցության հեռանկարը։

 

Կողմերը քննարկել են MIT-ի փորձի և փորձագիտական ներուժի ներգրավման հնարավորությունները՝ նպաստելու նախագծի մշակման և իրականացման գործընթացին։ MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ։



Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
 
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամաս:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



Բրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէ


Քաղաքականություն


Եվրոպան Անկարայից պահանջել է տարանցիկ գազի ծագման հավաստագրեր, որպեսզի համոզվի, որ այն ռուսական չէ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Գազի ծագումն ապացուցել հնարավոր չէ. այն պահին, երբ վառելիքը մտնում է ընդհանուր խողովակաշար, անհնար է դառնում որոշել դրա ծագման աղբյուրը, պարզաբանել է Բայրաքթարը։

«Մեր եվրոպացի գործընկերները գալիս են մեզ մոտ եւ ասում, որ ցանկանում են Թուրքիայի միջոցով ստանալ ցանկացած գազ, բացի ռուսականից… Խողովակաշար մտնող գազի ծագումն անհայտ է։ Սակայն եթե այդ գազը դառնում է առեւտրի առարկա, եւ գործարքը ստանում է իրավական ձեւակերպում, մենք պարտավոր ենք փաստաթղթերով հաստատել, թե որ երկրից է այն ծագում»,- ասել է նախարարը AHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հունվարին Եվրամիությունը հաստատել է ռուսական գազից հրաժարվելու ծրագիրը։ Դրա համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներմուծվող հեղուկացված բնական գազից (LNG), իսկ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից՝ խողովակաշարերով մատակարարվող ռուսական գազից։



Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ


Շիրակի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 20 միլիոն 267 հազար դրամ:
 
«Շիրակի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 8 քրեական վարույթ:
 
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 24 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:



Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև


Հայաստան


Երևանում օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 7-11-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 7-11-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օգոստոսի 7-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։