Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։

Ըստ հիմնավորման՝ այդ բնակելի շենքերը 4-րդ կարգի վթարային են և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Որոշմամբ նախատեսվում է քննարկվող հատվածը ճանաչել հանրության գերակա շահ, որի արդյունքում նշված շենքերի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված փոխհատուցումը կամ բնակարանի գնման վկայագիր:

Ծրագրի կատարման արդյունքում կլուծվեն տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները, կապահովվի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, 4-րդ կարգի վթարային շենքերը կապամոնտաժվեն, կվերանա այդ շենքերի փլուզման վտանգը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները:

Ծրագիրն ամբողջությամբ կատարելուց և վթարային բնակարանները ազատելուց հետո շենքերի ապամոնտաժման աշխատանքները իրականացվելու են Երևան համայնքի միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Բոլոր այն շահառուները, որոնց փոխհատուցման չափը կազմելու է ՀՀ կառավարության՝  «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված 7 800 000 ՀՀ դրամի չափից պակաս` Երևան համայնքի բյուջեի միջոցով վկայագրի գումարը ավելացվում է մինչև 7 800 000 ՀՀ դրամը, բացառությամբ՝ այն շահառուների, ովքեր` ծրագրի ընդունման պահին Երևան համայնքում ունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք, որի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գերազանցում է 7 800 000 ՀՀ դրամ չափը կամ բնակարանները Վարդաշեն 6-րդ փողոցի հ.66/1 և հ.68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերում առքուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերվել նշված շենքերի նկատմամբ 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ եզրակացություն տրամադրելուց հետո՝ սկսած 06.05.2020 թվականից:

Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ


Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 147 միլիոն 686 հազար դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 5 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 47 միլիոն 704 հազար դրամ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 806 հազար դրամ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 15 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 15 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 700 հազար դրամ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 20 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 12 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 17 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:  

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 35 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 14 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 մեղադրական դատավճիռ: 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 19 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 11 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:


ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ


Տեսանյութեր


Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից են։

Օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության և հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մոտոցիկլետ։ Մասնավորապես, հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22, մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու՝ 17, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու՝ 6, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո մոտոցիկլետն այդ համարանիշերով վարելու 2 և այլ իրավախախտման դեպքեր։ 

Հաշվառման համարանիշը փակելու կամ դրա տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելու փորձը վարչական պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Պարեկային ծառայողների տեսադաշտից նման խախտումները չեն վրիպում։

25 հազար դրամ և 2 տուգանային միավոր է նախատեսված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար։

Առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ  համարանիշով մոտոցիկլետ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ սահմանված է 200 հազար դրամ տուգանք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնները, զերծ մնալ դրանք փակելուց, ծալելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց և երթևեկել բացառապես պատշաճ փակցված և ընթեռնելի համարանիշով։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված ուժեղացված ծառայությունները շարունակական են։



Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր խմբի կողմից զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու դեպքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող «Մամուլի շենքի» սենյակներում ստեղծել է պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցող կազմակերպության տպավորություն՝ այնտեղ տեղադրելով մարտական գործողությունների մասնակիցների լուսանկարներ, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչպես նաև պատրաստելով իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ նպատակ ունենալով տուժողների մոտ ձևավորել վստահություն և ապահովել հանցավոր մտադրության իրականացումը։

Նախաքննությամբ միաժամանակ հաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ.Ղ.-ն ծառայության բերումով շփվելով մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների, բացի այդ` իր շրջապատում հաշմանդամություն ունեցող անձանց և մահացած

զինծառայողների ընտանիքների անդամների հետ, վերջիններիս ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուղղորդել է Ա.Թ.-ի մոտ՝ ապահովելով վերջինիս կողմից խարդախության իրականացումը։

Մեղադրյալները մի շարք տուժողների ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։ Վստահություն ներշնչելու նպատակով շահարկվել են պետական պաշտոնատար անձանց,ինչպես նաև պետական մարմինների և բարեգործական կազմակերպությունների անունները, ներկայացվել են օգնություն ստացողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

 Այսպիսով, հիշյալ եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր՝ 13 մլն 880 հզր ՀՀ դրամ:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Տ.Ղ.-ն կալանավորվել է, Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ


Տեսանյութեր


ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ  դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։  

Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան


Քաղաքականություն


ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երաշխավորումը: Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում: Հայաստանի ղեկավարը ցավով արձանագրել է, որ սկզբունքը երբեմն գործում է ոչ ամբողջությամբ:

«Առանձին սահմանափակումներ և վարչական մեթոդներ խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման կանխատեսելիությունը: ՀՀ-ն մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական, բարենպաստ պայմաններ: Եվ ակնկալում ենք, որ նման մոտեցում գործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Մենք համարում ենք սկզբունքորեն կարևոր, որ ապրանքների ներմուծման վրա ազդող որոշումները անդամ պետություններում կայացվեն ԵԱՏՄ օրենքների և իրավասու մարմինների միջև կառուցողական գործակցության պայմաններում: Հակառակ մոտեցումը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ զարգացման և միության նկատմամբ պետությունների քաղաքացիների ու գործարար շրջանակների վերաբերմունքի վրա: Դա ժամանակի ընթացքում դառնում է ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության խնդիրը: Հարկավոր է ամրապնդել փոխվստահությունը: ԵԱՏՄ նպատակներին դեռ չենք հասել, ուստի գործնականում պետք է արագացնենք մեխանիզմների համաձայնեցումը:

ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս երկիրների ղեկավարների 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ինչպես հայտնի է, 2025-ին ՀՀ-ն ընդունել է օրենք, որով մեկնարկել է եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է: Մենք հասկանում ենք որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության և եվրոպական միության անդամ սակայն օրենի ընդունումը դեռ չի նշանակում որ ՀՀ-ն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ: Դրա համար անհրաժեշտ կլինի նաև ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և ՀՀ քաղաքացիների որոշումը: Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակացելու հայտով: Այնուհետ ՀՀ-ն պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Առնվազն այս փուլերը չանցնելու դեպքում հանրաքվե անցկացնելու բովանդակային իմաստը նշանակություն չի ունենա: Դա կնշանակի որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի: Այլ կերպ ասած՝ կակնկալենք որ ՀՀ քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտարնքների միջև, որոնցից մեկն այս պահին գոյություն չունի: Դա անհարգալից վերաբերմունք կլինի մեր քաղաքացիների հանդեպ, և չի ունենա բավարար լեգիտիմություն»,- նշել է նա:

 



Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, այն է՝
 
– արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
– արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,
– արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:



«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի


«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի: Նոր տերմինալը կինտեգրվի հուշարձան հանդիսացող հին մասնաշենքին, որը կենթարկվի որոշակի վերափոխման:

Ճարտարապետները բարձրաձայնում են, որ փոփոխությունը չպետք է ազդի կառույցի ճարտարապետական տեսքի վրա: ՏԿԵ նախարարությունից վստահեցնում են՝ բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն, իսկ «Մաստեր» պլանը կդրվի հանրային քննարկման:



Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ


Ավտո


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 6-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։ 

 

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգոստոսի 6-ը ներառյալ.

 

1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1255 հատ կամ օգտագործվել է 58%-ը

 

2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 655 հատ կամ օգտագործվել է 95%-ը»,- ասվում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։



ԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետ

Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է, այսօր Ղրղզստանում անցկացվող Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ «Ցավոք, գործնականում այդ սկզբունքները ամբողջությամբ չեն իրականացվում։

«Առանձին սահմանափակումներն ու վարչական միջոցները շարունակում են խոչընդոտել միասնական շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունն ու ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- ասել է նա։

Ըստ Հայաստանի վարչապետի` ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների եւ ծառայությունների՝ միասնական շուկա հասանելիության վրա, պետք է ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքի համաձայն՝ համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա եւ իրավասու մարմինների միջեւ կառուցողական փոխգործակցության շրջանակում։

«Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն դանդաղեցնել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլեւ բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների եւ գործարար համայնքի վերաբերմունքի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է, որ նման խնդիրները դադարում են լինել առանձին անդամ պետության խնդիրներ` վերածվելով ընդհանուր խնդրի։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։

«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցել մաքսատուրքերի գծով շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հասկանում է, որ չի կարող միաժամանակ անդամակցել ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին`միաժամանակ պատասխանելով երկու կառույցների միջեւ ընտրություն կատարելու հանրաքվե անցկացնելու առաջարկին։ Նա նշել է, որ Հայաստանը ինքնաբերաբար չի կարող դառնա ԵՄ անդամ, դա բազմափուլ ճանապարհ է` թվարկելով դրանք։

«Առնվազն թվարկված փուլերի մեծ մասն անցնելուց առաջ այդ հարցով հանրաքվե անցկացնելը կլինի բովանդակազուրկ։ Դա կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որը տվյալ պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջեւ, որոնցից մեկը գոյություն չունի»,- ասել է նա։

Մինչեւ Միջկառավարական խորհրդի նիստը լրագրողները նկատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետները կարճատեւ զրույց են ունեցել «ոտքի վրա»։

«Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարեկամական եւ բովանդակալից զրույց են ունեցել դեպի այն հարթակ տանող ճանապարհին, որտեղ միջոցառմանը նախորդող լուսանկարման համար հավաքվել էին ԵԱՏՄ երկրների վարչապետները։ Միշուստինն ու Փաշինյանը շփումը շարունակել են «ոտքի վրա»՝ ինչպես արարողությունից առաջ, այնպես էլ հետո՝ ԵՄԽ նիստերի դահլիճ գնալու ճանապարհին»,- գրել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։