Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի


Քաղաքականություն


Իսրայելական ուժերը լայնածավալ օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ Բազուրիե, Նաբատիե Էլ Ֆաուկա, Սիր Էլ Ղարբիե և Շուկին բնակավայրերում առնվազն հինգ մարդ է զոհվել։

Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ, Մաջդալ Զուն և Բեյթ ալ-Սայյադ քաղաքները։ Բացի ավիահարվածներից, իսրայելական զինուժը կիրառել է ծանր հրետանի, իսկ Տյուրոսի շրջանի Զիբկին բնակավայրի ուղղությամբ արձակվել են նաև ֆոսֆորային արկեր։

Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդգրկել է հարավային մի շարք այլ շրջաններ ևս, այդ թվում՝ Ալ-Հանիա և Ալ-Մանսուրի բնակավայրերը, որոնք նույնպես ենթարկվել են հզոր հրետակոծության։ Լիբանանյան կողմը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հարձակումների ինտենսիվությունը չի նվազում։

 




Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում


Բիզնես


Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի օդաչուներն ապրիլի 13-ին գործադուլ են սկսել: Գործադուլին միացել են նաև Eurowings GmbH-ի օդաչուները, որոնք չվերթներ են իրականացնում Գերմանիայի օդանավակայաններից: Գործադուլը նախաձեռնել է Vereinigung Cockpit օդաչուների արհմիությունը։ DPA լրատվական գործակալության տվյալներով՝ ամենաշատը տուժել են Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայանները։

Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի գործադուլը կտևի մինչև ապրիլի 14-ը, տեղական ժամանակով ժամը 23:59-ը:

«Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ գործատուն աշխատանքային մի քանի վեճերի լուծումը գտնելու հարցում հստակ պատրաստակամությու չի արտահայտել: Հակառակ Զատկի տոներին գործադուլից հրաժարվելու գիտակցված որոշմանը՝ լուրջ առաջարկներ չեն արվել: Գործատուների կողմից ո՛չ արձագանք է եղել, ո՛չ էլ բանակցությունների հստակ պատրաստակամություն»,- հայտարարել է VC նախագահ Անդրեաս Պինեյրոն։

Արհմիության ներկայացուցիչները գործադուլի կոչը բացատրել են հանգամանքով, որ Lufthansa-ն կամ Lufthansa Cargo-ն դեռևս չեն ներկայացրել առաջարկներ կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ: Նմանատիպ իրավիճակ է նաև CityLine-ի աշխատակիցների կոլեկտիվ պայմանագրի առաջարկների հետ կապված: «Ավելին, Eurowings-ի առաջարկը կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ անընդունելի է»,- նշել է VC-ն։

Պինեյրոն գործադուլը անվանել է «ծայրահեղ միջոց, ձախողված բանակցությունները փրկելու փորձ» և դրա համար մեղադրել է գործատուին: VC-ն նաև կոչ է արել իր անդամներին մասնակցել UFO բորտուղեկցորդների արհմիության հանրահավաքին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Lufthansa-ի գրասենյակի առջև։

Սա Lufthansa-ում սա գործադուլների չորրորդ ալիքն է տարվա սկզբից ի վեր։



Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են


Գաբալայում տեղի ունեցած հանդիպման շրջանակում քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր՝ հաշվի առնելով մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից՝ ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումներն ավելի լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջը տեղի  են ունենում նման բուռն զարգացումներ:

Միևնույն ժամանակ մեզ համար ակնհայտ էր, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգություններն ավելի են սրվել այս ուղղությամբ, և առնվազն արձանագրվել է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում, և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ասաց նա:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ քննարկվել է նաև հարցը, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են:

«Իսլամաբադի բանակցությունները, ըստ էության, տապալվեցին: Բավականին մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչ հետևանքներ կունենա այն տարածաշրջանի համար:

Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:

Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասաց նա:

1lurer.am


ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կգտնվի Օսլոյում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Այցի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքը։ Հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման նպատակով։

 

Այցի շրջանակում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների վրա։

 

Քննարկումների օրակարգում ներառված են նաև քաղաքային կլիմայական գործողություններին, կլիմայական հարմարվողականությանը, ազգային և գլոբալ մակարդակներում կենսաբազմազանության կառավարմանը, կլիմայական դիվանագիտությանը, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվությանը (DSI), ինչպես նաև կենսաբազմազանության ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջև սիներգիկ համագործակցության հնարավորություններին։

 

Այցը նպատակ ունի խթանելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և ձևավորել գործնական առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել COP17-ի ընթացքում՝ որպես Հայաստանի և Նորվեգիայի համատեղ ներդրում միջազգային բնապահպանական գործընթացներում։

Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է


Տեսանյութեր


Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում


Մամուլ


Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:

«Եկեք ուղիղ խոսենք, որ այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, դա կլիներ փոփոխականը»,- նշեց նա: 

Մանրամասնելով նշվածը՝ Արեգ Քոչինյանն ասաց. «Մի կողմից կա բավականին լուրջ ձևավորված խաղաղության պայմանագրային, իրավական, քաղաքական բազա Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա Խաղաղության համաձայնագիրն է, որը նախաստորագրված է, որը պետք է ստորագրվի ու վավերացվի: Դա երկու երկրի միջև կնքված սահմանազատման, սահմանագծման գործընթացն է, որի հանձնաժողովների կանոնադրությունները հաստատված են երկու երկրի կողմից, բոլոր իրավական գործընթացները անցել են, հանձնաժողովները ձևավորվել են, դրանք աշխատում են, դա կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն է, որի վերաբերյալ նույնպես արդեն կան փաստաթղթեր ստորագրված, և դա առաջին հերթին, բնականաբար, ԹՐԻՓՓ-ն է: Սա իրավապայմանագրային բազան է, սրան զուգահեռ կա որոշակի քաղաքական էլեմենտ, որ, այո՛, երկու երկրի կառավարությունների միջև ձևավորվել է որոշակի մակարդակի իրար հետ աշխատելու կարողություն, ունակություն: 

Շատ կարևոր է, թե Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշում և ինչպիսի վեաբերմունք են արտահայտում իմ նշած ամբողջ բազային, որովհետև ընտրություններից հետո խաղաղության և պատերազմի հարցերը ըստ էության որոշվելու են այն ուժի կողմից, որը Հայաստանում կհաղթի»:

1lurer.am



Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ


Քաղաքականություն


Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը։ Իրանական պետական IRIB լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրի ուժային կառույցները շեշտել են, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար։ 

Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը համարում է իր բնական իրավունքն ու պարտականությունը։

Համաձայն հրապարակված հայտարարության՝ Իրանը շարունակելու է վերահսկել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, սակայն «թշնամական երկրների հետ կապված նավերը» զրկվելու են այդ ջրերով անցնելու իրավունքից։ 

«Իրանը կշարունակի ապահովել նեղուցի անվտանգությունը, և թշնամու հետ կապված նավերը իրավունք չունեն և չեն ունենա անցնելու Հորմուզի նեղուցով», – ասվում է հայտարարության մեջ։

Այլ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ համաձայն Իրանի կանոնակարգերի, հավելել է նա։

«Բացի այդ, հաշվի առնելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի և մեր երկրի ազգային անվտանգության դեմ շարունակվող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կներդնի Հորմուզի նեղուցը վերահսկելու մշտական ​​մեխանիզմ», – հաղորդել է պետական ​​​​հեռուստատեսությունը։



Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ


Տեսանյութեր


Մասիսի ավագ դպրոցը 283 աշակերտ ունի. նրանց կրթության որակը բարձրացնելու նպատակով ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ:

Պետությունը դպրոցի մասնաշենքը վերակառուցելուց բացի՝ ավելի քան 7 միլիոն դրամ է ներդրել անհրաժեշտ սարք-սարքավորումների համար։ Դրանք լիարժեք օգտագործելու նպատակով նախատեսվում են ուսուցիչների վերապատաստումներ:



Ղալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճ


Քաղաքականություն


Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարած ծովային շրջափակմանը՝ նշելով, որ դա կհանգեցնի էներգակիրների համաշխարհային գների անկառավարելի աճի։

Նա հեգնանքով դիմել է ամերիկյան կողմին՝ ասելով, որ շուտով նրանք կարոտով կհիշեն բենզինի 4-5 դոլար արժեքը, քանի որ շրջափակման հետևանքները շատ ավելի թանկ կնստեն սպառողների վրա։

Իր հայտարարության մեջ Ղալիբաֆը նաև կիրառել է մաթեմատիկական բանաձև՝ ակնարկելով, որ արտաքին ճնշումները միայն ուժեղացնելու են Իրանի հակազդեցությունը։ 



Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվում


Հայաստան


Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ս․Լ․Լ-Գազ», «Ա․Հ․» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։