Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը։ Իրանական պետական IRIB լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրի ուժային կառույցները շեշտել են, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար։
Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը համարում է իր բնական իրավունքն ու պարտականությունը։
Համաձայն հրապարակված հայտարարության՝ Իրանը շարունակելու է վերահսկել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, սակայն «թշնամական երկրների հետ կապված նավերը» զրկվելու են այդ ջրերով անցնելու իրավունքից։
«Իրանը կշարունակի ապահովել նեղուցի անվտանգությունը, և թշնամու հետ կապված նավերը իրավունք չունեն և չեն ունենա անցնելու Հորմուզի նեղուցով», – ասվում է հայտարարության մեջ։
Այլ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ համաձայն Իրանի կանոնակարգերի, հավելել է նա։
«Բացի այդ, հաշվի առնելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի և մեր երկրի ազգային անվտանգության դեմ շարունակվող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կներդնի Հորմուզի նեղուցը վերահսկելու մշտական մեխանիզմ», – հաղորդել է պետական հեռուստատեսությունը։