Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը Յամալի համար


Սպորտ


«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը գովեստի խոսքեր է հնչեցրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին՝ վերջինիս համարելով իր համար ուղենիշ։

«Լեո Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե անգամ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկը չէ, ապա հաստատ այդ շարքում է։ Բոլորը հարգում են նրան այն ամենի համար, ինչին նա հասել է, և ես հուսով եմ, որ կկարողանամ գնալ նրա հետքերով»,- Յամալի խոսքերն է մեջբերում Laureus World Sports Awards մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նրա օգնությամբ «Ինտեր Մայամին» նվաճել է իր պատմության առաջին չորս տիտղոսները՝ 2023 թվականին Լիգաների գավաթը, 2024-ին MLS-ի կանոնավոր առաջնությունը, 2025-ին MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի հաղթողի տիտղոսը, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում՝ MLS-ի գավաթը։



Օբամաների ընտանիքը չի համագործակցելու Netflix-ի հետ


Ոճ և դեմքեր


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր և Միշել Օբամայի արտադրական ընկերությունը՝ Higher Ground Productions-ը, ավարտում է համագործակցությունը Netflix-ի հետ և անցնում է անկախ գործունեության։

Հայտարարությունը հնչել է Ֆիլադելֆիայում անցկացված միջոցառման ժամանակ՝ նվիրված ԱՄՆ-ի 250-ամյակին։ Օբաման նշել է, որ ութ տարվա համագործակցությունից հետո ընկերությունը աշխատելու է տարբեր կինոստուդիաների հետ՝ այլևս չսահմանափակվելով մեկ հարթակով։ Նա հիշեցրել է, որ Netflix-ի հետ պայմանագիրը կնքվել էր 2018-ին, իսկ 2024-ին այն երկարաձգվել էր first-look ձևաչափով։

Այս ընթացքում Higher Ground Productions-ը թողարկել է «Rustin», «American Symphony», «Crip Camp», «American Factory» ֆիլմերը, ինչպես նաև «Bodkin» և «Leave the World Behind» նախագծերը։ Վերջին շրջանում ընկերությունը սկսել է համագործակցել նաև այլ հարթակների հետ, այդ թվում՝ HBO-ի։



«Ռակետա» ժամացույցների գործարանը` շքեղ ժամացույցների արտադրող


Բիզնես


Բրիտանացի Դեյվիդ Հենդերսոն-Սթյուարտը Ռուսաստանում վերականգնել է խորհրդային ժամանակների «Ռակետա» ժամացույցների գործարանը և այն վերածել շքեղ ժամացույցների արտադրողի։ Գործարան այցելելիս նա տեսել է, որ մնացած քիչ ժամագործները աշխատում են հին սարքավորումներով և դժվար պայմաններում։ Չնայած ժամացույցներից մեծ բան չէր հասկանում, խորհրդային դիզայնի հանդեպ հետաքրքրությունը նրան ստիպել է ներդրում անել գործարանում, որը նախկինում ուներ շուրջ 7000 աշխատող և արտադրում էր ժամացույցներ թե՛ տիեզերագնացների, թե՛ զանգվածային շուկայի համար։

2010 թվականին նա գործընկերոջ հետ ստանձնել է գործարանի կառավարումը և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատել՝ ունենալով նաև երեք երեխա, որոնք Ռուսաստանի քաղաքացի են։ Նրա ղեկավարությամբ «Ռակետան» սկսել է արտադրել բարձրակարգ ժամացույցներ՝ շեշտադրելով «Made in Russia» գաղափարը։ Արևմտյան պատժամիջոցները 2022 թվականից հետո դժվարացրել են շքեղ ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչի արդյունքում աճել է տեղական արտադրանքի պահանջարկը, իսկ ընկերությունը շարունակել է վաճառքը նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

2022 թվականին «Ռակետան» լրացուցիչ ուշադրություն ստացավ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային հայտնվեց գործարանի արտադրած ժամացույցով, ինչը որոշ դիտորդներ մեկնաբանեցին որպես աջակցություն տեղական արտադրությանը։ Այդ մոդելի նմանակները հետագայում մեծ պահանջարկ ունեցան։ 2025 թվականին ընկերությունը գրանցել է մոտ 1.43 միլիոն դոլար շահույթ՝ ավելի քան 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։



«Արարատ-Արմենիան» տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ


Սպորտ


Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը:

​Խաղի հաշիվը բավականին արագ՝ արդեն 4-րդ րոպեին, բացեց Արայիկ Էլոյանը: Նա առաջին խաղակեսի վերջնամասում հասցրեց նաև կրկնապատկել հյուրերի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

​69-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Բալանտան, իսկ 83-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 0:4:

​Այս վստահ հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» ակտիվում գրանցվեց 45 միավոր: «Շիրակը» 12 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 9-րդ՝ նախավերջին տեղը:




Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել


Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը դարձյալ 8 միավոր է վաստակել և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում Արսեն Դավթյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.

Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր,

Արսեն Դավթյան՝ 8 միավոր,

Էմին Օհանյան՝ 7.5 միավոր,

Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր,

Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր,

Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր,

Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր,

Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր,

Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր,

Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր,

Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,

Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր,

Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր:



Թիմ Քուքը լքում է Apple-ի ղեկավարի պաշտոնը. նա տեխնոհսկան գլխավորում էր լեգենդար Սթիվ Ջոբսից հետո


Բիզնես


Apple-ն ապրիլի 20-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ընկերության գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնուսը։ Թիմ Քուքը, որ Apple-ը ղեկավարում է վերջին 15 տարիներին, կզբաղեցնի գործադիր նախագահի պաշտոնը։ «Ինձ համար կյանքում ամենամեծ պատիվն է լինել Apple-ի գլխավոր տնօրենը եւ օգտվել այն վստահությունից, որը ինձ է վերապահվել որպես այսպիսի բացառիկ ընկերության ղեկավար»,- հայտարարել է 65-ամյա Քուքը։

Նրան փոխարինելու եկող Ջոն Թերնուսն այժմ Apple-ի համակարգչային ճարտարագիտության [ինժեներիայի] գծով ավագ փոխնախագահն է։

Գլխավոր տնօրենի փոփոխության մասին հայտարարվել է ֆոնդային շուկան փակվելուց առաջ։ Փակվելուց հետո բորսայում դեռ ընթացող առեւտրի ժամանակ  Apple-ի բաժնետոմսերը նվազել են 0,86%ով` Երեւանի ժամանակով 1։03-ի դրությամբ։

Քուքը Apple-ում աշխատում է 1998 թվականից։ Նա ընկերությունը ղեկավարում է 2011 թվականի օգոստոսից` փոխարինելով Սթիվ Ջոբսին։

Նրա ղեկավարության ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան 350 միլիարդից հասել է մինչեւ 4 տրիլիոն դոլարի։




Ռեալը նվաճեց ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի գավաթը


Սպորտ


Մադրիդի «Ռեալը» դարձավ ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի 2025/2026 մրցաշրջանի հաղթող։ Եզրափակիչ լարված խաղում մադրիդցիները մրցեցին բելգիական «Բրյուգեի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «արքայական ակումբի» պատանիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ հաղթելով 4:2 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» մոտեցավ կատալոնական «Բարսելոնային», որը համարվում է այս մրցաշարի ռեկորդակիրը։

ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգան հիմնադրվել է 2013 թվականին։ Այս պահին տիտղոսների քանակով առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 3 գավաթ։ «Ռեալն» ու լոնդոնյան «Չելսին» արդեն ունեն 2-ական տիտղոս, իսկ մեկական անգամ պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են «Բենֆիկան», «Ռեդ Բուլ Զալցբուրգը», «Պորտուն», «ԱԶ Ալկմարը» և «Օլիմպիակոսը»։

Հարկ է նշել, որ մի շարք հայտնի ակումբներ, ինչպիսիք են «Շախտյորը», ՊՍԺ-ն, «Հայդուկը», «Միլանն» ու «Տրաբզոնսպորը», նախկինում հասել են մինչև եզրափակիչ, սակայն այդպես էլ չեն տիրացել գավաթին։ Այս մրցաշրջանում այդ ցանկը համալրեց նաև բելգիական «Բրյուգեն»։




Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը


Մշակույթ


Ապրիլի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։

Դեռևս 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր, զբաղվել են լուսանկարչությամբ։ Բռնագաղթից հետո նրանք հաստատվել են Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։

Ցուցահանդեսում կներկայացվեն ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ինչպես նաև Ցոլակ և Արամ Դիլդիլյանների կողմից շուրջ 34 տարիների ընթացքում արված տասնյակ լուսանկարներ և ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր։ Այս նյութերը հատուկ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան և կհամադրվեն թանգարանի ցուցանմուշների հետ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի համագործակցությամբ։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։



Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽվ-ում


ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նստաշրջանի ընթացքում զեկույցով հանդես է եկել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Պատվարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել տիկին Գարդինիին՝ այս արդիական և անհրաժեշտ զեկույցը ներկայացնելու համար:

Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության և այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաև քաղաքացիները:

Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել և հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը և չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:

Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛  իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաև փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:

Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր և հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:

Մենք պետք է նաև գիտակցենք նման վարքագծի հետևում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող և երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- նշել է պատգամավորը:


Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ


Քաղաքականություն


ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ 

«Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։