Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, և դրա համար ընտրված ժամանակը պատահական չէ․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որևէ փաստական տվյալ, որևէ հիմք, կալանավորեց մեկ ամիս ժամկետով․ ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում։

«Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:
Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։

Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։
«Հայաստան» դաշինքը՝
պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,
կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:

Քրեական ոչ մի գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները, ոչ թե քննչական մարմինները»,- ներկայացված է հայտարարությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *