Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել


Հայաստան


Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ իրականացվում են հետազոտություններ։ Մանրամասներ խոստացել է փոխանցել ավելի ուշ։

Փաստաբանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նա այսօր ևս գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել նրան։  



Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներից


Քաղաքականություն


Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի դիվանագիտական կորպուսի վետերան, նախկին արտգործնախարար Քամալ Խարազիի մահվան մասին։ 81-ամյա դիվանագետը մահացել է նախօրեին՝ ապրիլի 1-ին իրականացված ամերիկա-իսրայելական օդային հարվածների հետևանքով ստացած ծանր վիրավորումներից։

Մինչև իր մահը Խարազին զբաղեցնում էր Իրանի արտաքին գործերի նախարարությանը կից Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Իրանական «Mehr» և «ISNA» լրատվական գործակալությունները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նշել են, որ փորձառու դիվանագետը «նահատակվել է» այն վնասվածքներից, որոնք ստացել էր մի քանի օր առաջ «ամերիկա-իսրայելական հարձակման» ժամանակ։ Հարձակումը տեղի էր ունեցել Թեհրանում գտնվող նրա տան վրա, ինչի հետևանքով հարվածի պահին զոհվել էր նաև նրա կինը։



«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը


Քաղաքականություն


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ու «ՀայաՔվե» միավորումը, որոնք հուշագիր էին ստորագրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին, դադարեցրել են համատեղ աշխատանքը։ Այս մասին հայտնել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։

«Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Անցած ժամանակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։

Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին


Հայաստան


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ը


Հայաստան


Բացահայտվել է 166 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային


Բիզնես


Ուրբաթ վաղ առավոտյան նավթի գներն աճել են՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո, ինչպես նաև այն պատճառով, որ շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 83 ցենտով կամ 0.87%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96.75 դոլարի (GMT 01:00-ի դրությամբ)։ West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.04 դոլարով կամ 1.06%-ով՝ կազմելով 98.91 դոլար մեկ բարելի դիմաց։

IG ընկերության շուկայի վերլուծաբան Թոնի Սիկամորը նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված երկշաբաթյա հրադադարի արդյունքում առաջացած նախնական թեթևացման ալիքը արագորեն զիջեց իր տեղը հիմնարար կասկածներին»։ Սիկամորի խոսքով՝ «Բոլորի ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հորմուզի նեղուցով նավթատարների տեղաշարժի վրա՝ հետևելու համար ակտիվության հնարավոր աճի նշաններին՝ ուրբաթ օրը Պակիստանում նախատեսված խաղաղության բանակցություններից առաջ»։ Վերլուծաբանները նշում են, որ Պակիստանը կփորձի բանակցությունների ընթացքում առաջ մղել ավելի կայուն խաղաղության համաձայնագիր, սակայն կարող է չունենալ բավարար ազդեցություն՝ ստիպելու Հորմուզի նեղուցի վերաբացումը։

Իրանը ցանկանում է խաղաղության պայմանագրի շրջանակում վճարներ սահմանել նեղուցով անցնող նավերի համար․ այդ մասին ապրիլի 7-ին Reuters-ին հայտնել է Թեհրանի պաշտոնյան։ Սակայն արևմտյան առաջնորդներն ու ՄԱԿ-ի ծովային փոխադրումների գործակալությունը դեմ են արտահայտվել այդ գաղափարին։



Ուկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողությունների


Քաղաքականություն


Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ուկրաինական զինվորականները մասնակցել են արտերկրում իրականացված գործողությունների՝ խոցելով իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու սարքեր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ իրանական պատերազմի ընթացքում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունները մաս են կազմում ավելի լայն ռազմավարության, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին՝ հակազդելու նույն տեսակի սպառազինությանը, որը լայնորեն կիրառվում է Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Զելենսկին այս մասին խոսել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն նրա հայտարարությունները հրապարակվել են միայն մի քանի օր անց՝ սահմանված էմբարգոյի ավարտից հետո։ Նա նշել է, որ ուկրաինական ուժերը մասնակցել են ակտիվ ռազմական գործողությունների՝ օգտագործելով տեղական արտադրության, մարտական փորձով անցած հակադրոնային համակարգեր։



Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանություն


Տեսանյութեր


Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «ՎԱԶ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։ Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 

 

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ «Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- նշում են ՆԳՆ-ից:

 



52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի և երաժշտական 4 դպրոցներում սոլֆեջոյի և երաժշտության դասերը սաների համար կանցնեն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։

Մշակութային հաստատություններում ներդրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած դասասենյակները վերազինելու և  տեխնիկապես արդիականացնելու փորձնական ծրագիրը։ 

Նպատակը երաժշտական և արվեստի դպրոցներում յուրօրինակ կրթական միջավայր ձևավորելն է` նպաստելով երաժշտության տեսության առարկաների արդյունավետ դասավանդմանն ու երաժշտասեր երեխաների ունակություններն ու երաժշտական լսողությունը զարգացնելուն։
Ծրագրի արժեքը 52 մլն դրամ է։




Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ


Քաղաքականություն


ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների միջեւ ուղիղ բանակցություններ։

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Բեյրութում այս երկրի դեսպան Միշել Իսսան, Իսրայելը կներկայացնի Վաշինգտոնում դեսպան Յեհիել Լեյտերը, իսկ Լիբանանը՝ դեսպան Նադա Համադե-Մոավադը։