Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ուկրաինական զինվորականները մասնակցել են արտերկրում իրականացված գործողությունների՝ խոցելով իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու սարքեր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ իրանական պատերազմի ընթացքում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունները մաս են կազմում ավելի լայն ռազմավարության, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին՝ հակազդելու նույն տեսակի սպառազինությանը, որը լայնորեն կիրառվում է Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։
Զելենսկին այս մասին խոսել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն նրա հայտարարությունները հրապարակվել են միայն մի քանի օր անց՝ սահմանված էմբարգոյի ավարտից հետո։ Նա նշել է, որ ուկրաինական ուժերը մասնակցել են ակտիվ ռազմական գործողությունների՝ օգտագործելով տեղական արտադրության, մարտական փորձով անցած հակադրոնային համակարգեր։