Երևանում այս տարվա ապրիլից բարձրացել են շտապօգնության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը։ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Բժիշկները, բուժքույրերն ու ֆելշերներն ապրիլ ամսվա համար կստանան 20 տոկոսով ավել աշխատավարձ։ Գծային բրիգադների դեպքում՝ վարորդները կստանան 30 տոկոս, ֆելշերական ու հոգեբուժական բրիգադները՝ 25 տոկոս ավել աշխատավարձ»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քանի որ բարձրացումը հաշվարկվել է մարտից, այդ ամսվա համար միանվագ կտրամադրվի նաև պարգևատրում՝ 40 հազարական դրամի չափով։
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ ռազմանավերին՝ ի պատասխան ամերիկյան զինուժի կողմից իրանական նավի կալանման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցչին:
Կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի «ծովահենությանը» և հարձակումներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում կալանել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։
The Washington Post-ի տվյալներով, Touska բեռնատարը, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։ Իրանի զինված ուժերը նախազգուշացրել էին պատասխան գործողությունների մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևում տեղի ունեցած հրաձգությունից հետո 8 մարդ դեռևս գտնվում է հիվանդանոցում: Տուժածներն ունեն տարբեր աստիճանի հրազենային և բեկորային վնասվածքներ։
Կիևում իրավիճակը մնում է լարված, և իրավապահ մարմինները ուժեղացրել են հսկողությունը քաղաքի փողոցներում։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հրահանգել է ծառայողական քննություն սկսել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր 2026 թվականի ապրիլի 18-ին Կիևի Գոլոսեևյան շրջանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ լքել են դեպքի վայրը:
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկու ոստիկան փախչում կրակողից՝ թողնելով քաղաքացիական անձանց առանց պաշտպանության: Այդ ոստիկաններն արդեն հեռացվել են աշխատանքից քննության ընթացքում:
Կլիմենկոն նրանց վարքագիծը որակել է որպես «ամոթ ամբողջ համակարգի համար» և շեշտել, որ «ծառայել և պաշտպանել» կարգախոսը պետք է ապացուցվի գործով:
Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: 58-ամյա հարձակվողը կրակ է բացել փողոցում, այնուհետև պատանդներ վերցրել սուպերմարկետում, որտեղ և վնասազերծվել է հատուկ ջոկատայինների կողմից:
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ութսուներկուերորդ նստաշրջանում, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Մեր հանդիպումը տեղի է ունենում աճող համաշխարհային անորոշության ժամանակաշրջանում։ Աճող աշխարհաքաղաքական լարվածությունը և հակամարտությունների սրումը բացահայտում են միջազգային խաղաղության և անվտանգության խոցելիությունը, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում կուտակված զարգացման նվաճումների փխրունությունը։ Այս առումով, Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Ադրբեջանը սկսել է խաղաղության քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Անցյալ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Այսօր մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները սկսվել են, և Ադրբեջանն այժմ տարանցման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները վստահություն են ներշնչում»,- հավելել է նա։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Թեհրանը մտադիր է հրաժարվել Իսլամաբադում նախատեսված բանակցություններից՝ որպես հիմնական պատճառ նշելով ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակվող շրջափակումը։ Լարվածությունն էլ ավելի է սրվել գիշերը ամերիկյան զինուժի կողմից իրանական «Touska» նավի վրա հարձակման և դրա կալանավորման պատճառով։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB), հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել է, որ այս պահին բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու որևէ ծրագիր չկա։ «Fars» և «Tasnim» գործակալությունները նույնպես իրավիճակը գնահատել են ոչ դրական՝ շեշտելով, որ բանակցությունների սեղան վերադառնալու նախապայմանը շրջափակման վերացումն է։ Իր հերթին, «IRNA» պետական գործակալությունը նշել է, որ Վաշինգտոնի «անիրատեսական պահանջների» և ստեղծված պայմանների պատճառով արդյունավետ երկխոսության որևէ հստակ հեռանկար չի տեսնում։
Տավուշի մարզի դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչությունից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Աչաջուր բնակավայրի նախկին ղեկավար Կ.Ղ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտի՝ շուրջ 17 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով վարչական շենքն ապօրինի ձևափոխել է, առանձնացրել է 4 տաղավար և 2016 թվականից սկսած՝ տաղավարները վարձակալությամբ տրամադրել է տարբեր անձանց՝ համայնքի փոխարեն ստանալով վարձավճարը:
Տավուշի մարզի դատախազության կողմից ձեռնարկված ներգործության արդյունքում՝ մարզադաշտի վարչական շենքի տարածքը վերադարձվել է Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանը:
Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում․․․ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։
Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։
Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․
Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
* մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի, * 251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է երկու մասով. առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։
Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։
Էլեկտրամոբիլի վարորդ Վահագն Ռաշոյանը նշում է, որ գոհ է փոփոխությունից և գույքահարկը մոտ 80 հազար դրամից իջել է 29 հազար դրամ։
Էլեկտրամոբիլի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝ մեքենայի շարժիչի հզորության նոր հաշվարկով պայմանավորված գույքահարկը 50 տոկոսի չափով նվազել է։
Փոփոխությունը դրական է գնահատում նաև էլեկտրամոբիլի վարորդ Վաղարշակ Աբրահամյանը՝ նշելով, որ գույքահարկը նվազել է՝ դառնալով մոտ 33 հազար դրամ։
Վարորդների խոսքով՝ նախքան Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ՝ բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։
Ապրիլի 20-ին, ժամը 01։06-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ ժամը 01։19-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ։
Նուբարաշենի աղբավայրում պայթյունից տուժած աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում զեկուցել է աղբավայրի տնօրենի տեղակալ Դանիելյանը։ Պայթյունը տեղի է ունեցել 2026թ. ապրիլի 18-ին՝ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում։ Աղբավայրի տնօրենից բացի տուժել է նաև աշխատակիցներից մեկը՝ 54-ամյա Էդիկ Միսակյանը։
«Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն», -տեղեկացրել է Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Պայթյունը որոտացել է պահակակետի հարևանությամբ գտնվող սանհանգույցի լույսը միացնելիս: Ենթադրվում է, որ տարածքում եղել է կուտակված մեթան գազ, ինչն էլ հանգեցրել է պայթյունի: «Սա նշանակում է, որ ամբողջական մոնիթորինգ պետք է անցկացնել աղբավայրի բոլոր հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա, որովհետև շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի, կարող էր լինել նաև զոհերով»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հոդվածով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Վերջին տարիներին Լոռի Բերդ հնավայրում իրականացվող լայնածավալ ծրագրերը միտված են ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանությանը, այլև տարածքի վերափոխմանը ժամանակակից զբոսաշրջային կենտրոնի։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերականգնման, պեղման և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների շնորհիվ հնավայրը աստիճանաբար դառնում է ավելի հասանելի, բարեկարգ և գրավիչ այցելուների համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ընդգծեց, որ 2022 թվականից Լոռի Բերդ հնավայրում մեկնարկել են համակարգված և լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հուշարձանի պահպանությանը, ուսումնասիրմանը և զարգացմանը։ Նախնական փուլում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքներով հստակեցվել են հետագա վերականգնման ուղղությունները և մշակվել գիտանախագծային փաստաթղթեր։