ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ


Հայաստան


ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Աբրահամյանին երկու ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

«Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։




Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի


Աշխարհ


Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի. սա կլինի տապի արդեն հինգերորդ ալիքը 2026 թվականի ամռան ընթացքում: Որոշ շրջաններում, մասնավորապես՝ հանրապետության հարավում, օդը կտաքանա առնվազն մինչև 40 աստիճան Ցելսիուս:

Ջերմաստիճանը կբարձրանա օգոստոսի 11-ից: Օգոստոսի 12-ից օդի ջերմաստիճանը գրեթե ամբողջ երկրում կգերազանցի 30 աստիճանը, բացառությամբ Բրետանի, Լա Մանշի ափի (արևմուտք) և Ակվիտանիայի (հարավ-արևմուտք) հարավի մի մասի: Օգոստոսի 13-ին Ֆրանսիայի արևելյան տարածաշրջաններում սպասվում է մինչև 40 աստիճան Ցելսիուս: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է 32 աստիճան Փարիզում, 35 աստիճան Լիոնում, 36 աստիճան Թուլուզում և մինչև 39 աստիճան Մոնտելիմարում:

Տապը չի նահանջի առնվազն մինչև օգոստոսի 15-ը:

Հունիսի երկրորդ կեսին Եվրոպայում հաստատվել էր չափազանց շոգ եղանակ: Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:

Հուլիսի 9-ին եվրոպական «Կոպեռնիկոս» Երկրի հետազոտության ծառայությունը հաստատել է, որ հունիսը դարձել է ամենաշոգն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ Երկրի մակերևույթի մոտ օդի 20,74 աստիճան միջին ջերմաստիճանով։

Financial Times թերթի տվյալներով՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ մասերում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ երկրների ծախսերն այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 միլիարդ եվրոն:



Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարը


Աշխարհ


Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 4053-ի՝ մեկ օրում ավելանալով 80-ով։։ Էբոլայից մահացածների թիվը կազմում է 1850։ Մահացության ցուցանիշը՝ 45,6 տոկոս։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 694 մարդ։ Էբոլայով վարակվածների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և վերահսկման ցուցանիշը կազմում է 77,7 տոկոս։

Հիշեցնենք, որ Էբոլայի բռնկումը սկսվել էր մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ի արևելյան հատվածում և Ուգանդայում։ Վարակման օջախը գտնվում է Կոնգոյի Իտուրի նահանգում, որտեղ գրանցվել է հիվանդության բոլոր դեպքերի 86,9 տոկոսը։

Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել էին, որ երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է։



Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին


Հարեվաններ


Գերմանական DW-ն գրում է, որ «Սոցիս» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ եթե Ուկրաինայում մոտ ժամանակներս անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա երկրորդ փուլ դուրս կգային գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Մասնավորապես, առաջին փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22,3 տոկոսը, իսկ Զալուժնիի օգտին՝ 21,4 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ երկրորդ փուլում Զալուժնին կհաղթեր Զելենսկիին՝ հավաքելով ձայների 66,2 տոկոսը։

Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների դեպքում առաջատար դիրքերում կլինեն Վալերի Զալուժնիի և նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի բլոկները, մինչդեռ Զելենսկու կուսակցությունը կզբաղեցնի երրորդ տեղը։

Հարցումը նաև ցույց է տվել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 62,5 տոկոսը, բացասաբար է գնահատում Ֆեդորովի պաշտոնանկությունը պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 2000 քաղաքացիների շրջանում։

radar armenia



Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից


Տեսանյութեր


Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։



ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում




Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»


Սպորտ


Օգոստոսի 8-ից 15-ը Իտալիայում անցկացվում է «24th Spilimbergo International 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
 
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի «Master» խմբում հանդես են գալիս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը։



Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ


Հայաստան


Հանրապետության տարածքում oգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 9-14-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում ogոստոսի 9-ի և 14-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

 



ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս


Աշխարհ


Ուկրաինայի վրա յուրաքանչյուր նոր հարձակում Եվրոպայի համար ևս մեկ պատճառ է Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն առավելագույնս խստացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ նշելով, որ ռուսական ավիահարվածների վերջին ալիքին ի պատասխան՝ Եվրամիությունն այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել։ 

Սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց դեմ։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ մարտի դաշտում բանակի անհաջողության ֆոնին Մոսկվան խստացնում է քաղաքացիական անձանց դեմ իր ահաբեկչական արշավը, ուստի Եվրամիությունը պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել պատերազմը։



Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը


Հայաստան


Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Գարեգին Բ-ն ներկա է նիստին։

Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։

Գործը քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։ Դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ, քանի որ, ըստ դատավոր Հակոբ Մանուկյանի, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։