Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. Մադյար


Բիզնես


Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը կձգտի դիվերսիֆիկացնել աղբյուրները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։

«Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ցանկանում ենք նավթ ստանալ որքան կարելի է մեծ քանակությամբ աղբյուրներից և որքան կարելի է՝ ավելի էժան…. Իհարկե, «Դրուժբա»-ն կմնա, մենք հստակ ասել ենք, որ Հունգարիան, նույնիսկ եթե ցանկանա, ներկայում չի կարող ամբողջովին հրաժարվել ռուսական նավթից», – ասել է Մադյարը Kossuth ռադիոկայանի եթերում։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։



ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու համար


Քաղաքականություն


Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։  

«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ 

Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբեռհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։

Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։



Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն որևէ մեկին թույլ չի տա իր կամքը պարտադրել երկրին


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ քննադատելով միջազգային համակարգում տիրող «երկակի ստանդարտները»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները հակասում են համաշխարհային բոլոր սկզբունքներին։ 

Նախագահը վերահաստատել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության և միշտ կողմ է կառուցողական երկխոսությանը, սակայն որևէ մեկին թույլ չի տա իր կամքը պարտադրել երկրին։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանի ժողովրդին կապիտուլյացիայի մղելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ երկիրը երբեք չի ընդունի ուժի դիրքերից խոսելու լեզուն։



Իսրայելն ու Լիբանանի միչև անցկացվել են առաջին ուղիղ բանակցությունները 1993 թվականից ի վեր


Քաղաքականություն


Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ անցկացրել են առաջին ուղիղ դիվանագիտական բանակցությունները ավելի քան երեք տասնամյակի ընդմիջումից հետո։ Հանդիպումը նպատակ ունի դադարեցնել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն գնահատել է որպես «պատմական հնարավորություն»։ Կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, Լիբանանը՝ հրադադարի, իսկ Իսրայելը «Հեզբոլլահին» զինաթափվելու կոչ է արել։



Փաշինյանը մասնակցել է եզդիական տոնին


Տեսանյութեր


Շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: «Ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Ինձ համար ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացի է այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն և ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՀ առաջին ղեկավարը, որն այսպիսի ձևաչափով հնարավորություն ունի մասնակցելու եզդիական Նոր տարվա տոնակատարություններին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության ու պատվի համար:

Շատ ուրախ եմ նաև արձանագրել, որ երբ ես տեղ հասա, ավտոմեքենայից իջա, առաջին հարցը, որ տվեցի ՏԿԵ նախարարին, թե արդյոք դեպի սրբավայր բերող ճանապարհը որևէ ձևով արծարծվում է մեր սուբվենցիոն կամ այլ ծրագրերում, և նախարարը հաստատակամ պատասխան տվեց:

Ես համոզված եմ, որ հաջորդ տարի մենք բոլորս արդեն այստեղ կգանք բարեկարգ ճանապարհով, որը նույնպես շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը՝ Հայաստանի անունից շնորհավորելով նաև աշխարհի բոլոր եզդիներին:



«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ


Քաղաքականություն


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ-ն ընդունում է ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։

Քարոզարշավի կմեկնարկի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

 



Լիբանանը կոչ է արել հրադադար հաստատել


Հարեվաններ


ԱՄՆ-ում ավարտվել են Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որոնց մասնակցել են Վաշինգտոնում երկու երկրի դեսպանները և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերի խոսքով՝ երկու ժամ տևած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնության են եկել Լիբանանը «Հըզբոլլահից» ազատելու հարցում:

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է զինաթափել բոլոր ոչ պետական ​​ահաբեկչական խմբավորումները՝ հղում անելով «Հըզբոլլահին»։ Լիբանանն էլ կոչ է արել հրադադար հաստատել և միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Երկու պետությունը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն, և նրանց միջև վերջին ուղիղ, բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել 1993 թվականին։

Իսրայելցի դիվանագետը բարձր է գնահատել Լիբանանի կառավարությանը, որը չի ենթարկվել «Հըզբոլլահի»՝ բանակցություններից դուրս գալու կոչերին։ Մեկ օր առաջ խումբը պահանջել էր, որ Բեյրութը չեղարկի հանդիպումը՝ այն անվանելով ակնհայտ անիմաստ։

«Հըզբոլլահը» հայտարարել է, որ երեքշաբթի Վաշինգտոնում երկու կողմերի հանդիպման ժամանակ առնվազն 24 հարձակում է իրականացրել Իսրայելի և Լիբանանում իսրայելական զորքերի վրա։



Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին առաջարկում է մեծ գործարք կնքել, որը ենթադրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորում։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ցանկանում է վիթխարի պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։ «Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը և նրան ինտեգրել համաշխարհային տնտեսության մեջ վիթխարի գործարքի շրջանակում, այնպես, ինչպես դա տեղի չի ունեցել տասնամյակներ շարունակ»,- ասել է Վենսը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն՝ ձգտելով համաձայնության հասնել, որը, նրա խոսքով, ձեռնտու կլինի բոլոր կողմերին: Ըստ նրա՝ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պատվիրակությանը բանակցել բարեխղճորեն։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ երկու կողմերի միջև տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում:



Պուտինի և Թրամփի միջև հանդիպման «ծրագրեր» չկան


Քաղաքականություն


Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը Ռուսաստանի առաջնորդի Չինաստան այցի ընթացքում ներկայումս չի քննարկվում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը


Մշակույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Աբովյանում մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև մայիսի 1-ը:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Կցուցադրվի 22 մոնոներկայացում, 8-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար, որոնք կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Դանս», «Արմմոնո-Fairy Tail» խորագրերով։

Այս օրերին Երևանում են միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։

Փառատոնի ծրագրում ներկայացված են նաև բեմադրություններ, որոնք վերաիմաստավորում են մեծ արվեստագետների ճակատագրերն ու ստեղծագործական ճանապարհը՝ նոր ընթերցմամբ։

Փառատոնի ծրագիրը՝ կից: