Կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Դեբատուն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ ապրիլի 15–25-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ձևավորել ստեղծագործական և մասնագիտական համագործակցության միջավայր, որտեղ լուսանկարիչները հնարավորություն կունենան մշակելու և իրականացնելու իրենց լուսանկարչական նախագծերը, ուսումնասիրելու և բացահայտելու հայկական մշակույթը, փոխանակվելու մասնագիտական գիտելիքներով և ընդլայնելու միջմշակութային կապերը։

Միևնույն ժամանակ, ծրագիրը նպատակ ունի խթանել Լոռու մարզի, հատկապես Դեբեդ համայնքի մշակութային կյանքը՝ ստեղծագործական համագործակցության և համայնքային հանդիպումների միջոցով։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն անհատական լուսանկարչական նախագծերի վրա, կմասնակցեն շրջայցերի դեպի Լոռու մարզի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև պանելային քննարկումների՝ հայ մենթորների մասնակցությամբ։ Կկազմակերպվեն նաև հանդիպումներ գյուղի երիտասարդների և բնակիչների հետ։

Օտարերկրյա լուսանկարիչների մասնակցության համար հայտարարված բաց կանչին ներկայացվել է 53 հայտ, որոնցից վերջնական փուլում ընտրվել է 8-ը հետևյալ երկրներից՝ Ավստրալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մոլդովա, Նիդերլանդներ, Իտալիա և Գերմանիա։ Ծրագրին մասնակցում են նաև երկու հայաստանցի լուսանկարիչներ։

Ծրագրի ավարտին կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ռեզիդենսի ընթացքում մասնակիցների ստեղծած լավագույն աշխատանքները։ Մասնակիցները նաև իրենց սոցիալական հարթակներում կկիսվեն ծրագրի ընթացքով՝ հրապարակելով պատմություններ, տեղեկատվական գրառումներ և կարճ հոլովակներ ստեղծագործական գործընթացի մասին։

Նախագծի գործընկերն է «Զարգացման սերմեր» ՀԿ-ն. անցկացման վայր՝ Լոռու մարզ, Դեբեդ գյուղ, «Դեբատուն» հյուրատուն:



Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ


Քաղաքականություն


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է ներառի Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ․ հաղորդում է Associated Press-ը։

Նա նշել է, որ գործակալության տեսուչների ներկայության բացակայության դեպքում ցանկացած համաձայնագիր կլինի «միայն համաձայնագրի պատրանք», հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի մասշտաբներն ու բարդությունը։ Գրոսին ընդգծել է, որ մոնիտորինգն ու ստուգումը պետք է լինեն հնարավորինս մանրամասն և պարտադիր բոլոր կողմերի համար։

Ըստ AP-ի, ԱԷՄԳ-ի գաղտնի զեկույցում նշվում է, որ Իրանը նախկինում չի ապահովել 2025 թվականի 12-օրյա հակամարտության ընթացքում վնասված մի քանի միջուկային օբյեկտները մուտքը։



Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը


Հայաստան


Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոց, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում 2025 թ․ հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 13-ին ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ, որը 1993 թ. մայիսի 31-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։

***
Ապրիլի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման զեկույցի քննարկմանը

Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման զեկույցի քննարկմանը

Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն


Հարեվաններ


Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարել է 2026-27 ուստարվա համար տարրական դպրոցի աշակերտների համազգեստի ձեռքբերման շուկայական հետազոտություն։

Արդեն հրապարակվել են նոր համազգեստների դիզայներական էսքիզները, որոնք պարտադիր են լինելու կրտսեր դպրոցականների համար: Մատակարարումն իրականացվելու է երկու փուլով։ 

Մատակարար կազմակերպությունների նկատմամբ սահմանվել են խիստ չափանիշներ. մասնավորապես, նրանք պետք է ունենան առնվազն 5 միլիոն լարիի հագուստի արտադրության կամ վաճառքի փորձ՝ սկսած 2022 թվից։





Ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ


Հայաստան


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են՝ եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի գիշերը գրեթե ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի և Տավուշի հովտային շրջանների, որտեղ գրանցվել են դրական ջերմաստիճաններ։

Այս ամենով պայամանվորված հանրապետության 18 օդերևութաբանական կայաններում գիշերը գրանցված նվազագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ դիտված պատմական նվազագույն արժեքները



ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել Արմավիր ՔԿՀ-ից․ փաստաբան


Հայաստան


Հսկող դատախազի որոշմամբ` վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա ազատ է արձակվել Արմավիր ՔԿՀ-ից, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:

«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- հայտնել են դատախազությունից:

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր։



ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում․ ժամանակացույց


Հայաստան


ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ 

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն․

 

ժամը՝ 10։00-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը՝ 11:00-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

 

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ 

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

 

Ապրիլի 17-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում ապրիլի 10-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։



Ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։


Գիտություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։

 

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ երկու երկրների մասնագիտական կարողությունների համադրումը, հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում, կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք արտադրանքների ստեղծմանը։

 

Նախարար Հայրապետյանը կարևորել է ներկա պետական քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գրավիչ հարթակ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է բարենպաստ բիզնես միջավայրի բարելավումը և այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կխթանեն խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հայկական շուկա՝ հնարավորություն տալով լիարժեք օգտագործել երկրի ինժեներական և գիտատեխնիկական ներուժը։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում։

 

Կողմերը նշել են, որ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում քննարկվել են արդեն ձևավորված համագործակցությունները, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։