Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր


Գիտություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիությանը, ինչպես նաև «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր։ 

Հանդիպման առանցքային թեմաներից էին Հայաստանում ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղություններով։

Կողմերն անդրադարձել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Քննարկվել են փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև Լատվիայում նախատեսվող ոլորտային միջոցառումներին և մասնագիտական հարթակներին հայկական կողմի մասնակցության հնարավորությունները՝ եվրոպական ընկերությունների ներգրավմամբ համատեղ ծրագրերի զարգացման նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության համար առկա ներուժը և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ։



Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները


Մայիսի 6-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն, հանդիպել շահառուների և կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

 

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սոցիալական ներառման ապահովման, կրթության իրավունքի իրացման համատեքստում խելամիտ հարմարեցումների տրամադրման, զբաղվածության հնարավորությունների երաշխավորման կարևորությանը, առողջապահական ծառայությունների, ինչպես նաև համայնքային և հանրային ենթակառուցվածքների մատչելիությանն առնչվող հարցերին։

 

Մասնակիցները բարձրացրել են ֆիզիկական միջավայրի՝ ներառյալ տրանսպորտի մատչելիության, բժշկական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովման, ինչպես նաև զբաղվածության և անկախ ապրելու իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերի հասանելիության խնդիրները՝ կապված անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ֆունկցիոնալության գնահատում անցնելու պարտադիր պահանջի կիրառման հետ։

 

Քննարկվել են նաև տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բացակայության հետ կապված հարցերը և դեպքերը։ Բարձրացվել է բուժաշխատողների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության հարցը։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման գործիքակազմը՝ ընդգծելով այդ գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը։ Պաշտպանը նշել է, որ ոլորտը հաստատության առաջնահերթություններից է։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն նրանց անմիջական ներգրավվածության և կարիքների լիարժեք գնահատման պայմաններում։ Մեր առաջնահերթություններից է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, ունենա հավասար հնարավորություններ և արժանապատիվ կյանքի պայմաններ»,- նշել է Անահիտ Մանասյանը։

 

Պաշտպանը կարևորել է նաև կրթության ոլորտում, մասնավորապես մարդու իրավունքների կրթության համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ շարունակական և նպատակային պետական քաղաքականության իրականացումը։

 

«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին՝ ընդգծելով հաստատության հետ համագործակցության կարևորությունը և գնահատելով անկախ ու ապաքաղաքական մարմնի դերը ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման հարցում։

 

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով վերջինիս կողմից բարձր մասնագիտական և էթիկական չափանիշների պահպանումն ու արդյունավետությունը։ Նա ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և կարևորել շարունակական համագործակցությունը։

 

Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրներն ամփոփվում են` դրանց լուծումներ գտնելու նպատակով։



Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները


Հայաստան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտնել է, որ գույքագրել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները՝ այն տեղերը, որտեղ հիմնանորոգման կարիք կա, և որտեղ՝ նորը կառուցելու։

«Մոտ 5-6 տարում ամբողջությամբ կլուծենք կոյուղատար համակարգի խնդիրը։ Եթե տեմպը մի փոքր ավելացնենք, միգուցե՝ ավելի շուտ»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ամեն տարի փաստացի իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ։ Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ամբողջ համակարգը փոխարինվելու է. «Գույքագրումն արել ենք և փաստացի 2022-ից ամեն տարի աշխատանք ենք կատարել, որպեսզի խնդիրը լուծենք, և շատ տեղերում իրապես լուծել ենք»,- շեշտել է քաղաքապետը։



Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է 

Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է:

 
Մայիսի 10, Ժամը 12:00
 
Հրազդանի կիրճ, Կիևյան կամրջի տակ

 
Միացե՛ք նման նախաձեռնություններին․ մաքուր և կանաչ Երևանը ձևավոր

Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1-ին թաղամասի ջրամատակարարումը:



Կանգնած ենք վարորդների կողքին | Top-News.am


Հայաստան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու պատճառով վարորդների հետ միջադեպերին։

«Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։

Եվ իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը անհատի, անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ամբողջ համակարգի նկատմամբ, և ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց կողքին կանգնած ենք»։

Նա նշել է, որ ուղեվարձը չվճարելը ամոթալի երևույթ է. «Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա՝ տրանսպորտից օգտվելիս չվճարել, քանի որ ինքը բեռ է մեր բոլորի վզին, ձեր վզին՝ սիրելի երևանցիներ, ովքեր պարտաճանաչ վճարում եք։ Իրենք շաբաթական երկու նոր ավտոբուսի չափ չեն վճարում»։

Ըստ քաղաքապետի՝ այս ամենը չպետք է հանդուրժել. «Ի՞նչ իրավունք ունի մարդը, որ տրանսպորտի համար չվճարի ու մի հատ էլ հերոսացնի»։

Նա նաև շեշտել է. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։



Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար


Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից:

Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների զորեղացման վրա։

Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։

Կենտրոնն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և ձեռնարկատիրական կրթություն, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև անհատական մենթորություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցություն։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Հայաստանի որևէ անկյունում այսօրինակ միջավայր ունենալը համատեղ ձեռքբերում է․ «Այսպիսի երիտասարդական կենտրոնների ստեղծումը համահունչ է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին։ Այն հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը համայնքային մակարդակում՝ ապահովելով մասնակցության մեխանիզմներ, հմտությունների զարգացման հնարավորություններ, ուժեղացնելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»։

ՀՀ Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գործընկեր կառույցների նախաձեռնությամբ ևս կենտրոնների ձևավորումը՝ պետության հաստատած միասնական ձևաչափով և ուղեցույցներով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնի գործունեության մեջ առաջնային է ակտիվ քաղաքացիության խրախուսումը և ՏԻՄ-երի հետ համագործակցությունը՝ փոխակերպելու իրենց բնակավայրը, համայնքը, մարզը՝ այդպիսով նաև պետությունը: Նա երիտասարդական կենտրոնի գործունեությունը կարևորել է նաև ինտելեկտուալ ժամանցի, գաղափարների փոխանակման, հանրային երկխոսության կայացման, նոր նախաձեռնությունների քննարկման, ինչպես նաև երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից՝ որպես ոչ ֆորմալ կրթության գործիքակազմ: Խոսքը եզրափակելով՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և կենտրոնին մաղթել արդյունավետ գործունեություն:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ կենտրոնը Վայոց ձորում ներկայացնում է երիտասարդական աշխատանքի կայուն մոդել՝ համադրելով ուսուցումը, մասնակցությունը և իրական հնարավորությունները. «Մեր նպատակն է ապահովել, որ տեղի երիտասարդները ոչ միայն ներգրավված լինեն, այլ նաև կարողանան նախաձեռնել, լուծումներ մշակել և նպաստել իրենց համայնքի երկարաժամկետ զարգացմանը»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական նշել է․ «Ճապոնիայի կառավարությունը մեծ ուրախությամբ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են դեռահասների և երիտասարդների հոգեսոցիալական բարեկեցությանը և ամրապնդում տեղական համայնքները։ Մենք վստահ ենք, որ երեխաների և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների ստեղծումը կարևոր է կայուն զարգացման համար, և հպարտ ենք մեր ներդրումն ունենալ Վայոց ձորի մարզում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համայնքային երիտասարդական կենտրոնները դիտարկում է որպես կարևոր հարթակներ դեռահասների հոգեսոցիալական բարեկեցության ապահովման համար, ինչը ուսուցման, մասնակցության և դեպի չափահաս կյանք հաջող անցման հիմքն է. «Համախմբելով պետական կառույցներին, տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը, դոնորներին և հենց երիտասարդներին՝ մենք նպաստում ենք, որ ազգային երիտասարդական քաղաքականությունները տեղայնացվեն՝ վերածվելով ներառական և բարձրորակ ծառայությունների հենց համայնքներում»։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված հնարավորության համար՝ ընդգծելով․ «Կենտրոնը ստեղծում է նոր հնարավորություններ Վայքի երիտասարդների համար՝ իրենց իսկ համայնքներում ծառայություններից օգտվելու, իրենց ներուժը զարգացնելու և ապագան այստեղ տեսնելու առումով»։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել համայնքի երիտասարդների հետ:



Բանակցությունների դուռը դեռևս բաց է


Քաղաքականություն


Թեև հայտնի է, որ ամերիկյան կողմը լքել է Պակիստանը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է իր «լավագույն և վերջնական» առաջարկը, զարգացումները ցույց են տալիս, որ գործընթացը դեռ ամբողջությամբ կանգ չի առել։ Վերջին տեղեկություններով՝ ամերիկացիների և իրանցիների միջև անուղղակի բանակցությունները շարունակվել են Պակիստանի միջնորդությամբ, գրում է BBC-ին։

Թեև այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իրանի կողմից, նման ձևաչափով շփումների բնույթը միշտ էլ դժվար է հստակ գնահատել։

Այդուհանդերձ, այս հանգամանքը կարող է վկայել, որ միջնորդական և անդրադարձային բանակցությունների հնարավորությունը դեռևս ամբողջությամբ փակված չէ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ևս ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի ակնկալել համաձայնության հասնել «մեկ նիստի» ընթացքում՝ ակնարկելով բանակցությունների երկարատև և բարդ բնույթը։

Միևնույն ժամանակ, իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, և հաճախ դժվար է տարբերել փաստերը այն քաղաքական նարատիվներից, որոնք կողմերը ներկայացնում են իրենց ներքին լսարաններին։ Մինչ այդ, փխրուն հրադադարի պայմաններում և գլոբալ անկայունության ֆոնին, հակամարտության գոտում գտնվող մարդկանց կյանքի ապագան շարունակում է կախված մնալ չափազանց նուրբ հավասարակշռությունից։



Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը


Բիզնես


Ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով


Ավտո


Այսուհետ Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի այս նոր տրանսպորտային միջոցներով։

Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, միկրոավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։