Սելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ 50 խմ), ինչի հետևանքով ճանապարահհատվածը դարձել է միակողմանի երթևեկելի և դժվարանցանելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։





Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ


Հայաստան


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները։ Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։

Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ  1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։

Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալներն, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։ 

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը


Հարեվաններ


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն իրավական հիմք է ստեղծում Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների՝ խաղաղ կյանքին վերադառնալու համար: Լրատվամիջոցների տվյալով՝ 600 պատգամավորից 468-ը կողմ են քվեարկել օրինածին, 88-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ: 

Օրինագիծը նախատեսում է իրավաբանական պաշտպանություն միության նախկին անդամների համար, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, և դատապարտված մի խումբ անդամների համար պարզեցնում է բանտային ժամկետների կասեցման ընթացակարգը:

Համաներումը չի տարածվի կանխամտածված սպանության համար դատապարտված կուսակցության անդամների, ինչպես նաև մինչև 2005 թվականը ցմահ ազատազրկման դատապարտվածների, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վրա:

Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրումից հետո:



Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան


Հայաստան


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: 

Եզրափակիչ ելույթում Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց քննարկման համար, նշեց՝ արվել են բավականին բովանդակային հարցադրումներ:

«Շատ ուրախ եմ, որ դուք ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ ավելի խորքային խոսակցություն, սակայն կարծում եմ՝ բոլորիդ համար էլ հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում նաև տեխնիկական առումով:

Խորքային քննարկումներ ես ինքս էլ եմ ակնկալում, և այդ խորքային քննարկումներին մենք իրար հետ, վստահեցնում եմ, կհասնենք աշխատանքի ընթացքում, որի արդյունավետությունը ինքներդ կզգաք»,- ասաց Գաբրիելյանը: Նա վստահեցրեց՝ իր աշխատելաոճը բոլորովին այլ է լինելու՝ թույլ չի տալու, որ ԱԺ ամբիոնից մասնավորապես ընդդիմադիրներ պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և այդքանով համարեն իրենց առաքելությունն ավարտված:

«Ո՛չ, առաքելությունը դրանով չի ավարտվում: Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք էդ խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք այդ խնդիրների լուծմանը, բերել այդ խնդիրների լուծումը, և իրար հետ գնալու ենք այդ խնդիրների լուծմանը: Դրանով դուք չեք օգնում ՔՊ-ին, դրանով դուք օգնում եք ՀՀ քաղաքացիներին և քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, որովհետև դա ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ և բարձրացնելու է ձեր քաղաքական ռեյտինգը»,- հավաստիացրեց թեկնածուն:



Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը


Մշակույթ


Երևանում 2026 թվականի սեպտեմբերի 21-23-ը կկայանա «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը, որը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։

Համաժողովը կմիավորի առողջապահության և զբոսաշրջության ոլորտների պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, բուժհաստատությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրողների, միջազգային փորձագետների և ոլորտի առաջատար մասնագետների՝ քննարկելու բժշկական զբոսաշրջության զարգացման արդի միտումները, միջազգային փորձը և համագործակցության նոր հնարավորությունները։

Համաժողովի ծրագրի, խոսնակների և գրանցման մասին կհայտարարվի առաջիկայում. հետևե՛ք ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջին։



Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ Գագիկ Շամշյանի` նորածինը հայտնաբերվել է խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ։

Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստը


Աշխարհ


ՌԴ-ը Վորոնեժի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries ընկերության պահեստում։

Նորուսմանյան շրջանի Ալեքսանդրովկա գյուղում գտնվող պահեստի տարածքը կազմում է 152,9 հազար քառակուսի մետր և կարող է տեղավորել ավելի քան 90 միլիոն ապրանքային տեղ։



Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը։

Ֆիդանը, խոսելով Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին:

«Մենք հեգեմոնիստական մոտեցմամբ չենք գնում, ուստի դա պետք է անենք տարածաշրջանի երկրների հետ։

Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո ինշալլահ (Տա՛ Աստված)… այս պահին հրադադար կա, լավ գործընթաց է, հրադադար է, Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում կա անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկար՝ Մերձավոր Արևելքի հետ կապված առանձին, Եվրոպայի հետ կապված՝ առանձին»,- ասել է Ֆիդանը։

Լրագրողի այն հարցին, թե կարո՞ղ է նմանատիպ միկրո ռազմական համաձայնագիր կնքվել Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ֆիդանը պատասխանել է, որ դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում։

Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան


Հարեվաններ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է առաջընթաց Եվրամիության հետ վիզային ռեժիմի և Մաքսային միության շուրջ երկխոսությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերի հետ հանդիպումից հետո։

«Ես ընդգծեցի, որ Եվրամիության ձեռնարկելիք քայլերը, առաջին հերթին՝ Մաքսային միության թարմացումը և առանց վիզայի ռեժիմի հարցով երկխոսությունը, բխում են մեր բոլորի շահերից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Շտոքերի հետ քննարկվել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը նպատակահարմար են համարում գործող խառը տնտեսական հանձնաժողովի փոխարեն ստեղծել Համատեղ տնտեսական և առևտրային կոմիտե՝ ակնկալելով դրա առաջին նիստն անցկացնել մինչև տարեվերջ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Վիեննան համագործակցության զգալի ներուժ ունեն կանաչ էներգետիկայի, կարևոր նշանակության հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

Նրա խոսքով՝ կողմերը կարող են ռազմավարական համագործակցություն զարգացնել նաև Միջին միջանցքի ամրապնդման ուղղությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության ապահովումը շարունակում է առաջնահերթություն մնալ Թուրքիայի համար։

Նա կարևորել է Սիրիայի վերականգնման գործընթացում Ավստրիայի ներդրումը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է նաև Անկարայի աջակցությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորմանը՝ այն կարևոր համարելով Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման համար։

Էրդողանը նաև ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան մատակարարման անհրաժեշտությունը և նշել, որ Թուրքիան ու Ավստրիան կարևորում են Բալկաններում կայունության պահպանումը։