Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի շուրջ վարվող քաղաքականությանը՝ առանձնացնելով Վաշինգտոնի առջև ծառացած հնարավոր երեք ռազմավարական ուղղությունները։

Առաջին մոտեցմամբ, ըստ Թրամփի, ԱՄՆ-ը կարող է շարունակել ներկայիս գործելաոճը՝ հաշվի առնելով իրանական տնտեսության կատաստրոֆիկ վիճակը․ երկրում արձանագրվում է 300% գնաճ, արժույթը գրեթե արժեզրկվել է, զինվորներին աշխատավարձ չի վճարվում, ինչի հետևանքով նրանք լքում են ծառայությունը։ Նրա խոսքով՝ այս վիճակն անկայուն է, ուստի կարելի է պարզապես շարունակել այս ընթացքը։

Որպես երկրորդ տարբերակ՝ Թրամփը նշել է իրանցիներին «շատ, շատ ուժեղ հարվածելու» հնարավորությունը, իսկ երրորդը նրանց տնտեսապես հաղթելն է, թեև ԱՄՆ-ը արդեն իսկ իրականացնում է դա, ինչը մասամբ համընկնում է առաջին ռազմավարության հետ։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ տնտեսական առումով Իրանը լիակատար քաոսի մեջ է և զրկված է վարկեր ներգրավելու հնարավորությունից։ Վաշինգտոնը լիակատար վերահսկողություն է սահմանել իրանական ակտիվների նկատմամբ՝ Թրամփն այս իրավիճակը բնութագրել է հետևյալ կերպ. «Մենք ենք նրանց բանկիրը։ Ես եմ նրանց բանկիրը»։



Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին


Բիզնես


Հաշվի առնելով լոգիստիկ և այլ բարդությունները, որոնք ստեղծում է Արևմուտքը, ԵԱՏՄ-ի ընդլայնումը կվերածվի լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այժմ միության ապաինտեգրումից խուսափելն է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը, որը, ըստ նրա, շարունակում է Եվրամիության հետ մերձեցման կուրսը:

Նա Բրյուսելին մեղադրել է տարբեր երկրների խոստումներ տալու համար, որոնք ԵՄ-ն «դժվար թե որևէ պահի կատարի»:



Կոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ


Աշխարհ


Կոլումբիան դարձել է երկրորդ երկիրն ԱՄՆ-ից հետո, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանության պահանջն օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ՝ ծայրահեղ աջակողմյան նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի իշխանության գալուց մի քանի օր անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կոլումբիայի կառավարությունը հայտարարություն է հրապարակել X-ում։

«Կոլումբիայի կառավարությունը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, ինչպես նաև այդ պետության իրավունքը՝ պաշտպանվելու արտաքին սպառնալիքներից։ Կոլումբիան ընդունում է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության և ինքնիշխանության պահպանումն իր ազգային պաշտպանության կարևոր բաղադրիչն է», – նշված է հայտարարության մեջ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել իր «լավ ընկերոջը»՝ դե լա Էսպրիելյային, «պատմական» ճանաչման համար։

Նա նշել է, որ իրենք այդ քայլի շուրջ համաձայնության են եկել կոլումբիական Բարանկիլյա քաղաքում, դե լա Էսպրիելյայի երդմնակալությունից մեկ օր առաջ։

Կոլումբիայի նոր նախագահ դե լա Էսպրիելյան քարոզարշավի ընթացքում խոստացել է սերտ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ որպես իր երկրում զինված խմբավորումների դեմ պայքարի միջոց։

Իսրայելը Գոլանի բարձունքների մեծ մասը Սիրիայից գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981 թվականին տարածքն անեքսիայի է ենթարկել։ Քայլը մերժվել է միջազգային հանրության մեծ մասի կողմից։ Չնայած դրան՝ ԱՄՆ-ն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, պաշտոնապես ճանաչել է Իսրայելի պահանջը Գոլանի բարձունքների նկատմամբ։

ՄԱԿ-ը ճանաչում է տարածաշրջանը որպես Սիրիայի մաս, իսկ հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է այդ դիրքորոշումը՝ Իսրայելի օկուպացիան որակելով «լիովին անընդունելի»։



Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին


Գիտություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կոչ է արվում նվազեցնել մանկական պատվաստանյութերի քանակը և նաև խորհուրդ է տրվում բաժանել կարմրուկի, կարմրախտի և խոզուկի (ԿԿԽ) պատվաստումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Տասնամյակներ առաջ երեխաները ստանում էին այսօր անհրաժեշտ պատվաստանյութերի միայն մի փոքր մասը։ Այդ ժամանակներում մարդիկ շատ ավելի առողջ էին, և, իհարկե, այժմ դիտարկվող աուտիզմի բարձր ցուցանիշները գոյություն չունեին», – օգոստոսի 10-ին հրամանագիրը ստորագրելուց հետո ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

BBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը վաղուց կասկածի տակ է դրել ԿԿԽ պատվաստանյութերի անվտանգությունը, սակայն բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում որևէ կապ չի հայտնաբերվել պատվաստանյութերի և աուտիզմի միջև։

Հրամանագրով խորհուրդ է տրվում մանկական պատվաստանյութերի քանակն Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (AAP) կողմից առաջարկվող առկա 18 պատվաստանյութերից նվազեցնել մինչև 11։

Թրամփի հրամանագիրը ծառայում է որպես ուղեցույց և պարտադիր ուժ չունի, քանի որ դպրոց հաճախելու համար անհրաժեշտ պատվաստանյութերը սահմանվում են նահանգային մակարդակով, այլ ոչ թե դաշնային կառավարության կողմից։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ իր վարչակազմը «ճանաչում է միայն ամենալուրջ և վտանգավոր հիվանդությունների դեմ 11 հիմնական պատվաստումների ոսկե ստանդարտ հանդիսացող հանձնարարականները»։

Հրամանագրի համաձայն՝ բոլոր երեխաների համար խորհուրդ տրվող պատվաստումներն են կարմրուկի, խոզուկի, կարմրախտի, դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, պոլիոմիելիտի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, պնևմոկոկային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսի և ջրծաղիկի դեմ պատվաստումները։



Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին


Հայաստան


Գարեգին Բ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դատավորի փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործը նախկինում քննող դատավոր Հակոբ Մանուկյանն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստն օգոստոսի 7-ին մեկնարկել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը նիստը շարունակել էր դռնփակ՝ պատճառաբանելով, որ քննարկումների ընթացքում կարող էին հրապարակվել անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ։

Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատավորը որպես հիմք նշել էր, որ նախկինում փաստաբան է եղել, իսկ փաստաբանական արտոնագիրը նրան ժամանակին հանձնել է հենց Զոհրաբյանը՝ որպես Փաստաբանների պալատի նախագահ։ Դատավորը գնահատել էր, որ այդ հանգամանքը կարող է անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր օբյեկտիվության վերաբերյալ։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։



Կասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունը

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ. Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:

 

Արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ։

 

Հիմնական խախտումները.

 

– Արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։

 

– Չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև պատշաճ մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ։

 

– Հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

 

– Առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և խոնավության խտացումը։

 

– Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

 

– Մակնշվածքում նշված չի եղել արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» պարտադիր գրառմամբ։

 

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սահմանվել է կատարման հստակ ժամկետ:

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ, Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար փողոցների, Վ.Փափազյան 12, 14, 15, 16, 17, 22, 24 շենքերի՝ իրենց կոտորակներով, Վ.Վաղարշյան 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10-27 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-34 շենքերի, Վ.Առաջին Վեհափառ 8, 10, 12 շենքերի, Վրացական 2-10 շենքերի՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-24 շենքերի՝ իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պողոտա 7-50 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան 24-33 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սունդուկյան 19-29 շենքերի, Ա.Խաչատրյան 1, Մալխասյանց, Մամիկոնյանց, Հ.Էմին նրբանցքների:

Կենտրոն վարչական շրջան՝ Հերացի, Գետառ,  Այգեստանի 9-11 փողոցների, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարների, Աբովյան 54-56 համարների, Տ.Մեծի 12-80 համարների և նրբանցքների, Նար Դոսի 1-40 համարների և նրբանցքների, Չարենցի 1 նրբանցքի, Քրիստափորի 1-110 համարների, Ծխախոտագործների 1-65 համարների, Զավարյան փողոցի և նրբանցքի,  «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի:

Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի և նրբանցքների, Գլինկայի,  Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Գրիգոր և Սարգիս Գուրզադյաններ, Սասունցի Դավիթ, Ծատուրյան, Սուվորով, Երկաթգծի փողոցների, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Խորենացի 28-236 համարների և 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների,  Մուրացան 1-36, Լոռիս Մելիքյան 1-30, Չեռնիշևսկու 1-30 համարների:

Կոտայքի մարզի՝ Գետամեջ գյուղի:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար


ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Արուսյակ Ջուլհակյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ 1999-2005 թվականներին սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ «պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ, ստացել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ «մարդու իրավունքներ» մասնագիտացմամբ, համագործակցել է Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետ։

2005-2013 թվականներին իրավագիտություն է դասավանդել ԵՊՃՀ-ում, իսկ 2007-2009 թվականներին՝ Տնտեսագիտության և իրավագիտության համալսարանում։ 2011-2014 թվականներին աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում՝ նախ որպես օգնական, ապա՝ իրավական փորձագետ։

2015-2018 թվականերին եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանայկան թիմի անդամ՝ մասնակցելով այդ տարիներին ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման կազմակերպմանը, դիտորդների վերապատրաստմանը և հետընտրական բողոքարկումներին:

2015-2018 թվականներին ներգրավված է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրությունների դիտարկման ծրագրերում որպես իրավաբան։ Մասնակցել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների, իսկ 2018 թվականին՝ «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին։

2018 թվականին համահիմնադրել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։ 2018-2019 թվականներին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2019 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ նախագահ։ Արուսյակ Ջուլհակյանն ամուսնացած է:

Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատել բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից։

«Հանձնաժողովը պետք է դառնա քաղաքական և մասնագիտական այն հարթակը, որտեղ կձևավորվեն ՀՀ նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր Սահմանադրության մասին՝ առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին, ի՞նչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի ՀՀ հաջորդ փուլը։

Պատասխանը հստակ է․ մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ և չպետք է լինի, իրավական պետություն, որտեղ իշխանությունն իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով, որտեղ պետական իշխանությունը հաշվետու է ժողովրդին, դատարանը ենթարկվում է Սահմանադրությանը և օրենքին»,- ասաց նա։


Ձերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք


Ավտո


Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։



Թրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington Post


Աշխարհ


Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսախցիկների առջև բարձրացել է հին «Air Force One» ինքնաթիռի խցիկ, սակայն դա արվել է միայն տեսարանի համար, մինչդեռ կուլիսներում ամեն ինչ բոլորովին այլ կերպ է ընթացել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ նախագահին գաղտնի դուրս են բերել ինքնաթիռի քեյթերինգային գոտով, օդանավակայանով տեղափոխել սննդի առաքման սովորական բեռնատարով և նստեցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր՝ «Boeing C-32A» ինքնաթիռը։

Այս թռիչքով Թրամփը մեկնել է բրիտանական ռազմաբազա, մինչդեռ լրագրողներով և Սպիտակ տան աշխատակիցների մի մասով գլխավոր ինքնաթիռը շարունակել է թռիչքը որպես շեղող մանևր։

Այսպիսի գաղտնի գործողության պատճառ են դարձել Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի հետ կապված լուրջ մտավախությունները։ Ընդ որում, խոսքը ոչ թե կոնկրետ այս չվերթի վրա հաստատված մահափորձի, այլ բարձրացված ռիսկային մակարդակի և նախագահի անվտանգությանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին է։