Ընտանիք, հավատ և ընկերներ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակումները սոցցանցերում

Լևոն Տեր-Պետրոսյանի սոցիալական հարթակները նրա կյանքի վերջին տարիներին դարձել էին սիրո, ջերմության և երախտագիտության յուրօրինակ օրագիր։

Հումորիստի հրապարակումները փաստում են, որ նրա համար կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հենարանն ընտանիքն էր։

«Պապայի ամենալավ ընկերը». ջերմ լուսանկարներ որդիների հետ Լևոնի էջում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում որդիների հետ լուսանկարները։

Նա հաճախ էր կիսվում որդու հետ համատեղ կադրերով՝ մակագրելով. «Մեռնեմ ջանին, պապայի ամենալավ ընկեր»։

Յուրաքանչյուր հրապարակում լի էր հայրական գորովանքով ու հպարտությամբ։ Նա առիթը բաց չէր թողնում շնորհակալություն հայտնելու Աստծուն իր զավակների համար՝ նրանց համարելով իր կյանքի ամենամեծ օրհնությունը։

Հումորիստի էջում քիչ չէին նաև ընտանեկան լիարժեք լուսանկարները, որտեղ նա պատկերված էր երեխաների հետ։ Այդ հրապարակումները ցույց էին տալիս այն ամուր թիկունքն ու սերը, որը նրան ուժ էր տալիս պայքարելու հիվանդության դեմ։ Հետևորդները միշտ հիանում էին նրանց ընտանեկան ներդաշնակությամբ։

Վերջին հրապարակումը և հավատարիմ ընկերները

Լևոնի համար ընկերները ևս ընտանիքի անդամ էին։ Նրա էջում բազմաթիվ էին լուսանկարները «Demq show»-ի գործընկերների և մտերիմների հետ։

Ուշագրավ է, որ նրա վերջին հրապարակումն արվել է հունվարի 24-ին։ Լուսանկարներում նա կրկին շրջապատված էր իր սիրելի մարդկանցով՝ պահպանելով այն ջերմ ժպիտը, որով նրան միշտ կհիշեն բոլորը։

Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ իր հետևից թողնելով լուսավոր հիշողություններ և սիրո այն մեծ պաշարը, որն այդքան առատորեն կիսում էր իր վիրտուալ հարթակում։

Փաշինյանը սև մոգությամբ է զբաղվո՞ւմ․ ինչու կաղքատանա Սամվել Կարապետյանը

Քաղաքական կանխատեսումներ անում են բոլոր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները։ Դրանք արվում են տվյալների համադրման և կոնկրետ հաշվարկների հիման վրա։ Ովքեր չեն կարողանում հաշվել ու կանխատեսել, նրանք պարտվում են, ձախողվում, կորցնում հեղինակություն, դիրք ու պաշտոն։

Նիկոլ Փաշինյանը հետահայաց բազմից խոստովանել է անցած տարիներին իր կողմից թույլ տրված աղետալի սխալները, որոնց արդյունքում մեծապես տուժել են պետությունն ու ժողովուրդը։ Այսինքն՝ նա սխալ տվյալներ է ունեցել, սխալ հաշվարկներ արել կամ կանխատեսում անելու մտավոր ունակություն չի ունեցել։ Ողջամիտ կասկած կա, որ այսօր էլ նա սխալ տվյալներ ունի, սխալ հաշվարկ է անում, ու նրա կանխատեսումները սխալ են։

«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ-մեծ պարտավորություններ է ստանձնել, և դրանք չկատարելու արդյունքում իր նոմինալ ունեցածը իր ձեռքից առնվելու է»,– ասել է վարչապետը՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Փաշինյանը կրկին սխալ տվյալներով սխալ կանխատեսում է անո՞ւմ, թե՞ լուրջ մեկը լուրջ բան է ասել նրա ականջին։ Ինչո՞ւ է նա պնդում այս կանխատեսման մասին։

Կա սիրողական վարկած, ըստ որի՝ Փաշինյանը սուրճի մրուրով կամ սև մոգության այլ հնարքներով է կանխատեսում անում։ Սա, իհարկե, քաղաքականությունից հեռու բան է և լուրջ քննարկման արժանի չէ։ Սակայն հաշվի առնելով, թե ինչ անպատասխանատվությամբ է վերաբերվել Փաշինյանն իր բարձր պաշտոնին, ինչ սխալներ է արել նախորդ ժամանակահատվածում, ապա այս վարկածը լիովին բացառելը հիմնավոր չէ։

Կա նաև քաղաքական վերլուծության վրա հիմնված մեկ այլ վարկած։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին հարկադրաբար են ներքաշել քաղաքականության մեջ։ Նա քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում 2020-ի ամոթալի պարտությունից հետո, երբ ժողովրդի մի մասը վրդովված պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո քաղաքական փոփոխությունները ևս չդրդեցին նրան մտնել քաղաքականություն։ Մարդն ակտիվ գործարար ու բարերար էր, բիզնեսով էր զբաղվում, բարեգործությամբ, քաղաքական մեծ հավակնություններ չուներ։ Եվ հանկարծ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցից մի քանի շաբաթ անց Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, որից հետո նրա համար բազմամարդ ցույցեր կազմակերպվեցին, և նա ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, դարձավ քաղաքական առաջնորդ։

Փորձագիտական համայնքում կարծիք է շրջանառվում, թե Սամվել Կարապետյանին քաղաքականություն ներքաշելու պլանը մշակվել է Կրեմլում։ Նրան ստիպել են ընդդիմություն խաղալ, որ Փաշինյանն այս ֆոնին կարողանա ԵՄ-ից լեգիտիմություն ստանալ, միաժամանակ սպասարկել ռուսական շահերն ու Հայաստանը պահել ռուսական ուղեծրում։ Եվ ներկայում Սամվել Կարապետյանին որպես պատանդ են պահում տնային կալանքի տակ, որ նա չկարողանա դուրս գալ քաղաքական գործընթացից, մնա վառ ռուսամետ գործչի և վարչապետի հավակնորդի հորինված դերի մեջ։

Այս տեսանկյունից ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումն իրականում քողարկված սպառնալիք է, որ եթե Սամվել Կարապետյանը փորձի դուրս գալ այդ դերից, ապա ՀՀ և ՌԴ իշխանությունները կպատժեն նրան ու կխլեն նրա ունեցվածքն ու փողերը, ու նա կաղքատանա։ Այսպիսով՝ Փաշինյանը խաղաքարտ է բացում՝ ակնարկելով, թե ինքն ու Կրեմլն են Սամվել Կարապետյանին ներքաշել քաղաքական գործընթացի մեջ, դեր վստահել ու սպառնացել, որ եթե նա չանի այն, ինչի շուրջ պայմանավորվել են, ապա կաղքատանա։ Միայն հայ-ռուսական համատեղ այսպիսի գործակցության պարագայում է հնարավոր, որ Սամվել Կարապետյանն աղքատանա։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի խաղաքարտ բացում հիմա։ Սամվել Կարապետյանի՞ն է վախեցնում, թե՞ ի լուր աշխարհի հայտնում է, որ ինքն է Սամվել Կարապետյանին հարկադրել, որ ընդդիմադիր առաջնորդի դեր խաղա։

Կարճ ասած՝ եթե Փաշինյանը սև մոգությամբ չի զբաղվում, ապա նրա կանխատեսումը սպառնալիքի մասին թափանցիկ ակնարկ է։ Եվ եթե այդպես է, ապա այս սպառնալիքն ինքնին հիմք է ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

Թաթուլ Մկրտչյան

Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին զուգահեռ ընթանում է նրա աջակիցների ակցիան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին զուգահեռ ընթանում է նրա աջակիցների ակցիան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ախպերս, կհանդիպենք. Ռաֆայել Երանոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահվան գույժը շարունակում է սգի մեջ պահել նրա ընկերներին ու գործընկերներին։

Սոցիալական հարթակներում հրապարակվող հուզիչ հուշերի շարքում իր ցավն է արտահայտել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆայել Երանոսյանը, ով տարիների մտերիմ ու ջերմ հարաբերություններ է ունեցել Լևոնի հետ, Ինստագրամի իր էջում հրապարակել է ընկերոջ լուսանկարը՝ կից գրելով կարճ, բայց չափազանց հուզիչ տողեր.

«Ախպերս, կհանդիպենք… Լյովս, հանգչիր խաղաղությամբ։ Լյով, իմ ջիգյար ու ախպեր, միշտ ժպիտդ պիտի հիշենք»։

Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում՝ 45 տարեկան հասակում։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը (հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ) անողոք գտնվեց։ Չնայած ամիսներ տևած պայքարին՝ սիրված հումորիստի կյանքը փրկել չհաջողվեց։

Ռաֆայել Երանոսյանի և մյուս գործընկերների համար Լևոնը կմնա որպես լույսի ու ժպիտի մարդ, ով նույնիսկ ամենադժվար պահերին կարողանում էր ջերմություն հաղորդել շրջապատին։

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հարազատներին այս ծանր կորստի կապակցությամբ:

Ընտանիքս, այդ թվում՝ հղի թոռնուհիս, հարկադիր վտարման վտանգի առաջ է․ գյումրեցի կնոջ նամակը՝ Փաշինյանին

Գյումրի քաղաքի բնակիչ Զինա Սիմավոնի Ասատրյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքացու խնդրանքով Oragir.News-ը հրապարակում է նամակի տեքստը․ «Հարգելի պարոն վարչապետ, Ես Ձեզ գրում եմ որպես մարդ, ով կանգնած է իր տան դռան առաջ և չգիտի՝ վաղը այդ դուռը բացելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես՝ 75-ամյա Զինա Սիմավոնի Ասատրյանս, մեծ ցավով և հուսահատությամբ դիմում եմ Ձեզ՝ որպես վերջին հույս։

Մեր բնակարանը վաճառվել է աճուրդով՝ առանց պատշաճ ծանուցման։ Մենք չենք իմացել աճուրդի մասին, չենք մասնակցել և չենք ունեցել մեր իրավունքները պաշտպանելու հնարավորություն։ Ավելին՝ դատարանը արդեն արձանագրել է, որ գործընթացը իրականացվել է օրենքի խախտմամբ, և աճուրդի կազմակերպման վերաբերյալ որոշումը ճանաչվել է անվավեր։

Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ես իմ գույքը գրավ չեմ դրել, պարտապան չեմ հանդիսացել և որևէ կերպ երաշխավոր չեմ եղել։ Այնուամենայնիվ, իմ բաժնեմասն էլ է օտարվել հարկադիր կատարման շրջանակում։ Թվում էր՝ արդարությունը պետք է վերականգնվի։

Բայց այսօր նույն գործընթացը շարունակվում է՝ վտարում առանց իրական ծանուցման և առանց հաշվի առնելու դատարանի որոշումները։

Դատարանի կողմից հաստատված է, որ՝

• մենք պատշաճ ձևով չենք ծանուցվել,
• խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները,
• մեզ զրկել են մեր սեփական գույքը ձեռք բերելու իրավունքից,
• գույքը վաճառվել է շուկայական արժեքից էապես ցածր գնով։

Իմ բաժնեմասը, որի արժեքը կազմել է 5,766,500 դրամ, վաճառվել է ընդամենը 2,887,550 դրամով, ինչի հետևանքով ինձ պատճառվել է զգալի նյութական վնաս։

Ավելին՝ չի կիրառվել օրենքով սահմանված 4,900,000 դրամ նվազագույն փոխհատուցումը, որը նախատեսված է միակ բնակարանի օտարման դեպքում։

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 17-ին, մեր 5 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս թոռնիկս և հղի թոռնուհիս, կանգնած է հարկադիր վտարման վտանգի առաջ՝ առանց որևէ փոխհատուցման։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին հավատալ պետությանը, եթե իր տունը կարող են վաճառել առանց իրեն լսելու, և հետո շարունակել նույնը՝ նույնիսկ դատարանի որոշումից հետո։ Ես չեմ խնդրում արտոնություն։

Ես խնդրում եմ միայն մեկ բան, որ օրենքը գործի նաև իմ դեպքում։ Ես կորցնում եմ ոչ միայն իմ գույքը, այլ նաև իմ միակ կացարանը, անվտանգությունն ու հավատը, որ արդարությունը կարող է վերականգնվել։ Եթե այսօր հնարավոր է անտեսել մեկ մարդու իրավունքը, ապա վաղը դա կարող է պատահել ցանկացածի հետ։

ԽՆԴՐՈւՄ ԵՄ՝

• անհապաղ միջոցներ ձեռնարկել մեր ընտանիքի վտարումը կանխելու համար,
• ապահովել դատարանի կողմից արձանագրված խախտումների լիարժեք քննությունը,
• տալ իրավական գնահատական պատասխանատու անձանց գործողություններին,
• վերականգնել մեր խախտված իրավունքները։ Հարգանքով՝ Զինա Սիմավոնի Ասատրյան»։

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանք


Հարեվաններ


ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք, «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ։

Ըստ գերատեսչությունների՝ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն շոշափելի են՝ ձևավորվել են նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։

ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով  Ադրբեջանի Հանրապետության տարածքով  տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել  են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ,  68 տոննա հնդկացորենի ձավար:

Իսկ  Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի  ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով,  3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:  

 



Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ


Քաղաքականություն


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից։ «Ադրբեջանը ցուցաբերել է առաջնորդություն այս գործընթացում, և հակամարտությունն այժմ անցյալի մասունք է։ Մեր երկիրը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով»,- ասել է նա։

Նախագահի օգնականը ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։ 

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանում 30 տարի կիրառվող արտաքին խնդիրների լուծման մոդելը ապացուցել է իր անարդյունավետությունը։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական նախաձեռնության և առաջնորդության միջոցով»,- ընդգծել է նա։

Նա հավելել է, որ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության փուլ։ Միևնույն ժամանակ, Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հարևան տարածաշրջանում առաջացել են նոր հակամարտության գոտիներ։



Ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։

 

Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում:

Հրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրա


Քաղաքականություն


Դիվանագիտության դերը համաշխարհային մասշտաբով ավելի նշանակալի կդառնա, եթե առողջ տնտեսական շահերը գերակշռեն քաղաքական շահերին։ Հարավային Կովկասը դրա վառ օրինակն է։



Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ տարածաշրջանը նախկինում բախվել է բազմաթիվ խնդիրների և կոնկրետ հակամարտությունների։

«Այնուամենայնիվ, մենք՝ Հարավային Կովկասի երկրները, ներկայումս կենտրոնանում ենք դիվանագիտական, պրագմատիկ լուծումների և կապերի ամրապնդման վրա։ Սա ծառայում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, այլև մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է, և աշխարհի բոլոր ազգերը պետք է հաշվի առնեն դա։ Մենք պետք է կամուրջներ կառուցենք, այլ ոչ թե այրենք դրանք»,- հավելել է Կոբախիձեն։