«Առանց անցյալի ապագա չի կարող գոյություն ունենալ»․ Տերունական աղոթք՝ Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առանց անցյալի ապագա չի կարող գոյություն ունենալ»․ Տերունական աղոթք՝ Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց սադրիչ համարեց Թուրքիայի դրոշն այրողներին». Նարեկ Գալստյան

«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց սադրիչ համարեց Թուրքիայի դրոշն այրողներին». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր կես բառով անգամ չդատապարտեց Ստեփանակերտի հոյակերտ Մայր տաճարի ոչնչացումը, բայց ափալ-թափալ հայտարարեց, որ սադրիչ է համարում Թուրքիայի դրոշի այրումը Երևանում ջահերով երթի ժամանակ։ Նկատենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը ոչնչացրել է Ադրբեջան պետությունը, իսկ Թուրքիայի դրոշը հրապարակում այրել են կուսակցական մի քանի երիտասարդները։ Մնացածը՝ առանց մեկնաբանության, որովհետև մեկնաբանություններն անիմաստ են»։

Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Սպիտակ տանը

Ակնկալվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմիանա քննարկումներին…

Ջահերով բազմահազարանոց երթը՝ դրոնի բարձրությունից. տեսանյութ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, մեկնարկում է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Երթի բազմահազար մասնակիցներ քայլերթով հասան Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Oragir.News-ը ներկայացնում է ջահերով երթի տպավորիչ տեսանյութը՝ դրոնի բարձությունից:

«Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից ա ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից ա ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում «Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում նա, մասնավորապես, նշել է. «Մեկ էլ էն տեսնեմ` կալուգացի օլիգարխն ասում է՝ Հայաստանն իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր՝ ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը՝ դա՞ էր մեր շանտաժը, թե՞ այն, երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում, չեն ընդունում, դա՞ էր մեր շանտաժը»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հարցնում է՝ 2018-ի հեղափոխությունից առա՞ջ ով էր շանտաժ անում։

«Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք։ Եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվականի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված, որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին, ո՞վ էր շանտաժ անում, էդ ժամանակ մենք չկայինք։ Եվ դրան նախորդող իրադարձություննե՞րն ինչպես տեղի ունեցան։

Վերադառնալով 2022 թվականին․ մենք շանտաժ էինք անում, դրա համար ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարե՞ց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, 90-ականների սկզբին, երբ որ Արծվաշենն ընկնում էր, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն է տվել, բա էդ ժամանա՞կ ով էր շանտաժ անում։

Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխն ում կողմից է ընդհանրապես։ Այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2022 թվականին, երբ կալուգացի օլգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Այդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները։ Բա սրա պատասխանն ինչո՞ւ չի հնչել մինչև այսօր»։

«Կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն». Արամ Ա

«Կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն». Արամ Ա

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԻՍՐԱՅԷԼԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ՝ ԿԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԷ ԼԻԲԱՆԱՆԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՀՈՂԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՒ ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
     Հինգշաբթի, 23 Ապրիլ 2026-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ երեք հայ կուսակցութիւններու կողմէ կազմակերպուած ժողովրդային հաւաքին առիթով, իր պատգամը ուղղելով ողջ հայութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դատապարտեց Իսրայէլի ծաւալապաշտական քաղաքականութիւնը, վերահաստատեց հայ ժողովուրդին կապուածութիւնը Լիբանանի գերիշխանութեան ու հողային ամբողջականութեան եւ խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին՝ ըսաւ. «կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր բռնաբարուած իրաւունքներուն հատուցումը՝ Թուրքիոյ կողմէ, Արցախի ժողովուրդին վերադարձը եւ ինքնավարութեան վերահաստատումը միջազգային երաշխիքով, կրօնական ու պատմական կոթողներու պաշտպանութիւնը եւ Պաքուի հայ բանտարկեալներու ազատ արձակումը՝ Ազրպէյճանի կողմէ, կը մնան մեր պահանջատիրութեան հիմքերը»:
     Նորին Սրբութիւնը իր պատգամին մէջ կոչ ուղղեց նաեւ շրջանէն ներս քաղաքական բանակցութիւններու ճամբով հարցերու լուծման՝ պահելով շրջանի երկիրներու անվտանգութիւնը եւ հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օր


Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

.Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

armenpress

 



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ


Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։

Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։

Ամեն տարի ապրիլի 24–ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։

Ու ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, եւ Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորում է։

Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։

Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսեւորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։

Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։

Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։

Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, եւ այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։

Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սեւանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետեւ պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։

Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։

Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։

Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում | Top-News.am


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։



Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը։

Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։

Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ։
Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։

Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության և խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։

Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ներկայի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու, ինչպես նաև արդար, իրավահավասար և մարդակենտրոն հասարակություն կառուցելու հարցում»։